Կամքը, Ռուբեն Վարդանյանը եւ Բիձինա Իվանիշվիլին - Mediamax.am

Կամքը, Ռուբեն Վարդանյանը եւ Բիձինա Իվանիշվիլին
2274 դիտում

Կամքը, Ռուբեն Վարդանյանը եւ Բիձինա Իվանիշվիլին


Մայիսի 25-ին Ռուբեն Վարդանյանի 56-ամյակն է: Այս տարի Ռուբենն իր ծննդյան օրը «նշում է» Բաքվի բանտում:

Երկու շաբաթ առաջ Թբիլիսիում էի՝ Ասիական զարգացման բանկը հրավիրել էր իր տարեկան ժողովին։ Radisson Blu Iveria հյուրանոցը տարեկան ժողովի երկու հիմնական «կենտրոնակայաններից» էր։

Առաջին անգամ Թբիլիսիի Radisson-ում մնացել էի 11 տարի առաջ՝ Ռուբեն Վարդանյանի հրավերով։ Այս ժամանակ նրա IDeA հիմնադրամը նոր էր թափ հավաքում, իսկ Մեդիամաքսը օգնում էր հանրային կապերի կառուցման եւ մեդիայի հետ հարաբերությունների հաստատման գործում:

Ռուբենը որոշել էր Թբիլիսիում հավաքել Մոսկվայի եւ Երեւանի իր թիմերը, որպեսզի մարդիկ միմյանց ճանաչեն եւ ավելի լավ պատկերացում ունենան իրականացվող ծրագրերի մասին։ Ընդհանուր առմամբ, մոտ 30-35 մարդ էր հավաքվել, ես էլ միակն էի, որ Ռուբենի աշխատակիցը չէի, ինչը ոմանց մոտ ակնհայտ կամ թաքնված տարակուսանք էր առաջացնում։

Մի օր խմբով զբոսնում էինք Բիձինա Իվանիշվիլիի հսկայական ֆուտուրիստական առանձնատան հարեւանությամբ եւ հարցրեցի Ռուբենին, թե արդյո՞ք ճանաչում է նրան։ Ասաց, որ ճանաչում է, որոշ ժամանակ լռեց, հետո ավելացրեց․ «Աննկարագրելի կամային հատկանիշներ ունի»։ Ինձ թվաց, որ դա ասելով՝ Ռուբենը գուցե ենթագիտակցաբար մտածեց, որ լավ կլիներ, եթե ինքն էլ նման կամային հատկանիշներ ունենար։



Թբիլիսիում գնացի Սուրբ Գեւորգ եկեղեցի, որը վերականգնվել է Ռուբեն Վարդանյանի, նրա ընկերների եւ գործընկերների միջոցներով եւ ջանքերով։ Մոմ վառեցի նրա համար, հիշեցի մեր զբոսանքը Իվանիշվիլիի տան կողքով եւ մտածեցի, որ Արցախ տեղափոխվելու եւ մինչեւ վերջ այնտեղ մնալու որոշումը վկայում է Ռուբենի հզոր կամքի մասին՝ Իվանիշվիլիի հետ համեմատության մեջ ինքը հաստատ չի զիջում։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին