Մեր Լեւոնի ու մեր բոլորի Արիանան - Mediamax.am

Մեր Լեւոնի ու մեր բոլորի Արիանան
4472 դիտում

Մեր Լեւոնի ու մեր բոլորի Արիանան


Ես Արիանային չեմ ճանաչում։ Երբեւէ անձամբ տեսած էլ չկամ։ Բայց հետեւում էի նրա ու Լեւոնի սիրուն։ Հետեւում ու մտածում էի՝ ինչ սիրուն է նրանց սերը։ 

 

Արիանան Ֆիլիպիններից էր։ Ծնվել էր մայրաքաղաքում՝ Մանիլայում։ Ֆիլիպինները կղզիախումբ է, որի տարածքների կեսից ավելին անտառածածկ է։ Այդ երկիրը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը։ Երկրում, ասում են, շատ են թե՛ մարած, թե՛ արթուն հրաբուխները։ 

 

Արիանան իմ աչքերին վառվող հրաբուխ էր, որից հույզերի ու մտքերի կրակ էր թափվում, անտառների պես էլ հարուստ էր թթվածնով, որով սնվում էին նաեւ իր շրջապատի մարդիկ։

 

Արիանան էլ էր շախմատիստ։ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետը, ասում են, 6 տարեկանից շախմատ էր խաղում։ Նրան համարում էին Ֆիլիպինների ու Ավստրալիայի լավագույն շախմատիստուհիներից մեկը․ երկու երկրներն էլ ներկայացնում էր մրցաշարերում։ 2000-ին հաղթել էր Ասիայի մինչեւ 16 տարեկան աղջիկների մրցաշարում։ Հետո շախմատից հեռացել ու այլ մասնագիտություն էր ձեռք բերել՝ նաեւ տնտեսագետ էր։ Մագիստրոսական թեզն էլ Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար հարաբերությունների թեմայով էր։ 

 

Առցանց աղբյուրներն ասում են, որ Լեւոնն ու Արիանան 1996-ից էին իրար ճանաչում։ Առաջին անգամ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանն են հանդիպել։ Արիանան այդ ժամանակ 10 տարեկան էր, Լեւոնը՝ 14: Տասը տարի անց նրանք նորից ծանոթացել են, ու սկսվել է նրանց համատեղ կյանքի պատմությունը։ 

 

2013-ին Արիանան որոշեց, որ իր տունը Հայաստանում է։  Նա շատ էր ճամփորդում, հազար ու մի երկիր էր տեսել, բայց ասում էր՝ «մոլորակի վրա արդեն գտել եմ այն աշխարհը, որը հաստատ իմն է, որտեղ ապրում է սիրո, երջանկության ու երազանքի իմ Կապույտ թռչունը: Եվ զարմանալի ոչինչ չկա, որ դա Հայաստանն է: Հիմա ես աշխարհներ եմ հայտնաբերում Հայաստանի ներսում» («Ճամփորդ» N1, փետրվարի 2-8, 2016թ․, Արթուր Ազարյանի ֆեյսբուքյան էջից): Հայաստանի ներսում հայտնաբերեց Դիլիջանը, սիրահարվեց անտառների մեջ կորած այդ աշխարհին․ երեւի նմանեցնում էր իր Ֆիլիպիններին։ Հետո ներկայացրեց «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը ու նրան տեսանք Արցախի գինու փառատոնին տակառի մեջ ոտքերով խաղող ճզմելիս։

 

2015 թ-ին Լեւոնն ու Արիանան նշանադրվեցին։ Երկու տարի անց նրանք պսակադրվեցին Սաղմոսավանքում։ Հիշում եմ՝ ոմանք կատակով, ոմանք էլ լուրջ գանգատվում էին, թե «բա մեր Լեւոնին սազո՞ւմ էր, գնաց, արտասահմանցու հետ ամուսնացավ»։ Հետո արտասահմանցին սկսեց հայերեն սովորել, մի առիթով էլ պատմեց, որ շախմատի իր առաջին ուսուցիչը հայ է եղել։ Դե՜, երկրորդն էլ երեւի Լեւոնն էր։

 

Հետո Համո Սահյան արտասանեց՝ «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»։ Վերջին տողն էլ՝ «Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ»-ը դարձրեց «Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց քեզ»։ Երևի, նրան ասմունքելիս Լեւոնն էր նկարում։ Մի առիթով էլ ասաց, որ իրենց առաջին որդուն որոշել են Մոնթե կոչել... Առաջին որդուն...

 

Արիանան, ասես, նոր գաղափարների ու ծրագրերի խառնարան լիներ․ 2016-ին հիմնեց «Ճամփորդ» շաբաթաթերթը, որը դարձավ Երեւանի քաղաքային տրանսպորտի ուղեւորների անվճար ուղեկիցը։ Իսկ ինքն ամենուր ուղեկցում էր ամուսնուն՝ Լեւոնին։ 2018 թ-ին Gibraltar Masters մրցաշարում հաղթելուց հետո Լեւոնը հարցազրույց տվեց «Շանթ» հեռուստաընկերությանը։ Հարցին, թե ինչպես է արձագանքում Արիանան իր խաղերին, ասաց․ «Իմ կինը զայրանում է, երբ ես ձանձրալի եմ խաղում: Նա ասում է՝ «դու հիմա ծեր ես»: Նման մի բան: Դա շատ ուժեղ մոտիվացիա է»։

 

Մարտի 30-ին Արիանան մահացավ։ Անկեղծ՝ ձեռքերս թուլացան, երբ լուրը կարդացի։ Իր ու Լեւոնի սիրո սիրուն հեքիաթը պիտի շարունակվեր։ Ես այդպես էի պատկերացնում հեքիաթները։ 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին