Սահմանադրության 13-րդ հոդվածի սպառնալիքը - Mediamax.am

Սահմանադրության 13-րդ հոդվածի սպառնալիքը
21978 դիտում

Սահմանադրության 13-րդ հոդվածի սպառնալիքը


Այս տարվա ապրիլից սկսեցի ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Երկրի հիմնական օրենքի տեքստը հասանելի է երեք լեզվով, սակայն իմ գործընկեր իրավաբանները հուշեցին, որ շփոթությունից խուսափելու համար ավելի լավ է ռուսերենով կարդացածը համադրել հայերեն բնօրինակի հետ: Ներկա Սահմանադրությունը ոչ միանշանակ տպավորություն թողեց, ինչը գիտական եւ փորձագիտական վերլուծության տեսանկյունից լրիվ նորմալ է: «Լղոզված» ձեւակերպումները եւ միմյանց հակասող բաժիններն ու հոդվածները եւս զարմանք չհարուցեցին, քանի որ դա հանդիպում է ամենուր: 

 

Սակայն որոշ բաներ աչք են ծակում, եւ բարդ է դրանց համարժեք գնահատական տալը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես Սահմանադրությունը, որը սուպերլիազորություններ է տալիս վարչապետին՝ գործադիր իշխանության ղեկավարին, կարող է հիմնվել զսպումների եւ հակակշիռների համակարգի՝ որպես պետական իշխանության իրականացման հիմքի վրա: Ակնհայտ է, որ ինստիտուտների միջեւ իշխանական լիազորությունների բաշխումը որեւէ կերպ չի համապատասխանում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման ոգուն եւ տրամաբանությանը: Սակայն սա համակողմանի մոտեցում պահանջող ավելի խոր եւ մանրակրկիտ վերլուծության թեմա է: Ինձ համար հետաքրքիր էր տասներեքերորդ հոդվածը, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: 

 

Ի՞նչ վատ բան կա դրանում: Սահմանադրությունը պարզապես ազգի կենսագործունեության նորմերի եւ կանոնների ժողովածու չէ, այն նաեւ պետականության եւ նրա փիլիսոփայության հիմնարար հիմքերն արտացոլող փաստաթուղթ է: Ակնհայտ է, որ Սահմանադրությունը պետք է պարունակի ոչ թե ցանկություններ եւ փափագներ, այլ կոնկրետ ներքին եւ արտաքին իրողություններ: Ելնելով դրանից՝ երկրի հիմնական օրենքում նման ձեւակերպման առկայությունն արդեն իսկ կարող է նրան լուրջ հետեւանքներով սպառնալ: 

 

Որպես կանոն, ընդունված չէ Սահմանադրությունում անդրադառնալ արտաքին քաղաքականությանը, եւ ավելին՝ սահմանել նրա իրականացման հիմքը: Նայենք մեր հարեւանների օրինակին: Թուրքիայի Սահմանադրությունում չկա գեթ մեկ հիշատակում արտաքին քաղաքականության մասին, իսկ Ադրբեջանի դեպքում առկա է տասներորդ հոդվածը, որում նշվում է, որ երկիրը «մյուս պետությունների հետ իր հարաբերությունները կառուցում է համընդհանուր միջազգային-իրավական նորմերով նախատեսված սկզբունքների հիման վրա»: 

 

Սակայն պետք չէ «մյուս պետությունների հետ հարաբերությունների կառուցման հիմքերը», որտեղ միջազգային իրավունքը չունի այլընտրանք, շփոթել «միջազգային իրավունքի հիման վրա արտաքին քաղաքականության իրականացման» հետ: Տարբերությունը բավական հասկանալի է, եւ տվյալ դեպքում որեւէ լրացուցիչ պարզաբանման կարիք չկա: Նշեմ նաեւ, որ սկզբունքային տարբերություն կա միջազգային իրավունքի նորմերը հարգելու եւ դրանց առջեւ ամբողջությամբ խոնարհվելու միջեւ: Շատ երկրների Սահմանադրություններում գրված է, որ պետությունն «իր պարտականությունն է համարում իր ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը» կամ «իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»: Այլ կերպ ասած՝ կարելի է հեշտորեն եւ անցավ տուրք մատուցել միջազգային իրավունքին, իսկ իրական քաղաքականությունը նախանշել շատ ավելի կոշտ:

 

Ցանկացած ինքնիշխան պետության արտաքին քաղաքականություն միշտ կառուցվում է ռազմավարական ազգային շահերի վրա, որոնք հաճախ կարող են հակասության մեջ լինել միջազգային իրավունքի հետ: Եթե համաձայնենք մեծն գերմանացի պետական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկի այն տեսակետի հետ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ապա պետք է պատրաստ լինենք բոլորովին այլ իրավիճակների: Այդ տեսանկյունից միջազգային իրավունքը կարող է լինել ինչպես հնարավորություն, այնպես էլ՝ խնդիր: Այսօր հայկական պետականության արտաքին քաղաքական առաջնային նպատակն Արցախի նկատմամբ վերահսկողության պահպանումն է՝ նվազագույնը գոյություն ունեցող սահմաններում: Առավելագույն խնդիրը, ըստ իս, քաղաքական ինտեգրումն է Հայաստանի Հանրապետության կազմում՝ հետագայում վերջինիս միջազգային քաղաքականության ռազմավարությունը կառուցելով այդ հիմքով: Երկու դեպքում էլ հայկական կողմը պետք է զգուշավորությամբ եւ ընտրողաբար մոտենա միջազգային իրավունքին, եւ անշուշտ, այն չդարձնի իր սահմանադրական ալֆան եւ արտաքին քաղաքականության օմեգան: Անգամ Բաքուն, որը հաճախ վկայակոչում է այդ նորմերը, իրեն նման կտրուկ քայլեր թույլ չի տալիս: Նրանց համար երեք հիմնարար սկզբունքներից միայն մեկն է կարեւոր՝ տարածքային ամբողջականությունը, եւ նրանք ակտիվորեն եւ հետեւողականորեն առաջ են մղում այդ դիրքորոշումը:

 

Ընդ որում, նրանք չափազանց հազվադեպ են խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին եւ պարբերաբար պղծում են միջազգային իրավունքին հավատացողների մեկ այլ սրբություն՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, դիվերսիաները, համատարած հայատյացությունը (ինչի գագաթնակետը դարձավ Ռամիլ Սաֆարովի հերոսացումը), ռազմատենչ հռետորաբանությունը եւ ապրիլյան մասշտաբային պատերազմը ի ցույց դրեցին միջազգային իրավունքի ամբողջ անզորությունը: Ագրեսոր կողմը ոչ միայն չստացավ հասցեական նախազգուշացում (կոչերն ուղղված էին երկու կողմերին), այլեւ խուսափեց քաղաքական կորուստներից (պատժամիջոցներ, սահմանափակումներ): Իրավիճակը 2016 թվականի ապրիլից հետո անգամ եթե փոխվել է, ապա մեզ համար վատագույն ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խումբն ամեն անգամ ադրբեջանական ականջին ավելի հաճելի հայտարարություններ է անում՝ վարելով ագրեսորին խաղաղեցնելու քաղաքականություն: Համանախագահող երկրներն անգամ չկարողացան Բաքվին պարտադրել համակարգի տեղադրումը, որը կարող էր հստակորեն հետեւել, թե կողմերից որն է առաջինը խախտել հրադադարի պահպանման ռեժիմը («Ռոյս-Էնգելսի» նախաձեռնություն):

 

«Չկարողացան»-ի տակ հասկանում ենք «անգամ չփորձեցին», չէ՞ որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը չեն վտանգի Ադրբեջանի հետ հարաբերություններում իրենց իրական շահերը հանուն միջազգային իրավունքի բարձրագույն ճշմարտությունների կյանքի կոչման: Ամեն ինչ ուղիղ հակառակն է՝ խախտողը խուսափում է պատժից եւ ստանում է նոր խրախուսանքներ, իսկ երկիրը, որն իր Սահմանադրությունում գրել է, որ իր արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա, ստանում է ցավակցություններ եւ անհապաղ խաղաղ կարգավորման ուղիների որոնման անհրաժեշտության մասին կոչեր: Եվ որքան էլ պարադոքսային չհնչի, հենց Հայաստանի քաղաքացիներին են իրենց ձայների մեծամասնությամբ հանրաքվեում աջակցել այս Սահմանադրությանը, որում իրական քաղաքականության տեսանկյունից նման կոպտագույն «անհեթեթություն» է առկա: Քանի որ միջազգային իրավունքը նախանշել եք որպես հիմք, ապա բարի եղեք իրագործել: Իսկ Ադրբեջանը՞: Ներեցեք, բայց նա իր միջազգային քաղաքականության իրականացման համատեքստում այդ սկզբունքները առանցքային չի համարում: Ուրեմն ինչո՞ւ սեփական Սահմանադրությունում բացահայտորեն նշել կողմնորոշումը դեպի միջազգային իրավունքը, հատկապես, երբ քո երկիրը գլոբալ մակարդակում բարենպաստ դիրք գրավելու համար էականորեն քիչ ռեսուրսներ ունի: 

 

Հնարավոր է՝ Երկիր մոլորակի ինչ-որ անկյունում նման ձեւակերպումները ինչ-որ տրամաբանություն ունենային: Ասենք, եթե հնարավոր լիներ Հայաստանն Անդրկովկասից տեղափոխել Եվրոպա, որտեղ նրա հարեւանները կլինեին Բելգիան կամ Նիդեռլանդները (կամ եթե հնարավոր լիներ Թուրքիան եւ Ադրբեջանը փոխարինել Լիխտենշտեյնով եւ Շվեյցարիայով): Ավելին, իրենց նման «հիմքեր» թույլ տալ կարողացող երկրների արտաքին քաղաքականության հիմնական գլխացավանքը հարեւանների հետ պայքարն է Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար:

 

Այսպիսով, անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք կարեւոր քայլեր: 

 

Առաջին՝ կամ չեղարկել տվյալ հոդվածն առհասարակ կամ էլ հստակ շարադրել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը խարսխվում եւ իրականացվում է սեփական ռազմավարական ազգային շահերի հիման վրա (ազգն իշխանության աղբյուրն է, իսկ նրա շահերը՝ ամեն ինչի հիմքը), որոնք հետագայում ավելի մանրամասն բացահայտվում են մասնագիտացված փաստաթղթերում: 

 

Երկրորդ՝ պետությունը պետք է սկսի գլոբալ հայկական ռեսուրսների լայնամասշտաբ ինվենտարիզացիայի գործընթաց, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի իրականացման համար: 

 

Երրորդ՝ ինվենտարիզացիայի արդյունքների հիման վրա հանձնարարել Անվտանգության խորհրդին եւ միջազգային քաղաքականության մշակման եւ իրականացման համար պատասխանատու մյուս մարմիններին սկսել «Արտաքին քաղաքականության ռազմավարության» ձեւավորումը (մինչ օրս բացակայում է) եւ վերանայել հեռավոր 2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը: Աշխարհը փոխվում է, տարածաշրջանը փոխվում է: Փոխվում ենք եւ մենք: Առանց ազգային եւ պետական կենսագործունեության բոլոր տարրերի հստակ կանոնակարգման՝ մենք բախվում ենք ժամանակակից աշխարհաքաղաքական ջունգլիներում մոլորվելու եւ մահանալու վտանգին:

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին