Պոպուլիզմը եւ ժողովրդավարության ճգնաժամը - Mediamax.am

Պոպուլիզմը եւ ժողովրդավարության ճգնաժամը
4580 դիտում

Պոպուլիզմը եւ ժողովրդավարության ճգնաժամը


Մի բան դուր է գալիս մարդկանց՝ կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատվություն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկություն ունենալու։

Կա մի համակարգ, որը ստեղծված է դրա համար, կոչվում է «ժողովրդավարություն»։ Այն կոչված է կործանել հասարակություններ եւ ազգեր։ Մահացու հիվանդության նման այն թուլացնում կամ ոչնչացնում է չկայացած պետությունները մեկը մյուսի հետեւից, սակայն շարունակում է իր հաղթական երթը, քանի դեռ մարդիկ տարված են որոշումների կայացման մեջ մասնակցություն ունենալու պատրանքով։ Ո՞րն է ժողովրդավարության հիմնական վտանգը։

Ժողովրդավարությունը իր միջից ծնում է գլխավոր աղետը, որը կոչվում է «պոպուլիզմ»։ Քանի որ ժամանակակից աշխարհում մարդկանց մեծամասնությունը ի վիճակի չէ գալ կշռադատված որոշումների՝ հաշվի առնելով բոլոր գործոնները եւ դրանց միջեւ առկա բարդ կապերը, քաղաքական ուժերը գնում են գործարքի, ներկայացնելով ոչ թե բարդ իրականությունը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են։ Մարդիկ ընդհանրապես հակում ունեն խուսափել բարդ իրականությունից եւ նախընտրում են այն ուժը, որն առաջարկում է պարզ եւ արագ իրականացվող լուծումներ։

Պոպուլիզմի հիմնական հետեւանքն այն է, որ իրականությունը անխուսափելիորեն ներխուժում է մարդկանց կյանք, եւ վաղ թե ուշ մարդիկ ծանր պատասխանատվություն են կրում իրենց պատրանքների հիման վրա կայացրած որոշումների համար՝ մեծ կորուստներ ունենալով։

Հայաստանը պոպուլիզմի հետեւանքով կորցրեց տարածքներ եւ կարգավիճակ, ներքաշվելով մեծ վտանգներով հղի նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ։ Կարող ենք հիշել նաեւ Հունաստանի տնտեսական ճգնաժամի պատմությունը, Մեծ Բրիտանիայի ելքը Եվրոպական միությունից եւ այլն։ Օրինակները բազմաթիվ եւ դրանց քանակը գնալով աճում է, քանի որ, մի կողմից, աճում է աշխարհի բարդությունը, մյուս կողմից, հեղինակազրկվում են ազգային էլիտաները։

Պոպուլիզմի դեմ հիմնական հակադեղը միշտ եղել են հենց այդ էլիտաները՝ մարդիկ, որոնք ունեցել են բավարար հեղինակություն եւ ազդեցություն, որպեսզի հակադրվեն քաղաքական ուժերի պոպուլիստական միտումներին։ Սակայն քաղաքական ուժերը տարբեր միջոցներով արժեզրկում եւ հեղինակազրկում են էլիտաներին՝ դիտելով դրանց որպես խոչընդոտ։

Հարուստ երկրներում այս գործընթացը համեմատաբար դանդաղ է, սակայն միտումը հստակ է, իսկ աղետը՝ անխուսափելի։ Այդ երկրներում էլիտան ներկայացված է հիմնականում ֆինանսապես կայուն եւ կորցնելու բան ունեցող մարդկանց ստվար բազմությամբ, որն ունի որոշ ուժ եւ կարողություն ոչ միայն դիմակայելու քաղաքական ուժերի կործանարար պոպուլիզմին, այլեւ ազդելու քաղաքական ուժերի վրա ներքուստ, մասնակցելով դրանց գործունեությանը։ Ցավն այն է, որ այդ մարդկանց քանակը ամենուրեք նվազում է, քանի որ հասարակությունները բեւեռացվում են։ Էլիտաների ազդեցության նվազման նաեւ այլ պատճառներ կան, որոնց անդրադառնալը դուրս է սյունակի ձեւաչափից։ Ի դեպ, ժամանակին ես  էլիտաների մասին առանձին սյունակ եմ գրել։

Պոպուլիզմի վտանգներից մեկն այն է, որ պոպուլիստական կառավարությունները ձգտում են միապետական գործելաոճի։ Գիտակցելով իրենց խոստումների անհեթեթությունը եւ դրանց իրականացման աղետալի հետեւանքները, պոպուլիստական իշխանությունները ամեն կերպ լռեցնում են ընդդիմությունը եւ  քննադատությունը՝ ընդդիմախոսներին պիտակավորելով որպես «ազգի դավաճան», «ժողովրդի թշնամի» եւ այլն, իսկ իրենց նույնացնում են ժողովրդի հետ։ Պոպուլիզմը ոչ միայն վտանգավոր է պետության համար, այլեւ հարված է հասցնում հենց իրեն ծնած ժողովրդավարությանը։

Այսպիսով, ամբողջ աշխարհում պոպուլիզմը դարձել է մեծագույն խնդիր։ Սակայն այն առավել աղետալի է այն երկրներում, որտեղ ազգային էլիտաները թույլ են եւ չկայացած, որտեղ շատ է աղքատ բնակչությունը, իսկ միջին խավը փոքրաթիվ է։ Շատ արտաքին ուժեր գիտեն այդպիսի երկրների պոպուլիզմին հակված լինելը եւ ակտիվորեն օգտագործում են դա՝ երկիրը թուլացնելու եւ իրենց կամքը թելադրելու համար։

Ասեմ, որ քննադատելով ժողովրդավարությունը եւ տեսնելով աճող խնդիրները, ես կողմ չեմ մաքուր միապետությանը, քանի որ այն էլ վաղ թե ուշ գալիս է պոպուլիստական գործելաոճի, ժողովրդին սիրաշահելու եւ իշխանությունը պահպանելու նպատակով։

Ո՞րն է պոպուլիզմի հակադեղը։ Ցավոք, պարզ լուծումներ չկան։ Սակայն կան հիմնական ուղղություններ։

1. Ազգային ինքնության վերարժեքավորում եւ վերագիտակցում։ Պոպուլիզմի հիմնական պատճառներից մեկը ազգային էլիտաների թուլացումն է նաեւ գլոբալ մտածողության պատճառով։ Բացի այդ, ազգային ինքնությունը միավորում է մարդկանց եւ բարձրացնում փոխադարձ վստահության մակարդակը։

2. Կարող ուժերի համախմբում՝ պետք է կենտրոնանալ ոչ թե տարաձայնությունների վրա, այլ միավորող գործոնների եւ ընդհանուր նպատակի։

3. Գլոբալիստական օրակարգ բերող կազմակերպությունների դեմ պայքար, ընդհուպ մինչեւ դրանց գործունեության դադարեցումը։

4. Ազնիվ սոցիալ քաղաքականություն՝ աղքատ ազգերի մտածողությունը սովորաբար գերիշխող սոցիալիստական է, եւ պատասխանատու սոցիալ քաղաքականությունը կարող է մեղմացնել պոպուլիստական միտումները։

5. Կրթության ոլորտի կենտրոնացում պատասխանատու սերունդ ձեւավորելու վրա։

Այս շարքը կարելի է շարունակել։ Ես թվարկեցի այս մի քանի կետը, որպեսզի չստեղծվի դատապարտված լինելու տպավորություն։ Սակայն բացահայտ է, որ Հայաստանն էլ այլ երկրների հետ մեկտեղ պետք է փնտրի պետական կառուցվածքի այնպիսի նոր ձեւեր, որոնք թույլ կտան խուսափել պոպուլիզմի վտանգներից։

Արամ Փախչանյանը ABBYY ընկերության փոխնախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին