Եկավ համավարակը եւ իմ մեջ ճանաչեցի խիստ տատիկիս - Mediamax.am

Եկավ համավարակը եւ իմ մեջ ճանաչեցի խիստ տատիկիս
3897 դիտում

Եկավ համավարակը եւ իմ մեջ ճանաչեցի խիստ տատիկիս


Մեր գյուղի տան «մեղուների սենյակում» պապիկս պարկերով չորահաց էր պահում։ Մեղվի փեթակներն այնտեղ էին ձմեռում, դրա համար էլ սենյակի անունը դրել էինք «մեղուների»։ Ամեն անգամ սեղանից վեր կենալիս՝ պապիկս հավաքում էր հացի կտորտանքն ու, շարելով սրեճաքի՝ ուռենու ճյուղերով գործած պատգարակի վրա, արեւին տալիս։ Չորացնում էր ու ամբարում պարկերում։ Երբ հարցնում էինք՝ ա՛յ պապի, ինչի՞ ես պարկերը լցնում, ախր ամեն ինչ կա խանութներում, էլ առաջվանը չի, ասում էր՝ ի՞նչ իմանաս՝ վաղը ինչ կլինի, թող ունենանք։ 

 

Պապիկս ու տատիկս գաղթ, պատերազմ, աքսոր ու սով էին տեսել։ Իրենք հերիք չի, երեխաներ էլ էին մեծացրել սովի տարիներին։ Տատիկս պատմում էր, որ մի քանի կիլո գարի գտնելու համար էշը նստում, աշխարհի ծայրն էին հասնում։ Գարին բերում, ծեծում էին, աղում ու հաց թխում։ Ուտում էին ժուժկալ, յուրաքանչյուրին մի կտորից ավել չէր հասնում։ Տատիկս հիշում էր, որ երեխեքը լացում, էլի էին հաց ուզում, բայց դե չկար ու չկար։ Մի անգամ երեխեքին թողել, էլի գնացել է գարու հետեւից, իսկ երբ վերադարձել է, տեսել է՝ ոնց են ուրախ-ուրախ, պսպղուն աչքերով, գունավոր քիթումռութով վազվզում տնով մեկ։ Քրտինքը սառել է ճակատին. երեխեքը պահարանի գլխից գունավոր դեղահաբերը գտել, կոնֆետի տեղ կերել էին։ 

 

Տատիկս խիստ կին էր, երբեմն՝ չափից ավելի։ Խոսելիս զուսպ էր, առանց ավելորդ զգացմունքների։ Համբուրել չէր սիրում, գրկախառնվել՝ հազարից մեկ։ Անպիտան զրույցները, թեկուզ քաղաքավարությունից ելնելով, չէր շարունակում, ասում էր՝ ժամանակ չկա։ Ամեն պատահածի հետ լեզու չէր թրջում, ասում էր՝ հավերս սոված մնացին։ Որ պետք էր լինում, առանց աչքը թարթելու իր պահած, մեծացրած հավերը մորթում, փետրահան էր անում։ Ասում էր՝ բա հո սոված չե՞նք մնալու, մեկը պիտի մորթի, չէ՞։ Ճաշի սեղանի շուրջ ծայրահեղ կարգապահ էր՝ «ուտելիս չեն խոսում» սկզբունքը պարբերաբար հիշեցնելով թոռներին։ 

 

Այն ժամանակ մտածում էինք՝ կարո՞ղ է տատիկը մեզ չի սիրում։ Տարիներ անց, երբ տատիկիս եւ շատ ու շատ այլ տատիկների գտա մեր պատմության դասագրքերում, հասկացա, որ տատիկիս ներսում մի շատ կարեւոր բան սովի տարիներին ցամաքել-վերջացել էր։ Նա վաղուց սպառել էր մեկ մարդուն բաժին ընկնող հուզականության  պաշարը... 

 

...Մի քանի օր առաջ, երբ աշխարհը պատուհասած համաճարակը փոխեց նաեւ մեր կյանքի պլանները, ու խանութների դարակաշարերը մի քանի ժամում  դատարկվեցին, ինքս էլ չզգացի, թե ինչպես սկսեցի սենյակից դուրս չեկած՝ լույսը մարել, ձեթը խնայողաբար լցնել, հնացող հացը ջեռոցում չորացնել։ Իսկ երբ Գեւը սկսեց պտտվել շուրջս ու նույն հարցը մի քանի անգամ տալ այն պահին, երբ մտածում էի՝ բա որ գնաճ լինի, կամ խանութներում քիչ բան մնա, ինքս ինձ բռնացրի, որ տատիկիս պես կարճ եմ կապում, առանց «բալես», «համովս» ու «ցավդ տանեմ»-ի՝ արագ պատասխանում ու անցնում առաջ։ Բայց սառնարանը լիքն էր միս ու կարագով, քաղցրավենիքի դարակում ոչ թե գունավոր դեղահաբեր էին, այլ պես-պես կոնֆետներ, վաֆլի ու պեչենի, իսկ հացամանում՝ ոչ թե կես կտոր գարու հաց, որը պետք էր 5-6 հոգու միջեւ բաժանել, այլ առցանց պատվիրված հացամթերքի մի ամբողջ փունջ՝ սեւ ու սպիտակ, լավաշ ու լոշիկ, կտրատած ու ոչ։ 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին