«Մոռանալ» Տիգրան Մեծին ու արժեք ստեղծել - Mediamax.am

«Մոռանալ» Տիգրան Մեծին ու արժեք ստեղծել
6360 դիտում

«Մոռանալ» Տիգրան Մեծին ու արժեք ստեղծել


Հոդվածաշարի առաջին մասը`Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում
 
1994 թվականին, երբ մենք հաղթեցինք, 18 տարեկան էի: Ամբողջ չափահաս կյանքս ապրել էի իբրեւ հաղթած երկրի քաղաքացի: Մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 10-ը, երբ արթնացանք այլ երկրում: Կարծում եմ՝ կարելի է որոշակի զուգահեռներ անցկացնել այն ապրումների հետ, որ ունեին մեր ծնողները, երբ փլուզվեց Խորհրդային միությունը. 1991-ին մայրս ավելի երիտասարդ էր, քան ես հիմա:

Վերջին 20 տարվա ընթացքում մի քանի անգամ եղել եմ տարբեր միջազգային կոնֆերանսներում, որոնց մասնակիցները Սեւ ծովի տարածաշրջանի երկրներից էին: Հաճախ թեմաներից մեկը ինքնության ճգնաժամն էր, որի միջով անցնում էին տարածաշրջանի հետխորհրդային երկրները, օրինակ՝ Ուկրաինան կամ Մոլդովան: Հիշում եմ, որ այդ քննարկումների ընթացքում միշտ ինքս ինձ ասում էի՝ ինչ լավ է, որ գոնե ինքնության խնդիր մենք չունենք: Հիմա դժվար է ասել. մենք այդ խնդիրն իսկապես չունեինք եւ ձեռք բերեցինք միայն 2020 թվականի պարտությունից հետո, թե՞ ունեինք, բայց ինքներս մեզնից թաքցնում էինք:

Գալով այն մտքին, որով ավարտեցի հոդվածաշարի առաջին մասը՝ արդյոք 1994 թվականի հաղթանակից հետո մենք ձեւակերպե՞լ էինք այն տեսլականը, որով պետք է շարունակեինք ապրել, եւ հաղթանակը դիտարկելով որպես հիմք՝ վրան սկսեինք նոր հարկեր կառուցել: Կարծում եմ՝ այն, ինչ անում էինք, սոսկ հուզական էր։ Հպարտորեն ասում էինք, որ Ցեղասպանությունից 90 տարի անց ոչ միայն չթողեցինք, որ մեզ նորից կոտորեն, այլ հաղթանակ տարանք ու տարածքներ գրավեցինք: Անշուշտ, դա պետք էր վայելել, սակայն ողջամիտ կերպով, եւ ժամանակին կանգ առնել: Մեզ դա չհաջողվեց, եւ արդյունքում չձեւակերպեցինք, թե ինչ ենք ուզում եւ ուր ենք գնում:

Պատկերացնենք, որ մարդն ուզում էր արտագաղթել Հայաստանից պատերազմից առաջ կամ ցանկանում է դա անել այսօր։ Նա ապահովված է, սոցիալական խնդիրներ չունի, պարզապես, ինչպես ընդունված է ասել ոմանց շրջանում, Հայաստանում «ապագա չի տեսնում»։ Եթե փորձելու ենք այդ մարդուն մտքափոխ անել, ի՞նչ հակափաստարկներ ենք բերելու։ Այո, սերը հայրենիքի հանդեպ սուրբ է, բայց շատերի համար միակ չափանիշը չէ, եւ դա նորմալ է։ Բայց այդ մասին՝ քիչ հետո։

Ֆորմալ առումով ձեւակերպել էինք. ասում էինք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ պետք է անկախ լինի կամ էլ վերամիավորվի Հայաստանի հետ: Բայց մեկ քայլ առաջ չէինք գնացել եւ չէինք փորձել հասկանալ, թե որն է լինելու մեր տեսլականը, եթե այդ նպատակին հասնեինք: Պատկերացնենք, որ հրաշք էր տեղի ունենալու, Ալիեւը համաձայնելու էր, որ Արցախի հայերն ինքնորոշվեն եւ ընդունելու էր հանրաքվեի արդյունքները: Արդյոք այդ պարագայում պատրա՞ստ էինք լինելու քննարկել նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս գտնվող տարածքների հարցը, թե՞ առաջնորդվելու էինք «ախորժակը ուտելիս է բացվում» ասացվածքով: Եթե այդ պայմանական հրաշքը տեղի ունենար, եւ մենք ինչ-որ կերպ համակեցության եզրեր գտնեինք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ո՞րն էր լինելու մեր հետագա զարգացման գաղափարախոսությունը: Այնպես չէ, որ ես ունեմ այդ հարցի պատասխանը կամ դրա մասին մտածել էի մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 10-ը:

Հիմա պատկերացնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քիչ թե շատ ընդունելի համակեցություն ենք ձեւավորում 2020 թվականի պարտությունից հետո, ըստ էության՝ մեզ պարտադրված օրակարգով, իսկ հետո՞:

Երկար տարիներ մենք ապրում էինք պաշարված ամրոցի ռեժիմում, թեեւ քաղաքական առաջնորդներն այդ մասին նախընտրում էին չխոսել: Ի դեպ, պաշարված ամրոցի մասին գրել էի այսօր շատ հեռավոր թվացող 2014 թվականին, եւ ընթերցողին կարող է հետաքրքիր լինել դիտարկել այն 2020 թվականի պարտության լույսի ներքո:

Չխոսելու պատճառներից մեկը թերեւս այն էր, որ չկան ամրոցներ, որոնք կարող են հավերժ դիմանալ պաշարմանը: Կամ պաշարողին ստիպում ես հեռանալ, կամ հյուծվում ու պարտվում ես:

Պաշարված ամրոցի գաղափարը փորձեց տրանսֆորմացնել Վիգեն Սարգսյանը, ով 2016 թվականին պաշտպանության նախարար նշանակվելուց հետո օրակարգ բերեց Ազգ-բանակի գաղափարը: Սակայն այդ հայեցակարգը բավարար ժամանակ չունեցավ իր կյանքով ապրելու, բյուրեղանալու եւ կոնսենսուսային դառնալու համար. եկավ 2018 թվականը։

Հայեցակարգերի եւ տեսլականների մասին խոսելիս մենք հաճախ մոռանում ենք, որ մարդկանց մեծ մասը գաղափարական մարտիկ չէ եւ առաջնորդվում է ավելի պարզ, եթե ուզեք՝ կենցաղային մոտեցումներով: Չես կարող յուրաքանչյուրից ակնկալել ինքնազոհողություն՝ բառի բուն կամ փոխաբերական իմաստով: Հատկապես այն դեպքում, երբ մարդիկ իսկապես տասնամյակներ շարունակ բազմաթիվ սոցիալական զրկանքներ են կրել՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Հետ գնամ հասարակական տրանսպորտի թեմային, որի մասին գրել էի առաջին մասում: Տասնամյակներ շարունակ ծիծաղելի աշխատավարձ ստացող ուսուցչին հնարավորություն չենք տվել գոնե երեկոյան նորմալ պայմաններում տուն հասնել, այլ ոչ թե երթուղայիններում ճզմված եւ կռացած: Տասնամյակներ մարդկանց համար նվազագույն պայմաններ չապահովելով եւ դրանց բացակայությունը ԼՂ չլուծված խնդրով պայմանավորելով՝ ինչպիսի՞ գաղափարական մոտեցում էինք ակնկալում մարդկանցից:

Լրջագույն խնդիրներից է այն, որ մենք մի կողմից հսկայական հավակնություններ ունենք (որոնք բավարարելու համար փող չունենք՝ տես առաջին մասը), մյուս կողմից՝ խեղդված ենք բարդույթներով: Հպարտորեն ասում ենք, որ Տիգրան Մեծի կամ Աշոտ Երկաթի հետնորդներն ենք, բայց «հորթի հրճվանքի» մեջ ենք ընկնում, երբ մի հայտնի արտասահմանցի լավ բան է ասում կամ գրում մեր մասին. նման հրապարակումները մի քանի ժամում կարող են տասնյակհազարավոր like եւ share հավաքել: Եթե այդքան հզոր նախնիներ ունենք, ինչո՞ւ ենք այդքան կարոտ օտարի գովեստին: Թերեւս բացատրությունն այն է, որ հրաժարվում ենք հասկանալ, որ հզոր անցյալը հզոր ներկայի ու ապագայի երաշխիք չէ:

Մենք պարտվեցինք նաեւ այն պատճառով, որ պատմությունը երաշխիք համարեցինք եւ արդի քաղաքական պրոցեսի անբաժան մաս դարձրինք: Սկսեցինք հավակնություններ ունենալ, որոնց իրագործման համար ոչ նյութական, ոչ էլ մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրսներ ունեինք:

Պայմանական Տիգրան Մեծին կամ Աշոտ Երկաթին պիտի հանենք այսօրվա քաղաքական պրոցեսից կամ քննարկումներից: Չեմ վախենա այսպես ձեւակերպել. պետք է ժամանակավոր մոռանանք նրանց մասին եւ հիշենք միայն այն ժամանակ, երբ դրան արժանի կլինենք: Միգուցե այդպես կարողանանք վերջապես ազատվել ներկան շրջանցելով անցյալը ապագա դարձնելու փորձերից:

Չեմ առաջարկում սկսել զրոյից կամ դատարկ էջից՝ թեեւ դա եւս կարող էր օգտակար լինել: Վերջերս զրուցում էի Տեր Մեսրոպի հետ, եւ նա հետաքրքիր բան ասաց. համաշխարհային մասշտաբի մեր վերջին մեծ մտածողը եղել է Գրիգոր Տաթեւացին, որը մահացել է 1409 թվականին:

Տիգրան Մեծի փոխարեն պետք է հիշենք Տաթեւացուն կամ Նարեկացուն եւ միգուցե այդկերպ կարողանանք ձեւակերպել ապագայի մեր տեսլականը՝ կրկին արժեք ստեղծող դառնանք: Ստեղծենք այնպիսի արժեքներ, որոնք պետք են ամբողջ մարդկությանը:

Կարծում եմ, որ ինքներս մեզ թակարդն ենք գցում, երբ փորձում ենք սիրուն ու սիմվոլիկ անուններ գտնել՝ «չորրորդ հանրապետություն», «հայկական երազանք», «հայկական աշխարհ»։ Ձեւը հաղթում է բովանդակությանը, ինչի արդյունքում ստանում ենք սին երազանքներ։ 2017 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանն առաջ քաշեց մինչեւ 2040 թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու գաղափարը, իսկ 2019 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը «բարձրացրեց խաղադրույքը»՝ առաջարկելով 2050 թվականին Հայաստանի բնակչությունը դարձնել 5 միլիոն։ Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում առաջարկները հիմնավորված չէին ոչ հաշվարկներով, ոչ էլ հստակ ծրագրով։ Եթե Սարգսյանը կանգ էր առել 4 միլիոնի վրա, ապա Փաշինյանը իր ելույթը համեմեց մի շարք ցնդաբանություններով («ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն», «ունենալ աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը» եւ այլն): Ի դեպ, սա հենց այն ելույթն էր, որում Փաշինյանն ասաց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։

«Սիրունությունը», սիմվոլիզմն ու պաթոսը պետք է նետել մի կողմ։ Պետք է շատ աշխատել եւ կենտրոնանալ արժեք ստեղծելու վրա՝ միավորելով բոլոր կարող ուժերը, լինելով կոշտ ու հետեւողական նպատակներին հասնելու ճանապարհին։

Հոդվածաշարի երրորդ մասում կխոսենք այն մասին, թե ինչ պետք է անենք, որ արտաքին աշխարհի համար ավելի ճանաչելի եւ հասկանալի դառնանք։

Հոդվածաշարի առաջին մասը`Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին