Վերջին պապիկս իր հետ տարավ բոլորիս մանկությունը - Mediamax.am

Վերջին պապիկս իր հետ տարավ բոլորիս մանկությունը
3515 դիտում

Վերջին պապիկս իր հետ տարավ բոլորիս մանկությունը


Մորական կողմի պապիկս փակեց աչքերը։ Տատիկ-պապիկներիս մեջ վերջին պապիկն էր։ Մի քանի օր առաջ մաման զանգեց, թե պապիկդ լավ չի։ «Այսինքն ի՞նչ վիճակում ա, մա՛մ» հարցիս պատասխանեց, թե «Խաչիկ պապիկիդ պես պառկած ա»։ Իսկ դա նշանակում էր, որ հաշված ժամեր, լավագույն դեպքում՝ օրեր էին մնացել։ 

 

Մաման չզգաց էլ, թե իմ՝ 20 տարվա նիրհած տխրությունն ինչպես քնից հանեց։ Խաչիկ պապիկս մահացավ գյուղում։ Այդ տեսարանը երկու տասնամյակ ինձ հետ ապրում է։ Պապիկիս կյանքի վերջին ժամերը ներսումս՝ մի վերքոտ անկյունում, փակվել ու տարիներով ձայն չեն հանել։ Այդ ժամերն իմ հիշողությունների պահարանի ամենավերջին դարակում են։ Գիտեմ՝ եթե հանեմ, մյուսներն էլ են թափվելու՝ ճիշտ ինչպես պահարանի ամենախորքից որեւէ հագուստ հանելիս է լինում։    

 

Այլեւս աշխատել չկարողացա։ Որեւէ մեկին որեւէ բան չասացի էլ. ծերերի մահը մեր հասարակությունը հումորով է տանում։ «Ահագին էլ ապրել ա, էլի»՝ ասում են ու հոգեհանգստի գնում՝ պատանեկան զվարթությամբ միմյանց նախատելով, որ հարազատներին ցավակցելիս հանկարծ չծիծաղեն։ 

 

Վերմակը ծանր, անհամաչափ շնչառությունից դանդաղ բարձրանում ու իջնում էր։ 88 տարիները Լեւոն պապիս մեծացրել, մի բուռ էին դարձրել. վերմակի տակ հազիվ էր ուրվագծվում նրա կուչ եկած, կորացած մարմինը։ Բայց դեմքին իսկի կնճիռ չկար, ալեխառն մազերն էլ խիտ ու սիրուն էին։ Մի քանի օր առաջ տնեցիքին ստիպել էր, որ տանեն, մազերը կտրեն։ Հետո էլ բողոքել էր, թե տատիկիս գերեզմանատան վարդերը լավ չեն մշակում։ Իրեն բնորոշ չֆիլտրած բարկությամբ էլի ստիպել էր, որ տաքսի կանչեն, ձեռնափայտն ու գործիքները վերցրել, գնացել էր տատիկիս այցի, վարդերը մշակել ու հետ էր եկել։ 

 

Լեւոն պապիկը վարդեր շատ էր սիրում։ Խաչիկ պապիկիս պես։ Սեփական տուն ուներ, այգին՝ վարդերի, բակը՝ խաղողի որթատունկերի մեջ կորած։ Աշնանը խաղողի առողջ ու առատ ողկույզները առաստաղ էին կապում պապիկենց բակում։ Տատիկը հետեւում էր, որ իր բազմաթիվ թոռներից մեկը հանկարծ չհայտնվի տան տանիքին, թե չէ բերքը խակ-խակ կքաղեին հերիք չի, օղի քաշելու հումքն էլ կպակասեր։ Լեւոն պապիկի համար օղի քաշելը սուրբ գործ էր։ Ընկերոջ՝ Ռազմիկ պապիկի հետ լույսը չբացված սկսում էին, ավարտում՝ քեֆները լավ։ Այնքան հին էր նրանց ընկերությունը, որ հաշվելիս թվերը խառնում ու միշտ վիճում էին, թե ով է ճիշտ։ Հետո նարդի խաղալիս կռվելու նոր առիթներ էին լինում, ու մենք տենց էլ չէինք իմանում հստակ, թե քանի տարվա ընկերներ են։ Բայց մի բան հաստատ գիտեինք՝ մեկը մյուսի երեխաների մկրտության քավորն էր, այսինքն՝ խաչքավոր էին, ու ինչ հիշում էինք, միասին էին «պարկետ խփում» («մանրահատակ» բառը հատուկ չեմ օգտագործում)։ Լեւոնի ու Ռազմիկի պարկետը բոլորը մատով էին ցույց տալիս, իրենց գործի համար  հաճախորդները ամիսներով հերթ էին կանգնում։ Բծախնդիր, պատասխանատու ու գործից լավ հասկացող վարպետներ էին։ Լավ փող էին աշխատում. տան սպասքն ու երեխեքի հագուստը Չեխոսլովակիայից էին բերում։ Որ պուճուր էինք, միշտ հպարտանում էինք, որ Լեւոն ու Ռազմիկ պապիկները նույնիսկ Էրմիտաժի պարկետն են խփել։

 

Լեւոն պապին գործից տուն էր գալիս սեւ կտորե տոպրակով՝ մեջը ընդմիջման դատարկ ամանները։ Հենց տեսնում էր՝ թոռներն են եկել, տոպրակը դատարկում էր, կանթերը գցում դաստակին ու գնում խանութ՝ էսկիմո ու պլոմբիր առնելու։ Ինքը պլոմբիր շատ էր սիրում։ Մի քանի ամիս առաջ՝ ընդմիջմանը, գնացել էի պապիկի հետ սուրճ խմելու։ Ո՜նց էր ուրախացել։ Հարցուփորձ արեց տանից, երեխեքից, երկրի վիճակից ու իր սովորության համաձայն՝ երկու ումպով սուրճը վերջացրեց, պաղպաղակն էլ՝ հետը։ 

 

Պապիկը սիրում էր, որ խելոք թոռները գիշերը մնում էին իր տանը։ Դե՜, խելոք թոռները մենք էինք՝ ես, քույրս ու մորաքրոջս աղջիկը։ Մնացած վեցը տղա էին։ Բայց դե, տղա թոռներին էլ բան ասող չպիտի լիներ. ասում էր՝ տղա են, բա պիտի չարություն էլ անեն։ 

 

Պապիկը սիրում էր, որ իր բոլոր չորս աղջիկները՝ իրենց երկու-երեքական երեխաներով, ամուսիններով, կիրակի օրերը հավաքվում էին իր տանը՝ խորոված անելու, իր քաշած խաղողի օղին էլ համտեսելու։ Տատիկն էլ էր ուրախանում, բայց շուտ էր հոգնում. ճնշումը հաճախ էր բարձրանում, տրամադրությունն էլ՝ ընկնում։ Երբ տեսնում էիք՝ ճնշման ապարատը սեղանին է, հասկանում էինք, որ մեր գնալու ժամանակն է։ Հենց բարձր ճնշման պատճառով էլ տատիկս մի օր ընկավ հիվանդանոց ու այլեւս դուրս չեկավ այնտեղից։ Այդ օրվանից ես Լեւոն պապիկին այլեւս երջանիկ չտեսա։ 

 

Այդ օրը գիտեի, որ պապիկին վերջին անգամ եմ տեսնում։ Աչքերը մի պահ բացեց, հարցրեց՝ «Արփի՛, դու՞ ես» ու էլի փակեց։ Հետո վերմակը քաշեց գլխին ու էլ չուզեց խոսել։ Երկու օրից Լեւոն պապիկը՝ իմ տատիկ-պապիկներից վերջինը, մահացավ՝ իր հետ տանելով նաեւ բոլորիս՝ բոլոր թոռների մանկությունը։  

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Մեդիամաքս»-ի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին