Արցախում հումանիտար ճգնաժամ է, մարդկությունը՝ ոչ հումանիստ - Mediamax.am

Արցախում հումանիտար ճգնաժամ է, մարդկությունը՝ ոչ հումանիստ
1920 դիտում

Արցախում հումանիտար ճգնաժամ է, մարդկությունը՝ ոչ հումանիստ


Համալսարանում ուսանողներիս հետ հերթական դասն այս շաբաթ որոշեցի նվիրել լրագրողական հեղինակային տեքստին ու դասին ընդառաջ՝ իմ գրած մի քանի սյունակ ընտրեցի, որպեսզի օրինակներով քննարկենք հեղինակային տեքստի նրբությունները: Սյունակներն ընտրելիս աչքերս արագ վազում էին վերնագրերիս վրայով, եւ համարձակություն չունեցա բացել Շուշիի մասին գրածներս: Նվաղեցի, փոքրացա, մտածեցի՝ որքան միամիտ էի այդ սյունակները գրելիս, ինչ ջահելական պարզությամբ ու նաեւ ինքնավստահությամբ էի գրում դրանք:

Մարտի 24-ին, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանն Արցախում խախտել է շփման գիծը, պատերազմի տագնապը նորից անցավ մարմնովս ու հարվածեց գլխիս: Ջահել ես-իցս քաջություն հավաքելու համար որոշեցի նորից կարդալ Շուշիի մասին գրածներս ու բացեցի «Պատերազմի եւ խաղաղության Շուշին» սյունակը: Առանց հուզմունքի կարդալ չստացվեց, իսկ երբ հասա վերջին տողին, հասկացա, որ անզոր եմ արցունքներս զսպել:

Ես չիրականացած երազանք ունեմ՝ խաղաղ քաղաքում ապրելու երազանքը:

Կարդում եմ վերջին նախադասությունը, մի քանի անգամ, աչքերիս առաջ Շուշիի Կանաչ ժամի վրա անկանոն շարժումներ անող ադրբեջանցի զինվորներն են: Հետո բացում եմ նկարներիս արխիվն ու գտնում 2017թ-ին՝ Շուշիում արված նկարները:

Ծննդյանս օրվան ընդառաջ որոշել էի մենակ մնալ ու գնացել էի Շուշի: Երեկոյան դուրս էի եկել զբոսանքի եւ հետեւելով հեռվից եկող ուրախ ձայներին՝ հայտնվել շուշեցի երեխաների մոտ, որ գետնից բարձր էին խաղում: Մի կարճ տեսանյութ գտա, որտեղ երեխաների հետ ծիծաղում էինք, նրանցից մեկն էր նկարել: Ուրախ, գետնից բարձր էինք բոլորս:

Արցախի Փառուխ գյուղի բնակիչներին ադրբեջանական զինվորները մարտի 24-ին ստիպել են լքել իրենց տներն ու վերցրել են գյուղը, Խրամորթի կանանց ու երեխաներին տարհանել են՝ ապահովության համար: Մարդիկ, որ առանց այդ էլ երկար ժամանակ ցուրտ եղանակին ապրում էին առանց ջեռուցման, հիմա էլ նոր ապաստարան պիտի գտնեն: Եվ, արդյոք, կգտնե՞ն թեկուզ փայտե վառարան, որի մոտ հերթական երեխային կլողացնեն: Թե գտնեն էլ, նորից կտարածվեն նոր լուսանկարները, ամբողջ մարդկությունը, այդ թվում՝ մենք, կնայենք, կտարածենք դրանք, ոմանք կհիանան արցախցու անկոտրում կամքով, ոմանք՝ փոքրիկի քնքշությամբ ու կանցնեն առաջ՝ իրենց գործերին:

Արցախում հումանիտար ճգնաժամ է, մարդկությունը վաղուց դադարել է հումանիստ լինել:

Երիտասարդ տղամարդիկ՝ Խրամորթ գյուղում խմբված, եկել են կամավորագրվելու, ինքնապաշտպանվելու: Խրոխտ լռություն ու վճռականություն է տարածվող մի քանի վայրկյանանոց տեսանյութում:

Արցախցիները, որ երազում էին խաղաղության մասին, որ իրենց հողում ապրելու որոշումն արյամբ էին կայացրել եւ հանրաքվեով ամրագրել, հիմա ապրում են ժամանակ առ ժամանակ դադարող կրակի արանքում: Մենք հեռվից կցկտուր դժգոհություններ եւ անհանգստություն ենք հայտնում. ընդամենն այդքանը, որ ֆեյսբուքյան ստատուսներից, հայտարարություններից այն կողմ չի անցնում: Մենք, որ դժգոհում էինք միջազգային հանրության կոչերից, ինքներս ենք դարձել կոչեր անողներ, որովհետեւ մինչեւ կոչերը՝ տարիներ շարունակ, սնվել ու զինվել ենք սոսկ կենացներով:

Եթե ուզում ենք մի օր տեսնել սփյուռքից եկած նոր մոնթեների, պիտի տեղում ունենանք վարդաններ, պետոներ, վազգեններ, թաթուլներ ու շահեններ:
   
Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին