Մոսկվայի փոխարեն Բրյուսել գնալու պատճառները - Mediamax.am

Մոսկվայի փոխարեն Բրյուսել գնալու պատճառները
1920 դիտում

Մոսկվայի փոխարեն Բրյուսել գնալու պատճառները


Իրադարձությունները բավական դինամիկ են զարգանում վերջին օրերին, ու տարբեր մայրաքաղաքներից post-factum հնչող ամեն նոր ազդակ գործընթացների խորությունը պատկերացնելու ավելի մեծ հնարավորություն է տալիս։

Նախ ելակետ ընդունենք այն, որ տարածաշրջանային զարգացումներում ներգրավված ու դրանց այս կամ այն չափով առնչվող որեւէ կողմ չի գործում պարզապես պահի թելադրանքով՝ ամեն քայլ, իհարկե, ունի կարճաժամկետ մարտավարական հնարքի բաղադրիչներ, բայց դրանք հիմնականում բխում են այն քաղաքականությունից, որոնք կողմերը վարում են առնվազն 2020թ. նոյեմբերի 9-ից հետո:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զորքերի հարձակումից հետո կատարվածը վերջին մեկ տարվա ամենալուրջ էսկալացիան էր՝ հաշվի առնելով թե՛ մարտերի ինտենսիվությունն ու տեւողությունը, թե՛ զրահատեխնիկայի ու հրետանու կիրառությունը եւ թե գրանցված կորուստները: Ադրբեջանի նպատակներում որեւէ բան չի փոխվել՝ օգտագործել պատերազմից հետո ստացած ռազմաքաղաքական ու, նաեւ, հոգեբանական առավելությունը՝ հնարավորին չափ հայկական կողմին ճնշելու եւ իր համար նախընտրելի լուծումների դաշտ տանելու նպատակով, բառի բուն ու փոխաբերեկան իմաստով պոկել այնքան, որքան թույլ են տալիս Ադրբեջանի՝ այս պահին ունեցած առավելություններն ու Հայաստանի՝ տարբեր պատճառներով ունեցած խոցելիությունը: Այս ամենի «պլան մաքսիմում»-ը եւս չի փոխվել՝ սահմանների փոխճանաչում այնպես, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ «խցկվի» նաեւ Արցախից մնացած հատվածը՝ դրանից բխող հետեւանքներով, եւ Նախիջեւանին կապող միջանցք, թեկուզ անգամ դրա անունը «տնտեսական բարգավաճման մայրուղի» լինի, կարեւորը՝ բովանդակությունը լինի այն, ինչ անհրաժեշտ է:

Բայց ինչո՞ւ հիմա լարել իրավիճակը սահմանին

Հոկտեմբերի վերջին տեղեկատվական արտահոսք եղավ այն մասին, որ նոյեմբերի 9/10-ին Մոսկվայում եռակողմ նոր փաստաթղթեր են ստորագրվելու, որոնք վերաբերելու են հենց վերոնշյալ խնդիրներին: Ընդ որում, այդ մասին հրապարակում եղավ նաեւ ռուսական «РИА Новости»-ի կողմից, իսկ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ այդ միջակայքում հանդիպում նախատեսվում է: Նոյեմբերի 5-ին Երեւան այցելեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հայ-ռուս-ադրբեջանական փոխվարչապետերի հանձնաժողովում ՌԴ ներկայացուցիչը: ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա ուշագրավ հայտարարություններ արեց այն մասին, որ բացվելու դեպքում ճանապարհները վերահսկվելու են այն պետությունների կողմից, որոնց տարածքով դրանք անցնելու են, համենայն դեպս, ըստ ՌԴ փոխվարչապետի, այդպիսին են ներկա ընկալումները: Նախորդ հոդվածներում մի քանի անգամ շեշտել եմ այն գաղափարը, որ այս հարցում Ռուսաստանի համար կարեւորագույն խնդիրը բացվելիք կոմունիկացիաների նկատմամբ բավարար չափով վերահսկողություն ունենալն է, եթե անգամ դա միջանցքի տարրեր պարունակի. չմոռանանք, որ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ցամաքային կապն ապահովող միակ ճանապարհը Լաչինի միջանցքն է, այսինքն՝ միջանցք այն տարածքով, որը միջազգային հանրությունը ընկալում է որպես Ադրբեջանի տարածք, բայց դրա վերահսկողությունն իրականացնում է միայն ռուսական կողմը: Հետեւաբար, եթե Ռուսաստանը կարողանա վերահսկել ոչ միայն ՀՀ-ն եւ Արցախը, այլ նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող կոմունիկացիաները, ապա դա ավելի է ընդլայնում ռուսական կողմի գործիքակազմը: Առավել եւս, որ Նախիջեւանին կապող ենթադրվող ճանապարհներն այդքան էլ մեծ հեռավորություն չեն ունենալու Հայաստանն Արցախին կապող կենսական ենթակառուցվածքներից, որոնց միջոցով Ռուսաստանն էլ իր հերթին կապ է ապահովում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հետ: Ադրբեջանին Հայաստանի տարածքով Նախիջեւանին կապող հնարավոր կոմունիկացիաների՝ միայն Ռուսաստանի կողմից վերահսկելու տարբերակն Ադրբեջանը, իհարկե, հրապարակավ չի բացառել, բայց դրանով պետք է որ խանդավառված էլ չլինի, որովհետեւ ռուսական կողմն Ադրբեջանի նկատմամբ ազդեցության նոր լծակ է ստանալու: Հետեւաբար, ՌԴ փոխվարչապետի այս հայտարարությունները, կարծես թե, «լուռ» դժգոհությամբ են տարել Բաքվում, ու չպետք է բացառել, որ դա իր հերթին կարող է բորբոքած լինել Ադրբեջանի՝ որպես բանակցային նախապատրաստություն սահմանային լարման գնալու մտադրությունը: Հատկանշական է նաեւ այն, որ ՌԴ փոխվարչապետը Բաքու չայցելեց։

ՌԴ նախագահի խոսնակն օրերս հայտարարեց, որ նման միջադեպերից խուսափելու գրավականը ստանձնած եռակողմ պարտավորությունների պահպանումն ու պայմանավորվածությունների իրագործումն է, եւ որ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանդիպում, իհարկե, կայանալու է, բայց կողմերի կոնսենսուսն է դրա համար անհրաժեշտ: Երբ նախքան նոյեմբերի 9-ը այդ թվում Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ հանդիպում է նախատեսվում, ՀՀ վարչապետը իր տված հարցազրույցում հերքել էր դա՝ ասելով, որ չկան ձեռք բերված պայմանավորվածություններ, իսկ հանդիպում, ի վերջո, չկայացավ: Եթե հանդիպումը ձգձգող եւ դեռեւս կոնսենսուսի չգնացած կողմը Հայաստանն է, ապա այս հանգամանքը եւս կարող է Ադրբեջանին դրդած լինել ավելի մեծ չափաբաժնով ճնշում բանեցնել ընդդեմ հայկական կողմի:

Փաշինյանն ու Ալիեւը Մոսկվայի փոխարեն Բրյուսել են մեկնելու

Բայց այս ամենից զատ բավական ուշագրավ զարգացում է գրանցվել: Նոյեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կկայանա, բայց դրա համար կողմերի համաձայնությունն է պետք: Դրանից ժամեր անց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ իր ունեցած հեռախոսազրույցների արդյունքում կողմերը պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ դեկտեմբերի 15-ին՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում: Եթե ավելի պարզ, ապա ստացվում է՝ կողմերը ընդհանուր հայտարարի չեն հասել Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպելու հարցում, բայց պայմանավորվել են հանդիպել Եվրամիության միջնորդությամբ: Սա այն պարագայում, երբ այդ պայմանավորվածությունը ձեռք բերելուց ընդամենը 3 օր առաջ մի քանի ժամ տեւած մարտերը, ըստ պաշտոնական տեղեկատվության, դադարեցվել են Ռուսաստանի եւ անձամբ ՌԴ պաշտպանության նախարարի միջնորդությամբ: Ի՞նչ դրդապատճառներ կարող են ունենալ այս դեպքում կողմերից յուրաքանչյուրը.

Հայաստան – միանգամայն հասկանալի է, որ բանակցություններում ամենաքիչ ռեսուրս եւ ամենաթույլ դիրքեր ունեցողը հայկական կողմն է. այդ պայմաններում մեղմ ու ոչ ցավոտ լուծումներ բարդ է պատկերացնել, գոնե իրերի առկա դասավորության պայմաններում: Եվ միանգամայն հասկանալի է, թե ինչ շիկացած մթնոլորտ ու հանրային սպասումների, ընկալումների տեսանկյունից առկախված տագնապ է դա ձեւավորվում եւ ձեւավորելու: Հետեւաբար, այս ու այլ դրդապատճառների բերումով հայկական կողմը, գուցե, այս պահին դեռեւս փորձում է առկախել գործընթացը: Եթե ստեղծված իրավիճակում ԵՄ միջնորդությամբ Բրյուսելում հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվում, ինչը կարող է բանակցությունների հավելյալ հարթակի ձեւավորման ու զուգահեռ գործընթացի մեկնարկի հանգեցնել, ապա դրանում, միգուցե, պաշտոնական Երեւանը ժամանակ շահելու «պատուհան» է տեսնում, ինչն էլ նպաստել է այդ ձեւաչափում հանդիպմանը համաձայնելու որոշմանը:

Ադրբեջան – Բաքուն, իհարկե, սրում  է իրավիճակն առաջնագծում մեծ ու փոքր էսկալացիաներով, բայց դա միանգամից չի ենթադրում, որ նոյեմբերի 16-ի հարձակմամբ փորձում էր հիմա հասնել փաստաթղթերի ստորագրմանը այն բովանդակությամբ, որով դրանք առկա են բանակցային սեղանին: Եթե Ադրբեջանի գերնպատակը սահմանների փոխճանաչումն է՝ Արցախի կարգավիճակի չեզոքացման հեռանկարով, եւ միջանցքի կորզումը, իսկ երկու սցենարի դեպքում էլ Ռուսաստանի կողմից կան վերապահումներ , ապա պետք չէ վստահ լինել, որ Ադրբեջանը հենց այս փուլում պատրաստ է ստորագրել ենթադրվող փաստաթղթերը: Ի վերջո, եթե խոսում ենք սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա պաշտոնապես սկսելու մասին, ապա կարեւոր է հասկանալ՝ արդյո՞ք Ադրբեջանը շահ տեսնում է այդ գործընթացը սկսելու մեջ: Իհարկե, խոսքն այնպիսի գործընթացի մասին է, որը կարող է անգամ տասնյակ տարիներ ձգվել՝ կախված կողմերի տրամադրվածությունից եւ այլ գործոններից: Բայց եթե առաջնորդվենք ոչինչ չբացառելու սկզբունքով, ապա սահմանների հստակեցման բանակցությունների՝ առավել կարճ տեւելու դեպքում Ադրբեջանը կկորցնի այն խաղաքարտը, որի շնորհիվ կարողանում է հիմա պարբերաբար ներխուժել Հայաստանի տարածք ու դա որպես ճնշման ազդեցիկ գործիք օգտագործել: Հիմնավորումն էլ է պարզ՝ եթե իրավական տեսանկյունից Հայաստան-Ադրբեջան սահման գոյություն չունի, իսկ դա այդպես է, քանի որ երկու երկրները չեն ճանաչել միմյանց սահմաններն ու դա հավաստող միջպետական համաձայնագիր չեն ստորագրել, ապա որքան էլ Հայաստանը հայտարարի իր սուվերեն տարածքներ ադրբեջանական զորքերի ներխուժման ու օկուպացիայի մասին, միեւնույնն է՝ Բաքուն միշտ էլ կարող է հղում անելով իրավականորեն սահմանների բացակայությանն ու պնդել, որ «սահմանային վեճեր» են առկա: Իսկ սահմանազատման ու սահմանագծման ավարտի պարագայում ոչ միայն Ադրբեջանի՝ այդ դաշտում խաղալու տարածությունն է խիստ կրճատվում, այլ նաեւ միջազգային հանրությունն այլեւս կողմերին կոչ չի անելու սահմանները հստակեցնել միջադեպերից խուսափելու համար, քանզի դա արդեն իսկ իրականացված կլինի: Մյուս կողմից, եթե սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը որեւէ կերպ չառնչվի Արցախին ու նրա կարգավիճակին, ապա Ադրբեջանի ինչի՞ն է պետք լինելու շտապել այս հարցում՝ հանուն միայն այն տարածքների, որոնք իր անկլավնե՞րն է համարում…դա, իհարկե, նրանց համար կարեւոր է, բայց էական է նաեւ, թե ո՞րն է Ադրբեջանի գերխնդիրն այս գործընթացում: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններում, կարծես, խնդիրների է բախվում միջանցքի խնդրի շուրջ, ապա Ադրբեջանին, հնարավոր է, եւս հիմա ձեռնտու է ձգձգել նոր փաստաթղթերի ստորագրման գործընթացը, իսկ ԵՄ տրամադրած հարթակում հանդիպման գնալը Ալիեւի համար եւս կարող է «պատուհան» լինել՝ ժամանակ շահելու եւ իր բանակցային դիրքերը հնարավորության դեպքում բարելավելու նպատակով:

Եվրամիություն – Իսկ ի՞նչ շահ կարող է ունենալ Բրյուսելը: Արցախյան  երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի դերակատարումը ոչ միայն որպես տարածաշրջանային տերություն, այլ նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն շատ ավելի է աճել, ինչի մասին ՌԴ նախագահը բառացի հայտարարեց ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ՝ նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների կարգավորման հարցում Ռուսաստանի դիվանագիտական դերն ավելի է աճում: Այս պայմաններում համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ակնհայտորեն պասիվ են ներկա փուլում՝ ոչ այնքան հայտարարությունների, այլ գործնական քայլերի իմաստով: Սա, միգուցե, Եվրամիության միջնորդությամբ Արեւմուտքի մասնակցությունը հարավկովկասյան գործընթացներին ակտիվացնելու խնդիր լուծի՝ չնայած նրան, որպես ԵՄ-ն՝ որպես սուբյեկտ, ներգրավված չի եղել ղարաբաղյան կարգավորման բանակցություններում: Այս տարբերակը, համենայն դեպս, բացառել պետք չէ: Առավել հավանական է թվում այն, որ Եվրամիության ակտիվացման պատճառը Հարավային Կովկասում իր ունեցած հետաքրքրություններն են՝ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի առնչությամբ, որը Հնդկական օվկիանոսը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով պետք է կապի Սեւ ծովի ավազանի եւ Եվրոպայի հետ: Տրանսպորտային ուղիների եւ ծրագրերի այսպիսի մրցակցության ու բազմազանության պայմաններում հարց է առաջանում՝ եթե հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձեւաչափում տարածաշրջանային կոմունիկացիաներ ապաշրջափակվեն, ապա ի՞նչ կարգավիճակ ու ձեւ են ունենալու Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող կոմունիկացիաները, եւ արդյո՞ք դրանք կարող են խանգարել Իրանի Հայաստանով անցնող «Պարսից ծոց-Սեւ ծով» ենթադրվող տրանսպորտային միջանցքին: Նվազագույնը՝ անվտանգության ու կայունության տեսանկյունից, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է ռիսկային դարձնել Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների իրականացումը՝ անվտանգային խնդիրներ առաջացնելով Սյունիքով անցնող ճանապարհներին, առավել եւս՝ վերջին սրացումից հետո, երբ ադրբեջանական ուժերը ռազմավարական այնպիսի բարձունքների նկատմամբ են վերահսկողություն հաստատել, որոնք «ափի մեջ» են վերցնում Երեւան-Գորիս մայրուղին՝ դրանից բխող բոլոր ռիսկերով: Եվ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու գործընթացի միջնորդական դերը ստանձնել է Ռուսաստանը, ապա չի բացառվում, որ այս հարցերի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների դաշտ ստեղծելու նպատակով է հենց Եվրամիությունը իր հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցություններ նախաձեռնում: Ուշագրավ է, որ հենց այս փուլում ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հայտնում է, որ «Պարսից ծոց-Սեւ ծով» տարանցիկ միջանցքի համաձայնագիրը կարող է հաստատվել մասնակից երկրների՝ Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում։

Այս վարկածն առավել հավանական է դառնում այն դեպքում, երբ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպելու, այլ նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սա, կրկնեմ, այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական առաջնագծում գրեթե ցանկացած փոքր ու մեծ բախում կանխելու կամ դադարեցնելու հարցին միջամտում է Ռուսաստանը, այն դեպքում, երբ նոյեմբերի 16-ին հրադադար հաստատվել է ՌԴ պաշտպանության նախարարի միջնորդությունից հետո: Այն, որ խնդիրներին տեղում թե՛ քաղաքական եւ թե՛ ռազմական միջոցներով օպերատիվ լուծումներ տալու իրական հնարավորություն, ռեսուրս ու ազդեցության միջոցներ ունի միայն Ռուսաստանը՝ առավել եւս Արցախում ռուս խաղաղապահ ուժերի առկայության եւ ՀՀ-ում ռուս սահմանապահ ուժերի ընդլայնման պայմաններում, ակնհայտ է: Հարցն այն չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական գերատեսչությունների միջեւ կապ ստեղծելու պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում ավելի արդյունավետ են համարել ԵՄ միջնորդությունը Ռուսաստանի համեմատ, այլ այն, որ դա իր հերթին տեղավորվում է քիչ առաջ հիշատակածս «ժամանակ շահելու, մանեւրի դաշտը մեծացնելու» տրամաբանության մեջ:

Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ հեռուստահաղորդավար է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին