«Մոնթե Մենլքոնյանը ամենաազնիվ հայն էր»
1039 դիտում

«Մոնթե Մենլքոնյանը ամենաազնիվ հայն էր»


1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլլու գյուղի մատույցներում, զոհվեց Արցախի զորավար Մոնթե Մելքոնյանը, Ավոն, ինչպես նրան էինք դիմում Ղարաբաղում, որն իր կյանքի գնով անշրջելի դարձրեց հայերիս պատմության ընթացքը: «Եթե մենք հանձնենք Ղարաբաղը, ապա…»,- ասել էր Ավոն հաճախ: 1994-ին Մարտունիում բացվեց Մոնթեի հուշարձանը, նրա մարտական ընկերները, հարյուրավոր արցախցիներ, Հայաստանից պաշտոնավորներ՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եկել էինք Մարտունի- Մոնթեաբերդը: Ուղղաթիռով հետդարձի ճանապարհին պետնախարար Վազգեն Սարգսյանին Կապանից վերցրեցինք՝ նա Սյունիքում էր մնացել, գործեր ուներ: «Մոնթեի մոտ մի հատ մտնենք», ասաց,- «ծաղկեփունջդ կտաս, չէ՞»:: Ձեռքիս Մարտունիից բերած ծաղիկներ կային. վերցրեց, խոնարհվեց Մոնթեի շիրիմին…  


Ստորեւ տարիներ առաջ գրված հոդվածս է՝ ի հիշատակ մեր լեգենդար Ավոյի ու այդ ժամանակի:   

 

1993-ի հունիսի 12-ին Աղդամում տեղակայված կրակակետերը ոչնչացնելու ժամանակ զոհվեց ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու ճակատի հրամանատար Մոնթե Մելքոնյանը: Մարտական ուղիում՝ Շահումյան, Մարտակերտ, Աղդամ: Խիզախության, բացառիկ հմտության, հայրենիքի պաշտպանության գործում անձնազոհ ծառայության համար պարգեւատրվեց (ետմահու) ԼՂՀ զինվորական «Մարտական Խաչ» առաջին աստիճանի ամենաբարձր պարգեւով: Հունիսի 12-ին Մարտունիում բացվելու է լեգենդար զորավարի հուշարձանը:

 

Անցյալ տարի, մայիսին Մարտունուց վերադառնալուց հետո հոդվածներիցս մեկում գրել էի. «Կանցնեն տարիներ, ես վստահ եմ, Ավոյի մասին գրքեր կգրվեն, եւ իր անունը կմտնի այս պատերազմի տարեգրության  մեջ»: Մարտունու պաշտպանական շրջանի շտաբում այդ օրերին զրուցեցի շտաբի օպերատիվ բաժնի պետ Լեոնիդ Հայրապետյանի հետ. «Մարտունիում այսօր ոչ մի զավթված գյուղ չկա: Բայց անցյալ տարի այդպիսի վտանգ կար: Շատերը խուճապահար փախուստի էին դիմել: «Եթե զոհվելու ենք, ես էլ ձեզ հետ, էս հողի վրա»,- ասել էր Ավոն ու թույլ չէր տվել ոչ ոքի շրջանից դուրս գալ: Ավոն կարճ ժամանակահատվածում արագ հակահարվածի ունակ, կանոնավոր բանակ կազմավորեց Մարտունիում: Անջատ-անջատ ֆիդայական ջոկատներից նա կարողացավ զինվորական ստորաբաժանումներ ստեղծել, որոնք ոչ միայն պաշտպանվում, այլ հաջողությամբ ոչնչացնում են հակառակորդի զինակետերը: Եթե Ավոն չլիներ, Մարտունիին Մարտակերտի ճակատագիրն էր սպասում»:

 

Լեոնիդ Հայրապետյանի հետ զրուցում էինք Մարտունու շտաբում ու սպասում Ավոյին, որը բարոնուհի Քոկսի հետ Գիշի էր գնացել: Նա պատմում էր 92-ի ծանր, արյունալի մարտերի մասին: 

 

Ավոն ուշանում էր, որոշեցի ես էլ Գիշի գնալ: Փառք Աստծո, հասցրի նրան տեսնել: Այստեղ էին Մարտունու հրամանատարությունը, հռչակավոր անգլուհի Քոկսը, Գուրգեն Մելիքյանը ու ինքը՝ մարտունեցիների սիրելին՝ Ավոն: Դպրոցի բակում Գիշիի երեխաները Մոնթեին շուրջն էին առել ու նրան նվիրված երգն էին երգում.

 

«Մեր Ավո ջան, Ավո ջան,

Ղարաբաղի պահապան»

 

Հուզվել էր Մարտունու զորավարը: Երեխաներից մեկին ուսին էր դրել ու այդպես նկարվել: Գյուղի ժողովուրդը` կին, տղամարդ, ծեր ու մանուկ շփոթված ու երջանիկ չէին ուզում նրանից բաժանվել, հարցեր էին տալիս, կատակում: Ինչ իմանային, որ վերջին անգամն են Ավոյին տեսնում: Քոկսը ու իրեն ուղեկցող խումբը շտապեց դեպի ուղղաթիռը, իսկ Ավոն սպասում էր վարորդին` Կոմիտասին, Ստեփանակերտ պիտի գնային: 

 

Կանցնի ուղիղ մեկ ամիս ու Եռաբլուրում պիտի հանդիպեմ Մարտունիի հրամանատարներին` Նելսոն Սողոմոնյանին, Աբրիկ Հայրապետյանին, ու նրանք նույնը կպատմեն, ինչ արդեն լսել էի Կոմիտասից: Հունիսի 12-ին Նելսոնը ռացիայով խոսել էր Մոնթեի հետ եւ ասել, որ գյուղը արդեն «մաքրել են», եւ ինքը կարող է այդ գյուղը մտնել: Հենց խոսելու ժամանակ կապն ընդհատվել էր: Քիչ հետո Նելսոնին ռադիոկապով ասել են, որ Ավոն ծանր վիրավոր է, օգնություն է պետք: «Երբ եկանք, Աբրիկը իր տանկերով գյուղում էր արդեն: Ավոն պառկած էր գետնին, մեքենայի մոտ...Ավոն չկար արդեն...Կոմիտասն էլ էր վիրավորվել: Ավոյին դրեցինք տանկի մեջ, ուղարկեցինք Մարտունի...»,- կասի Նելսոնը:

 

ԿՈՄԻՏԱՍԻ պատմածից. «Մեքենայով մտանք գյուղ: Մի ԲՄՊ (հետեւակի մարտական մեքենա - Ա.Բ.) տեսանք, կարծեցինք Աբրիկն ա, գիտեինք, որ Նելսոնն էլ է գյուղում: Մոտեցա ԲՄՊ-ին, տեսնեմ, թուրքերեն են խոսում: Նստեցի մեքենան, թուրքերը մեզ վրա կրակ բացեցին: Ավոն դուրս եկավ մեքենայից ու...»: 

 

Այդ կրակոցները լսելով, Աբրիկ Հայրապետյանը հասնում է դեպքի վայր: Սկսվում է մարտը: Այդ օրը Ավոյի հետ եւս երկու հայորդի զոհվեց: Ապրիլին եմ եղել Մարտունիում: Բոլոր զորամասերում, պաշտոնյաների կաբինետներում, տներում Ավոյի լուսանկարներն են: Հրամանատարների սենյակներում զորավարի դիմանկարն է իր հանրահայտ դարձած խոսքերով. «Եթե մենք կորցնենք Ղարաբաղը, դա կլինի հայոց պատմության վերջին էջը»: Մարտունու զորամասերից մեկում տղաները վոլեյբոլ էին խաղում: Նախորդ օրվա գիշերն ու առավոտյան անընդհատ ռմբակոծվում էին մեր դիրքերը: Զինվորներից մեկը գնդակով խաղացողներին նայելով ասաց. «Խաղում են, Է¯, մեր դիրքերին են խփում, սրանց սկի վեջը չի, խաղում են: Է ¯, Ավո...»: Ասաց ու լռեց:

 

Մոնթեի «Ավո» անունը առաջին անգամ Ղարաբաղում եմ լսել, 92-ի հուլիսին: Տղաների պատմածներում դժվար էր տարանջատել Ավոյի կերպարի իրականն ու անիրականը: Պատմում էին, թե ինչպես էր մենակ գնում թուրքի դիրքերը, երկար ձողին լապտեր էր կախում, որ հակառակորդը տեսնի ու գնում էր: Կրակ էր տեղում ձողի ուղղությամբ: Այդկերպ Մոնթեն որոշում էր ադրբեջանական դիրքերի տեղը: Մարտունու շրջանի Գիշի գյուղից մի մարտիկ պատմեց հետեւյալը. «Ավոյից չէինք նեղանում, հատկապես, որ զայրանում էր: Մի «բոյի» (մարտի) ժամանակ թուրքի տանկ երեւաց: «Խփեք, տղաք»,- գոռաց: Տղերքը կրակ բաց արին: «Չէ, տղաք, թանկը մի խփեք, մեզի պետք գուքա, վրի թուրքերուն խփեք»: Բայց տանկը խփեցինք: Երեկոյան Ավոն էկիպաժը կանչեց: «Թուն ո՞վ ես»: «Տանկի կամանդիրն եմ»,- պատասխանեց տանկի հրամանատարը: «Կամանդիր որ ըլլայիր թանկին չէիր խփի, թուն էշ ես, կամանդիր չես...»,- չէր հանգստանում Ավոն»:   

 

Երկու տարվա ընթացքում Մոնթեի մասին հիշողությանս մեջ տասնյակ իրական պատմություններ խառնվել են անիրական թվացողների հետ: Եվ ո՞րն է Մոնթե երկրածինը, ո՞րը լեգենդը՝ չգիտեմ: 

 

Ահա ինչ են ասել հրաժեշտի պահին Եռաբլուրում Մոնթեի մասին իր զինակիցները.

 

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՀՀ պաշտպանության նախարար) 

 

«...Շատ մեծ է այսօրվա մեր կորուստը: 88-ին ցնցվեց ամբողջ Հայաստանը: Նախկին ուսուցիչները, բանվորները, գյուղացիները, գրասենյակի աշխատողները դարձան քաղաքական գործիչներ, զինվորներ, անձնազոհ հերոսներ: Հարյուրամյակների ընթացքում մենք կորցրել ենք մեր պետությունը, մեր ազգային նպատակները, եւ մեր միակ նպատակը գոյատեւումն էր: Աստված դարերի ընթացքում մեր ժողովրդի մեջ վառում էր փարոսներ, որոնք լուսավորում էին մեր ճանապարհը, ու մեր նախնիների երազանքը  փոխանցվում էր մեր սերնդներին: Մոնթեն այդ փարոսներից մեկն էր, ու Աստված վառեց մեր ազգային կապանքները` ճանապարհը ցույց տալու համար: Այն ինչ ունենք այսօր, դեռ ազգային երազանքի ակունքն է: Մենք պիտի ունենանք հզոր պետություն, պիտի հզոր ազգ դառնանք, որ կարողանանք թելադրել մեր կամքը:

 

Մոնթեն բոլորի համար ոչ միայն զորավար էր, այլ նաեւ ընկեր, որի հետ կարելի էր կատակել, վիճել, որի հետ կարելի էր ընկերություն անել: Այսօրվա մեր ազգի կորուստը, Մոնթեի կորուստը շատ մեծ է: Բայց մենք իսկապես պիտի երդվենք, որ իրականացնելու ենք այս երազանքները, որ ուներ Մոնթեն եւ որոնք կարողանում էր սփռել նաեւ մեր ժողովրդի մեջ: Թող Աստված հոգին լուսավորի, իսկ մենք երդվենք, որ շարունակելու ենք իր գործը»:

 

«ՀԱՅԴՈՒԿ» ջոկատի զինվոր

 

«... Հրամանատարիս հետ Ճարտար գյուղից Մարտունի էինք գնում: Մեկ էլ տեսանք Մոնթեն մեքենայով մեզ ընդառաջ եկավ: Իջանք, համբուրվանք, ըսի. «Լսել եմ, որ վիրավոր էիր»: «Հա,- ըսավ,- քիչ մը գլխիս դիպավ, բայց ռիքաշետ ըրավ»: Էդ իրա բարբառը, ժպիտը մինչեւ կյանքիս վերջ կմնա հիշողությանս մեջ: Վերջին անգամ հունիսի սկզբին միասին Ղուբաթլի գնացինք գործողությունների, բայց ափսոս` եղանակի պատճառով գործողություններ չեղան: Չորս օր իրար հետ էինք Ղուբաթլիում: Գնացինք, դիրքավորվեցինք: Ուր էր գնար Ավոն տեղանքը էնպես էր ճանաչում, կարծես սաղ կյանքը եդտեղ էր ապրել...:

 

Վերջին անգամ Ավոյին Ստեփանակերտի շտաբում տեսա, մայիսի 17-ին: Զինվորական համազգեստով էր, հեռադիտակով, ավտոմատը ուսին: Ղուբաթլի էր գնում: «Ավո ջան, գիտես չէ, քեզ ինչքան ենք սիրում, քեզ հետ հանկարծ բան չպատահի»,- գրկեցի նրան: Ավոն ժպտաց իր անկրկնելի ժպիտով ու գնաց... 

 

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ պետնախարար)

 

«... Իր կենդանության օրոք լեգենդ էր արդեն, որովհետեւ իսկական զորավար էր: Շատ դժվար է իր մասին խոսել, որովհետեւ բառերը միշտ վշտի առաջ անկարող են: Մեծ վիշտը երբեք հնարավոր չէ բառերով արտահայտել: Մեր միակ սփոփանքը այն պիտի լինի, որ Մոնթեն զոհվեց Մեծ Գործի ճանապարհին եւ Մեծ Գործի ճանապարհի ավարտին: Փառք Աստծո, ոչ թե կեսին, փառք Աստծո, ոչ թե սկզբին: Բոլոր խոսքերը ավելորդ կլինեն, եթե մենք, Մոնթեի մարտական ընկերներս, չկարողանանք Մոնթեի թողած գործն ավարտել:

 

Իր երազանքներն ու նպատակները չափազանց հեռու էին գնում: Վերջին գործողությունների ժամանակ ինքը քարտեզի վրա աշխատում էր ոչ թե մատիտով, այլ ափով, ափով էր տարածությունը չափում: Եվ մենք պարտք ունենք իր առաջ: Ու հանդիսավորությունը, որով Մոնթեին հուղարկավորում ենք, հանդիսավորություն կմնա, եթե Մոնթեի կիսատ թողած գործը չավարտենք: Սա է միակ ապացույցը մեր սիրո մեր Մոնթեի  նկատմամբ, Մոնթեի հայրենիքի` մեր հայրենիքի նկատմամբ:

 

Մոնթե Մելքոնյանը ինձ հայտնի ամենաազնիվ հայն էր: Չեմ չափազանցնում, ես ասում եմ դա ոչ այն պատճառով, որ սա իր հուղարկավորության օրն է: Ապշեցուցիչ ազնվության տեր մարդ էր, իր ապշեցուցիչ քաջությունը այնքան էր զարմացնում, որքան իր ապշեցուցիչ ազնվությունը: Իր քաջության ու ազնվության խառնուրդով ինքը դարձավ մեր ազատագրական պայքարի ամենափայլուն, ամենաոգեղեն գործիչներից մեկը: Ու հավատացեք, մեր կողքին կան մեծ զորավարներ, Նժդեհներ: Չվախենանք նրանց անունները տալուց: Մոնթեն նրանցից մեկն էր, առաջիններից մեկը: 

 

Նա իսկապես զորավար էր, զորավարի բոլոր գիտելիքներով, համարձակությամբ ու ամուր ոգով: Մեծ գաղափարական էր: Մոնթեն հայոց բանակի գաղափարական թեւի ամենափայլուն ներկայացուցիչն էր: Այն հրաշալի խառնուրդը, որը վաղը մեզ դարձնելու է աշխարհի ամենահզոր բանակներից մեկը: Եթե ճշմարիտ է այն ձեւակերպումը, թե յուրաքանչյուր ազգ հզոր է իր Մեծ Մեռյալներով, մեր միակ սփոփանքը այն է, որ մենք հզոր ենք այսօր նաեւ Մոնթեով:

 

Մոնթեն շատ մեծ Մարդ ու շատ մեծ Զորավար էր: Մոնթեի կորուստը զավակի կորուստ չէ, մեր բանակի, պաշտպանության նախարարության կորուստը չէ: Արցախի ու Հայաստանի կորուստը չէ: Մոնթեի կորուստը ամբողջ հայ ազգի կորուստն է: Ազգովի պիտի սգանք ու ազգովի համախմբվենք մեր Մեծ Մեռյալներից վերջինի`  Մոնթեի հիշատակի, հոգու շուրջ ու պիտի երդվենք, որ Մոնթեի թողած գործը կիսատ չի մնա»:

 

                                        «Հայաստանի Հանրապետություն», 11 հունիսի 1994թ.

 

Ալվարդ Բարխուդարյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am