Ռադիոտան գրավումն ինձ համար անընդունելի արարք էր - Mediamax.am

Ռադիոտան գրավումն ինձ համար անընդունելի արարք էր
2473 դիտում

Ռադիոտան գրավումն ինձ համար անընդունելի արարք էր


«Հանրային ռադիոյի շենք բռնի կերպով ներխուժելը, պահանջներ ներկայացնելը համարում եմ անընդունելի, դատապարտելի արարք:»  Սա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբի կողմից Ռադիոտանը իրականացված ակցիայի մասին իմ  հրապարակային  գնահատականն էր, որը տարբեր, նաեւ խիստ բացասական արձագանքների արժանացավ: Ուստի, փորձեմ հիմնավորել տեսակետս: 

 

Սկսեմ 1988-90 թթ.  համազգային ընդվզման ժամանակահատվածից, քանի որ այսօրվա քաղաքացիական անհնազանդության մասնակիցները հաճախ են զուգահեռներ անցկացնում այն տարիներին ծավալված  Շարժման եւ իրենց գործունեության միջեւ: Երիտասարդ ակտիվիստներին հիշեցնեմ, որ 30 տարի առաջ ազգային ազատագրական պայքարը լիակատար տեղեկատվական շրջափակման մեջ էր: Այն ժամանակ անկախ լրատվամիջոցներ չկային, էլ չեմ խոսում լայնաշերտ ինտերնետի եւ  սոցիալական ցանցերի մասին: Գրաքննությունից դուրս չկար ազատ խոսքի ոչ մի հարթակ, բացի ընդհատակյա մի քանի հարյուր (լավագույն դեպքում) տպաքանակ ունեցող «սամիզդատ» թերթոններից: Քաղաքացիների «ուղեղների լվացմամբ» զբաղվում  էին Կոմկուսի եւ Գլավլիտի կողմից խստագույնս վերահսկվող պետական հեռուստառադիոընկերությունը, հսկայական  տպաքանակներով լույս տեսնող թերթերն ու ամսագրերը (օրինակ, 1988թ. Կոմկուսի օրգան «Սովետական Հայաստանը» լույս էր տեսնում 350 000 տպաքանակով): Եվ այդ հզորագույն պրոպագանդիստական մեքենան օր ու գիշեր եւ շատ կազմակերպված աշխատում էր Շարժման  դեմ, արժեքազրկում էր անկախության գաղափարը, լռության էր մատնում կամ խեղաթյուրում էր Արցախում ընթացող գործընթացները: 

 

Այն տարիներին հանրահավաքներին, գործադուլներին մասնակցում էին հարյուր հազարավոր քաղաքացիներ, դա ահռելի ուժ էր, որի  առջեւ ինչ-որ պահից սկսած հնարավոր չեր փակ պահել պետական հաստատությունների ոչ մի դուռ: Բայց որեւէ  խմբագրություն ամբոխով մտնելու, հոդված կամ ուղիղ եթեր պարտադրելու դեպք չեր գրանցվել: Այո, մամուլից շատ էին, մեղմ ասած, դժգոհում (ամենատարածված պաստառներից էր «Ամոթ մամուլին» կարտոնից պատրաստված պլակատը), բաց նամակներ էին տանում խմբագրություններ, բողոքի ցույցեր էին կազմակերպվում Մամուլի շենքի կամ Ռադիոտան դիմաց, լինում էր, հայհոյում, հրմշտում էին ատելի լրատվամիջոցների թղթակիցներին, բայց, կրկնում եմ, ուժ կիրառելով խմբագրության տարածք չեին մտնում: Կարող եմ ենթադրել, որ այդպիսի առաջարկներ լինում էին որոշ «տաք գլուխների» կողմից, սակայն դրանք մերժվում էին ոչ միայն Շարժման ղեկավարների, այլեւ տարբեր ակցիաներ կազմակերպող ակտիվիստների կողմից:  

 

Այդպես էլ շարունակվեց: Ընդդիմության կողմից լրատվամիջոցների   խմբագրություններ գրավելու «տաբուն» պահպանվեց մինչեւ մեր օրերը: Անկախ նրանից, թե ովքեր էին ղեկավարում ժողովրդական ընդվզումները 1996-ին, 2003-ին, 2004-ին, 2007-ին, 2008-ին, 2013-ին: Ձախ էին, թե աջ, ամբոխավար, թե ազատական, լավն էին, թե վատը. բողոքների, նույնիսկ անկարգությունների բոլոր ղեկավարները խուսափում էին անմիջական ճնշում գործադրել խմբագրությունների դռներից ներս: Ճիշտ է, լինում էին ցավալի դեպքեր, երբ իշխանամետ լրագրողների հանդեպ  ֆիզիկական բռնություն էր կիրառվում փողոցներում, բայց դա կազմակերպված բնույթ չեր կրում եւ հաստատ ընդդիմության լիդերների հրահանգով չեր կատարվում:  

 

Նույն 2008թ. փետրվարին  իշխանամետ լրատվամիջոցների ամոթալի պահվածքի պայմաններում, տասնյակի չափ կուսակցություններ միավորած ընդդիմությունը, ունենալով հսկայական մարդկային ռեսուրս եւ ժողովրդի լայն շերտերի անվերապահ վստահությունը,  նույնիսկ փորձ չարեց այդպիսի քայլերի դիմել: Բազմահազարանոց ամբոխներով կարող էր պաշարել բոլոր հեռուստատեսություններն ու թերթի խմբագրությունները, բայց  չարեց դա, իսկ տեղեկատվական շրջափակումն ու սուտը ճեղքեց, ստեղծելով ալտերնատիվ հզոր տեղեկատվական հոսքեր: 

 

Այսպիսով, այդ «տաբու»-ն պահպանվեց տասնյակ տարիներ: Եվ ոչ այն պատճառով, որ ժողովրդի ակտիվ հատվածը եւ հաճախ փոփոխվող ընդդիմության լիդերների արժեքային համակարգում խոսքի ազատությունն առաջին տեղն էր զբաղեցնում: Նրանք պարզապես գիտակցում էին, որ պետությունը, ունենալով եւ օգտագործելով բռնության համար անհրաժեշտ միջոցները, դժվարությամբ է գտնում ընդդիմության ոչ բռնի գործողությունների ադեկվատ պատասխանը: Դրանով է պայմանավորված, որ լրագրողների դեմ բռնությունն իրականացնում էին հենց  իշխանությունները՝ ծեծի էին ենթարկում լրագրողներին, քրեական գործեր հարուցում, լրատվամիջոցներ փակում, ոչնչաացնում խմբագրությունների գույքը: 

 

Եվ պատահական չէ, որ  այդ «տաբու»-ն խախտել են միայն այն անձիք եւ խմբավորումները, որոնք բռնությունը համարել են իշխանափոխության հասնելու ընդունելի միջոց: Օրինակները շատ են: 90-ականների սկզբին նորանկախ երկրում ձեւավորվող պաշտպանության համակարգին չենթարկվող որոշ դաշտային հրամանատարներ (անունները չեմ տալիս, քանի որ ողջ չեն) ներխուժում էին  Ռադիոտուն, պաշտոնաթերթերի խմբագրություններ, պահանջում էին եթեր տրամադրել կամ համապատասխան բովանդակությամբ հոդված տպագրել: Լսած պատմություններ չեն. այդ տարիներին ես նույնպես, որպես թերթի խմբագիր եւ հեռուստառադիոյի ղեկավար, ունեցել եմ այդպիսի այցելուներ: 

 

Եվ ահա շաբաթ օրը վերը հիշատակված  «տաբուն» խախտեցին Ռադիոտուն ներխուժած ԱԺ պատգամավորն ու իր կողմնակիցները: Ուստի այդ արարքը  անընդունելի եւ դատապարտելի եմ համարում մի շարք պատճառներով.

1. Այն ոտնահարում է մամուլի ազատության, տեղեկատվության ազատ տարածման իրավունքի սկզբունքները: Այդ սկզբունքները գործում են բոլոր լրատվամիջոցների համար, անկախ սեփականության ձեւից, ֆինանսական աղբյուրներից,  խմբագրական քաղաքականությունից, լրատվամիջոցի աշխատանքի մեր գնահատականներից:  

 

2. Ռադիոտուն ներխուժողների համար, կարծում եմ,  հայտնություն կլինի այն հանգամանքը, որ Հանրային ռադիոն ընթացող «տեղեկատվական հակամարտություններում» լուրջ դերակատարություն ունի: Բացի հայերենից,  այստեղ հաղորդումներ են պատրաստվում եւ հեռարձակվում  8 լեզուներով, որոնց թվում են պարսկերենը, թուրքերենը, ադրբեջաներենը, քրդերենը: Համապատասխան բովանդակությամբ այդ լեզուներով հաղորդումները հասանելի են հարեւան երկրներում: Ռադիոյի գործունեության այս բաղադրիչը շատ կարեւոր է մեր երկրի համար: Կհամարձակվեմ պնդել, որ շատ ավելի կարեւոր, քան ներքին լսարանի համար պատրաստվող հաղորդումները: Սխալ է օգտագործել այդպիսի հաստատությունները քաղաքական պայքարում: 

 

3. Հանրային ռադիոն (հաշվի առնելով նաեւ 2-րդ կետում նշված գործառույթները) հատուկ պահպանվող օբյեկտ է: Ռադիոյի անխափան գործունեության համար  պատասխանատու եւ այստեղ հերթապահություն իրականացնող եւ զենք կրող ոստիկանները գործում են ըստ համապատասխան կանոնադրության: Նրանց սադրելը նշանակում էր վտանգի ենթարկել ներկաների կյանքն ու առողջությունը:  

 

4. Հանրային ռադիոն (համենայն դեպս, այն օրերից, երբ աշխատանքային պարտականությունների բերումով հետեւում եմ այդ լրատվամիջոցի աշխատանքներին), իր լրատվական թողարկումներում եւ հեղինակային հաղորդումներում փորձում է ապահովել բազմակարծությունը, համադրում է տարբեր տեսակետներն ու կարծիքները: Ուստի, թիրախը շատ սխալ էր ընտրված:

 

5. «Բաց ձեռքերի» մարտավարությունը, ըստ իս, բացառում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ ցանկացած տեսակի  բռնություն: Եթե նույնիսկ անտեսենք դուռ ջարդելու փաստը, շենք ներխուժողները օգտագործում էին հոգեբանական բռնության հնարքներ: 

 

Ավարտեմ մի կարեւոր դիտարկմամբ: Մեկ լրատվամիջոց չի կարող ապահովել խոսքի բացարձակ ազատությունն ու օբյեկտիվությունը, յուրաքանչյուր  լրատվամիջոց ունի իր խմբագրական քաղաքականությունը, արտահայտում է այս կամ այն քաղաքական ուժի, ֆինանսատնտեսական խմբավորումների, լրատվամիջոցների սեփականատերերի տեսակետներն ու շահերը: Մի լրատվամիջոցը ազատական գաղափարների կրող է, մյուսը՝ համայնավարական, երրորդը՝  իշխանական, կամ ընդդիմադիր, չորրորդը պարզապես «դեղին» մամուլ է եւ այդպես շարունակ: Խոսքի ազատությունը, բազմակարծությունը որոշ չափով երաշխավորված է լինում այդ տարբեր ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ներով, համացանցային մեդիայով, սոցիալական ցանցերով:

 

Այս պարագայում, երբ քաղաքացիական անհնազանդության ընթացքը գիշեր եւ ցերեկ լուսաբանվում է on-line ռեժիմով տասնյակ տեղեկատվական հարթակներում, տեղեկատվական շրջափակումից բողոքելը, սահմանափակ լսարան ունեցող ռադիոյի շենքը գրավելը, աշխատակիցներին, առավել եւս նախկին կոլեգաներին  խեղճացնելու փորձերը ընդամենը մանիպուլյատիվ ոչ ազնիվ մեթոդ է: Եվ դա անընդունելի է եւ դատապարտելի: 

 

Տիգրան Հակոբյանը Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին