«Քլինթոնը», շաուրման ու բարեկամ քրդերը... - Mediamax.am

«Քլինթոնը», շաուրման ու բարեկամ քրդերը...
6330 դիտում

«Քլինթոնը», շաուրման ու բարեկամ քրդերը...


1993 թվականի հոկտեմբերին գործուղվել էի Միացյալ Նահանգներ։ Լոս Անջելեսում մասնակցեցի հայկական հեռուստատեսության 35-ամյակին նվիրված միջոցառմանը, այցելեցի հայկական գրեթե բոլոր հեռուստա- եւ ռադիոընկերություններ, վերջին օրը բարերար Ժենյա Ռեզայիի տանը կազմակերպված ընդունելությանը նույնիսկ Իշտոյանին տեսա։

Լոսից ուղևորվեցի ԱՄՆ մայրաքաղաք։  Պետդեպարտամենտում հանդիպեցի մեդիայի հարցերով զբաղվող մի քանի պաշտոնյաների, «Ամերիկայի ձայն»-ի հետ  պայմանագիր կնքեցի (Վաշինգտոն այցելելու գլխավոր նպատակն էր)   ռադիոկայանի հայերեն լեզվով հաղորդումները հայկական ռադիոյով վերահեռարձակելու վերաբերյալ։ Ավելի ճիշտ, պայմանավորվածության համաձայն, հաղորդումները մեկ տարուց ավել ինչ արդեն հեռարձակվում էին, բայց  քանի որ պայմանագիրը կնքված չէր, Հեռուստառադիոպետկոմին չեր փոխանցվում   ծառայության դիմաց կուտակված մոտ 30 000 դոլարը (այն տարիներին ահռելի մեծ գումար էր մեր հիմնարկի համար)։  

Գործուղման վերջին օրը շփվեցի  «Ամերիկայի ձայն»-ի հայկական բաժնի աշխատակիցների հետ, ավարտին խնդրեցի բաժնի ղեկավար Բաբկեն Վարդանյանին չեղարկել վերջին արարողակարգային միջոցառումը։ Անկեղծ ասած,  հոգնել էի բանակցություններից, գործնական ժպիտներից, Հայաստանի վիճակի, պատերազմի,  «ղարաբաղյան խնդրի կարգավորման» մասին անվերջ հարցերին պատասխանելուց։ Միակ ցանկությունս էր մի երկու ժամ զբոսնել Վաշինգտոնի avenue-ներով։

Հյուրանոցից վերցրած քաղաքի փոքրիկ քարտեզը հասցրեց ինձ Սպիտակ Տան  ցանկապատի մոտ։ White House-ը այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ 42-րդ նախագահ Վիլյամ (Բիլ) Ջեֆերսոն Քլինթոնը։ Քլինթոնի  ու Մոնիկա Լեվինսկիի միջեւ սիրավեպը դեռ չեր ցնցել ամերիկյան պուրիտանական հասարակությունը, Բիլի վարկանիշը բավականին բարձր էր։ Նախագահի հանդեպ համակրանքի վկայություններից մեկը Սպիտակ տան ցանկապատի դիմաց հաստ ստվարաթղթից պատրաստած մի քանի «Բիլ Քլինթոններ»-ն էին՛ բոյով-բուսաթով, ժպտերես, կարմրաթուշ, shake hands-ի համար  մեկնած ձեռքով։ Նրանց  կողքին նստած-կանգնած էին լուսանկարիչները ակնթարթային լուսանկարների համար նախատեսված Polaroid ֆոտոխցիկներով (այդպիսիք այսօր, կարծես, արդեն չկան)։ Կարող էիր մոտենալ քո նախընտրած «Քլինթոնին», լայն ժպիտով սեղմել նրա ձեռքը, իսկ լուսանկարիչը կհավերժացներ այդ «պատմական պահը»։ Հետո խցիկի խոռոչից դուրս կգար սեւ քառակուսին, որի վրա դանդաղ կուրվագծվեր պատկերը, ու 2-3 րոպե հետո կստանայիր փոքր չափսերի անորակ մի լուսանկար։  



Հինգ դոլարը ափսոս չեր «ԱՄՆ նախագահի» կողքին հավերժանալու համար։ Մոտեցա, իմ կարծիքով, ամենահմայիչ ու «իրական» Բիլին, բարեւեցի ծալովի աթոռին նստած թուխ մաշկով տղամարդուն ու խնդրեցի «պատկեր մը քաշել»։  Լուսանկարիչը անթաքույց ուրախացավ նոր այցելուին, ոտքի կանգնեց, պատրաստեց ֆոտոխցիկը, սեղմեց կոճակը… Polaroid-ի  խոռոչից խշշոցով դուրս եկավ սեւ քառակուսին։ Պետք էր մի քիչ սպասել։ Լռությունը «կոտրելով», տղամարդն ինձ հարցրեց, թե որտեղից եմ։ Լսելով, որ Հայաստանից եմ, աշխուժացավ, մեկնեց սիգարետի տուփը՝ արի ծխենք։ «Լավ է, որ հայ էս, մենք հարեւան ժողովուրդներ ենք, եղբայրներ ենք»։ Շփոթվեցի. պատերազմի ամենաթեժ ամիսներն էին, հարեւանների մեջ, կարծես, եղբայրներ չունեինք։ Նորից ուշադիր նայեցի թուխ մաշկով  կարճահասակ տղամարդուն՝ չէ, վրացուն նման չէր։ «Իրանից ես», - ասացի վստահ ձայնով։ Նրա գլխի կտրուկ շարժումից հասկացա, որ սխալվել եմ։ Մտքումս սկսեցի թվարկել Կովկասում ապրող ժողովրդների անունները…։ Կանխելով երկրորդ անգամ սխալվելու իմ պատրաստակամությունը՝ տղամարդն ասաց, որ քուրդ է։ «Հա, էլի, ես էի ուզում ասել, շատ ուրախ եմ»։

…Քլինթոնն ու ես արդեն պարզ երեւում էինք փոքրիկ քառակուսու վրա, բայց  լուսանկարիչը չեր շտապում ինձ հրաժեշտ տալ․ «Նախանձում եմ ձեզ՛ հայերին, համախմբված եք, օգնում եք իրար, կռիվ եք տալիս ձեր երկրի համար…»։  Մի քանի նախադասությամբ փորձեցի մխիթարել զրուցակցիս, ասացի, որ պետք չէ հուսահատվել, հարկավոր է լցվել կամքով ու համբերատար առաջ գնալ։

Քուրդ բարեկամը  (անունն արդեն չեմ հիշում) լուսանկարը  դրեց ծրարի մեջ, մեկնեց ինձ։ Ես էլ գրպանից հանեցի հինգ դոլարանոց թուղթը։ Նա մարմնով հետ քաշվեց․ «No, no, free for you, brother»: Հասկացա, որ գումար չի վերցնի, պինդ սեղմեցի նրա ձեռքը ու մի քիչ հուզված քայլեցի դեպի հյուրանոց…

***

2022 թվականի մայիսին մեկնել էի Անտվերպեն (Բելգիա)՝ մասնակցելու Եվրոպայի մեդիակարգավորող ազգային մարմինների գարնանային նստաշրջանին։ Ժամանելու օրը երեկոյան նախատեսված էր ավանդական ընդունելությունը, որին գնալու ցանկություն չունեի։ Մեր Հանձնաժողովի միջազգային կապերի պատասխանատու Ալլային խնդրեցի մասնակցել այդ «coctail party»-ին եւ հաջորդ  երկու օրվա համար պայմանավորվել մի քանի պատվիրակությունների ղեկավարների հետ  հանդիպումների վերաբերյալ։

Ուշ երեկոյան վերջացրեցի աշխատել ինչ-որ տեքստի վրա ու հյուրանոցից դուրս եկա  զբոսնելու, հետն էլ մի երկու շիշ ջուր ու համակարգչային անլար «մկնիկի» մարտկոց գնելու։ Բազմաթիվ  ռեստորանների մուտքերի առջեւ փակցված ճաշացանկերը  հիշեցրեցին, որ քաղցած եմ (առավոտն էի միայն նախաճաշել), որոշեցի ուտելիք վերցնել ու վերադառնալ հյուրանոց: Կանգ առա արագ սննդի մի «օբյեկտի» դռան մոտ․ ներսից տապակած մսի ու համեմունքների գլխապտույտ առաջացնող համով  հոտ էր գալիս։ Մաքուր, լուսավոր «շաուրմայանոց» էր՝ բուրգերների, սենդվիչների, շաուրմաների մեծ տեսականիով։  



Պատվիրեցի «hawaiian shoarma» (7.50 եվրո), խնամված մորուքով ոչ եւրոպական արտաքինի երիտասարդը պիտայի մեջ արագ հավաքեց անհրաժեշտ բաղադրիչները, դրեց տաքացնելու։ Հարցրեց (եվրոպացիները, սովորաբար, այդ հարցը չեն տալիս), թե որտեղից եմ։ Լսելով, որ Հայաստանից եմ, աշխույժ արձագանքեց․«Հայերին լավ եմ ճանաչում, մենք  հարեւան ենք», -  ու սպասողական ժպիտով ուշադիր նայեց  աչքերիս՝ «Դե կռահիր՝ որտեղից եմ»։

Կայծակնային արագությամբ մտքովս անցան Վաշինգտոնն ու «Քլինթոնը», քուրդ լուսանկարիչն ու free լուսանկարը, ու այդ պատկերներն արթնացրեցին «ներքին ձայնս»․«Չէ, քուրդ չի լինի…  պատմությունը չի կրկնվում… շաուրման թուրքերի  ու արաբներ ուտելիքն ա…  «դարավոր ոսոխը» սենց չեր ժպտա… ավելի ճիշտ կլինի երկիրն ասեմ, ոչ թե ազգությունը… Սիրիայում պատերազմ ա, փախստականները շատ են Եվրոպայում… ահա, կարծես, գտա, կարող ես պատասխանել…»։  «Սիրիայի՞ց  ես», - պատասխանս հարցի պես հնչեց։ «No, closer to you», - երիտասարդը  շարունակում էր «խաղը»...:

«Ներքին ձայնս» ստիպված էր շարունակել․ «Բայց թուրք էլ կարա լինի` չի ասել, որ եղբայր ենք... հիմա խաղաղության դարաշրջան ենք մտել, լսած կլինի այդ մասին, հարյուրամյակներով հարեւան ենք...»։  «Ուրեմն, Թուրքիայից  ես», - ընդհատեցի «ներքին ձայնիս» մենախոսությունը։ Երիտասարդի դեմքով դժգոհության ալիք անցավ...։

Եւս մեկ անգամ համոզվեցի,  որ պատմությունը, այնուամենայնիվ, կրկնվում է ու  արագ շտկեցի ինքս ինձ. «Նկատի ունեմ, որ քուրդ ես, ու հարեւան Թուրքիայից ես»։ «Հա, քուրդ եմ, բայց Իրաքից, արդեն երեք տարի այստեղ եմ ապրում»։

Քուրդ բարեկամս հանեց շաուրման վառարանից, փաթեթավորեց, վերցրեց իրեն մեկնած 10 եվրոյանոց թուղթը եւ վերադարձրեց դրամարկղից հանած 5 եվրոն. «Հայ էս, քեզ հինգով»։ Շփոթված, առանց առարկելու վերցրեցի փողը, հաջողություն մաղթեցի տղային։ Եվ, ինչպես 29 տարի առաջ, մի քիչ հուզված քայլեցի հյուրանոցի ուղղությամբ։

Տիգրան Հակոբյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին