Արարատ 73` վերելքի ուղին. խաղ առաջին - Mediamax.am

exclusive
13625 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ առաջին

Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» հատուկ նախագիծը 7 ամիսների ընթացքում պատմելու է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» հատուկ նախագիծը 7 ամիսների ընթացքում պատմելու 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Առավել մանրամասն նախագծի մասին կարդացեք այստեղ:

 

Արսեն Կակոսյան

 

1973թ, 7 ապրիլի: Տուր 1:

Առաջնության դրոշը  «Հրազդան» ստադիոնում բարձրացնում

են «Արարատի» ու Կիեւի «Դինամոյի» ավագները:

 

ՍՏՈՒԳԱՏԵՍ

 

Ահա եւ սկսվեց… Անհնար է հաշվել, թե այսօր քանի անգամ է սիրտս կծկվել, մի բուռ դարձել: Երբ հիշում էի երեկոյան խաղի մասին, սառը քրտինք էր պատում ինձ: Իսկ խաղի ընթացքում առհասարակ թվում էր, թե սիրտս աշխատում է ընդմիջումներով: Նկատել եմ, որ խաղաշրջանի սկզբում միշտ այդպես է՝ երկրպագուների հուզմունքը կարելի է չափել ամենաբարձր սանդղակով: Պատճառը ինֆորմացիայի անբավարարությունն է: Սիրելի թիմին դաշտում տեսնելու հնարավորությունից երկար ժամանակ զրկված հանդիսատեսը տարբեր տեսակի ենթադրություններ է անում: Այդ պատճառով առաջին խաղին նա գնում է որպես յուրօրինակ ստուգատեսի: Երկրպագուն այդ օրերին հատկապես խիստ է ու բծախնդիր: Հատկապես եթե նախորդ խաղաշրջանում թիմը հաջող է հանդես եկել: Իսկ քանի որ «Արարատը» հաջող է հանդես գալիս արդեն երկու խաղաշրջաններում, պահանջները ֆուտբոլիստների նկատմամբ չափազանց մեծ են: Այդ ամենին գումարվում է այնպիսի արտառոց իրադարձություն, ինչպիսին է նոր մարզչի՝ Նիկիտա Սիմոնյանի ընդգրկումը թիմի կազմում, որից շատերն ուղղակի հրաշք են ակնկալում՝ առանց դա թաքցնելու: Եվ ահա առաջին հիասթափությունը. խորամանկ ու խելամիտ տակտիկական նորարարությունների մասին պատմելու փոխարեն՝ նախապատրաստված հակառակորդներին վախեցնելու նպատակով, մարզիչը խաղաշրջանի բացման նախօրեին տված իր առաջին հարցազրույցում խոսում է ֆիզիկական պատրաստության մասին: Մի՞թե նա մտադիր է «Արարատը» տանել այն թիմերի ճանապարհով, որոնց կարգախոսը «խփիր-վազիր» տխրահռչակ բանաձեւն է:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից: 

 

Հիշում է դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը

 

Մինչեւ մրցաշրջանի սկիզբը լավ նախապատրաստվել էինք: Բոլորս շատ ուրախ էինք, որ Նիկիտա Սիմոնյանն է լինելու մեր մարզիչը, որը բոլորիս կողմից հարգված եւ սիրված էր: Նա կիրթ անձնավորություն էր, հեղինակություն էր` թե Ռուսաստանում եւ թե Հայաստանում: Ամբողջովին նվիրված էր թիմին, եւ թիմն էլ իրեն նվիրվեց:

 

10-15 օրով մեկնեցինք Ծաղկաձոր նախապատրաստվելու, այնուհետեւ մեկնեցինք Գագրա: Հիմնականում ուշադրությունը սեւեռում էինք ֆիզիկական պատրաստվածության վրա` տարբեր տեսակի վարժություններ, որոնք անհրաժեշտ են լավ մարզավիճակ ձեռքբերելու համար: Գագրայում եղանակը բարենպաստ չէր, սակայն դա մեզ չխանգարեց հոյակապ նախապատրաստվել: Մարզումներից հետո էլ եւ ազատ օրերին շարունակում էինք մարզվել. հանգստանալ գրեթե չէինք հասցնում:

Ալյոշա Աբրահամյան:

Լուսանկարը՝ Photolur:

Ընկերական ուսումնական խաղերը շատ լավ անցկացրեցինք, եթե չեմ սխալվում` ոչ մի պարտություն չգրանցեցինք մեր հաշվին: Վերադառնալուց հետո մոտ 10 օր մարզվեցինք Երեւանում, Արտաշատում եւ Հրազդանում: Այս ամենը տվեց այն արդյունքը, որ ողջ թիմը` դարպասապահից մինչեւ վերջին խաղացողը, պատրաստ էին առաջնությանը եւ ֆիզիկապես, եւ տակտիկապես: 

 

Մենք շատ բաներ սովորեցինք մեր մարզիչներից` Պոնոմարյով, Գլեբով, Մասլով, Սիմոնյան…. Մեր թիմի կազմն էլ առանձնապես չէր փոփոխվում: Նույն թիմով մոտ 6 տարի խաղում էինք: Արդեն ժամանակն էր, որ արդյունք գրանցեինք: Դաշտում բոլորս մեկ բռունցք էինք դառնում, եւ խաղի ժամանակ իրար լավ էինք հասկանում: Մեզ համար դժվար էր 3 կիսապաշտպանով խաղալ մնացած թիմերի 4 կիսապաշտպանների դեմ, բայց մենք մեզ արդարացրեցինք եւ հաջողության հասանք:

 

Վերադառնալով Սեւ ծովի մերձափնյա շրջաններից՝ Նիկիտա Պավլովիչն իսկապես շատ էր պատմում երեւանցիների ֆիզիկական տոկունության մասին: Դա նրա համար մեծ անակնկալ էր:

 

Մոսկվայում, ասում էր նա, գերիշխում է այն կարծիքը, որ հարավային թիմերը սովոր են մարզվել առանց եռանդ գործադրելու, չեն կարող տանել մեծ ծանրաբեռնվածություն, հենվում են իրենց ոգեշնչման ու տեխնիկական վարպետության վրա: Ուսումնամարզական հավաքները լիովին հերքեցին այդ համոզմունքը: Տղաները ջանասիրաբար, ուժերի լիակատար նվիրումով զբաղվում էին համալիր ֆիզիկական նախապատրաստությամբ, մարզվում էին ավյունով, նույնիսկ ազարտով:

 

Այժմ նա թե անձնական զրույցներում, թե «Կոմունիստ» թերթի հետ պաշտոնական հարցազրույցում հայտարարում է. «Ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ թիմի ֆիզիկական վիճակը վատը չէ, խաղացողները հաղթահարեցին խիստ ծանրաբեռնվածությունը»:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից

Խնդիրն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Բոլորին են հայտնի բրազիլացիների նվաճումները ֆուտբոլում: Նրանց անվանում են «գնդակի հրաշագործներ» հենց դրա հետ վարվելու ունակության շնորհիվ: Բայց վերջերս նույնիսկ բրազիլացիներն են զգացել, որ ուժեղագույն եվրոպական թիմերի հետ պայքարում միայն տեխնիկայով չես հաղթի: Եվ նրանք, կրկնապատկելով ու եռապատկելով ծանրաբեռնվածությունը, այժմ այլ կերպ են դատում. «Եվրոպայում մարզչի խնդիրն այն է, որպեսզի ատլետին վերածի խաղացողի: Մինչդեռ մենք ձգտում ենք խաղացողին դարձնել ատլետ»:

 

Հիշում է Էդուարդ Մարկարովը

 

Մրցաշարից առաջ թիմ եկած Նիկիտա Պավլովիչը շատ մարդկային ու ազնիվ մարդ էր, իր մասնագիտությանը շատ բարձր մակարդակի վրա տիրապետող: Հենց այդ պատճառով էլ ե՛ւ ես, ե՛ւ մեր ողջ կազմը նրա հետ շատ արագ ընդհանուր լեզու գտանք, իսկ շուտով արդեն կես բառից իրար հասկանում էինք:

 

Անդրկովկասում ֆուտբոլը տարբերվում է ռուսական եւ ուկրաինական ֆուտբոլից: Այնտեղ ֆուտբոլն ավելի ուժային է, դաշտում մեծ ծավալի աշխատանք է կատարվում, իսկ մենք մեր խաղաոճով ավելի շատ հիշեցնում էինք բրազիլացիներին՝ տեխնիկապես լավ պատրաստված, «անարխիստական», մի փոքր ալարկոտ եւ ֆուտբոլ խաղում էինք միայն գնդակով: Նիկիտա Պավլովիչը չփոխեց մեր տակտիկան. բոլոր խաղացողները իրենց տեղերում մնացին: Միայն անհրաժեշտ էր անհատական մոտեցում ցուցաբերել խաղացողների նկատմամբ, եւ Սիմոնյանը կարողացավ դա անել:

Էդուարդ Մարկարով:

Լուսանկարը՝ Photolur:

 

1973 թվականի մրցաշարից առաջ թիմի ներսում մոտավորապես այսպիսի խոսակցություններ կային`եթե 1971թ.-ին կարողացանք արծաթ վերցնել, 1972է.-ին կարող էինք մրցանակակիր դառնալ, բայց Դնեպրոպետրովսկի հետ տանը 3 միավոր կորցրեցինք, եւ հենց այդ միավորները մեզ չբավականացրեցին, իսկ հիմա կարող ենք ավելացնել եւ առաջին տեղի համար լուրջ պայքար մղել: Մենք ավելացրեցինք միայն «ֆիզիկայի» մեջ. տեխնիկան ու տակտիկան մեզ մոտ լավ մակարդակի վրա էին:

 

Ուկրաինական թիմերի հետ հեշտ չէր մրցել, այդ թվում` Կիեւի «Դինամոյի» հետ բավական բարդ էր: Բայց քանի որ մենք ավելացրել էինք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ կատարվող աշխատանքի ծավալը, դա մեզ հնարավորություն տվեց հաղթանակ տոնել նրանց նկատմամբ:

 

Երեւանյան ֆուտբոլիստների համար, իհարկե, դեռ վաղ է ոտք մեկնել բրազիլացիների հետ, սակայն տեխնիկական տեսանկյունից «Արարատի» առավելությունը երկրի բազմաթիվ ակումբերի նկատմամբ ակնհայտ է: Եթե միայն նրանք հասնեին ու անցնեին «ֆիզիկայում»…

 

Հավանաբար, այսպիսին էր Սիմոնյանի մտքի ուղղությունն առաջնության նախաշեմին:

 

Եվ ահա՝ խաղաշրջանի բացումը: Կիեւի «Դինամո»: Ճակատագիրն ասես հատուկ է առաջին փուլում «Արարատին» հանել այդ չափազանց հետաքրքիր թիմի դեմ, որն արդեն տասը տարուց ավել գտնվում է հայրենական ֆուտբոլի ավանգարդում: Միգուցե բարին դա էր, որ միանգամից հանդիպեց այդպիսի «քննող»:

 

Ի՞նչ կարելի է ասել խաղի մասին: Շուրջ երկու ժամ առաջ ես «Комсомольская правда»-ին թելադրեցի մի փոքր հաշվետվություն հանդիպման մասին: Վերջինս իր ուշադրությամբ այնքան էլ «երես չի տալիս» ԽՍՀՄ առաջնությանը, այնուամենայնիվ, խմբագրությունը հանձնարարեց փոքրիկ հոդված փոխանցել. ինչ էլ լինի, խաղաշրջանի բացումն է, հանդիպում են ուժեղագույն թիմեր… Ահա եւ ես հայտնեցի.

 

«Արարատի» ու կիեւյան դինամոյականների միջեւ հանդիպումը կրում էր այնքան լարված բնույթ, հագեցած էր բազմաթիվ այնպիսի դիտարժան դրվագներով, որ եթե կատարվեր զուտ խաղաժամանակի քրոնոմետրաժ, ընդմիջումների ընդհանուր տեւողությունը չէր գերազանցի հինգ րոպեն: Ինձ նույնիսկ թվաց, թե մարզիկները դաշտ են դուրս եկել ինչ-որ գերխնդրով՝ ապացուցել ֆուտբոլի հավերժական երիտասարդությունը, դրա մրցունակությունը հոկեյի հետ՝ դրանով իսկ իրենց կողմը գրավելով այն հազարավոր երկրպագուներին, ովքեր այդ օրերին կանգնած էին ընտրության առջեւ՝ հոկեյ, թե ֆուտբոլ:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից

Առաջին րոպեներին խաղն իրենց ձեռքը վերցրին հյուրերը: Նրանց համառ հարձակումները Բլոխինի ձգտողական տեղափոխություններով ինչ-որ պահի շփոթեցրին երեւանցիների պաշտպանությունը, եւ վերջիններս վեցերորդ րոպեին բաց թողեցին վիրավորական գոլ (Բլոխին): Դեռ որոշ ժամանակ նախաձեռնությանը տիրում էին «Դինամոյի» ֆուտբոլիստները: Տպավորություն էր ստեղծվում, որ նրանք, խոցված «Ռեալից» կրած խոշոր պարտությունից, մտադիր են ամեն գնով վերականգնել իրենց հեղինակությունը երկրպագուների աչքերում: Բայց հյուրերն աննկատ սկսեցին ավելի հաճախ հետ քաշվել դեպի սեփական դարպասը: Ասես արարատցիները դեն նետեցին ձեռնաշղթաները: Համակարգված, ուղղորդված ճնշումը, որը շարունակվեց առաջին խաղակեսի ամբողջ երկրորդ կեսում, ավարտվեց երկու գնդակներով, որոնք կիեւցիների դարպասն ուղարկեցին Անդրեասյանն ու Ղազարյանը: 

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

1973 թվականի մրցաշրջանից առաջ թիմ եկավ Նիկիտա Սիմոնյանը, որը ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես մարզիչ, ե՛ւ որպես նախկին մարզիկ շատ մեծ հեղինակություն ուներ: Ժամանակին նա համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից էր, եւ նրա գալուստը մեզ շատ ոգեւորեց: Նա բազմագիտակ, մեղմ եւ խոհուն անձնավորություն էր: Մեզ անգամ բարդ էր հավատալ, որ հենց նա էր մեզ մարզելու:

 

Այն ժամանակ երկրի ֆուտբոլային կենտրոնը Մոսկվան էր, եւ Սիմոնյանը, ինչպես հայտնի է, անցել էր Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար դպրոցը: Միանալով «Արարատին», Նիկիտա Պավլովիչն ասաց մեզ, որ մենք տեխնիկապես լավ պատրաստված թիմ ենք, սակայն ֆիզիկական պատրաստվածությունն ու դիմացկունթյունը բավարար մակարդակի վրա չեն: Նա զգուշացրեց, որ բարդ սեզոն է սպասվում, պետք է պատրաստ լինենք մեծ ծանրաբեռնվածություն կրելուն եւ չբողոքենք: Նիկիտա Պավլովիչը զգուշացրել էր նաեւ, որ մենք հավակնում ենք ամենաբարձր տեղին եւ պետք է ԽՍՀՄ չեմպիոն դառնանք:

Նիկոլայ Ղազարյան:

Լուսանկարը՝ jagru.sosbb.ru կայքից:

 

Բարդ էր մրցաշրջանը սկսել Կիեւի «Դինամոյի» հետ, քանի որ նրանք շատ աթլետիկ եւ ֆիզիկապես լավ պատրաստված թիմ էին: Սակայն Սիմոնյանի մարզումների եւ ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության շնորհիվ, մենք մեզ դաշտում շատ լավ եւ թեթեւ էինք զգում: Այդ խաղը ցույց տվեց, որ մենք ֆիզիկապես նրանց չէինք զիջում:

 

Խաղի սկզբում նախաձեռնությանը տիրում էր «Դինամոն», եւ Բլոխինը մեզ գոլ խփեց խաղի մեկնարկին, բայց հետո մենք սկսեցինք ավելի լավ խաղալ: Ես խփեցի 2-րդ գնդակը, եւ «Արարատը» մինչեւ ընդմիջումն առաջ անցավ հաշվում: Երկու գոլ խփեց Արկադի Անդրեասյանը: Կարծում եմ, որ կիեւցիները շատ ինքնավստահ էին ժամանել Երեւան, եւ հենց դա դարձավ իրենց պարտության պատճառը:

 

Ընդմիջումից հետո երեւանցիները փորձում էին ամրապնդել հաջողությունը: Չի կարելի ասել, թե նրանք խաղում էին առանց սեփական դարպասին ուշադրություն դարձնելու. պաշտպանվում էին հմտորեն, սակայն շեշտը դնում էին հարձակման վրա: Շատ արագ, գտնելով իրենց խաղը, դաշտի տերերը դարձան նաեւ իրադրության տերը: 84-րդ րոպեին Անդրեասյանը, ով լավագույննն էր այս հանդիպման ընթացքում, խփեց եւս մեկ գոլ՝ 3:1»:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից:

Ահա, ըստ էության, այն ամենը, ինչ ես թելադրեցի սղագրողուհուն: Ցանկանում էի, իհարկե, նշել նաեւ «Արարատի» ակներեւ գերազանցությունը ֆիզիկական պատրաստվածության, արագության առումով, բայց միտքս փոխեցի: Հնարավոր է՝ հանդիպումն այդ առումով բնութագրական չէր կիեւցիների համար:

 

Հիշում է Արկադի Անդրեասյանը

 

1973 թվականի մրցաշրջանի ժամանակ մեր թիմն արդեն կայացած էր եւ հասուն: 1972 թվականի վերջում՝ «Գրասհոպերս»-ի հետ անհաջող խաղից հետո մեր մարզիչը փոխվեց: Նիկոլայ Գլեբովը հեռացավ եւ թիմին միացավ Նիկիտա Սիմոնյանը:

 

«Արարատ»-ի բոլոր խաղացողները պրոֆեսիոնալ էին եւ այն ֆիզիկական ծանրաբեռնվածության ծավալը, որը տալիս էր Սիմոնյանը, մենք արդեն ժամանակին ստացել էինք նախորդ մարզիչներից՝ Պոնոմարյովից եւ Գլեբովից: Ամենամեծ ծանրաբեռնվածությունը տալիս էր Պոնոմարյովը, հետո Գլեբովը, եւ 3-րդ տեղում նոր Սիմոնյանն էր: Ինչ վերաբերվում է զուտ խաղին, ապա Պոնոմարյովի ժամանակ մենք պայքարում էինք, Գլեբովի ժամանակ՝ սկսեցինք արդեն խաղալ, իսկ Սիմոնյանի օրոք շեշտը դրվում էր մարտավարության վրա, հետո նոր միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության:

Արկադի Անդրեասյան:

Լուսանկարը՝ «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթ:

 

1973 թ. մրցաշրջանի սկզբում վնասվածքի պատճառով թիմի հետ չմեկնեցի Գագրայում անցկացվող 2-րդ հավաքին: Փոխարենը գնացի Մոսկվա բուժվելու: Մի ամիս ապրում էի հյուրանոցի համարում եւ քանի որ դրսում ցուրտ էր, մարզվում էի հենց սենյակում:

 

Երեւան վերադարձա մրցաշրջանի մեկնարկից 5 օր առաջ՝ ապրիլի 2-ին: «Դինամոյի» հետ խաղից առաջ ընդամենը 4 մարզում անցկացրեցի եւ ասացի, որ խաղալու եմ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ կիսապաշտպան չեմ խաղա:

 

Մրցաշրջանից առաջ Կիեւի «Դինամոն» ավելի էր ուժեղացել. նրանց կազմում հանդես եկող շատ խաղացողներ ընդգրկված էին նաեւ ԽՍՀՄ հավաքականում: Բնականաբար, նրանք պատրաստվում էին մեզ հաղթել: Խաղը ճոճանակի պես էր եւ կարող էր ընթանալ ցանկացած ուղղությամբ: Մարկարովը այդ խաղը բաց թողեց: Քանի որ ես հարձակվողի դիրքում էի խաղում, կարողացա 2 գոլ խփել, եւս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց Նիկոլայ Ղազարյանը:

 

Երբ առաջ անցանք հաշվի մեջ, ես հետ քաշվեցի ու 2-րդ գոլը հեռվից խփեցի: Կիեւցիների դարպասապահ Ռուդակովը բարձրահասակ տղա էր, խաղում էր ԽՍՀՄ Օլիմպիական հավաքականում: Ստանալով գնդակը տեսա, որ նա մի փոքր առաջ է դուրս եկել: Որոշեցի ուժեղ հարված կատարել, եւ գնդակը դարպասում հայտնվեց:

 

Ախ, ինչպես է խանգարում այդ մշտական հայացքը դեպի հակառակորդ թիմի երկրպագուները: Իսկ այդ կոչերը օբյեկտիվության լույսի ներքո պահպանել անաչառություն, թաքցնել անձնական համակրանքը: Ոչ, ես վճռականապես չեմ հասկանում այդ ամենը: Ինչու՞ հենց ֆուտբոլային լրագրությունում հարկավոր է լինել «կողմնակի դիտորդ» եւ թաքցնել սեփական վերաբերմունքը այս կամ այն թիմի նկատմամբ:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից:

Ցանկացած այլ դեպքում պարզապես անհրաժեշտ է տեսնել հեղինակի վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ, իմանալ նրա մտքերը, զգացմունքները: Նույնիսկ այսպիսի եզրույթ կա՝ «ներկայության պատրանք»: Եթե, ասենք, գրախոսում ես ներկայացումը, նոր բեմադրությունը, ոչ ոք քեզ չի կշտամբի դերասանի, ռեժիսորի, պիեսի հեղինակի նկատմամբ «հատուկ վերաբերմունքի» համար… Ինձ կասեն, թե թատրոնն այլ բան է, իսկ ֆուտբոլը, սպորտը՝ մեկ այլ բան: Այստեղ ընթանում է երկու կողմերի մրցապայքար, եւ ով ստանձնում է նկարագրել մրցությունը, պետք է լինի անաչառ: Բայց չէ՞ որ դա մրցավարի կամ դիտորդ հանձնաժողովի պարտականությունն է, իսկ լրագրողի համար պարտադիր չէ հանդես գալ երրորդային դատավորի դերում: Նրա անաչառությունից մինչեւ անտարբերություն, սառնություն, անսրտություն ընդամենը մեկ քայլ է: Եվ ընթերցողը, հանդիսատեսը, ունկնդիրը հիանալի զգում է այդ ամենը՝ որքան էլ մեկնաբանը քողարկի:

Գործը երբեմն հասնում է ծիծաղաշարժ աստիճանի: Ես հաճույքով լսում եմ Վրաստանի ժողովրդական արտիստ Կոտե Մախարաձեի կոլորիտային ֆուտբոլային ռեպորտաժները, այնուամենայնիվ, չեմ թաքցնում ժպիտս, երբ նա սովորության համաձայն, արմատացած ավանդույթի լույսի ներքո փորձում է թաքցնել երկրպագուի իր համակրանքը թբիլիսյան «Դինամոյի» նկատմամբ:  

 

Մի խոսքով, անձամբ ինձ ոչ ոք եւ ոչինչ չի պարտավորեցնում օրագրային գրառումներում «օբյեկտիվ» լինել «Արարատի» նկատմամբ: Ծանոթներից մեկն այդ առումով սրամտում է. «Ի՞նչ է մարդը: Սուբյեկտ: Ուրեմն ինչպե՞ս կարելի է օբյեկտիվություն պահանջել սուբյեկտից»:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Կարինե Պետրոսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին