Քանի որ այս օրերին բոլորը ամփոփում են անցնող տարին, ես էլ որոշեցի 2011-ի իմ վերջին սյունակում հիշել այն կարեւոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Մեդիամաքս-ի կյանքում:
Այս տարի մենք ամրապնդեցինք մեր առաջատար դիրքերը Հայաստանի ինտերնետի շուկայում, ինչը փաստում են նաեւ օտարերկյա անկախ փորձագետները: Շատ լավ զարգանում են մեր Auto.am, Banks.am, Itel.am եւ Bravo.am նախագծերը: Գարնանը վերաթողարկեցինք Mediamax.am կայքը, որտեղ հիմա կարդում եք այս սյունակը:
Կարող եմ անկեղծ ասել, որ կայքն իր բովանդակությամբ դեռ բավական հեռու է այն նշաձողից, որը մենք սահմանել ենք: Սակայն վստահ եմ, որ ճիշտ ուղու վրա ենք ու 2012թ. ընթացքում կայքն ավելի հետաքրքիր կդառնա մեր ընթերցողների ու մշտական այցելուների համար: Կարծում եմ, արդեն համոզվել եք, որ մեր գլխավոր նպատակը որակյալ լրատվության մատուցումն է մտածող մարդկանց համար, ու այդ նպատակից մենք չենք շեղվելու ու մեր լսարանը արհեստականորեն չենք ուռճացնելու:
Հասկանալով, որ չի կարելի լիարժեք զարգանալ շուկայում, որը թերզարգացած է եւ գիտելիքների ու առաջավոր փորձի կարիք ունի, այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ միասին իրագործեցինք Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի շնորհիվ առաջին անգամ Հայաստան եկան Wikipedia-ի եւ Facebook-ի ներկայացուցիչները: Հուսով եմ, որ նախագծի ընթացքում տեղի ունեցած 5 վարպետության դասերից մասնակիցները իսկապես օգուտներ քաղեցին:
Այս տարի մեր անմիջական մասնակցությամբ թողարկվեց Deep Purple-ի երգիչ Իէն Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares սուպերխմբի սկավառակը, որի նպատակն է միջոցներ հավաքագրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման համար: Սկավառակում ներկայացված է մեր կողմից պատրաստված Pictures of Home վավերագրական ֆիլմի անգլերեն տարբերակը: Ու չնայած այս տարի մեզ չհաջողվեց սկսել դպրոցի շինարարությունը, ինչպես ծրագրել էին տարեսկզբին, լիահույս ենք, որ հաջորդ տարի` իմ լավ բարեկամ Ջոն Դիի, ռոք-աստղերի ու Մեդիամաքս-ի համատեղ ջանքերի արդյունքում, վերջապես, կդնենք նոր դպրոցի հիմնաքարը:
Եթե խոսենք մեր ընկերության ներքին կյանքի մասին, ապա ամենակարեւոր ձեռքբերումը նոր աշխատակիցներն էին: Այս տարի մենք ունեցանք նոր աշխատակիցների ռեկորդային ներհոսք, որի արդյունքում այսօր ունենք հիանալի թիմ, որը դեռ շատ կզարմացնի ձեզ:
2011-ին եղան եւս երկու իրադարձություններ, որոնք շատ կարեւոր եմ համարում Մեդիամաքս-ի կյանքում: Մեզ հաջողվեց լավ նվերներ պարգեւել երկու մարդկանց: Առաջինը Հասմիկ Մադաթյանն էր, ով հաղթեց Bravo.am կայքի եւ bmi ավիաընկերության կողմից կազմակերպած մրցույթում, ու գարնանը երեք օրով կմեկնի Լոնդոն: Երկրորդը Ռոզա Աբրահամյանն էր, ով հաղթեց «Հայաստանը ես եմ» շարադրությունների մրցույթում ու բոլորովին վերջերս ՀՀ նախագահին ուղեկցեց Իտալիա կատարած այցի ընթացքում: Ռոզան շատ անկեղծ ներկայացրել է իր տպավորությունները, որոնց ես դժվար թե կարողանամ որեւէ բան ավելացնել: Ցանկանում եմ միայն կրկին հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին` Ռոզային այդ հրաշքը պարգեւելու համար:
Այս կայքի «Մեր մասին» բաժնում գրված է. «Մենք չենք փորձում փոխել աշխարհը, բայց վստահ ենք, որ կարող ենք այն մի փոքր ավելի լավը դարձնել»: Վստահ եմ, որ անցնող տարին մենք աշխարհը ավելի լավը դարձրեցինք Հասմիկի ու Ռոզայի համար: Ու սա, թերեւս, այս տարվա մեր գլխավոր ձեռքբերումն է:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: