«Մարդ պըդի փողի ղադրը իմանա» - Mediamax.am

«Մարդ պըդի փողի ղադրը իմանա»
2133 դիտում

«Մարդ պըդի փողի ղադրը իմանա»


-Իյա, էս դու ինչ կէնես Էրեւան…

 

Շատ զարմացական ու թե «ինչ իրավունքով եմ գտնվում Երեւանում» տոնայնությամբ հարցրեց ինձ մոտ 12 տարեկան մի աղջիկ, երբ երկու շաբաթ առաջ անցնում էի Հյուսիսային պողոտայով: Միանգամից ճանաչեցի: 

 

Գյումրեցի էր, փողոցներում կարելի էր տեսնել հոր հետ՝ գումար խնդրելով: Հայրը գրեթե միշտ հարբած, թափթփված ու կեղտոտ հագուստով հեռվից հետեւում էր, թե աղջիկն ինչպես է փող հավաքում: Նրանց կարելի էր տեսնել Գյումրիի տարբեր մարդաշատ վայրերում: 

 

Մենք իրար ճանաչում էինք, երբ հանդիպում ու ասում էր «փող տուր մառոժնի կամ հաց առնիմ», գնում էինք իրար հետ մոտակա խանութից հացն ու պաղպաղակն առնում էինք, ուրախանում էր, բայց եւ դժգոհ էր, որ իրեն փող չեմ տալիս: Ես գիտեի, որ այդ գումարը ոչ թե իր համար էր, այլ օղի գնելու:

 

Զարմացա, որ տեսա նրան Երեւանում, մեծացել էր, հագուստը ավելի մաքուր էր, խեղճություն չկար: 

 

Գյումրեցու նման բարձր-բարձր խոսելով քայլում էինք Հյուսիսային պողոտայով: Ասեցի, թե ինչ եմ անում Երեւանում, իրար ողջություն ու առողջություն հարցրեցինք: Հետո ես հարցրեցի, թե ինքն ինչու է եկել Երեւան: 

 

-Արդեն ըստեղ կաբրինք, ըստեղ լավ է: 

 

Մեր խոսակցության ժամանակ բաց չէր թողնում ոչ մի անցորդի: Ավելի աշխույժ էր, համարձակ ու ճարպիկ, հայացքը թափառում էր անցորդների վրայով՝ կարծես գնահատելով մարդկանց դրամապանակի պարունակությունը ու խղճի չափաբաժինը: Վազում էր առաջ ու էլի գումար խնդրում: Մեկ էլ դարձավ ու ինձ նայեց.

 

-Էլի փող չբդի՞ տաս…

 

-Չէ, փողն ինչ պտի էնե՞ս… Ինչ կուզե՞ս, ասա առնիմ: Պապադ ուրա՞, ուրտեղ կապրի՞ք

 

Հարցերս մնացին անպատասխան, տեսել էր երկու կանայք մտնում էին խանութներից մեկը դրամապանակը ձեռքներին, վազեց հասնելու նրանց: 

 

Շտապում էի, քայլեցի առաջ, սակայն խղճիս սկսում էր ծանրանալ, որ գումար չտվեցի «մեր էրեխուն էն էլ Էրեւանում»: Հետ դարձա, նայեցի, չկար: Մտքերով ու խղճի խայթով քայլում էի, հիշեցի, որ այս ընտանիքին վերջերս բարերարների աջակցությամբ բնակարան էին նվիրել, սկսեցի կասկածել, մի՞թե Երեւանում էր այդ բնակարանը: Մեկ էլ աղջկա պահանջկոտ ձայնը կանգնեցրեց ինձ.

 

 - Վե՞րջը փող չբդի տաս: 

 

Ուրախացա, որ հայտնվեց: Մինչ հանում էի դրամապանակս, հարցրեցի նվեր ստացած նոր բնակարանից: 

 

-Ա՛, մե սենյականոց տուն էր, ըդորից հոբարն էլ բաժին ուներ, պապան ծախեց, փոքր բան էր: 

 

Աղջկա պատասխանը ցավեցրեց ինձ, բայց ոչինչ չկարողացա ասել, ինչ ասեի երեխային, երբ հայրը չէր գիտակցում, թե ինչ է արել եւ շարունակում է իր սեւ գործը՝ աղջկա ու իր կյանքը թողնելով նույն անորոշ ընթացքի մեջ: Գումար տվեցի, վերցրեց ու մյուս ձեռք մեկնեց ինձ. «Նկար տա՞մ»: Ափի մեջ սրբապատկերներ էին, որ առաջարկում էր տրված գումարի դիմաց. 

 

-Չէ, պահե, թող պահապան էղնի քեզի…

 

«Հաջողություն գործերիդ» ասելով՝ մեկ վայրկյանում անհետացավ: Իսկ ես գլխիկոր քայլեցի առաջ, ավելի ծանր խղճով ու մտքերով, արդյոք ճիշտ է տալը, երբ ստացածի արժեքը չի գնահատվում, երբ տվածը ոչ թե կարիք է հոգում ու ինչ-որ բան փոխում, այլ ոչինչ չանելու հարմարավետությունն է ապահովում: Երբ 12 տարեկան աղջկա համար փողոցը դառնում է նախընտրելի դպրոցից, երբ փող աշխատելու հեշտ եղանակը գտնված է, արդյոք մենք մեղավոր չենք այս ամենի համար: 

 

Ու կրկին ափսոսանք ու ցավ զգացի, Գյումրիում շատերի համար նվիրական երազանք տունը այդպես հեշտությամբ վաճառել էր: Ախր, տունը՝ տունը գնահատողին, արժեքն իմացողին ու օջախ ստեղծողին պետք է հասնի, ոչ թե հերթական ճարպիկ մեկին, որ հազար տուն էլ նվիրես, հազարն էլ կվաճառի, չի ամաչի, նորից կլացի տեսախցիկների առաջ, էլի իր խեղճությունը կօգտագործի ու տուն կպահանջի: Իսկ այն ընտանիքը, որ 31 տարի ապրում է տնակում, կպաստառապատի փտած պատերը, գորգի տակ կթաքցնի ծակ հատակը, հպարտությունը թույլ չի տա օգնություն խնդրել, կշարունակի ապրել իր անգույն դոմիկում՝ արդեն հարմարված աշխարհի ծռությանը: 

 

Փողոցում թափառող աղջիկն էլ կշարունակի իր «գործը»՝ չգիտակցելով իրեն ու ընտանիքին տված նվերի արժեքը: Գյումրեցին մի խոսք ունի, «մարդ բդի փողի ղադրը իմանա»… Տվողն էլ, ստացողն էլ: Բայց, դե… 

 

Անահիտ Հարությունյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին