Կարեն՝ երբ կողքիդ ընկեր է զոհվում, հայրենիքին այլ կերպ ես նայում - Mediamax.am

exclusive
27385 դիտում

Կարեն՝ երբ կողքիդ ընկեր է զոհվում, հայրենիքին այլ կերպ ես նայում


Կարեն Սեդրակյանը
Կարեն Սեդրակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սեդրակյանը ծառայակից ընկերոջ հետ
Կարեն Սեդրակյանը ծառայակից ընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սեդրակյանը ծառայակից ընկերների հետ
Կարեն Սեդրակյանը ծառայակից ընկերների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է ներկայացնել ապրիլյան պատերազմի մասնակից շարքային զինվորներին, որոնք հերոսաբար կատարել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրն ու հետ մղել թշնամուն:

 

Այսօր ներկայացնում ենք  19-ամյա զինծառայող Կարեն Սեդրակյանին, ում մեր թղթակիցը հանդիպել է Արցախի հարավում՝ Ջրականի (Ջաբրյաիլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:

 

***

 

Ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան, «տագնապ» հրամանով բարձրացանք դիրքեր. պատերազմ էր՝ բառի ողջ նշանակությամբ, ֆիլմերում տեսածի պես ու շատ ավելի ազդեցիկ: Երբեմն դժվարանում եմ հավատալ,  թե այդ ամենն իրականում եղել է:

 

Ամենակարեւորը, որ թե դիրքում կանգնած, եւ թե հետո դիրք բարձրացած տղաները խուճապի չեն մատնվել ու կարողացել են մինչեւ վերջ անել իրենց գործը:

 

Շատերին Աստված է պահել: Մեր կացարանից քիչ հեռու մի խաչ կա, երկու ժամ շարունակ կրակում էին այդ խաչի ուղղությամբ, բայց խաչին ոչինչ չեղավ: Այդ ժամանակ կրկին հասկացանք, որ գործ ունենք հիվանդ հոգեբանությամբ թշնամու հետ:

 

***

 

Ընդամենը 10 ամիս է՝ ծառայության մեջ եմ: Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում: Այդ մի քանի օրվա ընթացքում տեսա ու հասկացա շատ ավելին, քան ողջ կյանքում: Երբ հողի համար թեժ կռիվ է գնում, ու կողքիդ ընկեր է զոհվում, իսկ արկերն աջ ու ձախ պայթում են, այդ պահին նոր հասկանում ես, թե իրականում ինչ ասել է հայրենի հող, հող պահել ու կռվել այդ հողի համար:

 

Գալիս է մի պահ, երբ զգում ես, որ իսկապես պատրաստ ես զոհվել հանուն մայր հողի, ու դա զուտ խոսք չի, որը ես էլ միշտ ասել եմ: Մի բան է ասել, մեկ այլ բան զգալ ու գիտակցաբար պատրաստ լինել դրան:

 

***

 

Այս կռվի ընթացքում շատ տան ճրագներ մարեցին, ես երեք շատ հարազատ ընկեր կորցրեցի: Բայց դա մեզ չի ընկճել: Անկասկած, տխրել ենք, ցավել ու միշտ հիշելու ենք մեր հերոսներին՝ չմոռանալով, որ նրանց դեմ պարտք ունենք. իրենց կյանքի հաշվին պահված հողից թշնամուն հեռու պահելու պարտքը: Արյան գնով պահած հողին թուրքը մոտ չի գալու:

 

Թուրքն իր նպատակին չի հասնելու: Մենք միշտ այստեղ ենք՝ սահմանին կանգնած, մենք մենակ չենք. մեր կողքին մեզանից պրոֆեսիոնալներն են, մեզ «դուխ տվող»՝ առաջին պատերազմի հերոսները, որոնց ձեռքի ուժը թուրքը լավ գիտի: Մեր կողքին են մեր զոհված ընկերներն են ու նրանց պայքարի ուժը. մենք միշտ հաղթելու ենք:

Մեդիամաքս
/>

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին