Չե՛մ հավատում նոր Խորհրդային Միությանը - Mediamax.am

Չե՛մ հավատում նոր Խորհրդային Միությանը
5962 դիտում

Չե՛մ հավատում նոր Խորհրդային Միությանը


Կարող եք ինձ համարել անհույս ռոմանտիկ, բայց ես չեմ հավատում նոր Խորհրդային Միությանը: Դե, կամ էլ Եվրասիական Միությանը՝ անվանեք ինչպես կուզեք: Վերջին 20 եւ ավել տարիների ընթացքում չափազանց շատ բան է փոխվել, եւ որքան էլ մեր «ականջից բռնած» ետ քաշեն այդ, թվում էր, վաղուց մոռացված ժամանակները, երբ բոլոր որոշումները կայացվում էին մոսկովյան միջանցքներում, միեւնույն է, դժվար է հավատալ, որ այն սերունդները, որոնք ծնվել ու մեծացել են անկախ Հայաստանում, կհամաձայնեն թեեւ հաճախ թվացյալ անկախությունը փոխարինել երեւակայական նյութական բարօրության հետ: 

Բայց ամենաշատն ինձ ուրախացնում է, որ մեր կարիքն առանձնապես չունեն հասարակ ռուսաստանցիները: Դրանում ես եւս մեկ անգամ համոզվեցի, երբ անցյալ շաբաթ շփվում էի ռուսաստանցի գործընկերներիս հետ Սանկտ-Պետերբուրգում կայացած «Մշակույթների երկխոսություն 2013» միջազգային մեդիա-ֆորումի շրջանակներում:

Սկզբունքորեն նրանք դեմ չեն, որպեսզի մենք կրկին մեկ երկիր դառնանք, բայց կտրականապես դեմ են, որպեսզի դրա համար վճարի Ռուսաստանը: Գործընկերներս կարծում են, որ Ռուսաստանին իր խնդիրներն էլ են բավարար: Նախեւառաջ, դա ցածր կենսամակարդակն է, հատկապես կենտրոնից հեռու գտնվող մարզերում, իսկ էներգառեսուրսներից ստացված գումարները հարկավոր է ծախսել հենց այդ խնդիրների լուծման նպատակով: 

Ես նկատեցի եւս մեկ նրբերանգ. մենք արդեն այնքան էլ լավ չգիտենք, թե ինչով են ապրում մեր հյուսիսային դաշնակիցները, որ խնդիրներն են նրանց ավելի շատ հուզում, ինչին են նրանք ձգտում: Դե, իսկ հասարակ ռուսաստանցիների մասին խոսելն առհասարակ ավելորդ է. կատարյալ տեղեկատվական վակուում այն ամենի շուրջ, ինչ կատարվում է Հայաստանում: Ոչ մի հետաքրքրություն՝ ոչ իրական, ոչ շինծու: Ոչինչ չի փոխել նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը: Մեր երկիրը չափազանց հազվադեպ է դառնում ռուսաստանցիների ուշադրության առարկան: Սուրճի սեղանի շուրջ ես հարցրեցի Սիբիրից ժամանած իմ գործընկերներին, թե նրանք վերջին անգամ հեռուստատեսությամբ ե՞րբ են լսել կամ տեսել Հայաստանի մասին որեւէ հիշատակում: Պարզվեց, դա եղել է սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի նախագահը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու իր ցանկության մասին: Ավելի ճիշտ, ե՛ս հիշեցի, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերին, իսկ գործընկերներս նույնիսկ դա չէին հիշում: Կար միայն մեկ ընդհանուր թեմա, որը ջերմացնում էր մեր հոգին ու մարմինը՝ հայկական կոնյակը. բոլորն ունեին այդ խմիչքի հետ շփման իրենց փորձը, եւ դա, իր հերթին, ավելի էր ուժգնացնում իմ հայկական ինքնասիրությունը:  

Մեր խոսակցության մյուս կարեւոր թեման էին սրվող ազգայնական տրամադրությունները Ռուսաստանում, հատկապես՝ Բիրյուլեւոյի վերջին իրադարձությունների եւ կովկասցիների (այդ թվում նաեւ հայերի) վրա բազմաթիվ հարձակումների լույսի ներքո: Ստացվում է, որ, մի կողմից, մեզ՝ հայերիս, կանչում են միություն, մյուս կողմից` այնքան էլ չեն սիրում, մեղմ ասած: Գործընկերներս փորձում էին ինձ հանգստացնել՝ նշելով, որ այդ ալիքն ամենեւին էլ հայերի դեմ ուղղված չէ, եւ այդ ազգայնականներն այնքան էլ շատ չեն: Բայց դա հազիվ թե կարելի է սփոփանք համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները խիստ միջոցներ չեն ձեռնարկում ռասիզմի ու ազգայնամոլության դրսեւորումների դեմ, ինչն էլ պարարտ հող է ստեղծում դրանց աճի համար: Կրակի վրա յուղ են լցնում նաեւ ԶԼՄ-ները, հատկապես ցանցային՝ շեշտադրելով հանցագործության մեջ կասկածվող անձի ազգությունը:    

Ռուսաստանի Ժուռնալիստների միության ղեկավարներից մեկը՝ պատգամավոր Բորիս Ռեզնիկը, մեզ հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ գործընկերների հետ միասին մշակում է մի օրինագիծ, որով ԶԼՄ-ներին արգելվելու է նշել կասկածյալի կամ հանցագործի ազգությունը: Միաժամանակ, նա տխրությամբ խոստովանեց, որ իրենք առանձնապես պատրանքներ չեն տածում. կասկածյալի անուն-ազգանունով կարելի է շատ հեշտ ու ճիշտ գուշակել նրա ազգային պատկանելությունը: Մյուս կողմից, հարկ է նշել, որ Հյուսիսային Կովկասի ազգությունների ներկայացուցիչները ՌԴ-ի բազմաթիվ շրջաններում պակաս վտանգի տակ չեն գտնվում, քան հայերը կամ, ասենք, տաջիկները: Նրանց վրա հարձակվող ամբոխն առանձնապես չի հետաքրքրվում նրանց ազգությամբ, այլ առաջնորդվում է հիմնականում մազերի եւ մաշկի գույնով: Բռնության զոհերի մեծ մասն անգամ վայրկյան չի ունենում, որպեսզի հարձակվողներին հայտնի իր ազգությունը, այդ պատճառով նրանց թվում այդքան շատ են պատահական մարդիկ: 

Եթե ամփոփենք, պատկերն այնքան էլ գունեղ չի ստացվում: Մի կողմից, Ռուսաստանի իշխանությունների կայսերական հավակնությունները, մյուս կողմից` «Ռուսաստանը ռուսների համար է» պաստառներով ամբոխները: Կողքից այդ ամենն անհամատեղելի է թվում, սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ Ռուսաստանի ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին