Ասք «Ազգ-լվացքի մեքենա»-ի մասին - Mediamax.am

Ասք «Ազգ-լվացքի մեքենա»-ի մասին
4513 դիտում

Ասք «Ազգ-լվացքի մեքենա»-ի մասին


«Ազգ-բանակ»-ի գաղափարն այնպես զարմացրեց/զայրացրեց/զվարճացրեց  հասարակության ոչ փոքր զանգվածին, կարծես հայտնություն էր նրանց համար մեր աշխարհագրական դիրքն ու արցախյան խնդիրը:

Բայց խոստովանենք, որ «ազգ-բանակ» ռեժիմով հայաստանցիներս սկսեցինք ապրել  առնվազն 100 տարի առաջ: Չի բացառվում, որ Առաջին հանրապետությունը հենց  «ազգ-բանակ»-ի շնորհիվ կայացավ: Քանի որ հենց այդ ռեժիմն էր Սարդարապատի ճակատամարտ ուղարկում տրեխով գյուղացուն ու բոբիկ փախստականին, խաղաղ  քահանային ու տան օջախը թողած կնոջը: Այդ ռեժիմով Նժդեհը Զանգեզուրն էր պահում, Անդրանիկը՝ Բաթումի ստորացուցիչ պայմանագիրը մերժում:

Այդ ռեժիմը 11-րդ բանակը կասեցրեց ու տասնամյակներով հաստատեց «ազգ-կայսրություն»-ը, որը, առաջին հայացքից, ուժերի լարում չէր պահանջում, կանանց ռազմաճակատ չէր քշում, սահմաններն էլ պինդ էր պահում «դարավոր ոսոխի» ոտնձգություններից: Միայն առաջին հայացքից: Որովհետեւ «ազգ-կայսրություն»-ը  հարյուր հազարավոր հայորդիների խժռեց կոլեկտիվացման, հետո՝ «ազգի թշնամիների» որսի, այնուհետ՝ պատերազմի տարիներին:

Անկախության շարժումը նորից ավտոմատ կերպով միացրեց «ազգ-բանակ» ռեժիմը՝ անկախ մեր կամքից ու ցանկություններից: Միացրեց ու «Կոլցո» պատժիչ գործողությունների օրերին գետաշենցիներին պաշտպանելու ուղարկեց «Դեդի», «Հրաչի», Թաթուլ Կրպեյանի ջոկատները: Վազգեն Սարգսյանի շուրթերով մահապարտ ջոկատ ստեղծելու կոչով դիմեց տղերքին: Միացրեց ու նորից հաղթանակի բերեց: Ստացվում է, որ այս ռեժիմով ապրում ենք արդեն համարյա 30 տարի: Պարզապես, անվանումը ծնվեց վերջերս՝ ապրիլյան պատերազմից հետո: Երկրի ինքնիշխանությունը, ժողովրդի անվտանգությունն ու  ֆիզիկական գոյությունը միգուցե հնարավոր է պաշտպանել առանց այդ ռեժիմի, բայց ոչ դրա փորձն ունենք, ոչ էլ՝ պատմական նախադեպը:

«Ազգ-բանակ» ռեժիմը հաստատ վատն է: Այն հազարավոր զոհերով սնվեց, տասնյակ հազարներին էլ երկրից դուրս քշեց, մեզանից հսկայական ռեսուրսներ պահանջեց,  պահանջում է ու պահանջելու է: Հետն էլ ներքին ցնցումներից, բռնություններից մեզ  չպաշտպանեց, արդարություն չհաստատեց,  իսկ գողը շարունակեց գողանալ՝ ազգից էլ, բանակից էլ:

Ու սիրենք, թե չսիրենք, ստիպված ենք ապրել այդ ռեժիմով,  որովհետեւ «ազգ-բանակ»-ի այլընտրանք, անշուշտ, գոյություն ունի, բայց մեզ հասանելի չէ:  Այլընտրանքը խաղաղությունն է, որին, կարծես, ձգտում ենք բոլորս, որով ցանկանում ենք այս վատը փոխարինել: Բայց այդ ձգտում-ցանկությունները մե՛կ  բախվում են հարեւան պետության նենգ ապրիլյան հարձակմանը, մե՛կ նրա  ղեկավարի՝ Երեւանը գրավելու սպառնալիքներին: Բախվում են հարեւան պետության ռազմական բյուջեների թվերին, սպառազինությունների քանակին, դիպուկահարի կրակոցին, դպրոցական հայատյաց դասագրքին… Ուրեմն, այս ռեժիմով դեռ ապրելու ենք, եթե ցանկանում ենք անկախ պետություն ունենալ:

Ու եթե այդպես է, ապա տրամաբանությունը հուշում է, որ  զարմանալուց/զայրանալուց/ծաղրելուց բացի՝ կարիք ունենք խորապես գիտակցելու, թե որն է այդ ռեժիմի էությունը եւ ինչպես ենք գործելու դրա պայմաններում:

Սակայն այս նախաբանը զուտ պատրվակ էր մի դեպքի շուրջ ծավալված եւ արդեն սպառված «տեղեկատվական աղմուկի» մասին տեսակետս արտահայտելու համար:  Խոսքը մի քանի զորամաս լվացքի մեքենաներով ապահովելու նախաձեռնության մասին է: Թվում էր՝ շարքային ակցիա է. մի խումբ մարդիկ սոցցանցերի միջոցով դիմեցին համաքաղաքացիներին, գումար հավաքեցին, մի քանի լվացքի մեքենա գնեցին ու տեղափոխեցին զորամասեր: Բայց «փող պոկելու խղճուկ ծրագիրը» (մեջբերում եմ թերթերից մեկի բնութագիրը) նորից զարմացրեց/զայրացրեց/զվարճացրեց հասարակության ոչ փոքր զանգվածին: Այդ զանգվածը մեղադրեց կազմակերպիչներին պոպուլիզմի, իշխանությանը հաճոյանալու մեջ: Մեղադրեց պաշտպանության նախարարությանը անգործության մեջ (եւս մի մեջբերում. «այդ հանգանակություններից ստացվում է, որ պատերազմական վիճակում գտնվող պետության բանակն այնքան սոսկալի վիճակում է, որ մի լվացքի մեքենայի կարողություն չունի»):

Խոսեց հասարակության խոցված արժանապատվության, օլիգարխների չվճարած հարկերի, բյուջեն «լափելու» եւ այլ բոլորիս ծանոթ երեւույթների մասին: Ու բոլ-բոլ «ղժժաց» այդ ակցիայի վրա, որի շնորհիվ այդ ոչ փոքր զանգվածի սրամտության «ազգ-բանակ»-ից ձեւափոխվեց «ազգ-լվացքի մեքենա»-ի ու «ազգ-բոշայության»:

Եւ «ազգ-բանակ» ռեժիմի շրջանակում այս փոքրիկ ակցիայի վրա «ղժժոցը» խոցված արժանապատվությամբ այդ ոչ փոքր զանգվածը ներկայացրեց որպես քաղաքացիական հասարակության սկզբունքային դիրքորոշում: Այնպես, «ինչպես Արեւմուտքում», որտեղ քաղհասարակությունը պահանջում է, քննադատում, հսկողություն սահմանում, ծաղրում, մերժում, դիմադրում:

Բայց իրականում դա «ինչպես Արեւմուտքում» չէ, քանի որ այնտեղ քաղհասարակության քննադատության/ծաղրի/հսկողության թիրախն իշխանությունն է եւ քաղաքական դաշտը, այլ ոչ թե քաղաքացիների տարբեր խմբերի սոցիալական, մշակութային կամ այլ տեսակի նախաձեռնությունները (եթե դրանք չեն սահմանափակում այլ մարդկանց ազատություններն ու իրավունքները): Եվ ասացե՛ք խնդրեմ՝ ո՞ւմ շահերը ոտնահարեց, կամ ինչպե՞ս կարող էր պետության կամ քաղաքացու արժանապատվություն խոցել մի խումբ մարդկանց անձնական միջոցներով գնված եւ զինվորներին մաքրություն պարգեւած լվացքի մեքենաները:

«Ինչպես Արեւմուտքում» չէ, քանի որ այնտեղ քաղհասարակությունը, քննադատելուց/ծաղրելուց/հսկելուց  բացի, իր վրա է վերցնում պետության որոշ գործառույթներ, որոնք պետությունն ի վիճակի չէ կամ չի ցանկանում կատարել: Կամ եթե նույնիսկ ի վիճակի է եւ ցանկանում է: Հարուստ եւ հզոր Իսրայելում տոների նախօրեին կանայք պատիվ են համարում համեղ թխվածքներ պատրաստել եւ զորամասեր ուղարկել, չնայած հրեական պետությունը շատ լավ էլ կերակրում է իր զինվորներին: Ավելի հարուստ եւ հզոր Միացյալ Նահանգներում պարբերաբար բարեգործական ճաշկերույթներ են կազմակերպում ռազմական գործողություններին մասնակցած վետերաններին սայլակներ գնելու համար: Որովհետեւ իրական քաղհասարակությունն ինքնավար է պետության եւ իշխանությունների հետ հարաբերություններում, ինքնակազմակերպվում է այդպիսի ակցիաների շնորհիվ, դրանով արդիականացնում եւ ամրապնդում է սոցիալական հարաբերությունները քաղաքացիների միջեւ, բավարարում է բարի գործեր անելու մարդու պահանջմունքը: 

Եվ դա է պատճառը, որ բռնատիրական ռեժիմները, բնականաբար, բացառում են հասարակության ցանկացած նախաձեռնություն, որը կասկածի տակ կարող է դնել պետության ամենակարողությունը:

Ու եթե ցանկանում եք լինի այնպես, «ինչպես Արեւմուտքում», ապա քաղաքացիական դիրքորոշման ցուցիչ մի՛ համարեք հանրային հարթակներում արտահայտած ձեր   զարմանք/զայրույթ/ծաղրն այն քաղաքացիների նկատմամբ, որոնք «ազգ-բանակ»-ի հոգսերով են ապրում: Պարզապես ձեր ոչ փոքր զանգվածի հավաքած փողերով գնե՛ք  մեկ լվացքի մեքենա մեկ չքավոր բազմազավակ ընտանիքի համար: Հավատացած եմ, որ այդ գործողությունը ոչ մեկի արժանապատվությունը չի խոցի:

Տիգրան Հակոբյանը Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին