2021-ը՝ մտածելու եւ պատասխաններ փնտրելու տարի - Mediamax.am

2021-ը՝ մտածելու եւ պատասխաններ փնտրելու տարի
3873 դիտում

2021-ը՝ մտածելու եւ պատասխաններ փնտրելու տարի


Մտածող մարդկանց համար 2021-ը ավելի ծանր տարի էր, քան պատերազմական 2020-ը: Եթե 2020-ի վերջում մենք դեռ «տաք էինք» եւ անգիտակցաբար հույսեր էինք փայփայում, որ Նոր տարին կգա, «բարին էլ հետը», ապա 2021-ին առերեսվեցինք ինքնության ճգնաժամի հետ, որի հաղթահարումը հեշտ չի լինելու: Բայց ցավոտ հարցերի պատասխանները կարող ենք գտնել միայն մի դեպքում՝ եթե շարունակենք ապրել եւ արարել:

Այս տարի եւս Մեդիամաքսը շարունակեց շեշտը դնել մարդակենտրոն լրագրության վրա, որը հետպատերազմական շրջանում, առավել քան, կարեւոր է: 2021 թվականին մարդկանց մասին Մեդիամաքսի լավագույն հրապարակումների ընտրանու 13 հոդվածներից 10-ը պատերազմի մասին են: Թեեւ դրանք շատ տարբեր են, բայց մի կարեւոր ընդհանրություն ունեն՝ պատմում են մարդկանց մասին, որոնց համար հայրենիքն ու պատիվը դատարկ խոսքեր չեն:

Պատմության աղճատված ընկալումը, որն առավել վառ արտահայտվեց պատերազմից հետո, պատճառ հանդիսացավ, որ 2021 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի հետ գործընկերությամբ իրականացնենք «Պատմության անիվ» թեստ-խաղերի շարքը՝ տարվա ընթացքում թողարկվեց 36 թեստ:

Այս տարի սկսեցինք «Հայկական կարմիր» նախագիծը: Դեռ 2020 թվականի ամռանը, երբ գիտեինք, որ «Հանրապետություն» նախագիծը տարեվերջին ավարտվելու է, գաղափար առաջացավ ստեղծել դրա տրամաբանական շարունակությունը եւ պատմել Խորհրդային Հայաստանի մասին:

Ինչպես եւ «Հանրապետության» դեպքում, «Հայկական Կարմիրի» գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը տարիներ շարունակ օգնում է մեզ ստեղծել բովանդակություն, որն իր էությամբ չի կարող կոմերցիոն լինել: Նախագիծը շարունակելու ենք 2022-ին:

2021 թվականին Մեդիամաքսը շարունակեց ապացուցել, որ որակյալ մեդիան Հայաստանում կարող է անկախ եւ ինքնաբավ լինել: Իհարկե, այդ անկախության պահպանումը պահանջում է մշտական ջանքեր, նոր գաղափարներ: Դրանցից մեկը ամռանը վերագործարկված Mediamax Quiz հարթակն է, որը կարճ ժամանակում ձեռք բերեց կայուն լսարան, ինչի շնորհիվ տարատեսակ գործընկերային ծրագրեր ենք իրագործում:

2021 թվականի կարեւոր գործերից էր Սոֆիա Հակոբյանի հեղինակած Ձայն Հադրութի շարքի հրապարակումը: Այդ վկայությունները կարեւոր են պատմաբանների, միջազգային իրավաբանների համար եւ կարող են օգտագործվել որպես ապացույցներ: Բայց դրանք առավել կարեւոր են «սովորական մարդկանց» համար, որոնցից շատերը շարունակում են ապրել այնպես, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել:

Ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ: Կարծում եմ, բոլոր մտածող մարդիկ 2021 թվականի ընթացքում պատասխաններ էին փնտրում: Ինքս դա փորձել եմ անել երեք մասից բաղկացած հոդվածաշարում.

1.    Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում

2.    «Մոռանալ» Տիգրան Մեծին ու արժեք ստեղծել

3.    Գլոբալ Մատենադարան եւ հայկական «Ֆինլանդիզացիա»

2021 թվականի ընդհանրական ամփոփումս էլ կարող եք կարդալ 2021 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր հոդվածում:

2021 թվականի ընթացքում փորձել եմ բարդ հարցերի պատասխաններ գտնել նաեւ «Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում եւ ցանկանում եմ առանձնացնել այս մի քանի զրույցը.









Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին