Արտաքին քաղաքականության ֆիասկո - Mediamax.am

Արտաքին քաղաքականության ֆիասկո
11330 դիտում

Արտաքին քաղաքականության ֆիասկո


Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին Հայաստանի համար բարձրացնում է արտաքին ու ներքին քաղաքական մի շարք հարցեր: Ներքաղաքական մի շարք քննարկումներում մարդիկ փորձում են գլխավոր մեղավոր տեսնել Հունգարիային կամ Ադրբեջանին:

Մինչդեռ, հաշվի առնելով միջազգային հարաբերությունների անարխիկ իրավիճակը, հենց Հայաստանի վրա է ընկնում ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատվությունը: Հարց է առաջանում, թե Հայաստանում ո՞ր կառույցներն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Սահմանադրության համաձայն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հանրապետության նախագահի հետ համատեղ:

Հենց կառավարությունը պետք է կարողանար նախագահի հետ միասին կանխեր նման ելքը: Իրականում Հունգարիան եւ Ադրբեջանը կատարել են այն ամենը, ինչը, ըստ իրենց, բխել է իրենց երկրների շահերից:  Սակայն Հայաստանը չկարողացավ կանխել Սաֆարովի արտահանձնումը եւ պետական համակարգի գլխավոր գործողությունները տեղի ունեցան Սաֆարովի արտահանձնումից հետո միայն:

Մինչեւ Սաֆարովի արտահանձնումը Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել նման ելքը կանխելու համար: 2009 թ. նոյեմբերին Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել էր Հունգարիա, եւ դա ամենամեծ հնարավորությունն էր կանխելու նման ելքը: Ի դեպ, Իլհամ Ալիեւը Հունգարիայում եղել էր 2008թ. փետրվարին:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը Մեդիամաքս-ին տված հարցազրույցում նշում է, որ ամենատարբեր մակարդակների հանդիպումներում հունգարական կողմը մինչեւ վերջին պահը հավաստիացրել է, որ Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում: Սակայն Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության հրապարակած պաշտոնական գրությունը ցույց է տալիս, որ Հունգարիան օգոստոսի 15-ին արդեն հավաստիացում է ստացել Ադրբեջանից, որ Ռամիլը Սաֆարովը կկրի իր պատիժը բանտում: Սա խոսում է այն մասին, որ Հունգարիան ավելի վաղ արդեն հստակ որոշում էր կայացրել Սաֆարովին հանձնելու մասին, սակայն Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը չի կարողացել դրա մասին հստակ ինֆորմացիա ստանալ, որն էլ խոսում է գերատեսչության անաշխատունակության մասին:

Արտաքին գործերի նախարարությունը չի կարողացել հասնել նրան, որպեսզի մեր դաշնակից երկրները դեպքը դատապարտող հայտարարությամբ հանդես գան: Միայն ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման է բացատրություն պահանջել Հունգարիայից եւ հիասթափություն հայտնել Ադրբեջանի կայացրած որոշման համար: Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ Մոսկվայի լռությունը կապված է տոների հետ…

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկման միակ թեման Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հարցն էր: Սա նշանակում է, որ Հայաստանը չի հրաժարվել բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ինչը Հայաստանի զիջողական քաղաքականության շարունակության վկայությունն է:

Հայաստանի արտաքին քաղաքականություն մշակողները չեն կարողացել կանխել Սաֆարովի Ադրբեջան վերադարձը, իսկ դեպքից հետո էլ չեն կարողացել վերականգնել Հայաստանի ոտնահարված շահերը, ինչն էլ խոսում է արտաքին քաղաքական կարողությունների մասին:

Նվազագույնը, ինչն այս պահին Հայաստանը կարող է անել` դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ, իսկ նախապայմանը պետք է լինի Ռամիլ Սաֆարովին բանտ վերադարձնելը: Եթե Հայաստանը մինչեւ այս նախապայմանի կատարումը շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ, ապա Հայաստանը կարդարացնի Հունգարիայի գործողությունները եւ կանաչ լույս կվառի Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս շարունակի հայերի սպանությունը:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին