Օպտիմիստական նոթեր՝ Ամանորյա շնորհավորանքի փոխարեն - Mediamax.am

Օպտիմիստական նոթեր՝ Ամանորյա շնորհավորանքի փոխարեն
5678 դիտում

Օպտիմիստական նոթեր՝ Ամանորյա շնորհավորանքի փոխարեն


Սովորաբար եւ արդեն ավանդաբար յուրաքանչյուր տարվա վերջում տեսաձայնագրություն եմ հղում համալսարանական եւ ավելի լայն հանրությանը՝ գալիք տարվա կապակցությամբ շնորհավորանքով եւ հիմնական ակնկալիքներով։ Այս անգամ դա չստացվեց անել. Արցախի նկատմամբ իրականացված բլոկադայի եւ թվացյալ համատարած անորոշության պայմաններում դժվար էր սփոփանքի խոսքեր գտնել եւ քաջալերել հանրությանը։ Հանրային տիրույթում տեղ գտած հիմնականում խուճապային գնահատականներն ու տրամադրությունները ստիպում են, սակայն սթափ դատողությամբ անդրադառնալ իրավիճակին եւ մի փոքր շտկել հանրության մոտ ամրագրվող վատատեսական մոտեցումները։

Եվ այսպես․

•    Պաշտոնական եւ էքսպերտային խոսույթում իրադարձությունների վերաբերյալ ամրապնդվել է նախացեղասպանական վարկածը. տարբեր հարթակներում մեր պետության ներկայացուցիչները, լրագրողներն ու վերլուծաբանները տագնապ են տարածում՝ ադրբեջանական պետության կողմից Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու վտանգի տեսքով։ Այս տրամադրությունները, ցավոք, արագորեն տարածվում են մեր հանրության շրջանում , ինչը, կարծես, վերարտադրում է «անմեղ զոհի» մեր դարավոր կարգավիճակը։ Պոտենցիալ զոհի, որից որեւէ բան կախված չէ, որը հանձնվել է դաժան իրողությանը։ Ազգային ոգու անկման եւ վերջնական փլուզման առավել «արդյունավետ» ձեւ փնտրելն անգամ անիմաստ է. այս տրամադրությունները հակացուցված են ապագա կերտող ազգերի համար, դրանք տանում են ուղղակի ինքնաոչնչացման։ Հանգամանքները, սակայն էապես այլ են․ Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի նկատմամբ անգամ 1920 թվականի մարտին իրականացված Շուշիի ջարդը չի կոտրել ղարաբաղցիներին. նրանք մնացել եւ արարել են իրենց հողի վրա՝ բացառիկ ազգային արժանապատվություն դրսեւորելով։ Այն, ինչ չի հաջողվել Օսմանյան կայսրությանը, դժվար թե հաջողվի նորօրյա օսմանցի Ալիեւին. նա ամեն դեպքում գործ ունի 90-ականների սկզբերին ազերիների ցաք ու ցրիվ ջոկատներին լավ դաս տված սերնդի եւ նրա ժառանգների հետ։ Ցեղասպանական վարկածը գուցեեւ օգտակար է՝ միջազգային մարդասիրական կսկիծներ հավաքելու առումով, բայց հաստատ վնասակար է՝ ազգային ոգին զգոն եւ հզոր պահելու տեսանկյունից։ Արցախցուն հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, սա աներկբա է: Բացի այդ՝ դժվար թե Ալիեւին հրապուրեն Ռադովան Քարաջիչի կամ Ռադկո Մլադիչի ճակատագրերը:

•    Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը ոչ միայն հիմք ու նախադրյալներ ստեղծեց ԽՍՀՄ փլուզման, նաեւ հզոր հիմնաքար հանդիսացավ մեր ազգային ինքնագիտակցության ու ինքնաճանաչման համար։ Մեզ մոտ համոզմունք, նաեւ միգուցե՝ պատրանք առաջացավ, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը կամ Երրորդ Հանրապետությունը՝ ինչպես կուզեք, առաջացել է ոչ թե ԽՍՀՄ փլուզման, այլ ազգային-ազատագրական պայքարի արդյունքում։ Դա մեզ մեր ինքնագիտակցության մեջ շահավետորեն տարբերում էր ԽՍՀՄ նախկին այլ հանրապետություններից, արժանապատվության առանցք էր հանդիսանում։

Մեր նորօրյա վիճակում, 44-օրյա պատերազմում կրած անփառունակ պարտությունից հետո, ազգային զարթոնք է անհրաժեշտ, եւ այդ զարթոնքի նշույլները կրկին նշմարվում են Արցախից. 2022 թվականի վերջին կիրակին առանձնացավ Ստեփանակերտում անցկացված հուժկու հանրահավաքով, որը, իմ պատկերացմամբ, ազգային զարթոնքի զրնգուն առաջին զանգն էր։ Այս զանգը չի կարող անհետք մնալ, դրա ղողանջները սփռվում են Հայոց Աշխարհի վրա՝ արթնացնելով անտարբերության եւ հիասթափության նիրհում գտնվող մեր հայրենակիցներին։

•    Շրջափակման այս արդեն հարատեւ դարձած իրավիճակը վերադարձրեց մեզ բոլորիս Ղարաբաղյան շարժման առաջին տարիներ. ըստ էության, ոչինչ չի փոխվել, մենք եւ մեզ շրջապատող աշխարհը գտնվում ենք սկզբնական կետում, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կետում: Եվ ինչքան էլ Հայաստանի վարչապետը կենտրոնանա 29.8 հազար քառակուսի կիլոմետրի վրա, կամ ինչքան էլ ծաղրական, բայցեւ գոհունակությամբ չարտահայտվի Լավրովը Ալմա Աթայի հռչակագրում տեղ գտած դրույթի մասին, ինքնորոշման իրավունքը գոյություն ունի, եւ դրան չանդրադառնալն անիմաստ է: Ի դեպ, հայ նորօրյա դիվանագիտության կոպտագույն սխալն է դրան չանդրադառնալը:

•    Արցախում կարծես սկսվել է ազգային նոր էլիտայի ձեւավորման առողջարար գործընթացը: Սա առաջնային անհրաժեշտություն է նաեւ Հայաստանի համար: Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ այս գործընթացները իրար հետ շաղկապված են, ավելին՝ մեկը մյուսով է պայմանավորված: Եվ ուրեմն՝ ոչ միայն սպասենք, նաեւ մոտեցնենք այդ հեռանկարը. վերջին հաշվով, հենց ադեկվատ, փորձություններին եւ մարտահրավերներին պատրաստ ազգային էլիտան է գծելու կենարար ապագայի ճարտարապետությունը:

•    Հայաստանյան իշխանությունները, կարծես, ձերբազատվում են տասնամյակների ընթացքում ձեւավորված գեոքաղաքական տաբուներից, սկսում են իրերը կոչել իրենց անուններով, շուտով, համոզված եմ, կհիասթափվեն նաեւ ծուռ ողնաշարով խաղաղություն աղերսելու գործելաոճից, քայլեր կձեռնարկեն համազգային կոնսոլիդացման ուղղությամբ: Համոզված եմ դրանում, քանի որ դա կլինի նաեւ իրենց համար ինքնապաշտպանության լավագույն ձեւը:

Եվ ուրեմն՝ դեպի Նոր Տարի, եւ միայն լավատեսությամբ:

Արմեն Դարբինյանը Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորն է եւ ՀՀ նախկին վարչապետը (1998-1999թթ.):

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին