Իրան-Ադրբեջան ճգնաժամ. 3+3-ից մինչեւ միջուկային գործարք - Mediamax.am

Իրան-Ադրբեջան ճգնաժամ. 3+3-ից մինչեւ միջուկային գործարք
3360 դիտում

Իրան-Ադրբեջան ճգնաժամ. 3+3-ից մինչեւ միջուկային գործարք


Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը դեռեւս չի թուլանում: Հայաստանում, հասկանալիորեն, ուշիուշով են հետեւում այս զարգացումներին, առավել եւս, որ Թեհրանից հնչող որոշ հայտարարություններ տարածաշրջանային երկրների սահմանների փոփոխության անթույլատրելիությանն են վերաբերում:

Վերջին օրերին թեման շատ քննարկվեց, տարբեր վարկածներ առաջ քաշվեցին Թեհրանի եւ Բաքվի միջեւ առաջացած ճգնաժամի պատճառների ու հեռանկարների մասին: Բայց հաճախ՝ հատկապես նման բազմաշերտ ու ոչ միանշանակ հարցերում, առավել ամբողջական եզրակացություններ անել հնարավոր է, երբ թեման որոշ չափով «եփվում» է, եւ հետեւող զարգացումներն ավելին հասկանալու հնարավորություն են տալիս:

Եվ ահա տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանի արտգործնախարարը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու իր պաշտոնակցի հետ: Մինչ Աբդոլլահիանը կժամաներ Մոսկվա, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ, եւ, որ կարեւորն է, քննարկում Իրանի միջուկային գործարքի հարցը: Ընդ որում, թե՛ՌԴ արտգործնախարարության եւ թե՛ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունների համաձայն՝ քննարկվել է միայն այդ հարցը, համենայն դեպս՝ քննարկված այլ հարցերի մասին որեւէ հիշատակում կողմերը չեն արել: Դիվանագիտության մեջ նման համընկումները պատահականություն համարելը, թերեւս, միամտություն կլինի: Հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում Լավրովը հայտարարեց, որ քննարկել են Աֆղանստանում իրավիճակի կայունացման, Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների քննարկման, ինչպես նաեւ՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: ՌԴ արտգործնախարարն ասաց նաեւ, որ Մոսկվան ու Թեհրանը միասնական դիրքորոշում ունեն Իրանի միջուկային ծրագրի հարցում, եւ որ խնդրի կարգավորումը տեսնում են 2015 թ. կնքված միջուկային գործարքի վերականգնման տիրույթում: Իրանի արտգործնախարարն իր հերթին շեշտեց, որ Վիեննայում բանակցությունները շուտով կվերսկսվեն, եւ որ իրենք ակտիվ աշխատանք են տանում այդ ուղղությամբ. այդ մասին օրեր առաջ հայտարարել էր նաեւ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիփզադեն:

Վիեննայում ամիսներ առաջ մեկնարկած եւ վեց փուլ անցած բանակցությունները առժամանակ դադարեցվել էին հունիսին, քանի որ Իրանում նախագահական ընտրություններ էին, եւ իրանական կողմին ժամանակ էր պետք, որպեսզի նոր իշխանությունը հստակեցնի իր մոտեցումները բանակցությունների վերսկսման հարցում: Գործարքի վերականգնումը օրակարգային հարց է. 2018թ-ին ԱՄՆ-ի՝ գործարքից Թրամփի որոշմամբ միակողմանի դուրս գալուց հետո հարցը փակուղի մտավ, իսկ Իրանն այս տարվա հուլիսից, իր հերթին չկատարելով համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, հայտարարեց սահմանված 3.67%-ից ավելի մեծ չափով ուրան հարստացնելու վերաբերյալ: Ավելին, օրեր առաջ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարեց, որ Իրանն առաջիկա երկու շաբաթում կարող է ուրանի հարստացումը հասցնել մինչեւ 20%-ի: Իրանական կողմի գլխավոր խնդիրն այս հարցում, իհարկե, ամերիկյան պատժամիջոցների չեղարկմանը հասնելն է, որն առանցքային հարցերի է լինելու բանակցությունների վերսկսման դեպքում: Մեկ այլ կարեւոր նպատակ է միջուկային գործարքի անդամ երկրների հետ համաձայնության հասնել իրանական նավթի արտահանման թույլտվություն տալու հարցում, որի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի առաջարկին, ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի տեղեկությունների, եվրոպական երկրները կողմ են:

Իսկ ի՞նչ կապ կարող է այս ամենն ունենալ Իրան-Ադրբեջան լարվածության հետ: Հավանական է, որ Ադրբեջանի ձեռքով Իրանի դեմ լարվածություն ստեղծելով՝ փորձ է արվում նպաստավոր իրավիճակ ձեւավորել հենց միջուկային գործարքի բանակցությունների համար, եւ չի կարելի բացառել, որ նման փորձ կատարվում է Իսրայելի կողմից՝ հաշվի առնելով ինչպես Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների բնույթն ընդհանրապես, այլ դրանց կարգավիճակը պատերազմից հետո՝ հաշվի առնելով Իսրայելի ցուցաբերած աջակցությունը: Պատահական չէ, որ Թեհրանը տարբեր մակարդակներով վերջին օրերին շեշտում է իր սահմաններին «սիոնիստական վտանգի ակտիվացման մասին»: Իսկ այն, որ նման կոմբինացիա կարող է խաղարկվել Իսրայելի մասնակցությամբ, տրամաբանական է, որովհետեւ Իրանի կողմից ուրանի էլ ավելի հարստացման հեռանկարները Թել-Ավիվին չանհանգստացնել չեն կարող:

Իրան-Ադրբեջան լարվածությունը, միաժամանակ, այլ՝ ոչ պակաս կարեւոր շերտ նույնպես ունի: Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Լավրովը հայտարարեց, որ Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային «3+3» ձեւաչափի ստեղծումը, որին ենթադրվում է ոչ միայն Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, այլ նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը, իսկ նման ձեւաչափը, ըստ Լավրովի, պետք է զբաղվի նաեւ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով:

Տարածաշրջանային նման ձեւաչափի ստեղծման առաջարկ դեռ 2020թ. հոկտեմբերի վերջին ներկայացրել էր Թեհրանը, երբ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին պատերազմը կանգնեցնելու նման նախաձեռնությամբ մեկնեց տարածաշրջանային երկրներ: Պատերազմի ավարտից հետո 3+3 ձեւաչափի ստեղծման մասին ակտիվ արտահայտվում էր Թուրքիան եւ պնդում դրա անհրաժեշտությունը: Այժմ, դատելով Լավրովի հայտարարությունից, Ռուսաստանը նման ձեւաչափ պատկերացնում է, եւ հատկանշական է նրա այն շեշտադրումը, որ հենց Ռուսաստանն է որոշիչ դեր ունեցել 2020թ. նոյեմբերին պատերազմը դադարեցնելու հարցում: Ռուսաստանը սրանով ակնարկում է այս տարածաշրջանում իր ունեցած առանցքային դերակատարումը, եւ որ նման ձեւաչափի ստեղծման դեպքում Մոսկվան իր ուրույն տեղն է ունենալու:

Այստեղ բավական հետաքրքիր է Իրանի դիրքորոշումը: Պատերազմից հետո տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում Թեհրանի դերակատարումը տարածաշրջանում, կարելի է ասել, նվազել էր, իսկ այդ հարցը իրանական կողմի համար սրվել է՝ հաշվի առնելով կոմունիկացիաների բացման շուրջ առաջացած իրավիճակն ու «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններն ու իրանական կողմի համար Գորիս-Կապան ճանապարհին ի հայտ եկած խնդիրները: Այս պահին Իրանը, հռետորաբանությունը կոշտացնելով եւ ակտիվ զորավարժություններ անցկացնելով, փորձում է վերգտնել իր տեղը Հարավային Կովկասում, քանի որ այստեղ տեղի ունեցողն ուղղակիորեն առնչվում է իր շահերի հետ, հատկապես, եթե խոսքը Հայաստանի եւ Վրաստանի տարածքով Սեւ ծովի, այսինքն՝ եվրոպական երկրների հետ կապվելուն է վերաբերում: Տարածաշրջանային այս ձեւաչափը, գուցե, բավարարի Իրանին տարածաշրջանում ակտիվանալու համար. համենայն դեպս, Թեհրանին պետք է, որ սպասվող զարգացումներում իր դիրքորոշումն ու շահերը եւս հաշվի առնվեն, իսկ եթե 3+3 ձեւաչափը տա նման հնարավորություն, ապա այդ հարթակից Իրանը պետք է որ օգտվի:

3+3 ձեւաչափի շուրջ խոսակցությունները շատ կարեւոր մի իրողությունից են բխում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մանդատ ունի զբաղվելու միայն արցախյան հարցի կարգավորմամբ, բայց պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն ու դրանից հետո Հարավային Կովկասում ազդեցության ակնհայտ աճն այլ իրավիճակ է ստեղծել: Հիմա, փաստացի, արցախյան հարցը դուրս է եկել իր՝ նախկինում ունեցած շրջանակից՝ այն արդեն առավել քան Ռուսաստան-Թուրքիա տարածաշրջանային մրցակցության առարկա է, որտեղ իր շահերը նաեւ Իրանը ունի՝ հաշվի առնելով իրեն վերաբերող փոփոխությունները: Հետեւաբար, ստացվում է, մեր տարածաշրջանում գործընթացներն այժմ առավել քան կախված են տարածաշրջանային պետությունների հարաբերություններից, եւ կարելի է ենթադրել, որ հենց այս պատճառով են կողմերը շահագրգռված նոր ձեւաչափի գործարկմամբ: Այս համատեքստում եւս տեղավորվում է Իրանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ տարածաշրջանային խնդիրների կարգավորումը պետք է լինի հենց տարածաշրջանային երկրների հարաբերությունների տիրույթում:

Այստեղ հարցն այն է, թե որքանով է իրատեսական այդ ձեւաչափի ստեղծումը: Ռուս-վրացական չկարգավորված հարաբերությունները այստեղ լուրջ խոչընդոտ են ստեղծում, իսկ վրացական կողմն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ որեւէ ձեւաչափի միանալու տարբերակ իրենք չեն դիտարկում: Արդյո՞ք Թբիլիսին, ի վերջո, կարող է միանալ այս նախաձեռնությանը՝ բարդ է ասել: Առավել եւս, որ նման կարեւոր խնդիրներում Վրաստանը, անպայմանորեն, հաշվի է առնելու ԱՄՆ-ի, նաեւ՝ Եվրամիության դիրքորոշումը: Իսկ ինչպիսի՞ վերաբերմունք կարող են վերջիններն ունենալ այս հարցում. պատասխանը կախված է նրանից, թե ինչ առաջնայնություն է ունենալու այդ 3+3-ը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի համեմատ: Վերջին շրջանում համանախագահներ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ակտիվություն են ցույց տալիս՝ փորձելով վերականգնել բանակցություններն արցախյան խնդրի շուրջ, թե ինչ օրակարգով՝ դա այս տեսանկյունից ամենաէականը չէ, կարեւորը, որ գործընթացը սկսվի, իսկ դրա բացակայությունը կա՛մ նոր բախման հիմքեր կստեղծի օրերից մի օր, կա՛մ գործընթացը առավել չափով կտեղափոխի հենց տարածաշրջանային երկրների քննարկման դաշտ: Հետեւաբար, թե ինչ սուբորդինացիա կունենան Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն ու ենթադրվող 3+3-ը, դրանից էլ, գուցե, կախված լինի Վրաստանի միանալ-չմիանալու հարցը:

Մյուս կողմից, բաց է մնում այն հարցը, թե ինչ որոշում կկայացնի Հայաստանը: ՀՀ վարչապետը, համենայն դեպս, հայտարարել է, որ «ՀՀ-ն պետք է նախ հասկանա, թե դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են իրագործվում, ի՞նչ պայմաններով ու սկզբունքներով են գործելու և այլ մանրամասներ, որպեսզի հստակ դիրքորոշում արտահայտի դրա վերաբերյալ»: Լավրովը հայտարարել է, որ իրենք այս հարցում աշխատանք են տանում հայկական կողմի հետ: Իհարկե, Երեւանի մասնակցել-չմասնակցելու հարցում առանցքային է լինելու Մոսվկայի դերը, բայց նաեւ այս հարցում դեր կարող է խաղալ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում գործընթացի հնարավոր վերսկսումը եւ այն, թե ինչ է դրված լինելու բանակցությունների սեղանին:

Եվ վերջում՝ նման ձեւաչափի ստեղծման եւ բոլոր կողմերի մասնակցության երաշխիքներից մեկն էլ այն է, որ բոլորն էլ այս կամ այն չափով եւ այս կամ այն պատճառով ցանկանա ներգրավվել այդ ձեւաչափում:

Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ հեռուստահաղորդավար է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին