Պատերազմի եւ խաղաղության Շուշին - Mediamax.am

Պատերազմի եւ խաղաղության Շուշին
8931 դիտում

Պատերազմի եւ խաղաղության Շուշին


Ես սիրահարված եմ: Ու սիրահարվում եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Կապ չունի՝ կհանդիպենք տարին, թե ժամը մեկ անգամ: Ես սիրահարված եմ պատերազմի ու հրեշտակների քաղաքին, որը շրջապատող անտառներում դեռ կռիվներ են գնում:

Սեւ մորուքով եւ խուճուճ մազերով տղաները՝ փոշոտ ու անխնամ, վայրենի կռիվ են տալիս այստեղ մինչ օրս, կռվում են սեփական հողի, սեփական տան ու խաղաղության համար: Ջդրդուզում պատերազմը չի ավարտվել, ծառերի ամեն մի տերեւ լավ հիշում է այդ կռիվներն ու այդ հիշողությունը վաղեմության ժամկետ չունի:

Շուշիում ժպտացող շենքերի, հանգիստ դեմքերի ու նեղ փողոցների վրա կնիքված է պատերազմը, Շուշիում պատերազմական խաղաղություն է: Շուշիի ժայռերի վրա դեռ մնում են տղաների եղունգների հետքերը. ճանկռելով են բարձրացել ու ազատագրել սպիտակ քաղաքը: Տղերքի եղունգների տակ քարացած է այդ ժայռերի փոշին:

Անսահման սիրով, երկինք պարզած ափերից հոսող աղոթքով ու կիսավեր Ղազանչեցոցի մոտ ստացած օրհնանքով են հետ բերել Շուշին:

***

Առավոտը Շուշիում բացվում է Ղազանչեցոցի զանգերով: Սպիտակ-սպիտակ թեւերը պարզած օդում պարում են քաղաքի ամեն մի անկյունում ապրող հրեշտակները: Հետո մարդիկ են արթնանում ու լցվում նեղ փողոցները: Շուշիում ապրող մարդիկ լավ գիտեն, թե ինչ է պատերազմը, եւ չնայած քաղաքի գլխավոր փողոցի հենց կենտրոնում մոխրացած շենքերին, այստեղ նոր շենքեր են կառուցվում, նոր կյանքեր են ծնվում: Քաղաքն ապրել գիտի, քաղաքը խաղաղ ապրել գիտի:

***

Ես կարոտից հիվանդանում եմ. վերջին անգամ Շուշին տեսել եմ երկու տարի առաջ: Երկու  տարի է՝ չենք տեսնվել, բայց իմ սերը, Շուշիում ապրող կռիվների պես, վաղեմության ժամկետ չունի: Մինչեւ ոսկորներս հասնող կարոտիս ուղիղ համեմատական է 38 աստիճան ջերմությունս:

***

Արեւը նույն 38 աստիճանով սկսում է այրել կեսօրին, եւ Շուշիի փողոցներում մարդ չես գտնի: Դուրս ենք գալիս հյուրանոցից ու որոշում հենց ամենաթեժ ժամին գնալ Ջդրդուզ: Ճանապարհը լավ չենք հիշում, բայց ոտքերը սահում են տաք ասֆալտի վրայով ու հասցնում Դուշման Վարդանի անունով կոչված փողոց: Դուշմանը չի զոհվել, նա ապրում է այստեղ՝ Շուշիում: Դուշմանի ժպիտը քաղաքի բոլոր պատերին է:

Ու երբ հանկարծ մեր դիմաց դուրս է գալիս մոտ 14-ամյա պատանին, երկար տարիների փորձերից հետո հանճարեղ բացահայտում արածի պես ուրախանում ենք: Արոկան է: Իմանում է, որ ուզում ենք Ջդրդուզ գնալ, միանգամից հայտարարում է՝ աղջիկներ, ես ձեզ կտանեմ: Շուշեցիները նախաձելի հոգատար են ամեն մի այցելուի նկատմամբ:

***

Բարձրությունից վախենում եմ, բայց այդ վախը ոչինչ է Ջդրդուզի բարձունքին՝ հենց ձորի բերանին կախված քարին կանգնելու եւ խորը անտառների վրա պարելու զգացողության դեմ: Ենթագիտակցությունս ինձ տանում է մինչեւ ամենախորը թփերի մեջ ու ես հանկարծ սկսում եմ ցնցվել, երբ ականջներումս լսվում են այստեղ 24 տարի առաջ ընթացած մարտերի ձայները: Մի քիչ երկար նայելուց հետո դարձյալ հաղթում է խաղաղությունը:

***

Երեկոյան Շուշիի փողոցներում կարելի է հանդիպել քայլերթի դուրս եկած զինվորներին: -Մեկ-երկու, մեկ-երկու,- հրամանատարի հրահանգներն ընդհատվում են այս ուժեղ տղաների ձայների միաձույլ երգից: Զինվորական շարասյունն ամեն երեկո անցնում է փողոցով ու մարդկանց հերթական անգամ վստահեցնում՝ հակառակորդը նույնիսկ ամենալավ երազում չի կարող ոտքը Շուշիում տեսնել:

***

Եւ այդ ամենալավ երազն իրականանալ չեն թողնելու հաջորդ զինվորները, ովքեր փայտե հրացանով Շուշիի նեղ փողոցներում կռիվ-կռիվ են խաղում: Սեփական տունը պաշտպանելը նրանց երակներում է. հայրերի վաստակած խաղաղության համար պատերազմելու մասին խոսում են առանց երկմտելու:

-Մատաղիսում եմ ծառայելու,- հպարտ հայտարարում է քիթը վեր ցցած փոքրիկ տղան: Այստեղ աղջիկների ձեռքին էլ տիկնիկ չես տեսնի: Բոլորն են կռիվ-կռիվ խաղում: Մի քիչ սրտնեղում եմ իմ ունեցած տիկնիկների ու պատերազմից այդքան հեռու անցկացրած մանկությանս համար: Բայց դա արագ անցնում է, երբ երեկոյան Շուշիի փողոցներում տեսնում եմ շպարված ու գեղեցիկ հագնված աղջիկներին, ովքեր անշտապ զբոսնում են: Դա անցնում է, երբ հաջորդ՝ կիրակի առավոտյան հյուրանոցի պատուհանից տեսնում եմ Ղազանչեցոցի զարդարված մուտքն ու քաղաքի նման ճերմակ շորերով աղջկան: Հարսանիք է: Խաղաղ ու երջանիկ մարդիկ եկել են պասկադրության: Շուշիում Սերն է պարում:

***

Իմ իմացած խաղաղությունն ամփոփվում է Պարգեւ Սրբազանի փոքրիկ ափի մեջ: Երբ պատարագից հետո վազում եմ նրա հետեւից, որ այդ ափը դնի գլխիս ու բոլոր բջիջներովս տարածվի այս մարդու խաղաղությունը:  Հետո նույնքան հանգիստ Սրբազանն անհետանում է Շուշիի փողոցներում, իր ամեն քայլով տարածում խաղաղության շունչն ու դառնում խաղաղված քաղաքի մի մասնիկը:

Ես չիրականացած երազանք ունեմ՝ խաղաղ քաղաքում ապրելու երազանքը:
 
Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին