Զոհրաբ Մնացականյան. մինչեւ վերջին պահը մեզ հավաստիացնում էին, որ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում - Mediamax.am

exclusive
9624 դիտում

Զոհրաբ Մնացականյան. մինչեւ վերջին պահը մեզ հավաստիացնում էին, որ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում


Զոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ազդակ էր ստացել այն մասին, որ Հունգարիայի իշխանությունները մտադիր են Ադրբեջան տեղափոխման ենթարկել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

 

Նա ասել է, որ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո եւ այս ամբողջ ժամանակահատվածում ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկել պաշտոնական եւ այլ մակարդակներով այն ճշտելու համար` հանդիպումներ անցկացնելով ամենատարբեր մակարդակներում: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այդ հանդիպումների արդյունքում եւ մինչեւ վերջին պահը հայկական կողմը հավաստիացումներ է ստացել այն մասին, որ Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում:

 

«Հունգարիայի իշխանությունների գործելաոճը հատկապես անընդունելի է, երբ Հայաստանի իշխանությունները, խորը մտահոգություն արտահայտելով առկա տեղեկության վերաբերյալ, փորձում էին հստակություն ստանալ Հունգարիայի իշխանություններից եւ մինչեւ վերջին պահը հավաստիացումներ էին լսում այն մասին, որ նման հարց օրակարգում չկա», - Մեդիամաքս-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ «մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը»:

 

«Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, եւ մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում եւ խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում եւ ազատության մեջ», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին