Պուտինն ակնարկել է տարածքների փոխանակման մասին - Mediamax.am

4174 դիտում

Պուտինն ակնարկել է տարածքների փոխանակման մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում՝ հոկտեմբերի 21-ին պատասխանելով «Վալդայ» ակումբի մասնակիցների հարցերին:

Ներկայացնում ենք Պուտինի ելույթի այդ հատվածի առանցքային կետերը:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քաղաքական իմաստությունը

 

Պետք է արժանին մատուցել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի քաղաքական իմաստությանը։ Չնայած իրադարձությունների ողբերգականությանը, նրանք կարողացան վեր կանգնել այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայից եւ կայացնել շատ պատասխանատու որոշումներ։ Միշտ էլ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են, կամ էլ կարծում են, որ կարելի էր ավելի լավ անել։ Բայց միշտ առաջանում է պատասխանը. «Փորձեք ավելի լավ անել»: Ի վերջո, նախագահ Ալիեւին եւ վարչապետ Փաշինյանին հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունը։

 

Երկարաժամկետ կարգավորում

 

Անհրաժեշտ է տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծել։ Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ եւ երկու կողմերում էլ գնահատեն խաղաղ համակեցության առավելությունները:

 

Ադրբեջանը շահագրգռված է Նախիջեւանի հետ բնականոն հաղորդակցությամբ, եւս շահագրգռված է հաղորդակցությունների ապասառեցմամբ։ Հայաստանի առաջնային խնդիրներից է արդյունավետ տնտեսական կյանքի հաստատումը, արդյունավետ փոխգործակցությունը տարածաշրջանում, այդ թվում`նույնիսկ Ադրբեջանի հետ ապագայում: Սկզբունքորեն Հայաստանը դրանում հետաքրքրված է: Ապասառեցնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ հաղորդել։

 

Թե առաջին, թե երկրորդ դեպքում դա պետք է բերի հիմնական նպատակի իրականացմանը՝ երկու պետությունների անվտանգ համակեցության ապահովմանը, տնտեսության զարգացման համար պայմանների ստեղծմանը։ Հնարավո՞ր է դա անել, թե ոչ: Հնարավոր է: Եվ մենք արեցինք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը, բայց ոչ միայն դա: Մեր խաղաղապահները արժանապատվորեն կատարում են իրենց պարտքը, ավելի քան 50 հազար փախստական արդեն վերադարձել է հարազատ վայրեր։

 

Առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել

 

Ամենակարեւորը հիմա սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է, իսկ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Այստեղ մեզ, թերեւս, ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից ու Ռուսաստանից։ Ինչո՞ւ: Կան շատ պարզ, պրագմատիկ բաներ՝ ռուսական բանակի Գլխավոր շտաբում են քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային տարիներին։

 

Այս փաստաթղթերի հիման վրա երկու կողմերը պետք է հանգիստ նստեն եւ աշխատեն: Այնտեղ բաներ կան, որոնք պահանջում են նաեւ փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ մի բան հարթել, ինչ-որ տեղ մի բան փոխանակել: Այնպես, որ դա ճանաչվի, պարզ լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է: Բայց մենք, իհարկե, նաեւ բազմակողմ ձեւաչափ գտնելու կողմնակից ենք, այդ թվում, օրինակ, Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին