Գերեզմաններ՝ «առաջ տված» բալկոններով - Mediamax.am

Գերեզմաններ՝ «առաջ տված» բալկոններով
7313 դիտում

Գերեզմաններ՝ «առաջ տված» բալկոններով


Լույսը նոր էր բացվել, մենք էլ դեռ քնած էինք, երբ դաշնամուրի վրայի լարով հեռախոսը զնգաց։ Կանաչ, քաշովի համարներով հեռախոս էր։ Սիրտս սկսեց արագ խփել․ դե՜, որպես կանոն, վաղ առավոտյան զանգերը չարագույժ են լինում։ «Բարեւ ձեզ, դուք Խաչիկի ի՞նչն եք»՝ հարցրին։ «Թոռը։ Ւսկ ի՞նչ է եղել»՝ ասացի։ «Մարիան ասեց՝ փոխանցեմ, որ Խաչիկին ինսուլտ է խփել»՝ իմ ու գյուղի «կոմուտատորի» զրույցն այդքանով ավարտվեց։ Մարիան էլ տատիկս է։ Մաման սփրթնած դեմքիցս հասկացավ, որ զանգը գյուղից էր։

Երբ ընտանիքիդ անդամները մեծանում են, լուսաբացի բոլոր զանգերը մեզ մտովի տանում են նրանց մոտ՝ հրաժեշտի։ Գյուղում ու մեր ազգուտակում բոլորը գիտեին, որ պապիկիցս այն կողմ իմ կյանքում մարդ չկար։ Պապիկիս՝ ծերության սահմանագիծը հատելիս բոլորին մտահոգում էր, թե ես ոնց եմ մի օր ապրելու առանց նրա։ Այդ մի օրը մոտեցել էր։

20 տարի առաջ էր, ես՝ իններորդ դասարանում։ Մաման պապային հանեց քնից, պապան զանգով՝ հորեղբորս։ Անհրաժեշտ իրերն ու արդեն հիմնավորված վախերը փակելով մի պայուսակում՝ վազեցին աստիճաններով ցած։ Ես էլ՝ իրենց հետեւից։ Հիշում եմ՝ ոնց էի պապային խնդրում, որ ինձ էլ իրենց հետ տանի։ «Պա՛պ, կարող ա պապին ինձ ա սպասում»՝  այս նախադասությամբ իմ ու պապայի զրույցն ավարտվեց։

Ամբողջ ճանապարհին մի բառ չխոսեցի։ Րոպեներն էի հաշվում, որ տեղ հասնենք,  պապիկի ձեռքը բռնեմ ու ասեմ, որ ես իր կողքին եմ, չվախենա։ Արդեն չեմ հիշում՝ պատմել եմ, թե չէ, որ երբ պապիկս հիվանդանոց ընկավ, ես 4-5 տարեկան էի։ Ասում են՝ տնեցիներին համոզել եմ, որ ինձ էլ տանեն հիվանդասենյակ, որովհետեւ «հենց պապիկն ինձ տեսներ, լավանալու էր»։ Բժիշկները թույլ տվեցին։ Պապիկս լավացավ սպասվածից ավելի շուտ։

Այդ օրը գյուղի տան դարպասն առաջին անգամ մենք բացեցինք,  տատիկը օջախը չէր վառել, մենք էլ պապիկի սիրած սեւ խաղողը չէինք տարել։ Պապիկին շարժվել չէր կարելի։ Պապիկը չէր էլ կարող շարժվել։ Երբ ձեռքը բռնեցի ու համբուրեցի, ժպտաց։ Պապան չդիմացավ, դուրս եկավ սենյակից։ Ես ու պապիկս երկար մենակ մնացինք։ Ես այնքա՜ն շատ բան ունեի պատմելու պապիկիս։

Մի քանի օրից պապիկս մահացավ։ Տատիկս պապիկի՝ պապայիս տարիքի ժամացույցը, որ 1954 թվականից ձեռքից չէր հանել, ինձ տվեց, պապային էլ սաստեց, որ շատ չհուզվի։ Պապան ու տատիկը որոշեցին, որ պապիկի շիրմաքարը պիտի փոքր սալիկ լինի՝ վրան անուն-ազգանունն ու ծննդյան, մահվան տարեթվերը․․․

․․․Կյանքի կամ, ավելի ճիշտ, մահվան բերումով մենք բոլորս երբեմն-երբեմն մեր հանգստյան օրերն անցկացնում ենք գերեզմանատներում։ Մի քանի օր առաջ մենք էլ էինք այնտեղ՝ Երեւանի մոտ 2 տասնյակ գերեզմանատներից մեկում։ Ճանապարհին կանգնեցինք, որ մի փունջ ծաղիկ առնենք։ Հերթի մեջ էլի մարդիկ կային, փնտրում էին ամենաճոխ փնջերը իրենց հանգուցյալի համար ու չէին գտնում։ Դե երեւի դժվար է  գտնել հենց այն փունջը, որը կգոհացնի մեռած մարդուն։

Հասանք գերեզմանատուն։ Մուտքի մոտ մեզ դիմավորեց հանգուցյալներից մեկի մահարձանը։ Մահարձանը ո՞րն է, մի ամբողջ արձանախումբ՝ հանգուցյալի մարմարե քանդակով, մարմարե հատակով, մամարե սեղան-աթոռով, մարմարե կամարներով ու մարմարե մահախոսական ուղերձով այն մասին, որ «քանի դեռ քեզ հիշում են, դու ապրում ես»։ Ասում են՝ այդ շիրմաքարային համալիրի սպասարկման համար հատուկ ջրագիծ են քաշել, բայց տեղը թաքուն են պահում, որ մյուս սգավորները չօգտվեն։ Սգավորնե՛րը, մյու՛ս սգավորները։

Մի քիչ այն կողմ մեկ այլ շիրմաքար էր՝ վրան «Ավագ որդուց» ընծայագիրը։ Փաստորեն, մարդիկ լեզվակռիվ են տալիս նաեւ տապանաքարերի վրա՝ փորձելով անդրշիրիմյան կյանքում էլ ծնողների մոտ առավելություն ստանալ։

Մի քանի քայլ այն կողմ էլ հսկա գերեզմանաքարը ստվեր էր գցում կողքի մեռելների վրա՝ կյանքի դասեր տալով ողջության մասին բանաստեղծությամբ։

Երեւանյան գերեզմանատներում ամեն մի շիրմաքար մի առանձին պետություն է՝ իր օրենքներով, մի առանձին մարզ՝ իր բարբառով ու նիստուկացով, քաղաք՝ իր ենթակառուցվածքներով ու տուն՝ առաջ տված բալկոններով, որոնք իրենց ծավալներով ու հարդարանքով առավելության ձեռնոց են նետում հարեւաններին՝ մեռած հարեւաններին։ Ամեն մեկն ունի իր տարածքը՝ անառիկ սահմանագծերով։ Այդ սահմաններից ներս ամեն ինչ իր տեղում է, մաքուր ու խնամված։ Իսկ սահմաններից դուրս՝ ինչպես ստացվի։ Ու, որպես կանոն, ստացվում է վատ։

Եթե ուզում եք պատկերացում կազմել որեւէ ժողովրդի, երկրի ու պետության մասին, միայն թանգարաններն ու եկեղեցիները հերիք չեն, պե՛տք է գերեզմանատուն գնալ։ Ավելին, կարելի է տուրեր կազմակերպել։ Գոնե զբոսաշրջությունը կզարգանա։

Իսկ պապիկիս ժամացույցն արդեն 20 տարի իմ դարակում տըկտըկում է։

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Մեդիամաքս»-ի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին