Իրանում հունիսի 14-ին կայանալու են նախագահական ընտրություններ։ Նախագահի աթոռին հավակնող 6 թեկնածուներից 5-ը իրանա-իրաքյան պատերազմի վետերաններ են. Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին հետեւակի սպա է եղել եւ պատերազմի ժամանակ կորցրել է աջ ոտքը՝ ծնկից ցածր։
Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Ղալիբաֆը ռազմական օդաչու է ծառայել եւ հաշվի առնելով շքանշանները՝ բավականին հաջող։
Հասան Ռուհանին, ով ղեկավարում է Նպատակահարմարության խորհրդին կից գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, պատերազմի տարիներին եղել է իրանական բանակի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, իսկ հետո նաեւ՝ ռազմաօդային ուժերի հրամանատար։
Մեհսեն Ռեզային 1981-ին 27 տարեկան հասակում դարձել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար եւ ակտիվորեն մասնակցել է պատերազմին։
Պատերազմի վետերան կարելի է համարել նաեւ Ալի Աքբար Վելայաթիին, ով 80-ականներին Իրանի ԱԳ նախարարն էր եւ մարտնչում էր պատերազմի դիվանագիտական թատերաբեմում՝ փորձելով զսպել ԽՍՀՄ հնարավոր ներքաշումը ռազմական գործողություններում եւ ապահովել սպառազինության ներկրումը փաստացի 100-տոկոսանոց շրջափակման մեջ գտնվող Իրան։
Իրանա-իրաքյան պատերազմը Իրանի ժամանակակից պատմության համար գրեթե նույն նշանակությունն է ունեցել, ինչը որ ղարաբաղյան պատերազմը՝ նորագույն Հայաստանի համար։ Հիմնականում այն պատճառով, որ երկու պատերազմներն էլ ընթանում էին պետական ինստիտուտների ձեւավորմանը զուգահեռ. Իրանը 1979-ին հրաժարվել էր մենապետությունից եւ կառուցում էր նոր իսլամական հանրապետություն, իսկ Հայաստանը 1991-ից նոր էր սկսել ստեղծել անկախ պետականություն։
Երկու պետություններն էլ, փաստորեն, ստիպված էին պետական շինարարությամբ զբաղվել պատերազմին զուգահեռ։ Արդյունքում, թե Իրանի, եւ թե Հայաստանի պետական համակարգերը «կոփված են» պատերազմով, ինչը որոշակի ավանդական լեգիտիմություն է հաղորդում դրանց։
Իրանում, օրինակ, պատերազմի մասնակից լինելն արդեն իսկ քաղաքական ռեսուրս է։ Այդ ռեսուրսը լուրջ քաղաքական եւ տնտեսական արտոնություններ չի տալիս, սակայն հանրային վստահության մթնոլորտ գործչի շուրջ այնուամենայնիվ ստեղծում է։ Թե որքան կայուն եւ հարատեւ կլինի այդ վստահությունը, կախված է գործիչից, նրա ունակություններից եւ արժանիքներից։ Հավանաբար, նույնպիսի իրավիճակ է նաեւ Հայաստանում, իհարկե, որոշակի վերապահումներով։ Օրինակ՝ Իրանում պատերազմի վետերանի տանը խուզարկություն անցկացնելիս դժվար թե զինանոց հայտնաբերվի, այդ թվում նաեւ՝ օրինական, ինչը, մեզ մոտ, կարծես թե, հնարավոր է։
Սակայն վերադառնանք իրանա-իրաքյան պատերազմին։ Այն լուրջ ազդեցություն է ունեցել նաեւ հասարակական եւ իրավական հարաբերությունների վրա Իրանում։ Մի լավ իրանցի ծանոթ ունեմ, ով մինչ հեղափոխությունը բարձր պաշտոն է զբաղեցրել Իրանի ԱԳՆ-ում։ 1981-ին լքել է Իրանը եւ տեղափոխվել Լոնդոն։ 1992-ին առաջին անգամ այցելել է Թեհրան եւ տեսել, որ իր բնակարանում այլ ընտանիք է ապրում։ Պարզվել է, որ լքված բնակարանը 1986-ին կառավարության որոշմամբ տրամադրվել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված սպայի ընտանիքին, ինչը իմ ծանոթի բնութագրմամբ «բարբարոսություն է»։ Կարծում եմ, որ սա ավելի շատ ոչ թե բարբարոսություն է, այլ պատերազմական իրավիճակով պայմանավորված իրողություն, որը սխալ է եւ անիմաստ է վիճարկել լիբերալիզմի եւ մասնավոր սեփականության անձեռնմխելիության օրենքներով։
Ուրիշ բան, եթե պատերազմից հետո հարաբերությունները կարգավորվեն ու զարգանան պատերազմի տարիների օրենքներով։ Սա, իհարկե, անթույլատրելի է իր բոլոր ձեւերով եւ, կարելի է ասել, իրանցիներին հաջողվել է նման հեռանկարից խուսափել։
Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: