Մեղրիում արվեստի կենտրոնի հիմնումը Իրանի հետ երկխոսելու նոր դուռ կբացի - Mediamax.am

exclusive
1658 դիտում

Մեղրիում արվեստի կենտրոնի հիմնումը Իրանի հետ երկխոսելու նոր դուռ կբացի


Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ Սոնա Հարությունյանը
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ Սոնա Հարությունյանը

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն


Սյունիք այցելող զբոսաշրջիկները, որպես կանոն, մարզի ամենահեռավոր բնակավայրեր հազվադեպ են հասնում։ Հայաստանցիներից շատերը երբեւէ չեն եղել Մեղրիում ու հարակից սահմանամերձ համայնքներում։ Հեռավորության պատճառով Հայաստանի հարավային դարպասը շատ առումներով մնում է չբացահայտված։

 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ եւ Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը պատմում է, որ դեռ 2006-ին, երբ Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական էր, առաջարկել էր Մեղրին՝ որպես սահմանային գոտի, դարձնել մշակութային կենտրոն։ Գաղափարը ոգեւորությամբ ընդունվել, բայց, ասում է, հավանաբար քաղաքական խնդիրներով պայմանավորված՝ ընթացք չէր ստացել։ Ժամանակակից արվեստի կենտրոն ստեղծելու վաղեմի երազանքին կազմակերպության անդամներն անդրադարձան 2020 թվականի պատերազմից հետո։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

«Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ պետք է մշակութային կյանքն ապակենտրոնացվի, մայրաքաղաքից բացի մշակութային կենտրոններ ստեղծվեն նաեւ մարզերում։ Երեւանից հետո, սովորաբար, կենտրոնանում ենք Գյումրիի, Վանաձորի վրա եւ անտեսում հարավային մարզերը, որոնք տնտեսական ու մշակութային բավականին մեծ ներուժ ունեն։ Պատերազմից հետո Մեղրիում կամ Շվանիձորում ժամանակակից արվեստի կենտրոն ստեղծելու գաղափարն ավելի հիմնավոր դարձավ, որովհետեւ տեսնում ենք Ադրբեջանի՝ Սյունիքը զավթելու հավակնությունները։ Մենք կարող ենք մշակույթի ոլորտում մի քայլ անել, որը լրացուցիչ օգնություն, հենման կետ կլինի Հայաստանի Հանրապետության համար. պետությունն այդ տարածքում կնախաձեռնի միջազգային լայնածավալ մի ծրագիր, որը կդառնա կարեւոր կենտրոն ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության, արվեստագետների հանրույթի համար։ Հաշվի առնելով նաեւ Արցախին ու Իրանին սահմանամերձ լինելը՝ Սյունիքը կարող է դառնալ մշակույթի եւ արդի արվեստի կիզակետ»,-ասում է Սոնա Հարությունյանը։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Ժամանակակից արվեստի կենտրոնում լինելու են ցուցադրություններ, կրթական ծրագրեր, արվեստագետների փոխայցեր։ Նախաձեռնության հեղինակներն ակնկալում են, որ կենտրոնը կնպաստի քաղաքի վերածննդին ու վերականգնմանը, տարածաշրջանում գեղարվեստական զբոսաշրջության զարգացմանը։

 

«Սյունիքի ժամանակակից արվեստի կենտրոնը լինելու է ինտերակտիվ՝ բաղկացած տարբեր կառույցներից, բայց բոլորը ծառայելու են մեկ նպատակի՝ զարգացնել Սյունիքի մարզի կրթամշակութային ոլորտը։ Կենտրոնն ունենալու է թանգարանային հատված, մշտական հավաքածու, կլինեն նաեւ ժամանակավոր ցուցադրություններ, վարպետության դասեր, որոնք կվարեն մայրաքաղաքից ու արտերկրից Սյունիք եկած արվեստագետներն ու արվեստաբանները։ Այն կդառնա հարթակ տարածաշրջանային խնդիրները բարձրաձայնելու համար։ Մենք հատուկ շեշտադրելու ենք իրանցի արվեստագետների հետ ծրագրերի իրականացումը, քանի որ Իրանում առկա է արվեստի հարուստ դաշտ»,- ասում է Սոնա Հարությունյանը։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Հայ-իրանական սահմանին ժամանակակից արվեստի կենտրոն ստեղծելու միտքը ոգեւորել է նաեւ հարեւան Իրանին։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ասում է, որ չնայած դարավոր բարեկամությանը՝ երկու ժողովուրդներն իրար լավ չեն ճանաչում, մեկը մյուսի մասին իմանում է միջնորդավորված՝ երրորդ երկրի «աչքերով»։ 

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ Սոնա Հարությունյանը Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ Սոնա Հարությունյանը

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

«Մշակութային կապերն ամեն ինչի սկիզբն ու արմատն են, բոլոր մյուս բնագավառներում ամուր կապերի հիմքն ու առաջնահերթությունը, եւ դա վկայում է, թե ինչ մեծ բեռ է ընկած մեր ուսերին։ Մենք՝ իբրեւ Իրանի մշակույթի նախարարության ներկայացուցչություն, պարտավորված ենք զգում լրացնել մշակութային կապերի բացը։ Մինչեւ մարդիկ չճանաչեն միմյանց մշակույթը, լեզուն, ավանդույթները, կենցաղը, մինչեւ չտեսնեն՝ ինչ նմանություններ ունեն, չշփվեն, չեն կարող այլ բնագավառներում համագործակցել»,-ասում է Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Իրանի մշակույթի նախարարության ներկայացուցիչը նշում է, որ իրենց հետաքրքրում է համագործակցությունը կրթության եւ մշակույթի բոլոր ոլորտներում։ Հատկապես այնտեղ, որտեղ մեծ ու չբացահայտված ներուժ կա, ինչպես կինեմատոգրաֆիայի, թատրոնի եւ երաժշտության ոլորտներում, հրատարակչական գործում։ Բայց, ասում է, նախ անհրաժեշտ է պետական մակարդակով երկխոսություն սկսել, երկու երկրների համապատասխան կառույցների, մշակութային կազմակերպությունների միջեւ ամրագրել համագործակցությունը։

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

«Ուզում եմ առանձնացնել երկու կարեւոր կետ, որ մենք որդեգրել ենք։ Պետք է չսահմանափակվել Երեւանով եւ ապակենտրոնացնել մշակութային միջոցառումները։ Հայաստանն այնքան բազմերանգ, հարուստ է իր մշակույթով։ Ես եղել եմ տարբեր մարզերում, ծանոթացել այնտեղի մշակութային կյանքին, կենտրոններին, ներուժին, կարողացել ենք այնքան չբացահայտված տաղանդներ բացահայտել։ Երկրորդ առաջնահերթությունը, որը պետք է որդեգրի ցանկացած երկիր, եթե ցանկանում է լուսավոր ապագա ու հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալ, երեխաների զարգացմանն ու կրթությանն ուղղված ծրագրերն են։ Կուզեմ կարեւոր մեկ կետ ևս ավելացնել, որը կենսական է հատկապես այսօր։ Մեղրին մեզ համար շատ կարեւոր ստրատեգիական նշանակություն ունի, քանի որ Հայաստանի եւ Իրանի դարպասն է համարվում։ Որքան կարողանանք սահմանակից հաստատությունների միջեւ կապ հաստատել եւ մշակութային երկխոսությունը կայացնել, այնքան կհաջողենք»։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը կենտրոնի ստեղծման նախագիծը շուտով կներկայացնի Հայաստանի կառավարությանը եւ նախագահ Արմեն Սարգսյանին։ Կազմակերպությունը չափազանց կարեւոր եւ հրատապ է համարում, անկախ քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակներից, Մեղրի քաղաքում ժամանակակից արվեստի կենտրոնի հիմնումը։ «Արվեստը եւ մշակույթը, դրանց ակտիվ ներկայությունը Սյունիքի անկոտրում բնակիչների կյանքում այսօր կարեւոր զենք են՝ վերածնելու եւ ամրակայելու Հայաստանի Հանրապետության հարավային դարպասը»,-ասում է Սոնա Հարությունյանը։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին