Ես եղել եմ Նախիջեւանում։
Մինչեւ չորս տարեկան ամառներս Նախիջեւանում են անցել՝ Գողթն գավառի Ողոհի գյուղում։ Մեր բակ տանող, ճռռոցով բացվող դուռը փայտից էր, երկնագույն, ծլեփ տված ներկով։ Առջեւով աղբյուր էր հոսում՝ վրան փոքրիկ կամրջակ։ Ու ես սիրում էի այդ կամրջակին նստել, ջրից քարեր հավաքել, հետո նորից աղբյուրը նետել։ Մերոնց զարմացած հայացքները պիտի տեսնեիք, երբ պատմեցի, թե ինչեր եմ հիշում Նախիջեւանից։
Մեր կանաչ Նիվայով Երեւանից 4-5 ժամում հասնում էինք գյուղ։ Շունչներս պահած՝ սպասում էինք, թե երբ պիտի երեւան գյուղերը պինդ գրկած լեռները, որոնց ճեղքերից հազար ծաղիկ ողողած աղբյուրներ էին հոսում։ Գյուղ էինք հասնում թե չէ, վազում, փաթաթվում էինք տատիկ-պապիկի ոտքերին, հետո ծառից կախված ջրաթասով լվացվում էինք, սեղան նստում, ու պապան ինձ, ուսին դրած, ոլորապտույտ ճանապարհով տանում էր աղբյուրներից ամենասառնորակը՝ նարզանը։
Հողը Նախիջեւանում այնքան բերրի էր, որ սերմն ուր ընկեր, բերք էր տալիս։ Իսկ սերմն ամենուրեք էր ընկնում․ ծառերի ճյուղերը պտուղների ծանրությունից խոնարհվում, հողն էին համբուրում։ Ու մենք չէինք ձգվում վերեւ, որ թութ ու կեռաս քաղեինք. ճյուղերը, մրգի սկուտեղ դարձած, մեզ էին հասնում։ Չիր էլ չէինք սարքում, հավաքում էինք։ Պատկերացրեք՝ օրվա բերքը քաղում էինք ցերեկը, գիշերն արջն էր քոթոթներով իր բաժինը տանում, ու դեռ այնքան միրգ էր մնում, չորանում, որ պարկեր էին լցվում ձմեռվա համար։
Զանգեզուրի ու Վայոց ձորի լեռնաշղթաներն են երիզում Նախիջեւանը։ Ասում են՝ բնակավայրը Նախիջեւան է կոչվում, որովհետեւ Նոյը, նախ, իջեւանել է այնտեղ։ Նախիջեւանում է Ջուղան՝ իր՝ արդեն ավերված խաչքարադաշտերով։ Նախիջեւանում է ծնվել Նժդեհը։ Նախիջեւանի մասին պատմել է Խորենացին․ հայ ժողովրդի վիպասանական երգերին ու առասպելներին անդրադառնալիս գրել է, թե «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»։ Գողթնում՝ Կապուտջուղ լեռան լանջին է եղել քարայրը, որտեղ իր 17 աշակերտների հետ ապրել է ամենամեծ ուսուցիչը՝ Մեսրոպ Մաշտոցը։
Պապիկս ու տատիկս էլ էին ուսուցիչներ․ պապիկս՝ հանրահաշվի ու երկրաչափության, տատիկս՝ հայոց լեզվի ու գրականության։ Պապիկս առանց հոր էր մեծացել․ թուրքերն էին սպանել`դեռ մինչեւ պապիկիս ծնվելը։
Պապիկս ընդամենը մի թուրքի էր թույլ տալիս մեր տուն ոտք դնի։ Ֆախան էր անունը։ Խուլ ու համր էր։ Խղճում էր պապիկս, դպրոցից տուն գալուց հետը բերում, ասում էր՝ մի աման տաք ճաշ տվեք, սոված չմնա։ Իսկ մեր ամենահամով տաք ճաշը քյալագոշն էր, որ պատրաստում էինք արեւի տակ չորացած չորաթանով, սոխով ու մարալոթիով՝ եղնիկի խոտով, որը մեր սարերում էր աճում։ Տատիկս տալիս էր այդ մի աման կերակուրը, բայց մեզ սովորեցնում էր թուրքի հետ առնչվելիս փայտը ձեռքից չգցել։
Մեր ձեռքի փայտը 88-ին գցեցինք, խլեցին, թե կոտրվեց՝ չգիտեմ։ Հայաթափվեց Նախիջեւանը։ Տատիկս ու երեւի թե նախիջեւանցի բոլոր մյուս տատիկները կարծում էին՝ մի քանի օրով են հեռանում։ Էլ հետ չգնացին։ Վայոց ձորում հաստատվեցին։ Գյուղն էլ կոչեցին Գողթանիկ։ Պապիկս դարձավ մեր երկրորդ գյուղի՝ Գողթանիկի դպրոցի հանրահաշվի, երկրաչափության ու արդեն նաեւ՝ ֆիզիկայի ու աստղագիտության ուսուցիչը։
Իմ առաջին ու իսկական գյուղը մնաց թշնամու ձեռքն անցած Նախիջեւանում՝ Գողթն գավառում։ Երբ պապիկս արդեն մահվան մահճին էր, ու ես գդալով ջուր էի տալիս նրան, մտածում էի՝ երեւի հիմա մտքերով Նախիջեւանում է, նարզանից ջուր է խմում։
Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: