Հայերը եւ “իսլամական վտանգը” - Mediamax.am

Հայերը եւ “իսլամական վտանգը”
3424 դիտում

Հայերը եւ “իսլամական վտանգը”


Երեկ մեծ հետաքրքրությամբ կարդում էի սոցիալական ցանցերում հայ օգտատերերի՝ Մոսկվայում Ուրազա Բայրամի կապակցությամբ մահմեդականների աղոթքի նկարների մեկնաբանությունները։ Նկարներում պատկերված են հազարավոր մուսուլմաններ, որոնք, չունենալով բավական քանակությամբ մզկիթներ, աղոթում են մոսկովյան փողոցներում, հիմնականում՝ Օլիմպիական մարզադաշտից ոչ հեռու գտնվող գլխավոր մզկիթի հարեւանությամբ։ Մեկնաբանությունները հիմնականում բացասական են, եւ դրանք կարելի բնութագրել «մուսուլմանները գրավել են Մոսկվան» արտահայտությամբ։

Այստեղ մի քանի հիմնական հարցեր են առաջանում։ Առաջին՝ ինչո՞ւ է հայաստանցիներին հետաքրքրում Մոսկվան եւ դրա մուսուլման բնակչությունը։ Երկրորդ՝ ինչպե՞ս կառաջարկեին հայաստանցիները Մոսկվային վարվել մուսուլման աղոթողների հետ։ Արգելե՞լ նրանց մուտքը Ռուսաստանի մայրաքաղաք, թե՞ արգելել աղոթել փողոցներում։

Այս երկու հարցերը իրականում փոխկապակցված են եւ բարձրացնում են մի շարք այլ խնդիրներ։ Նախ` որքան էլ դժվար լինի հայաստանցիների մի մասի համար, բայց պետք է վերջապես գիտակցել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը 20 տարուց ավել արդեն տարբեր երկրներ են, եւ «ցավել» Ռուսաստանի «մահմեդականացմամբ» չարժե։ Երկրորդ՝ պետք է վերջ դնել «իսլամական վտանգի» պայքարի գործում հայերի դերի կամ մասնակցության մասին խոսակցություններին, քանի որ դրանք ավելի մեծ վտանգ են ներկայացնում մեր պետությանը եւ ժողովրդին, քան, այսպես կոչված, «իսլամական սպառնալիքը»։ Հաճախ կարդալով եւ լսելով հայերին՝ տպավորություն եմ ստանում, որ մենք ի վերուստ պարտավոր ենք պայքարել Ռուսաստանի մուսուլմանացման, Գերմանիայի թուրքականացման եւ Ֆրանսիայի արաբականացման դեմ։ Եվ ոչ մի հիմնավորում, թե ինչու մենք պետք է դա անենք։

Սակայն կան բավականին լուրջ հիմնավորումներ, թե ինչու մենք չպետք է դրանով զբաղվենք.

1. Իսլամական երկրներում բնակվում է բավականին մեծաքանակ հայ համայնք։ Լիբանանում կամ Իրանում այդ համայնքների դիրքը եւ պաշտպանվածության մակարդակը շատ ավելի բարձր է, քան բազմաթիվ քրիստոնեական երկրներում։

2. Ընտրովի խտրականություն, ինչպես հայտնի է, գոյություն չունի։ Եթե մենք օտար պետություններից ակնկալում են իսլամական բնակչության իրավունքների խախտում, իսկ հավատքի ազատությունն իրավունքի անքակտելի մաս է, մենք պետք է գիտակցենք, որ վաղ թե ուշ նույն խախտումը թակելու է նաեւ մեր համայնքի դուռը։

Օրինակները շատ են։ Նույն Գերմանիայում 1930-ականների սկսեցին պայքարել «հրեական վտանգի» դեմ, հետո հերթը հասավ կոմունիստներին, հետո՝ սոցիալիստներին, հետո՝ դեմոկրատներին, եւ վերջապես բոլոր նրանց, ով չէր համապատասխանում Գերմանիայի բնակչության իդեալական տիպին։ Գրեթե նույնը տեղի է ունեցել խորհրդային տարածքում, որտեղ սկզբից պայքար սկսվեց ազնվականության եւ կապիտալիստների դեմ, հետո խաղից հանվեցին կադետներն ու դեմոկրատները, հետո՝ մենշեւիկները, հետո՝ եկեղեցին ու «կոսմոպոլիտները», եւ այս ամենն ավարտվեց խորհրդային «իդեալական տիպի» ստեղծմամբ, որին չհամապատասխանողները սկզբում գնդակահարվում էին, իսկ հետո՝ ձերբակալվում կամ ուղարկվում հոգեբուժարան։

Եվ, վերջապես, պետք է գիտակցել, որ բազմաթիվ երկրների ֆաշիստների եւ կրոնամոլների համար մենք շատ քիչ ենք տարբերվում նույն մուսուլմաններից, իսկ «հավիտենական բարեկամության» եւ «առաջին քրիստոնեական երկրի» մասին ելույթները զուտ խոսքեր են, որոնց ուժը սահմանափակ է եւ անաշխատունակ։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին