Մենք` հայերս, մեզ համարում ենք հին ազգ: Դա հենց այդպես է, սակայն` մեկ ճշգրտմամբ: Մենք հին էթնոս ենք, այսինքն, որպես էթնոս` ժողովուրդ իմաստով, այո, հին ենք: Սակայն որպես քաղաքական միավորում շատ երիտասարդ ենք: Մենք դեռ նոր ենք սովորում անկախ ապրել: Բազմադարյա կախվածությունն ու 70 տարի մեծ ընտանիքի կազմում ապրելը մոռացրել են ինքնուրույնությունը: Ինչպե՞ս է դա արտահայտվում: Նախ, եկեք օգտագործենք ժողովրդի եւ մարդու միջեւ նմանության հանգամանքը: Հետո քննարկման ընթացքում հասկանալի կդառնա, որ դա ոչ թե պարզապես նմանություն է, այլ` շատ կարեւոր կապ:
Ընտանիքի կազմից դեպի ինքնուրույն կյանք երիտասարդի դուրս գալը միշտ համընկնում է անձնական կայացման ժամանակահատվածին: Այլ կերպ լինել չի կարող. կայացած անհատը չի կարող շարունակել ապրել ծնողների խնամքի տակ: Նա ձգտում է ինքնուրույն որոշումներ կայացնել, ունի իր ճանապարհը, իր նպատակները: Ինչպե՞ս է մարդն ընտրում իր ուղին: Իհարկե, ընտրությունը պայմանավորված է նրա անհատականությամբ, որը ձեւավորվում է այն հանգամանքների արդյունքում, որոնք նրան ուղեկցել են մանկության կամ պատանեկության ընթացքում, եւ այն որակների համադրությամբ, որոնք նա ժառանգել է գեների միջոցով: Մենք հարգում ենք այն մարդկանց, որոնք կողմնորոշվել են իրենց առաջնահերթությունների շուրջ, գիտեն` հանուն ինչի են ապրում, եւ կյանքը նրանց համար իմաստ ունի: Եվ հակառակը. հազիվ թե հարգենք այն մարդկանց, ովքեր անրջում են, վարում անիմաստ կենսակերպ եւ չեն հասկանում` ինչու են ապրում:
Մենք` որպես ազգ, հիմա գտնվում ենք իմաստավորման եւ կայացման փուլում: Չպետք է ենթադրել, որ մեր ազգի երկար պատմությունը ավտոմատ կերպով մեզ դարձնում է իմաստուն եւ մեր գոյությանն իմաստ է հաղորդում: Մեր պատմությունն այն տեսքով, որով ընկալվում է ժողովրդի կողմից, ավելի շուտ առասպելաբանություն է: Այն, ինչով լցված է մեր գիտակցությունը վաղ մանկությունից, հայոց պատմության վառ դրվագները, ինչպիսիք են Ծովից ծով Հայաստանը, Ավարայրի ճակատամարտը եւ այլն, ի թիվս լեզվի, հավատի, տարածքի ու մշակույթի, բացահայտում են մեր համակեցության իմաստը, մեր էթնոսի հիմքը: Սակայն մեր պատմությունը մեզ ավելին չի տալիս. ցավոք: Մենք չունենք ինքնուրույն, անկախ ազգի կենսափորձ, քանի որ վերջին անգամ այդ փորձն ունեցել ենք շատ դարեր առաջ, որից հետո այն կորցրել ենք ամբողջությամբ:
Այսպիսով, մենք` որպես ազգ, շատ երիտասարդ ենք: Մենք պետք է շատ կարեւոր որոշումներ կայացնենք, գիտակցենք մեր նպատակներն ու ժամանակակից աշխարհում մեր գոյության իմաստը: Ինչպես այն պատանին, որն ոտք է դրել ինքնուրույն կյանք, այդ ընտրության մեջ պետք է հենվենք նախնիներից ժառանգածի վրա:
Խոսելով նպատակների մասին` ի նկատի չունեմ հրատապ խնդիրները, ինչպիսիք են Արցախը, թույլ տնտեսությունը, տարածքային մեկուսացումը եւ այլն: Ենթադրենք, մենք լուծել ենք Արցախի խնդիրը, տնտեսությունը դարձել է ավելի ուժեղ: Եվ ի՞նչ: Ինչո՞ւ մենք պետք է անենք դա: Ի՞նչ կտա դա մեզ: Ի՞նչ ենք ցանկանում դառնալ 20 տարի հետո: Ինչպիսի՞ երկրում են ապրելու մեր երեխաները: Անիմաստ է գործել` առանց նպատակը գիտակցելու, քանի որ առանց նպատակների խնդիրներ չկան, իսկ խնդիրների լուծումը կայանում է հենց նպատակներին հասնելու մեջ: Երբ մենք երեխա ենք մեծացնում, մտածում ենք նրա ապագայի մասին: Փորձում ենք պատկերացնել, թե ինչպիսին է նա լինելու, երբ մեծանա: Սակայն իրականում ավելի կարեւոր է, թե ինչպիսին է լինելու երկիրը, ինչ մարդիկ են նրան շրջապատելու, եւ հանուն ինչի է ապրելու երեխան:
Խոսելով նպատակների մասին` կարեւոր է նաեւ տարբերակել նպատակներն ու միջոցները` նպատակներին հասնելու գործիքները: Կյանքում քանի՞ անգամ ենք նպատակին ձգտելու փոխարեն պայքարել հերթական միջոցը ստանալու համար եւ, հասնելով դրան, զարմացել, թե ինչու մեզ երջանիկ չենք զգում; ընդհակառակը, մեր միակ զգացողությունը խաբված լինելն է: Հաճախ նույնը տեղի է ունենում նաեւ ազգերի հետ: Վառ օրինակ են 90-ական թվականների քաղաքական ցնցումներից առաջացած մեր թարմ վերքերը:
Մինչ մեր ազգային նպատակների եւ դրանց հասնելու մեթոդների անմիջական վերլուծությունը անհրաժեշտ է պարզել` պե՞տք է ինչ-որ բան տարբեր անենք մյուս ազգերից: Ինչո՞վ ենք մենք տարբերվում նրանցից:
Նախեւառաջ, լեզվով: Մենք ունենք նրբագեղ, հին, զարգացած ու կենդանի լեզու: Երկրորդ տարբերությունը սփյուռքն է: Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որոնց թվաքանակը երկրի սահմաններից դուրս ավելի մեծ է, քան նրա տարածքում: Նույնիսկ հրեաները, որոնք հայտնի են մեծաքանակ սփյուռքով, չեն կարող համեմատվել մեզ հետ. Իսրայելի սահմաններից դուրս ապրող հրեաների թիվը մոտավորապես հավասար է երկրի բնակչությանը:
Մյուս առանձնահատկությունն այն է, որ մենք փոքր ազգ ենք, ունենք փոքր, աշխարհից կտրված եւ ոչ շատ հայտնի երկիր: Չխաբենք մեզ. այդպիսին է իրականությունը, եւ դրա սթափ ընկալումը, որքան էլ այն ցավոտ լինի, կարեւոր է ճիշտ որոշումներ կայացնելու համար այն մասին, թե ուր է պետք շարժվել: Նախկինում մենք եղել ենք ԽՍՀՄ-ի` մեծ ու ամբողջ աշխարհին հայտնի պետության մի մասը եւ ավելի շատ պատճառներ ենք ունեցել հպարտության համար, քան հիմա, որովհետեւ այդ երկրի կազմում բազմաթիվ ցուցանիշներով եղել ենք լավագույնների թվում: Սակայն արդեն 20 տարի մենք գոյություն ունենք այլ իրականության շրջանակներում:
Մենք մեզ համարում ենք եվրոպական ազգ, մեր մասին այդ կարծիքն ունի պատմական խորը արմատներ: Եվրոպական քաղաքակրթության տարրերը օրգանապես միաձուլված են մեր ազգային մենթալիտետին: Մյուս կողմից, մենք հեշտությամբ ընդունում ենք «ասիական» մտածելակերպը, այն մեզ հասկանալի է դարավոր հարեւանության շնորհիվ: Մեր դյուրազգացությունը վերաբերում է ոչ միայն ասիական մտածողությանը: Հայերը հեշտությամբ ադապտացվում են ցանկացած մշակույթի եւ այնտեղ գտնում իրենց տեղը: Դրա ապացույց է մեր սփյուռքը, որը ցանկացած երկրում ընկալվում է տվյալ երկրի մշակույթի ոչ թե օտար, այլ` բաղադրիչ մասը, հարստությունը` չստեղծելով ոչ մի լարվածություն: Ցավոք, այդ լարվածությունը երբեմն ստեղծվում է առանց հայերի մեղավորության եւ հանդիսանում համընդհանուր այլատյացություն կամ քրիստոնյաների նկատմամբ ատելություն:
Եվ վերջինը, ինչը մեզ առանձնացնում, բայց, միաժամանակ, միավորում է այլ ժողովուրդների հետ, մեր քրիստոնեական կրոնն է:
Այժմ մենք գիտենք մեր առանձնահատկություններն ու տարբերությունները եւ, ելնելով դրանցից, կարող ենք ձեւակերպել մեր նպատակները:
Նպատակ առաջին. գոյություն: Նույնիսկ որոշ մեծ ու հարուստ ազգեր կանգնած են այդ խնդրի առջեւ: Առավել եւս, փոքր եւ ոչ հարուստ երկրում ապրող, աշխարհասփյուռ, փոքրաթիվ ազգը ստիպված է իր առջեւ այդպիսի նպատակ դնել: Սակայն մենք չենք կարող սահմանափակվել միայն դրանով, քանի որ մեր առանձնահատկությունների վերլուծությունը խոսում է այն մասին, որ մենք իրավունք ունենք հավակնել ավելիին: Միաժամանակ, մեր առջեւ դնելով միայն այդ նպատակը` դժվար կլինի հասնել դրան: Ազգը, որը ձգտում է միայն գոյատեւել, դատապարտված է ոչնչացման:
Նպատակ երկրորդ. ստեղծագործել: Քիչ առաջ ես նշեցի, որ չի կարելի նպատակները փոխարինել միջոցներով: Եվ ահա, կարծես, ես հակասում եմ ինքս ինձ` ակնհայտորեն խոսելով միջոցի մասին: Սակայն, ի տարբերություն այլ միջոցների, ստեղծագործությունն ունի ուրույն արժեք, եւ այդ արժեքը ժամանակակից աշխարհում վճռորոշ է:
Գլոբալիզացիայի արդյունքում ազգերն ավելի ուժգին են տարանջատվում երկու տեսակի. ստեղծողներ եւ սպառողներ, ընդ որում, երկրորդները ենթարկվում են առաջիններին եւ նրանց համար հանդիսանում էժան աշխատուժ եւ շուկա: Այսպիսով, ստեղծագործելու իրավունքը հեշտությամբ չի տրվում: Դրա համար պետք է պայքարել, եւ այն ազգերը, որոնք նվաճում են այդ իրավունքը, դառնում են համաշխարհային առաջնորդներ: Եթե չդառնանք ստեղծագործող ազգ, ապա մենք դատապարտված ենք: Մենք կկլանվենք այլ ազգերի, նրանց մշակույթի կողմից, մեզանից լավագույնները չեն գտնի այլ ուղի, քան հրաժարվել իրենց ազգային ինքնությունից եւ, միաձուլվելով այլ ազգերի, հասնել հաջողության: Իրադարձությունների այդպիսի զարգացման հետեւանքները մեր ազգի համար լիովին կանխատեսելի են. 100 տարի հետո մեր մասին կհիշեն միայն գիտնականները:
Հաջորդ կարեւոր նպատակը. բարգավաճում: Խոսքը ոչ միայն տնտեսական բարօրության մասին է: Ոչ մի ծնող իր դեռահաս ու անփորձ երեխային խոշոր գումար չի տա` հասկանալով, թե դա ինչ վտանգավոր է: Հարուստ ազգ լինելը հեշտ չէ. եթե մենք չունենանք սոցիալական ենթակառուցվածքի զարգացվածության բավարար մակարդակ, հարստությունն ինքնին չի կարող հանգեցնել հաջողության: Լավագույն դեպքում մենք կունենանք շատ հարուստ վերնախավ եւ աղքատ ժողովուրդ: Իսկ մեր դեպքում, քանի որ չունենք ոչ ոսկի, ոչ ալմաստ, որ նավթ, հարստությունը կարող է լինել միայն ու միայն հասարակության զարգացման հետեւանք:
Եվ վերջին նպատակը. ունենալ սեփական արժեքը: Մեր ժողովրդի գոյությունը պետք է լինի իմաստավորված, եւ ոչ միայն մեզ, այլ նաեւ` մյուս ազգերի համար: Պարտադիր չէ, որ մեզ բոլորը սիրեն, սակայն կարեւոր է, որպեսզի մեզ հարգեն ու ընկալեն որպես ինքնուրույն արժեք ունեցող նշանակալի երեւույթ:
Հիշո՞ւմ եք, սկզբում ես ասացի, որ մարդու եւ ազգի միջեւ զուգահեռը ավելին է, քան պարզ նմանությունը: Բանն այն է, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար իր ժողովրդի գոյության իմաստը իմաստավորում է այդ ազգին իր պատկանելիությունը: Իսկ դա կարեւոր է ազգի պահպանման համար, եւ ահա թե ինչու. քանի որ մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք, չկա հստակ սահման մեր եւ այլ ազգերի միջեւ: Մեր ազգային սահմանը շատ հաճախ անցնում է այն տների շեմերով, որտեղ ապրում են հայ ընտանիքները: Որպեսզի այդ սահմանն ամուր լինի, յուրաքանչյուր հայ ընտանիքում, ամեն հայի մոտ պետք է լինի հստակ գիտակցում, որ սեփական ազգի ներկայացուցիչը լինելն առաքելություն է: Անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը, որտեղ էլ նա գտնվի, ձգտի իրեն ու իր երեխաներին հայ պահել, քանի որ հենց դա է գոյությանը իմաստ հաղորդում: Եվ ընդհակառակը. եթե հայերը իրենցից առանձնահատուկ ոչինչ չեն ներկայացնում, ապա կարելի է դառնալ ֆրանսիացի, անգլիացի, կամ պարզապես «աշխարհաքաղաքացի»` առանց ազգության եւ կրոնի: Այդ դեպքում հայերը հետզհետե կառնմանվեն այլ ազգերին, եւ մենք շատ արագ կկորցնենք մեր ազգի մեծ մասին: Այն, ինչը չհաջողվեց մեզ հետ անել պարսիկներին, արաբներին ու թուրքերին, կպատահի ինքնաբերաբար, եւ դա կլինի շատ արագ` 2-3 սերնդի ընթացքում:
Հաջորդ սյունակում ես կշարադրեմ իմ տեսլականն այն մասին, թե մենք ինչպես կարող ենք հասնել այդ նպատակներին:
Արամ Փախչանյանը Lingvo եւ FineReader հանրահայտ ծրագրերը ստեղծած ABBYY ընկերության փոխնախագահն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: