«Թող վրաս չլացեն, ինչքան ուզում են, թող խոսեն» - Mediamax.am

«Թող վրաս չլացեն, ինչքան ուզում են, թող խոսեն»
2410 դիտում

«Թող վրաս չլացեն, ինչքան ուզում են, թող խոսեն»


Սույն հոդվածը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում 1994 թվականի սեպտեմբերի 10-ին: Վերահրատարակվում է կրճատումներով:

 

***

 

«Ես չեմ ուզում Մանվել Գրիգորյանին որեւէ բնորոշում տալ` ոչ գովական, ոչ ժխտական...Եկ փաստերի լեզվով խոսենք, համեմատենք դեպքերի զարգացման ընթացքը 88-ից սկսած եւ դրանցում Մանվելի դերն ու տեղը»,- այսպես սկսվեց լրագրող եւ ազատամարտիկ Վարդան Դեւրիկյանի հետ մեր զրույցը Մատաղիսում (Մարտակերտի շրջան) այս տարվա հունիսի վերջին, երբ խոսք բացվեց «Էջմիածնի Մանվելի»` հանրահայտ հրամանատար Մանվել Գրիգորյանի մասին: Հրամանատարի համբավը` թե՛ դրական, թե՛ բացասական առումով, դուրս է եկել Ղարաբաղի սահմաններից եւ հասել Երեւան, հասել նույնիսկ Թատերական հրապարակի «բարձր ամբիոնին»: Այս «երգը» նույն շարքից է, որ հյուսվել եւ հյուսվում է`Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան... Չշարունակեմ:

 

Հունիսին, Մատաղիսում Վարդանի հետ որոշեցինք զրույցը շարունակել Երեւանում, երբ Վարդանը վերադառնա ծառայությունից: Այդպես էլ արեցինք:

 

- Մանվել Գրիգորյանին առաջին անգամ Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում հանդիպեցի, Ֆիզուլու օպերացիայից առաջ: Ծանր օրեր էին: Դու, որքան գիտեմ, նրան վաղուց ես ճանաչում, 6 ամիս իր զինվորն էիր նաեւ:

 

- 1988-89-ին, երբ փաստորեն մենք դեռ չէինք ճշտել մեր տեղը Թատերական հրապարակում, այդ ժամանակ արդեն Մանվել Գրիգորյանը իր ընտրությունն արել էր: 1989-ին նա գնաց Արցախ, Հադրութի շրջան եւ նվիրվեց Էդիլլուի ձորակի պաշտպանության գործին: Էդիլլուն այն կետն էր, որ, եթե, Աստված մի արասցե, ընկներ, փաստորեն բացվում էր թե՛ Հադրութ տանող ճանապարհը, եւ թե՛ Ստեփանակերտ: Սաֆոնովյան բռնությունների շրջանում Մանվելը ձերբակալվեց, ենթարկվեց տարբեր կտտանքների, բանտարկվեց: Դրանից հետո գուցե ուրիշը իր պարտքը կատարած համարեր եւ հերոսի կեցվածք ընդունած վերադառնար Հայաստան, մասնակցեր քաղաքական կյանքին...

 

Այս ամենը ես էլ գիտեմ: Մանվելը չեկավ, հերոսի կեցվածք չընդունեց, իր առողջությունը չփորձեց վերականգնել: 1992-ի ամռանը, ծանրագույն օրերին, երբ ճակատի գիծը հասել էր մինչեւ Գանձասար, Հադրութում եւ Մարտունիում նույնպես խուճապ էր սկսվել: 

 

- Այդ ժամանակ,- շարունակում է Վարդանը,- Մանվել Գրիգորյանը ոչ միայն ռազմաճակատի իրեն վստահված հատվածի պաշտպանությամբ էր զբաղվում, այլեւ ճանապարհներ էր գցում: Շատերը հեգնանքով ասում էին, թե ո՞ւմ համար ես լեռները ճեղքում ու ճանապարհ պատրաստում: Թուրքերի համա՞ր: Եվ ինքը միշտ համառորեն ասում էր, որ Մարտակերտի ճակատագրին Հադրութը չի արժանանալու եւ կորցրածն անպայման ետ ենք բերելու: 1992-ի ամառը ոչ միայն մեր դժբախտությունների եւ պարտությունների, այլեւ մեր պատմության, արցախյան շարժման ամենահերոսական եւ ամենաամոթալի շրջանն էր: 

 

Այդ ժամանակ էր, որ Վարդան Դեւրիկյանի հետ հանդիպեցինք Ղարաբաղում: Նույնն էր ասում, ինչ հիմա, երկու տարի անց: Ասում էր մամուլում եւ բանավոր` այն, ինչ տեսել էր եւ ինչը զայրույթ չէր կարող չառաջացնել: 

 

- Մարտակերտի գաղթից հետո տիրող խառնաշփոթ վիճակից օգտվելով, ոմանք աշխատում էին Արցախի եղած հարստությունը հանել` Մարտակերտի տեխնիկան, անասունները, կոնյակը եւ այլն: Մանվել Գրիգորյանը Հադրութում ամեն ինչ անում էր շրջանի ամրապնդման եւ նման երեւույթների բացառման համար,- շարունակում է Վարդան Դեւրիկյանը: 

 

- Ես գիտեմ, որ այդպես էր Հադրութում, բայց այնուամենայնիվ, Մանվելը կարծես ըստ արժանվույն չի գնահատվում: Ընդհակառակը նրա մասին ինչ ասես չեն խոսում...

 

- Մանվելի դժբախտությունը իմ կարծիքով այն է, որ ինքը լուռ աշխատել է եւ երբեք արածով չի պարծեցել: Մի փաստ բերեմ միայն: Ողջ ռազմական գործողությունների ժամանակ իրենից անբաժան է եղել իր 15-ամյա տղան` Կարենը: Այսօր շատերը աշխատում են իրենց տղաներին ինչ-որ ձեւով առ ժամանակ Հայաստանից դուրս բերել, ամեն գնով բարձրագույն կրթության տալ: Նա իր ունեցած հնարավորություններով նույնը կարող էր անել: Մինչդեռ հրամանատարը Կարենին դպրոցից կտրելով, բերեց առաջին գիծ, որ եթե սխալվի, առաջին հերթին ինքը վճարի իր այդ սխալի համար: Կարծում եմ, քիչ հրամանատարներ կարող են այդպիսի բացառիկ քայլի գնալ:

 

- Անցյալ տարի Էդիլլուի բնակիչները, ում հետ որ խոսում էի, մի խնդրանք ունեին, որ «էս կռիվը պրծնի, ու Մանվելը մեր շրջանի մեծը դառնա»: Այսօր մարտակերտցիները ի՞նչ կարծիքի են:

 

- Սիրով եւ ջերմությամբ են խոսում թե՛ Հադրութում, թե՛ Մարտակերտի գյուղերում` Մեծշենից ու Մաղավուզից մինչեւ Մատաղիս ու Թալիշ, որոնք ինքն է ազատագրել, եւ որտեղ նա ոչ միայն պաշտպանությունն է իրականացնում, այլ նաեւ ծավալել է որոշակի շինարարական գործունեություն:

 

Վերջերս, երբ Մատաղիս վերադարձաց մի գյուղացու հարցրի, թե ինչպիսի տնտեսական լծակներ են պետք, որ Մատաղիսն ու Թալիշը վերստին շենանան, ասաց. «Մեր հողն այնքան հարուստ է, որ ամենամեծ լծակը հենց ինքն է, մեզ հարկավոր է, որ ռազմաճակատում Մանվելը կանգնած լինի, որպեսզի մենք ապահովության երաշխիք ունենանք»: Հունիսին, երբ անցնում էինք Մաղավուզ, Մեծշեն գյուղերով ու հանդիպում ծերերին ու երեխաներին, Մանվելի դեմքը պայծառանում, բարիանում էր. «Սա է երջանկությունը, որ էս մարդիկ վերադառնում են, դրանից ավել ինձ ոչինչ պետք չէ»: Մանվելն ասում էր, որ օգնում են վերադարձողների, որ նոր ճանապարհներ պիտի գցեն : Իսկ ես նրա մասին երեւանյան չարախոսությունները հիշելով, այնուամենայնիվ, ասացի. «Քո մասին, ինչ ասես խոսում են Երեւանում»: Մանվելը ժպտաց. «Թող վրաս չլացեն, ինչքան ուզում են, թող խոսեն»:

 

Ալվարդ Բարխուդարյանը եւ Մանվել Գրկգորյանը 1994թ. հունիսի 12-ին Մեծշենում

 

- Վարդան, Մանվելի մասին Երեւանում ինչ ասես խոսում են, ինչո՞ւ:

 

- Ես նոր եմ եկել եւ այնքան էլ ծանոթ չեմ Երեւանի անցուդարձին, բայց հասցրել եմ լսել ամենաանհավանական, ամենազազրելի մեղադրանքները, որ հնչում են Մանվել Գրիգորյանի հասցեին: Ես դա բացատրում եմ հրամանատարի ընդգծված, վառ անհատականություն լինելու հանգամանքով:

 

- Ասում են, շատ կորուստներ է տալիս...

 

- Դժբախտաբար, այս ձմեռվանից սկսած, շատ ծանր կորուստներ ունեցանք թե Ֆիզուլիում, Քելբաջարում, թե Օմարի լեռնանցքում: Եթե համեմատենք մեր բրիգադի գրաված տարածքն ու մեր կորուստները եւ մյուս զորամիավորումների գործունեությունը, կարող ենք ասել, որ...թեեւ յուրաքանչյուր հայի կորուստ մեծ ցավ է... մենք ավելի մեծ գործ ենք արել մեր կորուստներով, քան ուրիշները: Անհեթեթությունն այնտեղ է հասնում, որ ես դեպքեր գիտեմ, որ մյուս ճակատներում զոհված տղաների ծնողներն ասում էին` Մանվելը տարավ երեխայիս գլուխը կերավ:

 

 - Ուրեմն մի բան կա, որ հատկապես Մանվելի անունն է «դուրս եկել»:

 

- Օմարում, Հորադիզում, այո, շատ զոհեր տվեցինք, բայց ոչ մի հրամանատարի անուն չիմացանք:

 

- Ասում են, նորակոչիկներին...

 

- Սպասիր, նորակոչիկների մասին... ինչ որ տեսել եմ հունվարից սկսած եւ որքան գիտեմ վիճակագրությունը, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեր բրիգադում այս ընթացքում նորակոչիկ երկու զինվոր է զոհվել, մեկը, դժբախտաբար, ականի պայթյունից, մյուսը` պարզապես դժբախտ պատահարի հետեւանքով: Ուրիշ նորակոչիկների զոհվելու ոչ մի դեպք չի եղել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ նաեւ, որ մեր բրիգադում նորակոչիկները մարտական գործողությունների չեն մասնակցում: Սա նաեւ հերթափոխը ժամանակին չիրականացնելու պատճառներից մեկն է: Մանվելը երբեք նորակոչիկներին դիրքերը չի ուղարկում: Նորակոչիկները մեզ մոտ զբաղվում էին թիկունքային աշխատանքներով, զինամթերքի տեղափոխմամբ եւ այլ հարցերով: Կգա ժամանակ, երբ Արցախյան շարժումը, պատերազմը պատմություն կդառնան, եւ որպես ականատես ես կգրեմ այս ամենը: Այդ ժամանակ հնարավոր կլինի ասել` ով ով էր, ռազմաճակատում ով, որտեղ եւ ինչքան կորուստ է տվել: Եվ ինչու են այս, կամ այն անհատի մասին հերյուրանք տարածում: Տարբեր հրամանատարների մասին այսօր զազրելի խոսակցություններ տարածողները մի մեծ առավելություն ունեն` շատ հարցերի մասին դիվանագիտական եւ պաշտոնական առումով այսօր հնարավոր չէ խոսել:

 

...Բայց խոսում ենք, անվերջ բամբասում: Վարդանի կարծիքով, Մանվել Գրիգորյանի մասին հիմնականում դասալիքներն են, մեղմ ասած, վատ արտահայտվում` ռազմաճակատից իրենց փախուստը արդարացնելու համար: «Հայաստանը լքողներն էլ են նույն պատճառաբանությունը բերում` Հայաստանը դժոխք է: Այս դրախտի մանրակերտը ո՞նց կարելի է թողնել»,- հունիսյան մեր խոսակցությունը հիշեցի: Նռնենին, թզենին ծաղկել էին, ընկուզենին ու թթենին ծանրացել պտղի առատությունից: Իզուր էին ծաղկել` ամայի էր Մատաղիսը, ու Մանվելի զինվորներից բացի ոչ ոք այս գեղեցկությունը չէր վայելում: Մատաղիսում հարցրի Վարդանին. «Ճի՞շտ է, որ Մանվելը մի քանի դասալիք է գնդակահարել»: Ծիծաղեց: «Պատժում է դրանց»,- ասաց: «Ո՞նց»: «Պատժում է, էլի, բայց ոչ գնադակահարությամբ» ,- կրկնեց Վարդանը: Երեւանում այդ հարցին նորից անդրադարձանք:

 

- Հայաստանում որեւէ մեկին գիտե՞ս, ում դատել են դիրքերը թողնելու համար: Ես էլ չգիտեմ: Եթե հրամանատարն իմանա, որ դասալիքը կանգնելու է դատարանի առաջ, այդ հրամանատարը փախչողին պատժելը ինքնադատաստանի իր խնդիրը չէր դարձնի: Մի դաժան իրողություն կա` եթե զինվորի սխալը հրամանատարը անտեսեց, հաջորդ թերացումի համար թշնամին արդեն հարյուրապատիկ կպատժի: Ես այդպես եմ մտածում: 

 

...1994-ի ապրիլի սկզբին վերսկսվեցին մարտական գործողությունները Մարտակերտի դաշտային հատվածի եւ հյուսիսային գյուղերի ազատագրման համար: Կրկին վիրավորներ բերվեցին Ստեփանակերտ ու Երեւան` վիրավորներ ու դագաղներ: Թալիշը, Մաղավուզն ու Մատաղիսը ազատագրվեցին մեծապես Մանվել Գրիգորյանի բրիգադի շնորհիվ: Այդ ժամանակ էլ սկսվեց...

 

- Ասում են, որ Մանվելը վիրավորներին թողնում էր դիրքերում, հոսպիտալ չէր ուղարկում,- հարցնում եմ Վարդանին:

 

- Դա անբարո սուտ է: Ես, որպես վերջին իրադարձությունների ականատես, կարող եմ վկայել, որ յուրաքանչյուր հարկադիր ռազմական քայլին նախապատրաստվելուն նախորդել են դաշտային հոսպիտալի տեղադրման աշխատանքները, առանձնացվել են մարդիկ, որոնք պետք է բերեին սպասվող վիրավորներին եւ զոհվածներին: Երբ սկսվեց պատմական գրոհը Թալիշի եւ Մատաղիսի ազատագրման համար, եւ թիկունքից մեր ուժերը պետք է մտնեին Արեգասարով, այդ ժամանակ դաշտային հոսպիտալը բերվեց ռազմաճակատի գծին հնարավորին չափ մոտ: Այնտեղ առաջին օգնություն էր ցույց տրվում, որից հետո վիրավորներին մեքենաներով հասցում էին Մեծշեն: Այլ հարց է, որ ապրիլի երկրորդ տասնյակին, երբ առանձնակի թափով վերսկսվեցին մարտական գործողությունները, հորդառատ անձրեւներ սկսվեցին, եւ այդ ընթացքում, դժբախտաբար, մի քանի հերոս, նվիրական տղաներ զոհվեցին, որոնք կփրկվեին, եթե անձրեւների պատճառով ճանապարհներն անանցանելի չդառնային: «Շտապ օգնության» մեքենաները պարզապես չէին կարող հասնել Մեծշեն: Շարժման սկզբին մենք մեր լավագույնը ուղարկում էինք Արցախ, հիմա, դժբախտաբար, երբեմն` ինչ պիտանի չէ, այդ ենք ուղարկում: Օրինակ, եկած «շտապ օգնությունների» մեծագույն մասը անսարք են: Երբեմն բեռնատարներ են ուղարկվում, որոնք արագ շարքից դուրս են գալիս: Այդ պատճառով էլ հաճախ փողոցներից զենքի ուժով բեռնատարներ են կանգնեցնում եւ բերում ռազմաճակատ: Երեք ամսվա զորակոչի մասին... 

 

Դժբախտաբար, գնալով փոխվում է զորակոչի որակական կազմը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ բանակ են զորակոչում միայն աղքատների, հաշմանդամների: Խայտառակ փաստեր կան, թե զինկոմիսարիատները ինչպիսի մարդկանց ուղարկեցին ռազմաճակատ: Մեր հանրապետությունում ոչ ոք դրա համար չպատժվեց: Մեզանում զինկոմներ պիտի դատվեին, բայց փոխարենը բանակի հրամանատարությունը կրկին դարձավ քավության նոխազ: Այս ամենը վարկաբեկում է մեր երկիրը, ոմանք անիծում են բանակը, արցախյան պայքարը: Հիմա Արցախում խաղաղ է, բայց հակառակորդը տենդագին պատրաստվում է եւ եթե, Աստված մի արասցե, գործողություններ սկսվեն, մեզ ունակ, մարտական գործողությունների վարժ զինվորներ պետք կգան: 

 

- Գրեթե երեք ամիս է, ինչ, կարծես, խաղաղություն է հաստատվել Ղարաբաղում, բայց Մարտակերտի հյուսիսը, ցավոք, դեռ ամայի է:

 

- Տուն վերադառնալու միտում կա: Հայրենիքի, հողի կարոտը ստիպում է մարդկանց վերադառնալ: Խաղաղության ամեն օր փոխում է մարդկանց դիմագիծը: Այս ընթացքում սահման պահող զինվորները Մարտակերտի հյուսիսում զբաղված են նաեւ ներքին շինարարությամբ: Ամբողջովին վերականգնվել է Մեծշենի դպրոցը, շուտով կավարտվեն նաեւ Մաղավուզի դպրոցի վերականգնողական աշխատանքները: Մեծ ռազմավարական նշանակություն ունեցող Մեծշեն-Թալիշ ճանապարհը բարեկարգվում է: Այս ամենը կատարում է Մանվել Գրիգորյանի գլխավորած զորամասը:

 

Ինչի մասին որ խոսում էինք Վարդանի հետ, ինչ էլ որ հիշում այս երկու տարվա ընթացքում Ղարաբաղում մեր տեսածից` վերջում վերադառնում էինք մեր զրույցի առանցքին` հրամանատար Մանվել Գրիգորյանի կերպարին:

 

-Գիտես, պատմությունը հետաքրքիր է նրանով, որ իր էջերում ընթացքի միայն արդյունքն է հիշատակում: Թե ժողովուրդներն այդ արդյունքին ինչ գնով են հասնում` սերունդները չգիտեն: 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք չենք հիշում, թե այդ տարիներին ցրտից, սովից, համաճարակներից քանի մարդ մահացավ: Մենք ասում ենք միայն, որ պետականություն էինք ստեղծել այդ տարիներին: Եթե Աստված տա ու ամեն ինչ հաջող լինի, չի հիշվելու մեր այսօրվա կյանքի դժվարությունները, մեր այսօրվա դժգոհությունները: Մեր սերունդները հպարտությամբ ասելու են, որ այս ընթացքում մենք բանակ ենք ստեղծել, վերականգնել մեր խորհրդանիշները: Պետություն ենք ստեղծել: Տառապանքը, դժվարությունները չեն հիշատակվելու... Հիշենք Դրոյին ու գեներալ Նազարբեկովին: Վերջինս ցարական բանակի գեներալներից մեկն էր` զինվորական դասական կրթություն ստացած, հայտնի` զինվորների հետ իր մարդկային վերաբերմունքով: Դրոն ավելի կոպիտ զինվորական էր: Բայց այսօր մեր պատմության մեջ Դրոն հիշվում է որպես մի զինվորական, որը երբեք մեր հայրենիքի ոչ մի տարածք չհանձնեց: Գեներալ Նազարբեկովն էլ մնաց պատմության մեջ` իբրեւ մի պատկառելի գեներալ, որը հեծեծալով նայում էր, թե ինչպես է հայկական բանակը հանձնում Ալեքսանդրապոլը:

 

Ես գիտեմ, թե իմ խոսքերը ինչպես կմեկնաբանվեն ի վերջո: Մանվել Գրիգորյանի մոտ ես երեք ամսվա փոխարեն վեց ամիս մնացի եւ կարող էի ամենաէժան շահարկումների առարկա դարձնել այս հանգամանքը եւ փորձել դրա հիման վրա հեղինակություն ձեռք բերել: Ես համոզված եմ, որ բոլոր այդպիսի հեղինակությունները, թվացյալ հաղթանակները վերջնական արդյունքում վերածվում են ազգային պարտության: Այնպես որ պետք է ճշմարտությունն ասել: Երբ ինձ մայիսին խնդրեցին նույն հարցերի շուրջ խոսել, ես հրաժարվեցի: Դեռ չէի զորացրվել եւ երկու-երեք օրով եկել էի Հայաստան: Եթե այն ժամանակ այս նույն բառերը ասեի, կարող էր որպես երեսպաշտություն գնահատվել: Այսօր ես բանակի հետ որեւէ կապ չունեմ եւ, եթե Աստված տա խաղաղություն լինի, որեւէ կապ չեմ էլ ունենա: Հայագիտությունն ու ռազմական գործը ընդհանուր եզրեր չունեն, եւ իմ խոսքերը, կարծում եմ, որպես ականատեսի խոսքեր կընկալվեն առանց որեւէ երեսպաշտության, որովհետեւ դրա համար որեւէ ակնկալիք պիտի ունենաս, իսկ ես Մանվել Գրիգորյանից, բանակից որեւէ ակնկալիք չունեմ: 

 

Այսպես ավարտվեց Վարդան Դեւրիկյանի հետ Երեւանում մեր զրույցը: Ես բոլորովին նպատակ չունեի մրցել հերյուրանքներ տարածելու մեջ փորձ եւ հմտություն ունեցողների հետ, հատկապես նրանց, ովքեր մեր դժվարին պատմության մեջ որոշակի դեր խաղացողներին իրենց թիրախն են դարձրել այսօր: Հայտնի է նմանների դերը պատմության մեջ: Մեր նպատակը Ղարաբաղյան պատերազմի զինվոր` մեր ժամանակակցի խոսքերը գրի առնելն էր:

 

Այսքանը միայն:

 

Ալվարդ Բարխուդարյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին