Նոյեմբերի 8-12-ին Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն - Mediamax.am

6727 դիտում

Նոյեմբերի 8-12-ին Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն


Լուսանկարը` http://drc.sscc.edu


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 8-12-ին Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն:

Նոյեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին ֆիլմեր կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ 11-ին եւ 12-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Փառատոնի մուտքն ազատ է:

 

Փառատոնը կազմակերպել է հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական կենտրոնը:

 

Կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտնել է, որ փառատոնն անցկացնելու առաջարկը ներկայացրել է Հայաստանում  Ճապոնիայի դեսպանատունը (նստավայրը՝ Մոսկվայում), որից հետո կենտրոնն աջակցության նպատակով դիմել է հայ-ճապոնական կազմակերպություններին եւ Հայաստանում գործող ճապոնական ընկերությունների ներկայացուցիչներին: Մասնավորապես, կինոփառատոնի անցկացմանը նպաստել է Japan Tobacco International (JTI) ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

 

Փառատոնի շրջանակներում Երեւանում եւ Գյումրիում կցուցադրվեն 5 ֆիլմեր` «Այկի», «Հարված գլխով», «Առաջին սեր», «Բոց» եւ «Ինչ է բերում ձյունը»:

 

1958-ին նկարահանված «Բոց» ֆիլմը ճապոնական դասական կինեմատոգրաֆիայի նմուշ է, իսկ մյուսները նկարահանվել են վերջին տարիներին:

 

«Բոլոր ֆիլմերը շատ հետաքրքիր են: Հայ հանդիսատեսը լավ ծանոթ չէ ճապոնական կինոյին, սակայն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ճապոնիայի եւ նրա մշակույթի նկատմամբ: Հուսով ենք, որ փառատոնը հաճելի անակնկալ կլինի հայ հանդիսատեսի համար», - ասել է Կարինե Փիլիպոսյանը:

 

«Հիկարի» կենտրոնի ղեկավարի խոսքերով, ճապոնական ֆիլմերի վերջին փառատոնը Հայաստանում անցկացվել է 2007-ին, եւ անհրաժեշտություն կար շարունակելու այս ավանդույթը: Փառատոնի օրերին Երեւանում կլինի նաեւ Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը (նստավայրը՝ Մոսկվայում) եւ Հայաստանի նախագահին կհանձնի հավատարմագրերը:

 

Միջոցառման շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ճապոնական «ուկիո-ե» ուղղության փորագրությունների ցուցահանդես, որի կազմակերպմանը նույնպես նպաստել է JTI ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս, իսկ նոյեմբերի 8-ի բացմանը Ճապոնիայի դեսպանը Հայաստանի ազգային պատկերասրահին կնվիրի կտավների վերականգման համար կիրառվող ժամանակակից սարքավորում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին