Միավորված Հայաստան՝ Մինսկի ձեւաչափի փոխարեն - Mediamax.am

Միավորված Հայաստան՝ Մինսկի ձեւաչափի փոխարեն
11717 դիտում

Միավորված Հայաստան՝ Մինսկի ձեւաչափի փոխարեն


Մի քանի փաստագրում` Ժնեւյան բանակցություններին ընդառաջ (կամ`զուգահեռ)․

1) ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, ըստ էության, կորցրել է իր արդիականությունը։ Եվ սա փաստում է ոչ թե հայկական, այլ Ալիեւ–էրդողանյան կողմը։ Իրենց բոլոր հրապարակային ելույթներում այդ «խաղաղասեր» տանդեմը բացահայտ մեղադրում է միջնորդ երկրներին` հակամարտությունը կարգավորելու «անկարողության» մեջ։ Ավելին՝ իր վերջին ուղերձներից մեկում Ալիեւը փաստացի մեղադրել է միջնորդ երկրներին հայկական շահերը սպասարկելու մեջ՝ «իմաստազուրկ» անվանելով 28 տարվա ընթացքում Մինսկի խմբի ներքո անցկացրած բոլոր հանդիպումները։ Ավելին՝ նա սպառնացել է միջնորդ երկրներին, որ «ադրբեջանական ժողովուրդը չի մոռանա» այն, ինչ արել են Հայաստանի օգտին։ Կարծում եմ` Հայաստանի պետք է սատարի Ալիեւի այս փաստագրումը եւ դուրս գա Մինսկի գործընթացից։

2) Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնվել են անհավասար պայմաններում՝ Մինսկի գործընթացի պատճառով. Թուրքիան՝ որպես Մինսկի գործընթացի մասնակից երկիր, Ադրբեջանի անվիճելի դաշնակիցն է, իսկ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ նույնիսկ ԱՄՆ-ին միջնորդի կարգավիճակը զրկում է Հայաստանի հետ հնարավոր դաշինք կազմելու իրավունքից: Ավելին՝ Եվրոպայի քաղաքակիրթ երկրներից շատերը՝ Հայաստանի հավանական դաշնակիցները, հույս ունենալով եւ հույսը դնելով համանախագահների վրա, հանգիստ քնած էին եւ առանձնապես չէին անհանգստանում գործընթացի համար: Հիմնախնդրի քաղաքակիրթ լուծման բոլոր հիմքերը քանդող անողոք պատերազմը փոխում է ամբողջ դասավորությունը: Հայաստանն, անշուշտ, ձեռք կբերի դաշնակիցներ, եթե արձանագրվի Մինսկի ձեւաչափի վախճանը։

3) Համանախագահների այն թեզը, որը բազմիցս կրկնում է հայկական կողմը, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում», իսպառ ոչնչացրեց Ալիեւի սանձազերծած պատերազմը: Նա ասում է ճիշտ հակառակը. «Հակամարտությունը ունի ռազմական լուծում, եւ մենք դա ցույց ենք տալիս», «ուժի գործոնն այսօր աշխարհում առաջնային է»: Այս պարագայում համանախագահող երկրների (եւ ոչ միայն Ռուսաստանի) համար չտապալվելու եւ սեփական տեսակետը պնդելու միակ տարբերակը՝ ռազմական հավասարակշռության պահպանմանը ուղղված ջանքերն են, որ կանխեն Ադրբեջանի ռազմական գերակշռությունը ռազմական տեխնիկայում եւ ժամանակակից տեխնոլոգիաներում: Եվ թող Ալիեւը չզարմանա ՝ «որտեղի՞ց այդքան զենք աղքատ Հայաստանին»: Այնտեղից։ Եվ դեռ ավելի շատ կլինի: Եվ կլինի այնքան, որքան պետք է:

4) Մշակված եւ թվում էր՝ բազմիցս արծարծված կարգավորման բանաձեւը (5+2+ անհայտություն) իմաստազրկվել է ներկայիս պայմաններում: Եվ ուշագրավ է ոչ թե Ալիեւի մեկնաբանությամբ՝ «մենք ինքներս արդեն լուծել ենք այդ հարցը, ստեղծել ենք նոր իրավիճակ», այլ պատերազմում հերոս-զավակներին կորցրած հայ մայրերի՝ «ոչ մի թիզ հայկական սուրբ հող, որը մեր տղաների արյամբ է ողողված»։ Այնպես որ՝ այսօր հիմնախնդիրը քննարկել հին ձեւակերպումների ներքո անիմաստ զբաղմունք է: Նոր ձեւակերպումներն ի հայտ կգան միայն առաջնագծում արձանագրված արդյունքների ներքո, եւ միայն այն դեպքում, երբ դրանք հակամարտող երկու կողմերից էլ կմեկնաբանվեն միեւնույն ձեւով:

5) Արդեն 28 տարի «ազգերի ինքնորոշման իրավունքի» եւ «տարածքային ամբողջականության» սկզբունքների հավասարության մասին միջազգային հանրությանը ուղղված անարդյունք դիմումներից հետո հայկական կողմին պետք է արձանագրել, որ աշխարհը խուլ է դեպի այդ հիմնավորումը, իսկ ինքնորոշումը լինում է միայն այն դեպքում, երբ միջուկային գերտերություններից մեկը ճանաչում եւ պաշտպանում է ինքնորոշվածին (Կոսովո, Ղրիմ, Հյուսիսային Կիպրոս)։ Հետևաբար` Հայաստանը պետք է դադարեցնի խաղալ երկու հայկական պետության գոյության մասին հին խաղը եւ հստակ հայտարարի, որ սա Հայաստանի եւ ամբողջ աշխարհասփյուռ հայության պատերազմն է, եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդինը, որի կարիքների, խնդրանքների, նույնիսկ տարրական հումանիտար իրավունքների պաշտպանմանը աշխարհը խուլ է մնում այս ամբողջ ընթացքում: Ընդհանրապես՝ բոլորը պետք է ընդունեն ակնհայտը. հիմնախնդրի կարգավորումն այլեւս անհնար է հետխորհրդային իրականության տրամաբանության ներքո:

6) Պետք է ընդունել, որ անհաջող փորձ էր մեր վարչապետի կողմից ինքնորոշման թեզի փոխարինումը «անջատում հանուն փրկության» թեզով (առաջին նախագահի թեթեւ ձեռքով) ՝ որպես հիմնախնդրի կարգավորման բանաձեւ։ Այդ թեզերը հակասում են իրար եւ կրկին առաջ են բերում երկու հայկական պետությունների լինելիության հնացած թեզը։ Կա համահայկական ազգային-պետական շահ`հայերի ապրելու իրավունքը Լեռնային Ղարաբաղում/Արցախում, իրենց տներում, իրենց հողի վրա, եւ դա կարող է իրականացվել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս, սա արդեն անվիճելի փաստ է (շնորհակալություն բեղավոր տանդեմին):

7) Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական դաշինքը եւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին պետք է դիտարկել որպես ոչ միայն մեր սահմանների պաշտպանության, այլեւ մեծապես Հայաստանի շահերի պաշտպանության համատեքստում: ԽՍՀՄ փլուզումից եւ անկախություն ձեռք բերելուց Հայաստանի ռազմավարական շահերից ամենակարեւորագույնը եղել է եւ կա՝ Արցախի ճակատագիրն է: Հայաստան պետության մյուս բոլոր շահերը դառնում եմ առոչինչ, եթե մենք չպաշտպանենք այդ ճակատագիրը, մեր ճակատագիրը եւ մեր ժողովրդին: Մեր դաշնակիցներն եւ գործընկերները պետք է հստակ գիտակցեն դա:

8) Հայաստանն ու հայերը կդիմակայեն այնքան, որքան անհրաժեշտ է, սա իսկապես սուրբ պատերազմ է, եւ թող Ալիեւը իրեն չսփոփի Հայաստանի «աղքատության» մասին մտքերով: Ավելին՝ տանդեմի գրոհող ներուժը հիմնականում կասեցվել է, եւ հաջողված հակագրոհներն ու նախաձեռնության անցումը գնալով դառնում եմ ավելի ակնհայտ փաստ: Քաղաքակիրթ աշխարհի հասարակական կարծիքն ավելի եւ ավելի է հակվում դեպի Հայաստանը եւ նրա արդար պայքարը. հայ զինվորի համարձակությունը եւ տոկունությունն աննկատ չեն մնացել աշխարհում, հայ զինվորն աշխարհին ստիպել է հարգել հայկական դիրքորոշումը: Կա եւս երկու գործոն, որը բազմակի ուժեղացնում է այդ դիրքորոշումը. կորոնավիրուսի համաշխարհային համաճարակին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, դա «խնջույք է ժանտախտի ժամանակ», որն Ալիեւը բացահայտ վայելում է եւ Թուրքիայի միջնորդությամբ իսլամիստ-ջիհադիստների ներգրավումը: Այս գործոնները՝ հայ տղաների սխրանքների հետ միասին, վերջնական հաղթանակի գրավականն են: Միավորված Հայաստանի հաղթանակները:

Արմեն Դարբինյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորն է եւ ՀՀ նախկին վարչապետը (1998-1999թթ.):

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին