Իրանական ընտրությունների «հայկական թեման» - Mediamax.am

Իրանական ընտրությունների «հայկական թեման»
13471 դիտում

Իրանական ընտրությունների «հայկական թեման»


Արդեն պարզ է, որ Իրանում հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններն ավելի հանդարտ կանցնեն, քան 2009-ին։ Սա պայմանավորված է նրանով, որ իրանական «բարեփոխիչները», որոնց շատ պայմանականորեն կարելի է անվանել ընդդիմադիրներ, այս ընտրություններում ներկայացված են հանրային ոչ բավարար աջակցություն ունեցող նախկին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի կողմից։ Վերջինս հանրության մոբիլիզացիայի առումով շատ քիչ ռեսուրսներ ունի, առավել եւս ունակ չէ դառնալ ցույցերի եւ հեղափոխական շարժման առաջնորդ։

Միեւնույն ժամանակ, այս ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում ուղղակի կամ անուղղակի ձեւով օգտագործվում է նաեւ «հայկական թեման»։ Նախ, Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեր Մոթաքին, ով արդյունքում դուրս մնաց պայքարից, խոսեց Իրանի 90-ականների սկզբի ադրբեջանամետ դիրքորոշման մասին, հետո նույն խնդրին անդրադարձավ Մոհսեն Ռեզային, ով պաշտոնապես գրանցված է որպես նախագահի թեկնածու։ Վերջինս իր ելույթներից մեկում ԼՂ հակամարտության հարցում փաստացի աջակցություն հայտնեց Ադրբեջանին եւ նշեց, որ ժամանակին հենց ինքը ի պաշտոնե հրաման է տվել աջակցել Բաքվին հայերի դեմ պատերազմում։ 

Ռեզայիի ոչ հայանպաստ հայտարարության մեջ բացակայում է մի շատ կարեւոր մաս. ղարաբաղյան պատերազմի տարիներին նա, լինելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, եթե անգամ տվել է նման հրաման, արել է դա Իրանի Ազգային անվտանգության խորհրդի որոշումից հետո միայն, քանի որ առանց վերջինիս համաձայնության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրավունք չունի որեւէ պետության նման աջակցություն ցուցաբերել։ Սա կարեւոր փաստ է, որը խոսում է Ռեզայիի կողմից Ադրբեջանին հատկացված հնարավոր օգնության «յուրացման» մասին, ինչն էլ բացատրում է նրա հայտարարության բուն նպատակը` ընտրությունների ժամանակ ստանալ թրքախոս եւ Հարավային Ադրբեջանի գաղափարին հավատացող իրանցի ընտրողների ձայները։

Բացի վերը նշված հայտարարությունից, Ռեզային, ով ժամանակին ի պաշտոնե տարված է եղել նույն այդ թյուրքական ազգայնականության դեմ պայքարով, այլ ելույթներում խոստանում է բարձրացնել ադրբեջաներենի կարգավիճակը Իրանում եւ խոսում է Իրանի փաստացի ֆեդերալացման գաղափարի մասին՝ նպատակ ունենալով, սա նույնպես ակնհայտ է, ստանալ մեծ ինքնավարության ձգտող իրանական նահանգների աջակցությունը։ Կասկած չկա, որ Ռեզային ընտրվելու դեպքում, ինչը քիչ հավանական է, ո՛չ բարձրացնելու է ադրբեջաներենի կարգավիճակը, ո՛չ էլ ֆեդերալացնելու է Իրանը. դրանք տիպիկ նախընտրական խոստումներ են, որոնք արեւելյան քաղաքական համակարգերում, որպես կանոն, չեն կատարվում։

Թեեւ ԼՂ վերաբերյալ Ռեզայիի հայտարարությունը խոստում չէ, այլ ավելի շատ նման է պատմական ակնարկի, պետք է գիտակցել, որ դրա նպատակը նույնպես զուտ նախընտրական է։ Այլապես Ռեզային կնշեր թե ինչպես եւ ինչու Իրանը դադարեց օգնել Ադրբեջանին եւ անուղղակիորեն սկսեց աջակցել Հայաստանին՝ չփակելով հայ-իրանական սահմանը եւ հաստատելով վերջինիս համար աննախադեպ ազատ մաքսային ռեժիմ։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության մեջ Իրանի՝ Ադրբեջանին աջակցելուն, ապա անհրաժեշտ է նշել, որ եթե անգամ նման աջակցություն եղել է, այն պետք է բացատրել ոչ թե իրանցիների «հակահայկականությամբ», այլ ԽՍՀՄ եւ սոցիալիստական ճամբարի փլուզման արդյունքում Իրանում առաջացած իսլամական «էյֆորիայով». Թեհրանում միամտորեն գտնում էին, որ Մոսկվայից անկախացած իսլամական հասարակությունները ավտոմատ կերպով կհայտնվեն Իրանի գրկում։ Որպես դրա հետեւանք Թեհրանն անմիջականորեն աջակցում էր բոսնիացիներին՝ սերբերի հետ պատերազմում (ըստ տարբեր հաշվարկների` մուսուլմանների կողմից կռվել է մոտ 3000 իրանցի) եւ Նուրիի կողմից ղեկավարվող տաջիկ իսլամիստներին։

Սակայն պատմության ընթացքը եւ քաղաքական նպատակահարմարությունը լուրջ փոփոխություններ մտցրեցին Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչի հետեւանքն է նաեւ հայ-իրանական հարաբերությունների ներկայիս կայուն եւ բարձր մակարդակը։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին