Ներկայիս Վրաստանի ամենամոդայիկ բառն է՝ կոաբիտացիա: Տերմինը վրացական քաղաքական վերնախավին նվիրել են արեւմտյան գործընկերները՝ դրանով իսկ նախկին խորհրդային հանրապետության կարգավիճակը բարձրացնելով մինչեւ ժողովրդավարական հասարակության հսկա Ֆրանսիան: Կոաբիտացիան տարբեր կուսակցությունների պատկանող նախագահի եւ վարչապետի համակեցությունն է: Ժամանակակից ֆրանսիական պատմության մեջ նման համակեցություններ եղել են 1986-1988, 1993-1995 եւ 1997-2002 թվականներին:
Այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ դարձավ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ից, իսկ «Միացյալ ազգային շարժում»-ը ներկայացնող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կնախագահի եւս 10 ամիս, եւ միայն հաջորդ նախագահական ընտրություններից հետո իշխանությունը լիակատար կերպով կանցնի կառավարության ղեկավարին, բոլորը փորձում են «կոաբիտացնել» շատ տարբեր երկու առաջնորդներին: Գործնականում դա նշանակում է, որ Սաակաշվիլին չպետք է փորձի ցրել խորհրդարանը, իսկ Իվանիշվիլին չպետք է խառնվի նախագահին բաժին մնացած ինստիտուտների աշխատանքին: Նախագահի ամենահզոր զենքը քարոզչությունն է եւ Արեւմուտքում պահպանված կապերը, Իվանիշվիլիիի զենքն էլ բյուջեն է: Սաակաշվիլիին արդեն հայտարարվել է, որ իր՝ Վրաստանի նախագահի, որն ունի երեք ինքնաթիռ եւ յոթ նստավայր, վրա արվող ծախսերը կրճատվելու են: Շուրջ 14 անգամ կրճատվելու են Անվտանգության խորհրդի՝ նախագահական մարմնի ծախսերը, որին 2013թ. հատկացվելու է ընդամենը մեկ միլիոն դոլարից քիչ ավել գումար: Իվանիշվիլին կասկածում է, որ ԱԱԽ-ն այս տարի ծախսել է գրեթե 10 միլիոն դոլար արեւմտյան ԶԼՄ-ներում պատվիրված հոդվածների վրա՝ ընդդեմ «Վրացական երազանք»-ի: Եվ այլն:
Սաակաշվիլին եւս պարտք չի մնում: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Պանջիկիձեն ԱՄՆ կատարած առաջին այցի ընթացքում ստիպված էր «կոաբիտացվել» դեսպանի հետ, որին մինչ այդ անձամբ հայտարարել էր «անցանկալի»: Դիվանագիտական առաքելության ղեկավար Թեմուր Յակոբաշվիլին ինքն էլ ասել էր, որ մտադիր չէ աշխատել «Վրացական երազանք»-ի հետ եւ հրաժարական էր ներկայացրել: Սակայն ոչ նրան, ոչ էլ մյուս դեսպաններին Սաակաշվիլին չի հեռացնում, մինչդեռ դեսպանների նշանակումն ու ետ կանչումն իր բացառիկ իրավունքն է: Իրավիճակն աբսուրդային է. ԱԳՆ ղեկավարը չի կարող ընտրել իր կադրերին: Ստացվում է ստիպված համակեցություն, դա ի՞նչ կոաբիտացիա է:
Կոաբիտացիան կաղում է հենց միջազգային ասպարեզում: Բրյուսել է ժամանում Իվանիշվիլին, իսկ Վրաստանի դեսպան Սալոմե Սամադաշվիլին դիմավորում է ոչ թե վարչապետին, այլ նախագահին, որը նույն երկրում էր նույն օրը: Դե պարզ է, դեսպանը չի կարող կիսվել: Իսկ մեկ երկրից երկու դեսպան ունենալու փորձ ոչ մի կոաբիտացիա չգիտի, իսկ Վրաստանի բյուջեն դրան չի դիմանա նույնիսկ Սաակաշվիլիի բոլոր ինքնաթիռները վաճառելու դեպքում:
Ակնհայտ է, որ Վրաստանը Ֆրանսիա չէ, եւ այստեղ կոաբիտացիան չի անցնի: Սաակաշվիլին համակցելու է իր յուրայինների, Իվանիշվիլին էլ՝ իր յուրայինների հետ: Նրանց մոտ «շվեդական ընտանիք» չի ստացվի մեկ Վրաստանի հետ, որը եւ կարող է ամենաշատը տուժել առաջիկա 10 ամիսների ընթացքում այդ «ճոճանակի» վրա: Կասկածում եմ, որ այդ երկուսից մեկը պատրաստ է զիջումների գնալ: Սա Վրաստանն է, Ֆրանսիան չէ: Սե լյա վի:
Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: