Աննա Լեմբթոն. մի հեղաշրջման մասին - Mediamax.am

Աննա Լեմբթոն. մի հեղաշրջման մասին
10548 դիտում

Աննա Լեմբթոն. մի հեղաշրջման մասին


Այս տարի կլրանար բրիտանացի հայտնի գիտնական, Իրանի եւ իսլամի խոշորագույն մասնագետ Աննա Լեմբթոնի 100-ամյակը։ Լոնդոնի համալսարանի խորհրդանիշերից մեկը դարձած պրոֆեսոր Լեմբթոնը միայն 4 տարի չապրեց մինչեւ իր 100-ամյակը։

Առանց Լեմբթոնի աշխատությունների հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից իրանագիտությունը։ Բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ծագումով արիստոկրատ բրիտանացի գիտնականը խոշոր ներդրում է ունեցել համաշխարհային արեւելագիտության զարգացման գործում։ Սակայն, ինչպես պարզ դարձավ 90-ականներին գաղտնազերծված փաստաթղթերից եւ մի շարք աշխատություններից, Աննա Լեմբթոնը ոչ միայն պատմաբան էր, այլ նաեւ պատմություն կերտող, ում անմիջական մասնակցությամբ 1953-ին իրականացվեց Իրանի պատմության ամենացավալի եւ Արեւմուտքի կողմից կազմակերպված ամենաանպատվաբեր հեղաշրջումներից մեկը՝ դոկտոր Մոհամեդ Մոսադիկի ժողովրդավարական կառավարության տապալումը։

1951-ին ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրությունների ճանապարհով իշխանության եկած Մ.Մոսադիկը նույն թվականին կայացրեց իր եւ Իրանի ժամանակակից պատմության ամենակարեւոր որոշումներից մեկը՝ ազգայնացնել Իրանի նավթային հանքերն ու արդյունաբերությունը։ Մինչ այդ դրանք 1919 թվականի կոնցեսիոն պայմանագրով անցել էին «Անգլո-պարսկական նավթային ընկերությանը», որն այսօր հայտնի է որպես «British Petroleum»։ 1919-ի պայմանագիրը գաղութատիրական դարաշրջանին բնորոշ փաստաթղթերից էր, որն Իրանի ռեսուրսների փաստացի սեփականությունը հանձնել էր անգլիացիներին։ Վերջիններս, ստանալով հսկայական շահույթ, իրանական կառավարությանն էին մուծում չնչին գումար։ 1921-ին, օրինակ, «Անգլո-պարսկական նավթային ընկերության» տարեկան շահույթը գերազանցեց Իրանի պետական բյուջեն 12%-ով:

Չնայած 1951-ին Բրիտանական կայսրությունը քայքայման ակտիվ շրջանում էր գտնվում, Մ.Մոսադիկի որոշումն, այնուամենայնիվ, առաջացրեց Լոնդոնի զայրույթը։ Բրիտանական կառավարությունում կային ուժեր, որոնք գիտակցում էին իրանական կառավարության որոշման անդառնալիությունը եւ կողմ էին Իրանի իշխանությունների հետ համաձայնության ու փոխզիջման գալուն։ Սակայն այլ կարծիքի էր Լոնդոնի համալսարանի դասախոս, 1939-1945թթ. Թեհրանում բրիտանական դեսպանատան մամլո կցորդ Աննա Լեմբթոնը, որը բրիտանական արտաքին գործերի գերատեսչության ղեկավար, ապագա վարչապետ եւ իր մտերիմ Էնթոնի Իդենի կողմից ներգրավվեց Բրիտանիայի՝ «իրանական քաղաքականության» մշակմանը։

Աննա Լեմբթոնը՝ բրիտանացի արիստոկրատն ու արդեն իսկ ճանաչված գիտնականը, ով, ըստ իր իսկ խոսքերի, մանկությունից սիրահարված էր Իրանին եւ իրանական մշակույթին, սեփական դիրքորոշումն ուներ Մ.Մոսադիկի կառավարության հետ հարաբերությունների հարցի վերաբերյալ։ Նա պնդում էր, որ ոչ մի բանակցություն Իրանի հետ հարկավոր չէ, հարկավոր չէ նաեւ փոխզիջում։ Լոնդոնի համար ամենալավ քաղաքականությունը, ըստ Լեմբթոնի, Մ.Մոսադիկի կառավարության տապալումն էր եւ դրա փոխարեն կառավարելի իշխանությունների ձեւավորումը։ Աննա Լեմբթոնը, որն իրեն համարում էր իրանական պատմությունը «բոլորից լավ զգացող» գիտնական, գտնում էր, որ Իրանն անկախ պետություն լինել չի կարող, քանի որ իրանցիները հետամնաց են եւ «ոչ խելացի», իսկ նավթային ռեսուրսներն ի սկզբանե հայտնաբերվել են բրիտանացիների կողմից եւ պետք է պատկանեն բրիտանացիներին։ Աննա Լեմբթոնի մոտեցումը զուրկ չէր ֆաշիստական երանգներից, սակայն այն բրիտանացիների եւ ամերիկացիների կողմից հիմք ընդունվեց 1953-ին Մոսադիկի տապալման կազմակերպման համար։

Հեղաշրջման կազմակերպման հիմքում ընկած էր Լեմբթոնի տեսակետը, որ իրանական հասարակությանը պետք է «անհանգստացնել ներսից»՝ տարածելով կոնսպիրոլոգիական տեսություններ Մ.Մոսադիկի կառավարության մասին։ Կոնսպիրոլոգիական մտքերը պետք է ապակենտրոնացնեին իրանցիների հասարակական կարծիքը եւ պարարտ հող ստեղծեին հեղաշրջման համար։ 1951-53թթ. Իրանում բրիտանացիների եւ նրանց վրա աշխատող անձանց կողմից տարածված ամենահայտնի «տեղեկություններն» էին. Մ.Մոսադիկը քրիստոնեություն է ընդունել, Մ.Մոսադիկը մասոն է, Մ.Մոսադիկը կապված է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ, Մ.Մոսադիկը սովետական լրտես է, Մ.Մոադիկը անաստված է եւ այլն։ Արդյունքում՝ 1953-ին գեներալ Ֆեզլոլա Զահեդիի կողմից կազմակերպված ռազմական հեղաշրջումը, որի հետեւանքով տապալվեց Մոսադիկի կառավարությունը, ոչ լայնածավալ հասարակական բողոք, ոչ էլ կազմակերպված հակազդեցություն չառաջացրեց. հասարակության մի մասը չէր ուզում պաշտպանել մասոնին, երկրորդ մասը՝ խորհրդային լրտեսին, երրորդը՝ Իսրայելի բարեկամին եւ այլն։ Հարկ չկա նշելու, որ Մոսադիկը չէր հանդիսանում ոչ առաջինը, ոչ երկրորդը եւ ոչ էլ երրորդը։

Աննա Լեմբթոնը 1953-ի հեղաշրջումից հետո ստացավ պատվաբեր նշանակում՝ ղեկավարեց Լոնդոնի համալսարանի իրանագիտության ամբիոնը, որտեղ աշխատեց 55 տարի։

Սակայն պատմությունն ունի իր սեփական փիլիսոփայությունը. Աննա Լեմբթոնը համարում էր, որ Մ.Մոսադիկի տապալումից հետո Բրիտանիան կվերադառնա Իրան եւ հետ կստանա նախկինում իրեն պատկանած նավթային հանքերը։ Ա.Լեմբթոնը համարում էր, որ այս հեռանկարն այլընտրանք չունի, քանի որ Բրիտանիայի հիմնական մրցակից Միացյալ Նահանգները Իրանի մասին «բավարար գիտելիքներ չունի, չի զգում եւ չի ճանաչում երկիրը», որպեսզի կարողանա գրագետ քաղաքականության միջոցով իրեն հասանելի դարձնել իրանական ռեսուրսները։ Պատմությունը ցույց տվեց հակառակը. 1953-ին իշխանությունը ստացած շահ Մոհամադ Ռեզա Փեհլեւին ոչ միայն բրիտանացիների հետ չվերակնքեց 1919-ի պայմանագիրը, այլեւ նավթային ոլորտում հիմնական գործընկեր ընտրեց ամերիկյան ընկերություններին։ Հավանաբար, շահը վախենում էր կապեր վերահաստատել մի պետության հետ, որն այդ աստիճան թերահավատ էր Իրանի անկախության նկատմամբ եւ ցանկություն ուներ վերահսկել ու կառավարել այն։ Կարելի է կարծել, որ Աննա Լեմբթոնը հասկանում էր, որ իր գիտելիքները թեեւ օգնեցին փոխել իրանական պատմության ընթացքը, սակայն այն չընթացավ այն ուղղությամբ, որն ինքն էր նախատեսել։ Միգուցե հենց սա էր պատճառը, որ բրիտանացի գիտնականը երբեք չէր մեկնաբանում իր մասնակցությունը 1953-ի հեղաշրջման կազմակերպմանը. ռացիոնալիզմով առաջնորդվող բրիտանացի արիստոկրատին դժվար էր ընդունել եթե ոչ սեփական «մեղքի բաժինը», ապա գոնե այն, որ ամեն ինչ այնպես չեղավ, ինչպես ինքն էր նախատեսում։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին