Պուտին-Էրդողան. հակասություններից մինչեւ համագործակցություն - Mediamax.am

Պուտին-Էրդողան. հակասություններից մինչեւ համագործակցություն
1721 դիտում

Պուտին-Էրդողան. հակասություններից մինչեւ համագործակցություն


Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները տեւական դադարից հետո հանդիպեցին՝ Սոչիում: Թեեւ տեսախցիկների առջեւ արված հայտարարություններն առավելապես արարողակարգային էին ու այդքան էլ չէին բացում բանակցությունների ծալքերը, բայց հնչած որոշակի շեշտադրումներ ու հանդիպումից հետո արված կոնկրետ հայտարարություններ ինչ-որ չափով «պարզաջրում» են իրավիճակը:

Հարավային Կովկաս, ԼՂ հակամարտություն, «միջանցքներ»

Նախ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ երկրների ղեկավարները տարածաշրջանային խնդիրներ են նաեւ քննարկել՝ այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, Պուտինն էլ շեշտել է, որ կողմերը սահմանազատման եւ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման փոխզիջումային լուծում պետք է փնտրեն:

Բնականաբար, պատահական չէ, որ բանակցություններից հետո ՌԴ նախագահի խոսնակը, որոշակի փակագծեր բացելով, հնչեցնում է այս թափանցիկ ակնարկը. դա մի՛ կողմից ռուս-թուրքական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից ռուսական կողմի համար հարցի կարեւորություն է ընդգծում՝ արտահայտելով նաեւ, թե որքանով է խնդիրը կենտրոնական եղել բանակցություններում, մյուս կողմից՝ վկայում, որ հարցի վերաբերյալ հենց Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումների միջեւ «սառույցը հալեցնել» չի ստացվել:

Այն, որ խնդրի շուրջ Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումներում հակասություն կա, տեսանելի է դառնում ոչ միայն Պեսկովի խոսքերից: Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես առաջ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներից, հայտարարել էր, որ թեեւ Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցվել է, բայց դեռեւս չկարգավորված հարցեր կան, որոնց կարող է լուծում տալ խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հղում անելով նաեւ դրա վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Այսինքն, եթե Անկարան օդում կախված հարցերի լուծումը պատկերացնում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման պայմաններում խաղաղության պայմանագրի կնքմամբ ու դրանից բխող իրողություններով, ապա Մոսկվան պնդում է, որ կողմերը պետք է փոխզիջումների գնան: Փոխզիջում ասվածը, իհարկե, ԼՂ հակամարտության ապագայի, ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության հեռանկարների ու Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման խնդիրներում ռուսական շահերի հետ հաշվի նստելուն է վերաբերում: Թե ինչ դիրքորոշում կարող է ունենալ Ռուսաստանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում եւ որքանով դա կապ ունի ռուս-թուրքական հարաբերությունների հետ, անդրադարձել եմ նախորդ հոդվածում:

Իբրահիմ Քալընի այս հայտարարության ֆոնին առավել եւս բավական ուշագրավ է Պուտինի՝ Էրդողանին ուղղված այն շեշտադրումը, որ Ադրբեջանի եւ, ուշադրություն, Հայաստանի սահմանին հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնն ակտիվ աշխատում է եւ կայունության լրջագույն երաշխիք է իրենից ներկայացնում: Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, հիշեցնեմ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին տրված Ակնայի (Աղդամ) շրջանում է տեղակայված, որի գործառույթը ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկումն է: Եթե ճիշտը խոսենք, ապա Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության պայմաններում Արցախի եւ Ադրբեջանի շփման գիծը ռազմաքաղաքական իմաստով, գուցե, ռուս-ադրբեջանականի է վերածվել:

Վարկածները, իհարկե, տարբեր կարող են լինել, եւ բարդ է միանշանակ պնդել՝ ինչ նկատի ուներ ՌԴ նախագահը, բայց առավել հավանական է  թվում, որ «Հայաստան» բառի տակ այլ ակնարկ էր քողարկված՝ այն, որ Արցախի տարածքն այլեւս կենսական կարեւորություն է ձեռք բերել եւ Ռուսաստանի ազդեցության գոտի է, ուստի ինչ էլ քննարկվի Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարթությունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին ԼՂԻՄ տարածքը ներառյալ ճանաչելու կամ այլ տարբերակների մասին, եւ որքան էլ Թուրքիան պնդի Բաքվի համար ցանկալի սցենարը, միեւնույնն է՝ Մոսկվայի հետ իրեն վերաբերող հարցերում նրբությունները քննարկել ու համաձայնեցնել պետք է:

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի կարեւորության մասին շեշտելն այլ ուղերձ էլ էր պարունակում. Ռուսաստանի նախագահը, ամենայն հավանականությամբ, փորձում էր ազդակ հղել առ այն, որ ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի դերակատարությունը պետք է սահմանափակվի այդ կենտրոնի գործունեությամբ, եւ որ դրանից ավելին Անկարան չպետք է ակնկալի: Այն, որ Թուրքիան ավելիին էր ձգտում, ակնհայտ էր պատերազմի դադարեցումից անմիջապես հետո, երբ Անկարայից պաշտոնական հայտարարություններ էին հնչում այն մասին, որ Արցախում ռուսական ուժերից բացի թուրք խաղաղապահներ են տեղակայվելու, ինչին հասնել չհաջողվեց, մյուս կողմից՝ Թուրքիան ձգտում էր բանակցային գործընթացում որպես միջնորդ ներգրավվել՝ գուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով՝ հաշվի առնելով նաեւ այն, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է: Անկախ նրանից, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության հարցը երկկողմ մակարդակում քննարկում է Թուրքիայի հետ, միեւնույնն է՝ Հարավային Կովկասում Թուրքիան իր համար ավելի մեծ ազդեցություն է պատկերացնում:

Ի դեպ, Սոչիից Թուրքիա վերադառնալու ճանապարհին Էրդողանը կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին է հիշել՝ ասելով, որ դրա ստեղծումը լավ հնարավորություն կդառնա ողջ տարածաշրջանի համար, եւ որ Հայաստանն այս հարցում պետք է կատարի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները: Այն, որ նշված հարցերի շուրջ համաձայնության գալ չի ստացվել, բանակցություններից հետո հնչող հայտարարություններն են վկայում, հակառակ դեպքում կարիք չէր լինի երկու կողմի համար հրապարակայնորեն հստակեցնել ունեցած դիրքորոշումները:

Պուտինն ու Էրդողանը բանակցում են, «Bayraktar»-ը՝ ակտիվանում Ուկրաինայում

Մինչ Սոչիում Պուտինն ու Էրդողանը բանակցում էին, նույն պահին Կիեւեում Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ Ուկրաինայի ՊՆ-ի եւ թուրքական «Bayraktar Savunma» ընկերության միջեւ հուշագիր կնքվեց թուրքական արտադրության «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ վերանորոգման եւ արդիականացման կենտրոն կառուցելու վերաբերյալ: Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ռուսական տարբեր լրատվամիջոցների էջերում եւ քաղաքական թոքշոուների ժամանակ շեշտը հատկապես հենց այս իրադարձության վրա էր դրվում՝ Թուրքիայի կողմից դեմարշի տրամաբանությամբ:

Թուրքիան արդեն ամիսներ շարունակ ոչ միայն ԱԹՍ-ներ է վաճառում Ուկրաինային, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների, հասցրել են կիրառվել Դոնբասում, ոչ միայն դրանց սպասարկման կենտրոն կառուցելու հուշագիր է կնքում Սոչիում ընթացող հանդիպման րոպեներին, այլ նաեւ Ղրիմի հարցն է դարձրել բանակցային գործիք: Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը» Ռուսաստանին եւ չեն ընդունում Ղրիմում անցկացված վերջին ընտրությունների արդյունքները: Սա Թուրքիայի՝ տարբեր տարածաշրջաններում վարած ռազմավարության դրսեւորումն է Սեւծովյան տարածաշրջանում. Էրդողանը, հարցը շահարկելով, փորձում է տպավորություն ստեղծել, որ Սեւծովյան տարածաշրջանում կարող է «եղանակ» փոխել ու խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար, իսկ դրա նպատակը Ռուսաստանի հետ սակարկությունների նոր դաշտ բացելն ու լրացուցիչ առեւտրի մեջ մտնելն է. ի վերջո, որքան շատ ուղղություններով կարողանաս խնդիր ստեղծել մրցակցիդ համար, այնքան շատ կկարողանաս նրան բերել կոմպրոմիսների դաշտ:

Սիրիա

Պուտին-Էրդողան հանդիպման առանցքային թեմաներից մյուսն, իհարկե, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակն է եղել, թեեւ հարցի շուրջ նոր համաձայնությունների մասին որեւէ հայտարարություն չի եղել: Իդլիբում վերջին շրջանում լարվածության աճ է նկատվում՝ Սիրիայի իշխանությունները պնդում են, որ թուրքական զորքերն ու ահաբեկչական խմբավորումները պետք է հեռանան երկրի հյուսիսային շրջաններից, 2020 թ. ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու եւ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական ուժերի դեմ պայքարելու կոչեր են հնչում Ռուսաստանից՝ ուղղված Թուրքիային, իսկ վերջինը դժգոհություն է հայտնում Ռուսաստանից, որ Իդլիբում աճել են ռուսական կողմի ավիահարվածների թիվը, քանի որ, ըստ թուրքական կողմի, ահաբեկչական տարրեր չեն ոչնչացվում այդկերպ՝ հույս հայտնելով, որ «Ռուսաստանը կհետեւի իր ստանձնած պարտավորություններին»: Այս մասին նաեւ Թուրքիայի ՊՆ Հուլիսի Աքարն էր հայտարարել Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ:

Հատկանշական է, որ օրեր առաջ ՌԴ նախագահը Մոսկվայում ընդունել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչպես նաեւ՝ Սիրիայի հյուսիսարեւելյան եւ Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող շրջանները ներկայացնող ընդդիմության առաջնորդներից Իլհամ Ահմեդին: Ընդ որում, Պուտինն Ասադի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ օտարերկրյա զինված ուժերի առկայությունը երկրի որոշ հատվածներում առանց ՄԱԿ-ի մանդատի կամ Ասադի համաձայնության խնդիր է՝ ըստ էության ակնարկելով թուրքական զինուժին եւ վերջինի հովանավորությամբ գործող խմբավորումներին: Հիմքեր չկան կարծելու, որ սիրիական խնդրի շուրջ առաջիկայում կարող են արմատական տեղաշարժեր գրանցվել: Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշեց, որ Սիրիայում խաղաղությունը կախված է հենց ռուս-թուրքական հարաբերություններից: Կանխատեսումներ անելն այս պահին բարդ է, բայց մեկ բան ակնհայտ է՝ սիրիական խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունները պայմանավորվող գործոններից դեռ երկար ժամանակ է լինելու, եւ անկախ պարբերական լարումներից՝ կողմերը ձգտելու են հնարավորին չափ խուսափել անվերահսկելի իրավիճակներից՝ գտնելով թեկուզ ժամանակավոր, բայց միմյանց բավարարող համաձայնություններ:

Ռուսական գազը «Թուրքական հոսքով» է արդեն արտահանվում Եվրոպա

Այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ անկախ տարաձայնություններից՝ Ռուսաստանն ու Թուրքիան հատվող հետաքրքրությունների զորու համագործակցում են տնտեսական եւ հատկապես էներգետիկ ոլորտում. ոչ միայն միջպետական համաձայնագրով կառուցվում է Թուրքիայի առաջին՝ «Ակկույու» ԱԷԿ-ը, այլ հոկտեմբերի 1-ից ռուսական գազը Ուկրաինայի փոխարեն Թուրքիայի տարածքով է արտահանվում Հունգարիա եւ Խորվաթիա: Օրեր առաջ «Gazprom»-ը եւ հունգարական «MVM Group»-ը 15 տարի ժամկետով նոր գազային պայմանագիր են կնքել, ըստ որի՝ Հունգարիան տարեկան 4.5 միլիարդ խ.մ. գազ կներմուծի Ռուսաստանից. 3.5 միլիարդը՝ «Թուրքական հոսք» գազատարով, 1 միլիարդը՝ Ավստրիայի տարածքով: Վլադիմիր Պուտինն Էրդողանի հետ զրույցում առանձնահատուկ շեշտեց «Թուրքական հոսք» գազատարի կարեւորությունն ու դրա դերը երկկողմ հարաբերություններում: Ռուսաստանը ոչ միայն եվրոպական գազային շուկայում իր դոմինանտ դիրքը պահպանելու եւ ծավալներն ընդլայնելու խնդիրն է այսկերպ լուծում, այլ փորձելու է նվազագույնի հասցնել Ուկրաինայի տարանցիկ նշանակությունը ռուսական գազը դեպի եվրոպական երկրներ արտահանելու հարցում, ինչի պատճառով այժմ սրվել են նաեւ Ուկրաինայի եւ Հունգարիայի հարաբերությունները: Սա առավել իրագործելի կդառնա, երբ «Հյուսիսային հոսք-2» գազատարով ռուսական գազը սկսի արտահանվել դեպի Գերմանիա: Սրանից զատ, Ռուսաստանը, Թուրքիային դարձնելով եվրոպական շուկային կապող օղակ, նաեւ վերջինի հետ տնտեսական փոխկապվածություն է առաջացնում, իսկ Թուրքիան ոչ միայն այս գազամուղով ռուսական գազի որոշակի ծավալ է ներկրելու, այլ մեծացնելու է իր տարանցիկ էներգետիկ հաբ լինելու նշանակությունը: Կարճ ասած, փոխշահավետ տնտեսական համագործակցություն՝ քաղաքական արդյունքներով եւ միմյանց փոխզսպելու լծակներով:

Ի դեպ, Պուտին-Էրդողան հանդիպմանը, հնարավոր է, քննարկված լինի նաեւ գազային նոր պայմանագրի կնքման հարցը, քանի որ «Gazprom»-ի հետ գոյություն ունեցող ռուսական գազի ներկրման պայմանագրի ժամկետը տարեվերջին ավարտվելու է: Բնական գազի պահանջարկը վերջին տարիներին, դատելով տարեկան սպառման ծավալներից, աճել է, եւ Թուրքիայի համար այժմ կարեւոր է մատչելի պայմաններով գազային նոր պայմանագիր կնքել ռուսական կողմի հետ: Առավել եւս, որ Ադրբեջանից ներմուծվող գազի ծավալը գրեթե կիսով չափ նվազել է այս տարվա ապրիլից, քանի ադրբեջանական  «Շահ Դենիզ» հանքավայրը շահագործող կոնսորցիումը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով, իսկ նոր պայմանագիր դեռեւս չի կնքվել, եւ բանակցություններ են տարվում նաեւ ադրբեջանական կողմի հետ:

Կառավարել հակասությունները՝ համագործակցելով այնքան, որքան հնարավոր է

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով խնդրահարույց հարցերի շուրջ հազիվ թե հաջողված լինի գործնական տեղաշարժի կամ համաձայնության հասնել. հակառակը,  երկուստեք հնչող ակնարկները, որոնք Մոսկվայի եւ Անկարայի՝ այս հարցերում ունեցած չհամընկնող տեսակետներն են արտացոլում, հակառակի մասին են ավելի շատ հուշում:

Սա, իհարկե, սպասելի իրավիճակ է. եթե, մասնավորապես, դիտարկենք մեր տարածաշրջանում տիրող պատկերը, ապա պատերազմից հետո Թուրքիան աստիճանաբար վերածվում է Հարավային Կովկասում օրակարգ թելադրող եւ իր հետ հաշվի նստել ստիպող խաղացողի՝ երկարաժամկետ առումով նպատակ ունենալով առավել ամրապնդել այդ կարգավիճակը: Դա, բնականաբար, որեւէ կերպ բարենպաստ միջավայր չի ստեղծում Ռուսաստանի համար՝ որքան երկարում են Անկարայի ձեռքերը, այնքան առավել սեղմ է դառնում Մոսկվայի ազատ գործելու հնարավորությունները:

Առանցքային էր, իհարկե, Պուտինի այն ձեւակերպումը, որ բանակցությունները հաճախ բարդ են լինում, բայց, ի վերջո, իրենց հաջողվում է կոմպրոմիսների գալ՝ գտնելով փոխադարձ ձեռնտու լուծումներ: Ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաեւ ռուս-թուրքական մրցակցության մնացած հատվածներում թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, անկախ այս կամ այն փուլում հարաբերությունների ջերմացումից կամ սրումից, ստիպված են գնալ թեկուզ հարաբերական կայունություն ու կանխատեսելիություն ապահովող համաձայնությունների, որովհետեւ անկախ մի շարք հարցերում ունեցած հատվող շահերից, հակասությունները բավական զգալի են, իսկ դրանք պետք է ինչ-որ կերպ կառավարել ավելի անցանկալի սցենարներից խուսափելու համար, փոխշահավետ համաձայնությունների գնալ այնքան, որքան հնարավոր է: Ռուս-թուրքական հարաբերությունները շատ կարեւոր առանձնահատկություն ունեն՝ Թուրքիան Ռուսաստանի համար բազմաթիվ ուղղություններում մրցակից է, որի հետ ունի սուր հակասություններ, բայց մյուս կողմից ռուս-թուրքական համագործակցությունը որոշակի ճգնաժամ է առաջացնում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ մասնավորապես ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում, իսկ Թուրքիան կարողանում է Ռուսաստանի հետ իր համագործակցությունը «թանկ վաճառել» Միացյալ Նահանգների վրա՝ իր համար ցանկալի արդյունքների հասնելու համար: Սա աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հիմքում ընկած առանցքային սկզբունքն է՝ ամենեւին չի թուլացնում ունեցած հակասությունների լրջությունը, բայց նաեւ թույլ չի տալիս, որ կողմերը գնան կտրուկ քայլերի, որքան էլ այս կամ այն իրավիճակում լինի դրա ցանկությունը:

Հայկ Սահակյանը քաղաքագետ եւ հեռուստահաղորդավար է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին