Պուտինի շեշտադրումները եւ սպասվող եռակողմ փաստաթղթերը - Mediamax.am

Պուտինի շեշտադրումները եւ սպասվող եռակողմ փաստաթղթերը
4320 դիտում

Պուտինի շեշտադրումները եւ սպասվող եռակողմ փաստաթղթերը


Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում օրեր առաջ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, արցախյան հակամարտության ու տարածաշրջանային իրավիճակի մասին ուշագրավ հայտարարություններ արեց:

Առանց Ռուսաստանի «բան դուրս չի գա»

Վլադիմիր Պուտինը նախ նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային խնդիրներն առանց Ռուսաստանի մասնակցության կարգավորվել չեն կարող, քանի որ խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների սահմանները ցույց տվող քարտեզները ռուսական բանակի շտաբում են գտնվում: Պուտինը սրանով մատնանշում է տարածաշրջանում Ռուսաստանի ներգրավվածության չափն ու ցույց տալիս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների կարգավորման հարցում «առաջին ջութակը» հենց ինքն է: Սա քաղաքական հայտարարություն լինելուց զատ առկա իրականությունից է բխում: Պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գրեթե ցանկացած միջադեպի ժամանակ Երեւանը հայացքն ուղղում է դեպի Մոսկվա՝ Գեղարքունիքից մինչեւ Սյունիք Ադրբեջանի հետ նոր ձեւավորված սահմանին ռուս սահմանապահների տեղակայման խնդրանքից մինչեւ ՀԱՊԿ-ին դիմելը, Սյունիքի մարզի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածներում ռուս սահմանապահների կողմից ճանապարհների վերահսկողությունը եւ ոչ միայն, կարճ ասած՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանը գրեթե ամբողջապես է ապավինում Ռուսաստանին: Մյուս կողմից, Ադրբեջանի կողմից իր՝ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքներում ռուսական խաղաղապահ ուժերի առկայության պարագայում Բաքուն այժմ ավելի շատ պետք է իրեն վերաբերող հարցերը քննարկի Մոսկվայի հետ:

Ո՞ւր մնաց Մինսկի խմբի համանախագահությունը

Պուտինը շեշտեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային խնդիրների կարգավորման հարցում Ռուսաստանից բացի այլ արտաքին ուժ պետք չէ, բայց հատկանշական է նաեւ այն շեշտադրումը, որ իրենք կողմնակից են այդ թվում բազմակողմ ձեւաչափերում քննարկել հարցը՝ շեշտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Սրանով Ռուսաստանը մի կողմից արձանագրում է, որ համանախագահության ձեւաչափը պահպանվում է, եւ կարող է ինչ-որ պահից դրա հովանու ներքո վերսկսվել բանակցային գործընթացը, մյուս կողմից՝ անհրաժեշտ միջավայր ձեւավորում, որպեսզի իր՝ շատ ավելի մեծ միջնորդական դերակատարումն առավել ընկալելի եւ ընդունելի լինի, իսկ համանախագահ մյուս պետությունները դուրս մղված չլինեն գործընթացից: Իհարկե, ակնհայտ է, որ տարածաշրջանում ազդեցության չափով եւ տեղում խնդիրներին լուծումներ տալու կարողությամբ արտաքին ուժերից Ռուսաստանն է գլխավոր դերակատարը, բայց առնվազն այն, որ մինչ այս պահն Արցախում ռուս խաղաղապահ ուժերի գտնվելու հարցում ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ էլ Ֆրանսիայից առարկություններ չեն հնչում, արդեն իսկ ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանի այսչափ ներգրավվածությանը տարածաշրջանում համանախագահ մյուս երկու երկրներն այս պահին առնվազն դեմ չեն, եւ դա ընդունելի է այդ թվում համանախագահության ձեւաչափի եւ դրա աշխատանքի հեռանկարների պահպանման դիմաց:

«Խաղաղ համագոյակցությունն» ու «մեծերի» կոնսենսուսը

Սա առավել հիմնավոր է դառնում, երբ Ռուսաստանի նախագահը շեշտում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է գիտակցեն խաղաղ համագոյակցության կարեւորությունը (ընդ որում, իր խոսքում դա երկու անգամ է շեշտում), եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դիտարկեն երկարաժամկետ, ինչը, ըստ ՌԴ նախագահի, շահավետ կլինի բոլորի համար: Խոսքը, տրամաբանորեն, պատերազմի արդյունքները ամրագրող 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթերի մասին է: Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանում նաեւ այդ փաստաթղթերի հիման վրա անվտանգային ճարտարապետության փոփոխման մոդերատորի դերում՝ լինելով ստորագրված հայտարարությունների միջնորդ-մասնակից, ինչի վերաբերյալ առնվազն առարկություններ մյուս համանախագահող երկրները եւս չեն հայտնում:

Աստիճանաբար առավել հիմնավոր է դառնում այն, որ ուժային մի քանի կենտրոններ շահագրգռված են Հարավային Կովկասում ինչ-որ ժամանակով կայունության հաստատման հարցում: Դա նախ Ռուսաստանին է անհրաժեշտ, որովհետեւ թե՛ արցախյան ուղղությամբ, թե՛ անմիջականորեն Հայաստան-Ադրբեջանի սահմանին լարվածություն առաջանալու դեպքում Մոսկվան ստիպված է միջամտել հարցին եւ ինչ-որ միջնաժամկետ լուծումների ճանապարհով կանխել ճգնաժամի խորացումը: Ռուսաստանը, սակայն, առավել առաջնահերթ խնդիրներ ունի տարբեր ուղղություններով՝ Ուկրաինա, Սիրիա, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ լարված հարաբերություններ եւ ոչ միայն, ու կարծել, թե հարավկովկասյան ուղղությունն այնքան առաջնահերթ է, որ Մոսկվան անընդհատ զբաղվի այդ հարցերով եւ դրա վրա քաղաքական, ռազմական ու տնտեսական ռեսուրսներ ծախսի, սխալ կլինի:

Միջազգային այլ դերակատարներ եւս հետաքրքրված են, որ այս տարածաշրջանում հարաբերական կայունություն տիրի. խոսքը հատկապես այն երկրների մասին է, որոնց համար միջազգային բեռնափոխադրումների համար մեր տարածաշրջանը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն, իսկ երկարաժամկետ տնտեսական հավակնոտ ծրագրերը Հարավային Կովկասի հետ կապել դժվար թե ստացվի, եթե այստեղ անընդհատ ռազմական բախման հավանականություն լինի: Պատահական չէ, որ այս պահին հատկապես Հնդկաստանը ակտիվություն է դրսեւորում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցում, առաջին անգամ Հայաստան այցելեց Հնդկաստանի ԱԳ նախարարը, եւ պատահական էլ չէ, երբ Եվրամիությունը հայտարարում է Հայաստանին մինչեւ 2 մլրդ եվրո հատկացնելու պատրաստակամության մասին, որի զգալի մասը նախատեսված է հենց «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության համար:

Ի դեպ, ուշագրավ էր, որ ՌԴ նախագահը խաղաղ համագոյակցության դեպքում որպես Հայաստանի շահ էր մատնանշում դրա շնորհիվ երկրի տնտեսական վիճակը լավացնելու, նաեւ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հեռանկարները:

Նոյեմբերի 9-ի սպասումով

Այս պայմաններում հայտնի դարձավ Մոսկվայում նոյեմբերի 9-ին եռակողմ նոր ենթադրվող հանդիպման մասին, որի ժամանակ, ըստ «Ալիք Մեդիա»-ում հրապարակված տեղեկատվության, կարող են սահմաններին ու կոմունիկացիաներին վերաբերող եռակողմ նոր փաստաթղթեր ստորագրվել: Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում մեկ այլ կարեւոր շեշտադրում էլ էր արել՝ ասելով, որ սահմանային խնդիրների լուծման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխզիջումների գնան, եւ դա արվի այնպես, որ կողմերի համար կատարվողն ընդունելի լինի: Ռուսաստանի տեսանկյունից ռազմավարական նշանակություն այդքան էլ չունի, թե սահմանային այս կամ այն բարձունքն ում վերահսկողության տակ կլինի եւ ինչ կպայմանավորվեն հայկական ու ադրբեջանական կողմերը, այլ էական է այն, որ ձեռք բերվող պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր լինի միջնաժամկետ հեռանկարում հարաբերական կայունություն ապահովել տարածաշրջանում եւ խուսափել նոր բախումից:

Ընդ որում, այնպես չէ, որ կողմերից որեւէ մեկը դրա արդյունքում կարող է մեծապես գոհ մնալ. եթե նման բան լինի, խիստ անբարենպաստ իրավիճակում կհայտնի մյուս կողմը, իսկ առաջինի մանեւրի դաշտն ավելի կմեծանա, ինչը ցանկալի սցենար չէ: Եվ եթե, օրինակ, Հայաստանում հանրության մի մասը խիստ բացասական ընդունի, օրինակ, տարածքային որոշակի զիջումներն Ադրբեջանի կողմից անկլավային հռչակվող տարածքների տեսքով ու Նախիջեւանի հետ կապն ապահովող ճանապարհների տրամադրումն այս կամ այն կարգավիճակով, ապա Ադրբեջանում կարող է դժգոհություն հասունանալ, օրինակ, ռուս խաղաղապահ ուժերի մանդատի հաստատման կամ դրանց տեղակայումն անժամկետ դարձնելու, Արցախի կարգավիճակի հարցն էլ ապագա տեղափոխելու դեպքում, քանի որ դա ավելի անիրատեսական կդարձնի Արցախը լիովին նվաճելու տեսլականը՝ հարվածելով պետական քարոզչությանն ու իշխանության վարկանիշին: Այս պարագայում կողմերին չոչնչացնող, բայց եւ չոգեւորող լուծումներն առավել իրատեսական են թվում:

Ռուսաստանի համար ռազմավարական երեք հարց կա. առաջինը՝ խաղաղապահների մանդատը հաստատվի, երկրորդ՝ Արցախի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների փոխադարձ ճանաչման օրակարգից, եւ երրորդ՝ տարածաշրջանային բացվելիք կոմունիկացիաները ռուսական կողմը վերահսկի: Ռուսաստանն առնվազն տարածաշրջանային տերություն է, իսկ աշխարհաքաղաքական շատ լայն օրակարգ ունեցող այդպիսի պետության համար նման ռազմավարությունը հասկանալի է:

«3+3»-ը՝ լուսանցքու՞մ

Ուշագրավ է նաեւ, որ «Վալդայ»-ում ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինը որպես բազմակողմ ձեւաչափ հիշատակեց միայն Մինսկի խմբի համանախագահությունը, եւ դա տարածաշրջանային «3+3» ձեւաչափի վերաբերյալ վերջին շրջանում ակտիվ քննարկումների ֆոնին: ՌԴ նախագահը «3+3»-ի մասին որեւէ հիշատակում չարեց: Եթե Թուրքիան, նաեւ՝ Իրանը հետաքրքրված են դրա ստեղծմամբ, որպեսզի կարողանան մեծացնել իրենց ներգրավվածությունը տարածաշրջանում, իսկ Ադրբեջանի համար դա, գուցե, ձեռնտու լինի Թուրքիայից հավելյալ աջակցություն ստանալու իմաստով, ապա Ռուսաստանը, անընդհատ շեշտելով իր՝ «թիվ 1 ջութակ» լինելու հանգամանքը, պետք է որ շահագրգռված չլինի, որ Թուրքիան եւ Իրանը հավասար հարթության մեջ հայտնվեն իր հետ նման ձեւաչափի շնորհիվ, ասել է թե՝ «3+3»-ը Թուրքիայի եւ Իրանի տարածաշրջանային դերակատար լինելու կարգավիճակն ամրագրի: Դա  կարող է շահավետ չլինել նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համար, եթե Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը հետին պլան մղվի: Այս համատեքստում ուշագրավ է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ օրեր առաջ արած այն հայտարարություն, որ այդ ձեւաչափի նախաձեռնողները Թուրքիան եւ Ադրբեջանն են, իսկ դրա ձեւավորմանը խոչընդոտում է ԱՄՆ-ը (նկատի է առնվում Թբիլիսում Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը): Ռուսաստանը չի մերժում գաղափարը, բայց գնդակը Թուրքիայի է դաշտ է նետում՝ ցույց տալով, որ հարցի հասցեատերն ինքը չէ:

Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ հեռուստահաղորդավար է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին