Մի քանի թեզ ՀՀ իշխանությունների եւ հանրության համար՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին - Mediamax.am

Մի քանի թեզ ՀՀ իշխանությունների եւ հանրության համար՝ ՀԱՊԿ  գագաթնաժողովի նախօրեին
31302 դիտում

Մի քանի թեզ ՀՀ իշխանությունների եւ հանրության համար՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին


1.ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը ոչ մի դեպքում չի ներգրավվի որպես ռազմական դաշինք ԱՊՀ-ի սահմանների ներսում։ Քիչ թե շատ փորձառու քաղաքական գործիչների համար (որոնց թվին ժամանակակից հայ քաղաքական առաջնորդները չեն պատկանում) այս թեզը միշտ ակնհայտ էր, իսկ այդ մասին բացահայտ խոսեց Կոնստանտին Կոսաչովը. «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը ՀԱՊԿ իրավասության եւ պատասխանատվության հարց չէ»։

2. Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ հանդիսացող Կենտրոնական Ասիայի երկրների ներգրավմամբ «Թուրանի բանակ» ստեղծելու ուղղությամբ Թուրքիայի հայտնի եւ անթաքույց ռազմավարական նպատակները, Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրն է ուժեղացնել եւ ամրապնդել ՀԱՊԿ-ը։ Հայաստանի կողմից չափազանց անհեռատես կլինի դաշինքը ներսից խարխլելը։

3. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների բառապաշարում Ադրբեջանի եւ նրա առաջնորդի նկատմամբ ավելի հաճախ են օգտագործվում ոչ քաղաքական, բայց միանգամայն արեւելյան «եղբայրական երկիր» եւ «եղբայր» եզրույթները։ Ինքը՝ Ալիեւը, երեկ կրակին յուղ լցրեց՝ ասելով, որ «Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը»։ Այստեղ կա հայկական դիվանագիտության բացարձակ թերացումը. հայերը Կենտրոնական Ասիայի երկրների զարգացման ու բարգավաճման գործում անհամեմատ ավելի մեծ իրական ներդրում եւ քաղաքակրթական արմատներ ունեն, քան մեր ընդդիմախոսները։

4. Պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները, բացառությամբ Ռուսաստանի, ոչ միայն 44-օրյա պատերազմում Ադրբեջանի «հաղթանակը» ընկալեցին որպես միանգամայն բնական եւ արդարացի, այլեւ երկրորդ տարին շարունակ պաշտոնապես շնորհավորում են  Ալիեւին այս «մեծ» հաղթանակի կապակցությամբ։ Ռուսաստանը չեզոք է, ինչպես եւ հարիր է միջնորդին։ Ռուսաստանից միակողմանի հայանպաստ դիրքորոշում պահանջելը անհեռատես է եւ անիրատեսական (տե՛ս առաջին թեզը)։

5. Ադրբեջանն ամեն կերպ փորձում է առճակատմանը եւ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդել։ Մենք գիտենք, որ դա այդպես չէ: Բայց ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդները դա չգիտեն։ Ինչո՞ւ մենք դեսպանություններ չունենք Տաջիկստանում եւ Ղրղըզստանում, ինչո՞ւ են պասիվ Բելառուսում եւ Ղազախստանում մեր դեսպանությունները։ Հաջորդիվ մտադիր ենք դեսպանություն բացել Ուրուգվայում, բայց լավ կլիներ դեսպանություն բացել Ու տառով մեկ այլ երկրում՝ Ուզբեկստանում։ Զավեշտալի է, բայց ոչ ծիծաղելի։

6. Ֆրանսիայի Սենատի որոշումը չպետք է խելքահան անի մեր գործիչներին եւ փորձագետներին. այն ունի բարոյական, քաղաքակրթական, բայց ոչ ռազմական նշանակություն կամ իմաստ։ Ավելին, մեր ոչ համարժեք արձագանքի դեպքում այն կարող է նույնիսկ վնասակար լինել. մենք հիմա չենք կարող մտածել «անձրեւանոցը» փոխարինելու մասին: Նախ, ոչ ոք նորը չի խոստացել, իսկ գործող «անձրեւանոցը» ոչ ոք չի չեղարկել:

7. Վաղվա գագաթնաժողովում պետք է ստանանք Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի չարամիտ խախտման փաստի կոնսենսուսային արձանագրում,
միջազգայնորեն ճանաչված պարամետրերում այն վերականգնելու մասին հստակ հայտարարություն։ Վատ չէր լինի նաեւ Ադրբեջանին եղբայրական պետություն համարող պետություններից հավաստիացում ստանալ, որ նրանք զերծ կմնան Հայաստանի Հանրապետության պաշտոնական շահերին ու դիրքորոշմանը հակասող գործողություններից ու հայտարարություններից։

Արմեն Դարբինյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորն է եւ ՀՀ նախկին վարչապետը (1998-1999թթ.):

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին