Ժամանակակից հասարակության կառուցվածքը - Mediamax.am

Ժամանակակից հասարակության կառուցվածքը
36064 դիտում

Ժամանակակից հասարակության կառուցվածքը


Սոցիալական ցանցերում կարդալով մարդկանց մտորումները` զարմանալի բան նկատեցի: Ես միամտաբար կարծում էի, որ պայմանական կապիտալիզմի 20 տարիների ընթացքում մենք գոնե ընդհանուր գծերով պատկերացնում ենք, թե ինչպես է կառուցված մեզ շրջապատող հասարակությունը: Բայց պարզվում է, որ, ցավոք, դա այդպես չէ: Դա հատկապես ցայտուն արտահայտվեց ուկրաինական իրադարձությունների ընթացքում` դատելով մարդկանց արձագանքից:   

Այդ պատճառով որոշեցի այս սյունակը նվիրել պատմությանն այն մասին, թե ինչպես է կառուցված ժամանակակից հասարակությունը:

Գոյություն ունի պատրանք, թե զարգացած հասարակությունները (ԱՄՆ, Եվրոպա) այլ կերպ են կառուցված, քան Հայաստանը կամ, ասենք, Ռուսաստանը: Իրականում դրանք նման են, տարբերությունը միայն որոշակի հասարակական մեխանիզմների ու ինստիտուտների առկայության ու որակի մեջ է: 

Բոլոր հասարակություններում, որտեղ տնտեսության հիմք է հանդիսանում շուկան, վաղ թե ուշ ձեւավորվում են մարդկանց հետեւյալ կատեգորիաները.

1. «Վերնախավ կամ էլիտա»: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց ֆինանսական կամ հասարակական դրությունից ելնելով` զգալի ազդեցություն են գործում հասարակության վրա: Բայց այստեղ կարեւոր է չտրվել խաբկանքին: Մարդիկ, ովքեր հանդիսանում են հասարակական գործիչներ` քաղաքական գործիչները, գրողները, հայտնի անձինք, շատ հաճախ վերնախավ չեն, այլ պարզապես աշխատում են վերնախավի համար: Զարգացած հասարակություններում վերնախավն այնքան էլ հրապարակային չէ, այն չի ցանկանում ցուցադրել իրեն այս կամ այն իրադարձությունների ժամանակ: Կարեւորագույն բոլոր քննարկումները տեղի են ունենում փակ ակումբների պատերի հետեւում, մասնավոր ընթրիքների ժամանակ, որոնց հրավիրվում են միայն ընտրյալ հյուրերը: Վերնախավը բաղկացած է մարդկանց երկու էապես տարբեր խմբերից՝ նրանց պայմանականորեն անվանենք «ֆինանսական էլիտա» եւ «ազգային էլիտա»: Առողջ հասարակության մեջ վերնախավը միշտ հավասարակշռված է. այնտեղ ներկայացված են ինչպես կապիտալի, այնպես էլ հասարակության շահերը: Կապիտալը, հասկանալի է, ներկայացնում է ֆինանսական վերնախավը` փող ունեցող մարդիկ: Ազգային վերնախավը ներկայացված է այն մարդկանց միջոցով, ովքեր ունեն հեղինակություն, նվիրված են ազգին ու պատրաստ են ծառայել նրան իրենց կյանքի գնով: Շատ հաճախ ազգային վերնախավում հայտնվում են զինվորականները, հատկապես` պատերազմներից հետո: Այդպիսի մարդիկ ֆինանսական վերնախավին հարկավոր են որպես համախմբող գործոն, որպես հասարակության հետ խաղաղ գոյակցելու միջոց, որի հաշվին ֆինանսական վերնախավը ապահովում է իր բարօրությունը: Նրանք կրում են ազգային գաղափար, խաղաղություն եւ համաձայնություն են ապահովում հասարակության մեջ:

Վերնախավի մի մասն ուշադիր հետեւում է մյուսին: Ֆինասական վերնախավը, պրագմատիկ եւ զգոն լինելով, հետեւում է, որպեսզի ազգային վերնախավում չլինեն շեղումներ դեպի պոպուլիզմ, ազգայնականություն, չծնվեն հասարակության կայունության համար վտանգ պարունակող գաղափարներ: Մյուս կողմից, ազգային վերնախավը վերահսկում է, որպեսզի կապիտալը վնաս չհասցնի հասարակությանը, չգործի ի շահ թշնամիների, հարթում է տարաձայնությունները տարբեր խմբերի միջեւ եւ հավասարակշռում է նրանց շահերը: Փոխադարձ ազդեցությունը հնարավոր է, քանի որ վերնախավի մի մասը մեծապես զգում է մյուսի կարիքը, եւ բոլորն իրենց զգում են նույն նավակում:     

Անառողջ հասարակությունում սկսվում են շեղումներ: Երբեմն հաղթում է ֆինանսական ցինիզմը, ազգի շահերն անտեսվում են, ազգային վերնախավը նվաստացվում կամ ոչնչացվում է, իսկ կապիտալի շահերը կրում են անդրազգային բնույթ: Մյուս դեպքերում, երբ գերակայում է ազգային վերնախավը, սովորաբար սկսում է լճանալ տնտեսությունը, որի շահերն անտեսվում են: Պրագմատիկ մտածելակերպ ունեցող ֆինանսական վերնախավի թուլացումը վերելքի ճանապարհ է բացում բազմաթիվ դատարկաբանների եւ պոպուլիստների համար: Գաղափարների վրա չափից դուրս կենտրոնացումը եւ դրանց բախումը` անկախ հասարակության իրական շահերից, ծնում է վերնախավի պառակտում, ինչը կործանում է ազգը: Ազգային վերնախավի ընդհանուր համոզմունքն առ այն, որ միայն ինքն է հասկանում, թե ինչ է անհրաժեշտ հասարակությանը, զուգորդված հիմնական տնտեսական ուժերի շահերի անտեսման հետ, հանգեցնում է հակամարտությունների եւ նույնիսկ հեղափոխությունների, որոնք բերում են վերնախավի փոփոխմանը, որի արդյունքում հիմնականում գերիշխում է ֆինանսական վերնախավը, քանի որ ազգայինը հեղինակազրկել է իրեն: Եվ սկսվում է այն նույն ցինիզմի դարաշրջանը, որի մասին մենք քիչ առաջ խոսում էինք: Եթե իրավիճակը չհավասարակշռվի, այն կդառնա հավերժական ճոճանակ, երբ վերնախավի երկու մասերը համաձայնություն փնտրելու փոխարեն գտնվում են մշտական պայքարում եւ մշտապես վտանգավոր կերպով ճոճում են նավակը: Այդպիսի հասարակության մեջ ոչ բարգավաճում, ոչ էլ զարգացում լինել չի կարող:    

2. «Իշխանություն»: Իշխանությունը ծառայում է վերնախավին, կամ հանդիսանում է նրա մի մասը: Նախկինում էլիտան իշխանությունը միշտ իր ձեռքն էր պահում, եւ այդ ժամանակ ի հայտ էր գալիս բռնապետությունը: Բռնապետներն իրենց տարբեր կերպ էին անվանում` առաջնորդ, թագավոր, կայսր, սուլթան եւ այլն: Հիմա էլիտան չի ցանկանում ղեկավարել երկիրը. դա կեղտոտ ու նյարդային աշխատանք է, եւ վերնախավը այդ գործառույթը «աութսորսի» է հանձնում իշխանությանը: Այդ գործընթացի տրամաբանությամբ, իշխանությունը չպետք է դեմ դուրս գա վերնախավի շահերին, այլապես կհեռացվի եւ կփոխարինվի ուրիշով: Իշխանությունը դա գիտի, բայց երբեմն լինում են խռովություններ, երբ իշխանության եկած մարդիկ փորձում են փոխարինել վերնախավին` կազմակերպելով «պալատային հեղաշրջումներ»: Այդժամ սկսվում են հակամարտությունները, որոնք կարող են տարբեր ավարտ ունենալ: Որպեսզի նման հակամարտություններ չառաջանան, վերնախավին ձեռնտու է ունենալ իշխանության ղեկին կանգնած մարդկանց փոխելու պարզ եւ պաշտոնական մեխանիզմ: Արեւմտյան երկրներում այդ նպատակով ստեղծվել է «ժողովրդավարությունը»: Չինաստանում կազմակերպվել է էլիտայի պարբերական փոփոխություն: Ռուսաստանում այդպիսի գործիքի անհրաժեշտություն չկա, քանի որ երկիրն, ըստ էության, ղեկավարում է հենց վերնախավը. նա իշխանությունը ոչ ոքի չի վստահում:

3. «Քաղաքացիներ»: Դրանք այն մարդիկ են, ովքեր չեն վստահում իշխանությանն ու չեն սիրում նրան, համարում են նողկալի եւ ցինիկ: Նրանք իրենց նպատակն են համարում պայքարն իշխանության հետ սեփական իրավունքների համար: Վերնախավը վախենում է այդ մարդկանց հետ անմիջական բախումից, այդ պատճառով «քաղաքացիական հասարակություններում», որտեղ քաղաքացիների թիվը մեծ է, վերնախավը չի գտնվում իշխանության ղեկին: Քաղաքացիները ժողովրդին կարող են տրամադրել՝ ում դեմ ցանկանան, եւ քանի որ իշխանության գործողությունները տեսանելի են բոլորին, ապա դրա ղեկին կանգնած մարդիկ ամենագլխավոր թեկնածուներն են քաղաքացիների կողմից հարձակումների համար: Քաղաքացիները հաճախ միամիտ են, մակերեսորեն են դատում, չեն ըմբռնում խորը գործընթացները եւ չեն հասկանում հասարակության վրա ազդող բոլոր կողմերի շահերը, այդ պատճառով չեն տեսնում այս կամ այն իրադարձությունների իրական պատճառները: Նրանք գրեթե միշտ վստահ են, որ ժողովրդավարությունն իշխանությանը ղեկավարելու (հետաքրքիր է, այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ պետք է խրախուսեր ժողովրդավարությունը) եւ իրենց շահերը պաշտպանելու իրական գործիք է, ինչը բացարձակ պատրանք է միայն: Իշխանությունն ատում է քաղաքացիներին եւ նրանց կոչնչացներ ցանկացած պահի, սակայն ստիպված է հանդուրժել, քանի որ, որքան էլ պարադոքսալ է, քաղաքացիներն անհրաժեշտ են էլիտային: Վերնախավի ֆինանսական մասը սովորաբար ակտիվ կենսակերպով մարդկանց կարիք ունի, ովքեր ունակ են դառնալ տնտեսության շարժիչ ուժը: Էլիտայի ազգային մասը քաղաքացիներին ընկալում է որպես վերնախավի հավանական անդամների. ունենալով որոշակի արժանիքներ, արտակարգ խելք եւ անձնական որակներ` քաղաքացին ունի բոլոր հնարավորությունները հայտնվելու վերնախավում: Հենց վերնախավն է քաղաքացիներին պաշտպանում իշխանության ոտնձգություններից: Բայց հասարակության կայունության եւ դրանում իր ազդեցության պահպանման համար վերնախավին հարկավոր են կառավարելի քաղաքացիներ: Զարգացած հասարակություններում վերնախավը ստեղծել է քաղաքացիներին շահարկելու արդյունավետ գործիքներ: Շահարկման հիմնական գործիքը «ազատ ԶԼՄ-ներն են», որոնք առատաձեռն ֆինանսավորվում են վերնախավի կողմից: Չվստահելով իշխանությանը`քաղաքացիները տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների կարիք ունեն: Վերնախավն օժանդակում է այդպիսի աղբյուրներին, ստեղծում է նրանց անկախության պատրանք`քաղաքացիների կարծիքը կառավարելու նպատակով: Քաղաքացիները վերնախավին անհրաժեշտ են իշխանությունը վերահսկելու համար, որպեսզի վերջինս դուրս չգա ափերից եւ չփորձի վերնախավի փոփոխություն ձեռնարկել: Եթե տեղական վերնախավերն ապաշնորհ են եւ ունակ չեն հարթել շփումը քաղաքացիների հետ, վերջիններս հայտնվում են արտաքին վերնախավերի իշխանության տակ, որոնք կարող են իրենց շահերից ելնելով՝ շահարկել նրանց եւ հաճախ տրամադրել սեփական հասարակության դեմ:  

4. «Ժողովուրդ»: Ժողովուրդը առօրյա պայմաններում լոյալ է իշխանությանը: Իշխանությունը դրա համար «սիրում է» ժողովրդին, ավելի ճիշտ` հանդուրժում է: Իշխանությունը կգերադասեր ունենալ բթամիտ ժողովուրդ`մրջյունների նման, որոնք լուռ կկատարեն իրենց գործը եւ ամեն ինչի կդիմանան` պատրաստ ցանկացած զրկանքների: Հեղափոխությունների եւ հասարակական այլ կատակլիզմների ժամանակ քաղաքացիները ժողովրդին ուղղորդում են իշխանության դեմ պայքարին, եւ այդպիսի պահերին վերնախավը փորձում է պահպանել իր դիրքը` ապստամբ ժողովրդի էներգիան ուղղելով դեպի իշխանությունը եւ իշխանությանը հանձնելով ժողովրդի քմահաճույքին: Վերնախավի համար հանգամանքների լավ դասավորության պարագայում, իշխանությանը գահընկեց անելով` ժողովուրդը հանգստանում է եւ տուն գնում: Վերնախավն աստիճանաբար ուշքի է գալիս եւ իշխանության բերում այլ մարդկանց` ստեղծելով փոփոխությունների պատրանք, եւ կյանքը շարունակում է ընթանալ իր հունով: Մեծ փոփոխությունների դարաշրջանում ձեւավորվում են մրցակցող վերնախավեր, եւ այդ ժամանակ ազգային հուզումներն օգտագործվում են հասարակության նկատմամբ վերահսկողության, վերնախավերի փոփոխության նպատակով: Որոշ դեպքերում խնդիրը լուծվում է հեղափոխությամբ, երբեմն հասունանում են քաղաքացիական պատերազմներ: Սովորաբար հաղթում է այն վերնախավը, որն ունի ավելի մեծ տնտեսական հզորություն, սակայն լինում են նաեւ բացառություններ: Ցանկացած պարագայում, տուժողը միշտ լինում է ժողովուրդը: Երբեմն վերնախավերի փոփոխությունը տեղի է ունենում ոչ ցավագին. տեխնոլոգիաների ու մարդկանց կենսակերպի զարգացմանը զուգահեռ` տնտեսական հին առաջնորդներին փոխարինելու են գալիս նորերը, եւ տեղի է ունենում վերնախավերի ռոտացիա:    

Ցանկացած ժամանակակից հասարակություն բաղկացած է վերոնշյալ հիմնական «բաղադրիչներից», բայց, հաշվի առնելով պատմական կամ մշակութային առանձնահատկությունները, տարբեր հասարակություններ կարող են ունենալ իրենց ներհատուկ մանրուքներ: Օրինակ, վերնախավը կարող է լինել բազմամակարդակ, ինչպես Հնդկաստանում, որտեղ հնուց ի վեր գոյություն է ունեցել կաստային համակարգը: Ժողովուրդը նույնպես կարող է անհամասեռ լինել եւ ներառել կառուցվածքային տարբեր գոյացություններ` տարատեսակ ու բեւեռացված սոցիալական խմբերի տեսքով` սեփական վերնախավերով: Բայց որոշակի ընդհանրացման դեպքում բոլոր հասարակությունները համապատասխանում են այս սխեմային:

Սխեման հարմար է նրանով, որ դրա միջոցով կարելի է հեշտությամբ վերլուծել հասարակական տարբեր գործընթացները: Հասկանալով այն` կարելի է նաեւ բավականին ճշգրիտ կանխատեսել քաղաքական այս կամ այն իրադարձության արդյունքը:

Մասնավորապես, դրանից հասկանալի է, որ եթե վերնախավը գոհ է իշխանությունից, ապա անիմաստ է փորձել փոխել իշխանությունը` չփորձելով փոխել վերնախավը: Վերնախավը հեշտությամբ կհանձնի իշխանությանը, սակայն հաջորդ իշխանությունը ամեն ինչ նույնությամբ կկրկնի` միայն թեթեւակի փոխելով ֆասադը: Բավականին վտանգավոր է նաեւ շեշտը դնել ազգային վերնախավի վրա` առանց հաշվի առնելու ֆինանսական վերնախավի շահերը, քանի որ դա հանգեցնում է հասարակության տնտեսական հիմքերը քանդող բռնապետության: Վտանգավոր է ֆինանսական վերնախավին դնել ազգային շահերին հակասող վիճակում, քանի որ այդ դեպքում նա դառնում է անդրազգային եւ կարող է գործել ազգի դեմ` երկիրը մատնելով քայքայման ու ինքնաոչնչացման: Ի դեպ, հենց դրանով է վտանգավոր գլոբալիզացիան: Վտանգավոր է նաեւ քաղաքացիներին դրդել չափազանց ակտիվության, քանի որ դրանից չեն հապաղի օգտվել թշնամի երկրների վերնախավերը` փորձելով քաղաքացիների մի խմբին տրամադրել մյուսի դեմ, ինչպես նաեւ սեփական իշխանության ու նույնիսկ սեփական վերնախավի դեմ: Վտանգավոր է ճնշել քաղաքացիական հասարակությանը, քանի որ դա կհագեցնի իշխանության դիրքի չափից դուրս ամրապնդմանը, ինչը կարող է վատ ավարտ ունենալ ինչպես ժողովրդի, այնպես էլ վերնախավի համար:

Ինչպես տեսնում եք, հասարակության այդպիսի մոդելը բավականին արդյունավետ է: Հասկանալի է, որ լինելով բավականաչափ ընդհանուր, այն չի նկարագրում բոլոր հասարակական գործընթացները: Բայց թույլ է տալիս «թռչունի թռիչքի բարձրությունից» տեսնել այն, ինչը մենք հաճախ չենք նկատում` գտնվելով իրադարձությունների հորձանուտում:    

Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին