Արմեն Գեւորգյան. «Ակտիվ ընկերությունները թեթեւացնում են պետության եւ համայնքների խնդիրները» - Mediamax.am

exclusive
8255 դիտում

Արմեն Գեւորգյան. «Ակտիվ ընկերությունները թեթեւացնում են պետության եւ համայնքների խնդիրները»

Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը`


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին

 

- Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում մասնավոր ընկերությունների կողմից իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ՀՀ մարզերում իրականացվող ծրագրերը:

 

- Մասնավոր ընկերությունների կողմից  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության երեւույթը նոր է եւ Հայաստանում սկսել է ի հայտ գալ վերջին տասնամյակի ընթացքում: Այս երեւույթի եւ բովանդակությունը, եւ էությունը դեռեւս լայն տարածում եւ ընկալում չեն գտել, ինչի համար, համոզված եմ, երկար ժամանակ է  հարկավոր: Միաժամանակ, ՀՀ մարզերում արդեն առկա է դրական փորձ, որը կարող է կիրառվել նաեւ այլ մասնավոր կազմակերպությունների կողմից: Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ մեր իրականության մեջ  այս երեւույթի տարածվածությունն ու ընկալումը դեռեւս հեռու է բավարար լինելուց:

 

- Կարո՞ղ ենք ասել, որ պետությունն ունի ձեւավորված քաղաքականություն` մասնավոր ընկերությունների այդ ծրագրերը այս կամ այն կերպով խրախուսելու համար: Եթե չունի, ապա արդյո՞ք տարվո՞ւմ է աշխատանք այն մշակելու համար:

 

- Հստակ փաստաթղթային ձեւակերպում ստացած քաղաքականության մասին չենք կարող խոսել, բայց պետության կողմից նման քաղաքականության խրախուսումն արդեն ավանդույթ է դարձել: Պետությունը նմանատիպ ծրագրերը փորձում է խրախուսել իր մասնակցությամբ ու ներգրավվածությամբ, որոշ դեպքերում հանդես է  գալիս որպես ծրագրերի համահեղինակ կամ համաֆինանսավորող: Կարելի է ասել, որ դրանք սոցիալական պատասխանատվության դրսեւորումներ են պետություն-մասնավոր համագործակցության գաղափարախոսության շրջանակում:

 

Ներկայումս մենք տարածքային զարգացման հիմնախնդիրների լուծման համար նպատակային նոր գործիքակազմ ենք ձեւավորում. ընթացքում են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը նոր` Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմակերպման աշխատանքները: Նոր հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը լինելու է այն, որ մասնավոր ոլորտի գործընկերներին կառաջարկվեն ոչ միայն այս կամ այն համայնքում ենթակառուցվածքների բարելավման, այլեւ նոր բիզնես հնարավորությունների ստեղծմանն ուղղված ծրագրեր, որոնք իրենց հերթին օգտակար կլինեն հետագայում այդ համայնքներում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսեւորման տեսակետից:

 

- Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում կան լավ օրինակներ` «Տաթեւի Վերածնունդ» ծրագիրը, Գեոթիմ ընկերության ծրագրերը Ամուլսարի ազդակիր համայնքներում եւ Ջերմուկում: Ինչպիսի՞ն է պետության գնահատականը այդ ծրագրերին:

 

-Իրոք , կարելի է արձանագրել, որ Սյունիքում եւ Վայոց ձորում մենք այս ոլորտում հաջողված փորձ եւ արդեն ձեւավորված ավանդույթներ ունենք: Ձեր կողմից նշված ծրագրերը վերջին ժամանակահատվածի լավագույն օրինականերն են, միեւնույն ժամանակ պետք է նշել, որ արդեն երկար տարիներ Սյունիքի մարզում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում բավականին ակտիվ աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը համայնքների բարեկարգման համար լուրջ ներդրումներ է կատարում: Կապանի եւ Ագարակի կոմբինատների սեփականատերերը եւս անմասն չեն նման ծրագրերի իրականացումից:

 

- Վերջին տարիների ընթացքում մարզերում բազմաթիվ ծրագրեր է իրագործել ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հեռավոր գյուղերի համար ծրագրեր ունի նաեւ Օրանժ Արմենիան: Կարելի՞ է ասել, որ այդ ընկերություններն իրենց ծրագրերով էապես թեթեւացնում են պետության առջեւ ծառացած խնդիրները:

 

- Իսկապես, ոչ միայն նշված երկու եւ մյուս ընկերությունները, որոնց մասին խոսեցինք, այլեւ, օրինակ, «Գրանդ հոլդինգը» (որը հետաքրքիր աշխատանքներ է իրականացնում Տավուշի մարզում) փորձում են արձագանքել համայնքներում առկա հրատապ խնդիրներին, որոնց բոլորին հնարավոր չէ լուծում տալ պետական ծրագրերի շրջանակում: Այս իմաստով, այո, բոլոր այն ընկերությունները, որոնք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ակտիվ քաղաքականություն են իրականացնում, թեթեւացնում են պետության եւ համայնքների առջեւ ծառացած խնդիրները:

 

Այս համատեքստում կցանկանայի նշել, որ բացի կոնկրետ ենթակառուցվածքային կամ կապիտալ ներդրում պահանջող  ծրագրերից, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը ենթադրում է նաեւ ներդրումներ մարդկային ռեսուրսների ոլորտում, աջակցություն առկա ռեսուրսներին: Օրինակ, վերջին  նմանատիպ հետաքրքիր դրսեւորումը Արմավիրի մարզում Էդուարդո Էռնեկյանի այգիների մշակմամբ զբաղվող մասնագետների ներգրավումն էր «Շենիկ» ՋՕԸ-ի կառավարման խորհրդում: Սա եւս սոցիալական պատասխանատվության դրսեւորում է, երբ ընկերությունն իր մասնագիտական ներուժով եւ փորձով ցանկանում է օգտակար լինել կոնկրետ կառույցի աշխատանքների կազմակերպմանը: Դա եւս, անշուշտ, խրախուսելի է:

 

Արմեն Գեւորգյանը Սյունիքի ներդրումային կոնֆերանսում:

Լուսանկարը` Տարածքային կառավարման նախարարություն:

 

- Կառավարությունը վերջերս որոշեց միավորել ջանքերը Դիլիջանի միջազգային դպրոցի հետ` հակասողանքային միջոցառումներ իրականացնելու համար: Սա եւ՞ս ելնում է մասնավոր-պետություն համագործակցության տրամաբանությունից:

 

- Այո, ընդունված որոշումն այն տրամաբանության շրջանակում է, որ պետությունը չի կարող անմասն մնալ նման խոշոր ծրագրերից, որոնց  իրականացման համար ոչ  միայն լուրջ ներդրումներ են կատարվում, այլեւ դրանք եզակի են տարածաշրջանում եւ մեծ ազդեցություն կարող են ունենալ տվյալ տարածքի զարգացման տեսանկյունից:

 

Կարծում եմ, այն, ինչ կառավարությունը նախատեսեց Աղստեւի ափապաշտպան միջոցառումների մասով, նվազագույնն էր, ինչ կարող էր անել պետությունն այս ծրագրի համար, որը քաղաքին նոր որակ ու բովանդակություն կարող է հաղորդել:

 

- Երբեմն որոշակի խմբեր, մասնավորապես, բնապահպանները, քննադատում են ընկերությունների կողմից իրականացվող ծրագրերը` պնդելով, որ դրանք նպատակ են հետապնդում «գնել» տեղի բնակիչներին եւ շեղել ուշադրությունը գործարար ծրագրերի հնարավոր բացասական հետեւանքներից: Իսկապես կա նման վտանգ, թե՞ մտահոգությունները չափազանցված են:

 

-Այո, կարող են տարբեր գնահատականներ լինել: Բայց գոյություն ունի մի պարզ հանգամանք. եթե այդ բոլոր ծրագրերը համապատասխան համայնքներում իրականացվում են օրենքով սահմանված կարգով եւ չեն խախտում սահմանված  պետական կամ միջազգային նորմերը, ապա այդ ընկերությունների կողմից համայնքներում ծրագրերի չիրականացումը պետք է տարակուսանք առաջացնի:

 

Մենք շնորհակալ ենք հասարակական կազմակերպություններին, որոնց    քննարկումների, աշխատանքների շնորհիվ ժամանակ առ ժամանակ բաձրացվում են խնդիրներ եւ թերություններ, որոնք նաեւ լուծում են ստանում հենց նույն այդ   մասնավոր կազմակերպությունների կողմից:

 

Յուրաքանչյուր կազմակերպություն իր գործունեությունը հաջողված համարելու համար, բացի տնտեսական դրական ցուցանիշներից, պետք է կարողանա հպարտանալ նաեւ սոցիալական ձեռքբերումներով: Չի կարող ընկերությունը նորմալ գործել եւ ունենալ աշխատակիցների արտադրողականության բարձր մակարդակ, եթե տվյալ համայնքում նվազագույն սոցիալական պայմաններ եւ  ենթակառուցվածքներ չկան` մանկապարտեզ, սպորտային, մշակութային կենտրոններ, առողջապահական հաստատություններ, բարեկարգ ճանապարհ , նորմալ ջրամատակարարում  եւ այլն: Ուստի համոզված եմ, որ շատ մասնավոր կազմակերպությունների համար  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչի առկայությունը հաջող գործունեության երաշխիք է:

 

- Կա՞ն այսօր մարզեր, որտեղ ծրագրեր չեն իրականացում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում եւ եթե կան, ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը:

 

-Այո, կան  մարզեր, որտեղ նման դրսեւորումները հեռու են բավարար լինելուց: Դրանք ինչ-որ  չափով պայմանավորված են  մարզի արդյունաբերական առանձնահատկություններով, թեեւ, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, կարելի է ասել, աշխատանքներ են իրականացնում բոլոր մարզերում:

 

Արմեն Գեւորգյանը Արմավիրի մարզում:

Լուսանկարը` Տարածքային կառավարման նախարարություն:

 

Ավելի շատ գյուղատնտեսական ուղղվածության մարզերում են հիմնականում այդ ավանդույթները թույլ զարգացած: Այս առումով ակնկալում ենք, որ կավելանան այնպիսի ծրագրերը, որոնք հնարավոր կլինի իրականացնել պետություն-համայնք-մասնավոր կազմակերպություն համագործակցությամբ: Նման փորձ արդեն կա «Գեոպրոմայնինգ» ընկերության հետ Գեղարքունիքի եւ Արարատի մարզերում: Նման նոր ավանդույթի ձեւավորման համար մեծ կարեւորություն ունի  նաեւ համակարգված եւ նպատակային աշխատանքը տարբեր հասարակական, բարեգործական եւ միջազգային կազմակերպությունների հետ: Համախմբելով նշված կառույցների, պետության, համայնքների եւ մասնավոր ընկերությունների ջանքերը,  այս կամ այն համայնքի զարգացման գործում հնարավոր է հասնել էական փոփոխությունների: Մի շարք մարզերում, որտեղ մասնավոր ընկերությունների  ակտիվությունը դեռեւս բավարար չէ, այդ նույն ծրագրերն իրականացվում են հասարակական եւ միջազգային կազմակերպությունների միջոցով՝ համայնքների հետ համագործակցաբար: Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որպեսզի բոլորի ջանքերը մեկտեղվեն:

 

- Շատ է խոսվում սահմանամերձ գյուղերի վիճակի մասին: Չեք կարծում, որ կարելի է փորձնական ծրագրեր մշակել մի քանի նման գյուղերի համար` պետական-մասնավոր համագործակցության հիման վրա:

 

- Սահմանամերձ համայնքների խնդիրը կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է: Իհարկե, դժվար է ասել, որ այսօր այդ համայնքներում բոլոր խնդիրներին բավարար չափով լուծում տրված է, բայց նաեւ արդար չի լինի չարձանագրել, որ կառավարությունը հետեւողական ուշադրություն է դարձնում այդ համայնքներում խնդիրների լուծմանը: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում` սկսած նպատակային ծրագրերից ` դպրոցի, համայնքային կենտրոնի, խմելու ջրագծերի վերանորոգում ու կառուցում, մինչեւ տարբեր աջակցության ծրագրերի իրականացում` մատչելի գներով դիզվառելիքի, պարարտանյութի հատկացվում, հողի հարկի եւ ոռոգման ջրի վարձավճարների արտոնություններ: Այո, այս համայնքներում մասնավոր ընկերությունների ակտիվությունը դեռեւս ցանկալի մակարդակի վրա չէ, եւ պետությունը միջոցներ ներդնելով ենթակառուցվածքների  զարգացման վրա, խրախուսում եւ պայմաններ է ստեղծում նաեւ մասնավոր ներդրումների համար: Մենք ողջունում ենք սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման աջակցության բոլոր առաջարկությունները, որոնք ստանում ենք տարբեր կազմակերպություններից:

 

Մեր բոլորի առաջնահերթ խնդիրն է հասնել նրան, որ այդ համայնքները լինեն բնակվելու համար անվտանգ, ունենան բարեկեցության բավարար պայմաններ եւ որ երիտասարդ սերունդն իր առաջնահերթ պահանջմունքների բավարարումը չփնտրի այդ համայնքներից դուրս:

 

Արմեն Գեւորգյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին