Մարդուն աշխատանքը կկշտացնե, օգնությունը փոր չի լցնե - Mediamax.am

Մարդուն աշխատանքը կկշտացնե, օգնությունը փոր չի լցնե
8293 դիտում

Մարդուն աշխատանքը կկշտացնե, օգնությունը փոր չի լցնե


Համավարակը եւս մեկ անգամ պատճառ դարձավ իրար ճանաչելու, ինքներս մեզ ճանաչելու, նորից մարդկային տարբեր գույների արտացոլանքը տեսնելու, եւ կրկին հաստատելու, որ մարդը մարդ է մնում մարդով, իրար նկատմամբ հոգատարությունը միայն կարող է փրկել մեզ։ 

 

Հանրային տրանսպորտը չէր աշխատում, ամեն օր տաքսիով գնալ-գալը շքեղություն է, բայց ոչ հաճելի, մանավանդ երբ ծայրամասում ես ապրում, սկսում ես կարոտել «գազելի էկոնոմ կլասս» տարբերակը։ Այդ օրը փորձեցի ոտքով քայլել ու ճանապարհս կրճատել, մի քիչ էլ վայելել Գյումրիի դատարկ փողոցները, քայլել մենակ, բայց ոչ միայնակ, մտքերով լի եւ կարոտած քաղաքի աշխուժությանը ու ոտնաձայներին։ Միշտ նեղվածությունս մեղմում է քայլքը, բավական ճանապարհ էի կտրել ու անցել․ սկսեց անձրեւ մաղել, բայց ուզում էի քայլել։ Մինչեւ տաքսի պատվիրեցի, մոտեցավ, թրջվել էի․

 

-Աղջիկ ջան, երեւի ուշացա, կներես, բայց, գիտես երկու րոպե հետո հասել եմ, ընչի՞ շուտ չէիր զանգե։

 

-Չէ, չեք ուշացել, ամեն ինչ լավ է, գնացինք։ 

 

Հասանք... շենքերի արանքը չմտնելու համար, խնդրեցի մի տեղ կայանել մեքենան, վարորդը դարձավ նայեց հարցական․

 

-Չէ’, ըսա, շենքի համարը, շենքի մոտ կտանիմ, էս անձրեւին ուր կէլնիս։ Տե՛ս, սչյոտչիկը կանջատեմ, էլ փող չի գրե, ըսա ո՞ր շենքն է։ 

 

Նորից պնդեց, հրաժարվեցի ու դուրս եկա։ Արդեն արեւային անձրեւ դարձած կաթիլների տակ քայլելով մտածում էի, թե մարդը ինչքան նրբանկատ կարող է լինել, ինչպես կարող է անծանոթ լինելով, այդքան հոգատարությամբ օգնել, այնքան զգույշ ու բարեկամաբար՝ «Տե՛ս, սչյոտչիկը կանջատեմ, էլ փող չի գրե»։ 

 

Մտքերիս մեջ այս բառերն էր, ու հավատացած եմ, որ շատերին անհրաժեշտ է եղել մարդավարի այս օգնությունը։ Սակայն մտքերիս մյուս դարակում մեկ այլ իրականություն էլ կար։ Գյումրեցիների ցավոտ թեման՝ օգնություն բաժանելու տեսարանը, որը, ցավոք, նորից արդիական է դարձել եւ նույնպիսի արատներով ու գույներով շարունակվում է։ 

 

- Քեզի օգնություն չի հասնի, գնա պատի տակը սպասե, օր ավելցավ՝ կուդանք։ 

 

Կրկին օգնությունը բաժանվում է նույն սկզբունքով, 1-ը՝ կարիքավորին, 9-ը ճարպիկին կամ «կպցնողին», իսկ կարկատած շորերով կինը, որին սպասում է ընտանիքը, պետք է սպասի 2-3 ժամ, մինչեւ հասկանա, որ բարեխոսող ու ծանոթ չունի եւ հեռանա գլխիկոր։ 

 

Ու չգիտես ինչու օրինաչափություն է, օգնություն բաժանողները գրեթե միշտ առանձնանում են բացառիկ կոպտությամբ, մարդուն նվաստացնելու առիթը բաց չթողնելով՝ այնպիսի տպավորություն են ստեղծում իբր իրենց գրպանից են զոհաբերում ու տալիս չունեւորին։ Ես ցանկացած իրավիճակում փորձում եմ գտնել պատճառները, արդարացումները, ու երբ մի քիչ հարց ու փորձ ես անում, պարզվում է, որ օգնություն բաժանողները նախկին օգնություն ստացողներն են, ոչ միայն նյութով, նաեւ հոգով աղքատները, պահանջատեր ու չկշտացող, որ վերջին շապիկդ էլ տաս, էլի դժգոհ են։ Երեւի նախկինում իրենց հետ այդպես են վարվել՝ մուռն են հանում։ Կամ աղքատները հիշեցնում են դեռ նախկին չդարձած իրենց վիճակը։ Հաճախ փոխվում է մարդու կաղապարը, հագուստը, բայց ներսի դատարկությունը ու աղքատությունը չի լցվում։

 

Մինչեւ վերջին պահը հանցագործին քննելու տոնով ընտանիքի կազմ ու վիճակի են ճշտում, որոշների դեպքում դա, գուցե, արդարացված է, սակայն ճարպիկ կպցնողները արդեն առանց հարց ու պատասխանի, կարողացել են հայտնվել «ցուցակում»։ Ու հենց կարիքավորներն են հայտնվում խաչաձեւ, թերհավատ ու արհամարհական հարցաքննության ծուղակում։ 

 

Սակայն ինձ օրեր շարունակ հարցերի մեկ այլ փաթեթ էր տանջում․ 

 

- Ախր, ինչպե՞ս է ստացվում, որ բարերարի ու կարիքավորի մեջտեղում կանգնած մարդիկ մի քանի տարի անց կյանքի որակ են բարելավում։ Ո՞ր չափորոշիչով, օգնություն բաժանողները վերադառնում են տուն օգնության բեռով կքած։ Լավ, ասենք, թե իրենք էլ են կարիքավոր, մեկն է հասել, երկուսն են տարել, երեքը, չորսը... բայց կարո՞ղ են չէ, այդքանը յուրացնելուց հետո աղքատի բաժինը տալ շռայլորեն, առանց վերեւից նայելու նվաստ հայացքով, կարո՞ղ են, չէ... Ախր, ինչո՞ւ լինել այնքան ժլատ, այնքան չկամ։ Ինչո՞ւ...

 

Հարցերիս պատասխանները գտնելը չուշացավ. եկել էր օգնություն ստանալու մի կին։ Կյանքի 60 գարունները ապրած, հնաոճ, բայց կոկիկ ու մաքուր հագնված տիկինը հազար անգամ շնորհակալություն հայտնեց ստացած սննդի փաթեթի համար։ Պարզվեց, կարող է դառնալ նպաստառու, նաեւ պետության աջակցման ծրագրերից օգտվելու հնարավորություն ունի։ 

 

- Գնա, դիմե, ստացի պետությունից...

 

- Չեմ ուզե,-թեւը թափ տալով պատասխանեց կինը, -Մարդուն պտի աշխատանքը կշտացնե, թե չէ օգնությունը փոր չի լցնե, էս քանի օրն էլ դիմանամ, կէլնիմ կաշխատիմ։ Ամեն ինչ լավ կէղնի։ 

 

Կանգնած նայում էի անթարթ հայացքով, ինչքան ճշմարտություն կար կնոջ ասածի մեջ, ու ինչքան ուրախ էի, որ նման մարդիկ կան։ Շուկայում կանաչի վաճառող կնոջ դեմքը կոպտցած ու կնճռոտված էր, բայց դրանից չէր կոպտացել նրա հոգին, մեջքը կորացել էր աշխատանքից, բայց դրանից չէր թեքվել արժանապատվությունը ու սեփական հացը վաստակելու ձգտումը: Արտակարգ դրության ու խոցելի խմբում լինելու պատճառով չի կարողացել աշխատել, եկել է օգնություն խնդրել՝ վերադարձնելու պայմանով։ Ճանաչողները նշեցին, որ առեւտրի մեջ միշտ շռայլ է կինը, սիրտ շահող բարեհամբուրությամբ... 

 

Ես գտա ինձ տանջող հարցի պատասխանը, թե ինչ է պետք շռայլ լինելու համար․ փորը լցնել սեփական աշխատանքի թեկուզ սուղ, բայց հագեցնող վաստակով, ոչ թե ուրիշի երեխաների բաժին սննդով։ 

 

Մարդկային վարքի այս գույների արտացոլանքը նկատելի է ու շարունակվում է արդեն երեք տասնամյակ, ամեն մեկս «Վերեւն Աստված կա» արտահայտությանը թողնելով ու անցնելով, ինքներս մեզ ստիպեցինք համակերպվել եւ սովորական դիտարկել հասարակական արատներն ու անպատժելիությունը։ 

 

Փրկության հույսն ինձ համար այն մարդիկ են, ովքեր մարդ մնացին անկախ դժվարություններից, ովքեր կարիքի մեջ լինելով՝ հրաժարվեցին օգնությունից․ «Մեզնից ավելի վատ պայմաններում ապրող մարդ կա, թող իրանց տան։ Փառք Աստծո, մենք ցամաք հաց ունինք ուտելու»։ Սակայն, ցավոք, նմանների ազնվությունը գրպանելով է, որ բարերարության կրակի վրա ձեռք են տաքացնում որոշ ճարպիկ միջնորդները, միաժամանակ չզլանալով բարձրագոչ ճառեր ասել ճշմարտության ու բարոյականության մասին։ 

 

Անահիտ Հարությունյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին