Այդ օրվանից Վանուշ պապիկի խնձորներն այլեւս չգողացանք - Mediamax.am

Այդ օրվանից Վանուշ պապիկի խնձորներն այլեւս չգողացանք
2956 դիտում

Այդ օրվանից Վանուշ պապիկի խնձորներն այլեւս չգողացանք


Ես մեր գյուղի սառը, ծաղկավոր սպիտակեղենով անկողնում քնած էի, երբ Վանուշ պապիկի կինը մահացավ։ Այդ առավոտ մեր գյուղի տանը բոլորն արթնացել, պատշգամբի դուռը փակել, շշուկով էին խոսում։ Տատիկը սովորաբար շուշաբանդի (այդպես էին գյուղում ասում) փայտե, ծլեփներ տված երկփեղկանի դուռը բաց էր թողնում, որ տունն օդափոխվի։ Ու նաեւ գիտեր, որ սիրում եմ սառը օդին քնել՝ բրդյա վերմակով փաթաթված։ Գիշերվա՝ գյուղը ցեխի մեջ խորտակող անձրեւից հետո այգու ցողաթաթախ ու ռունգերդ ծակող օդը հասնում էր ննջարան, ու մենք ամռան կեսին կուչ էինք գալիս բրդյա վերմակի տակ։

 

Այդ օրը պատշգամբի դուռը փակ էր։ «Բա ի՞նչ կանի էդ խեղճ մարդը, ո՞նց կպահի հիվանդ տղային՝  հոգոցով հարցնում էր տատիկը։ Պապիկն էլ, թե՝ «դե կօգնենք, հո սենց չե՞նք թողնի»։ 

 

Վանուշ պապիկի տունը կլուբի մոտ էր։ Մեր գյուղի կլուբը 400-ից ավել ընտանիքների բոլոր անդամների միակ ժամանցի վայրն էր։ Դե՜, ժամանցը ո՞րն է․ հավաքվում, նարդի էին խաղում, շաբաթ-կիրակի էլ հնդկական կինո նայում։ Այդ ժամանակ մեր գյուղում հազարից մեկը հեռուստացույց ուներ՝ այն էլ սեւ ու սպիտակ, որը, ինչպես տեղացիներն էին ասում, միայն լրաբեր էր ցույց տալիս։ Բայց բոլորը ռադիո ունեին՝ պրիոմնիկ էին ասում։ Բոլորի պրիոմնիկները կարմիր ու կապույտ վիրակապեր ունեին․ իզոլենտ էին փաթաթում կոտրված մասերին։ Այդպես էին նորոգում մի քանի տասնամյակ աշխարհն ու գյուղը իրար կապող ռադիոընդունիչները։ Լուրերի ժամին բոլորի տներից նույն խշշոցն էր լսվում, հետո՝ ականջ ծակող, սուլող ազդանշան հիշեցնող ձայնը, վերջում՝ ամենակարեւոր պահին ռադիոալիքը կորցրած պապիկների բռունցքի հարվածները։ 

 

Մեր գյուղի կլուբի այգում լիքը ծիրանենի կար՝ սովորականից ավելի բարձրահասակ, սովորականից ավելի փոքր ու անհամ պտուղներով, սովորականից ավելի դառը կորիզներով։ Բերքը, թարսի պես, միշտ այնքաան առատ էր լինում, որ ծառերն աստղազարդ երկինքներ էին հիշեցնում։  Մի թեթեւ քամուց այդ երկինքները ճոճվում, ու կարմրաթուշ, ճաք-ճաք ծիրաններն ընկնում էին խոտերի մեջ։ Հետո վրա էին հասնում շռայլ բերքից երես առած թռչունները։

 

Մեր գյուղում ծիրանը սովորականից ուշ էր հասնում, այսինքն՝ այն ժամանակ, երբ Արարատյան դաշտավայրում վերջանում էր։ Երբ Երեւանը սկսում էր խաղող ու նուռ ուտել, մենք գյուղում ծիրան ու դեղձ էինք հավաքում։ Մեր լեռնային գյուղում ամեն ինչ էր ուշ հասնում, ու ստացվում էր՝ տարվա մեջ երկու ամառ էինք դիմավորում՝ մեկը՝ Երեւանում, մյուսը՝ Գողթանիկում։ Բայց, խոսքը մեր մեջ, մեր գյուղի ծիրանն այնքան էլ համով չէր։ Ծիրանը Գողթանիկում հայտնի ֆիրմաների՝ մեկ տառի տարբերությամբ էժանագին կրկնօրինակումներն էր հիշեցնում։ Ասում են՝ երկար ժամանակ գյուղում ծիրանենի չի եղել, ինչքան տնկել են, չորացել է։ Բայց մի համառ գյուղացի այնքան է պայքարել, որ բերքահավաքին սկսել են ծիրան էլ հավաքել։ Հետո պարզվել է, որ մեր իմացած ծիրանը, մեկ է, Գողթանիկի բանը չէ։ Մեր գյուղի միրգը խնձորը, տանձն ու ընկույզն էին։ Մեր այգու խնձորենիների ու ընկուզենիների թիվը ես այդպես էլ չկարողացա մտապահել։ Դեմիրճյան, Գոլդեն, Սիմիրենկո, Շաֆռան… մի խոսքով՝ ինչքան խնձորի ծառ, այնքան անուն։ Բայց մենք սիրում էինք Վանուշ պապիկի այգու խոշոր, կանաչ, շրխկան խնձորը, որի ճյուղերն ամռանը խոնարհվում էին ցանկապատի վրա։ Կլուբի ճանապարհից մենք միշտ շեղվում ու որոշում էինք, թե ով, ինչքան ու ոնց պիտի շրխկան գողանա։ Վանուշ պապիկը գիտեր, որ ցանկապատը գրկած ճյուղերի բերքն իրենը չէ, ու մարգերը ջրելիս կամ նարդի խաղալիս մեզ նկատում, բայց չտեսնելու էր տալիս։ 

 

Երբ Վանուշ պապիկի կինը մահացավ, այդ օրվանից մենք Վանուշ պապիկի շրխկան խնձորներն այլեւս չգողացանք։ Կլուբում երկար ժամանակ կինո ցույց չէին տալիս, պրիոմնիկի գլխին այլեւս չէին խփում, անասուններին հարայ-հուրույով հանդ չէին ճանապարհում, այգին առաջինը ջրելու համար ձայնները գլուխները չէին գցում։ Վանուշ պապիկի նարդին փակվել, մահճակալի տակ փոշով էր ծածկվել։ Գյուղը Վանուշ պապիկի հետ թաղվել էր տխրության մեջ։ 

 

Այդ տարի Վանուշ պապիկը այգին չմշակեց, անասունները ժամանակավոր տվեց բարեկամներին, մեղուները՝ հարեւաններին։ Բայց այդ տարի Վանուշ պապիկի տանը արկղերով տանձ ու խնձոր կար, 3 լիտրանոց բալոններով մեղր, դույլերով կաթ ու մածուն, տաք ճաշ։ Ցերեկվա ճռճռան շոգին, երբ վարուցանքից, գոմ ու տուն մաքրելուց հետո բեզարած գյուղացիները սովորաբար թիկնում էին թախտին՝ աչքը կպցնելու, Վանուշ պապիկի տանից լսվում էր նարդու զառերի շրխկոցը․ գյուղացիները հերթափոխով Վանուշ պապիկին բերք ու բարիքով այցի էին գնում, նարդի խաղում, որ կին կորցրած հարեւանը չտխրի, որ մայր կորցրած որդին թարմ ճաշ ունենա։ 

 

Մի ամիս առաջ մեր թաղամասում մի Վանուշ պապիկ մահացավ։ Նրա անունն այդպես էլ որեւէ մեկը չիմացավ։ Երեխաներ ունե՞ր։ Ես էլ չգիտեմ։ 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Մեդիամաքս»-ի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին