Մեդիամաքսի հարցազրույցը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանի հետ
Հունիսի 5-ից 10-ը ՏաԹեւեր ճոպանուղում կայանալու է բեյսջամփինգի միջազգային փառատոն: Սա առիթ հանդիսացավ, որպեսզի զրուցենք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանի հետ:
- Ինչպե՞ս առաջացավ Տաթեւում բեյսջամփինգի փառատոն կազմակերպելու գաղափարը:
- Ամիսներ առաջ ինձ հետ կապ հաստատեց Ռուսաստանի բեյսջամփերների ոչ ֆորմալ ընկերակցության առաջնորդը եւ առաջարկեց փորձնական թռիչքներ իրականացնել Տաթեւի ճոպանուղուց: Միջոցառման հետ կապված բոլոր ռիսկերը վերլուծելուց եւ լուծումներ գտնելուց հետո մարզիկներին հրավիրեցինք Տաթեւ՝ փորձնական թռիչքների:
Նրանց շատ էր տպավորել Տաթեւը. վանքը՝ որպես եզակի հուշարձան, տարածաշրջանը՝ իր բնությամբ, Որոտանի կիրճը՝ իր ողջ հմայքով: Մասնագիտական տեսանկյունից նույնպես նշում էին, որ թռիչքների իրականացման համար շատ հարմար վայր է:
Լուսանկարը` Հայկ Մելքոնյան
Այդպիսով, փորձնական թռիչքները ցույց տվեցին, որ Տաթեւում կարելի է բեյսջամփինգի փառատոն անցկացնել, որի կազմակերպիչ է հանդես գալիս Go2Armenia տուրիստական ընկերությունը՝ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի աջակցությամբ:
Նշեմ նաեւ, որ թռիչքների իրականացման հետ կապված բոլոր ռիսկերը մարզիկները վերցրել են իրենց վրա, ունեն ապահովագրական պայմանագրեր, իսկ «ՏաԹեւեր» ճոպանուղին հանդես է գալիս որպես միջոցառման հարթակ։
Շուրջ 60 մարզիկներ են հաստատել իրենց մասնակցությունը փառատոնին։ Մասնակիցները հիմնականում Ռուսաստանից են, կան նաեւ եվրոպական երկրների ներկայացուցիչներ։
- Իսկ Հայաստանից մարզիկներ կլինե՞ն:
- Հայաստանում բեյսջամփինգով զբաղվողներ դեռեւս չկան, բայց ռուսաստանցի բեյսջամփերներին թվում կան հայազգի ներկայացուցիչներ:
- Վերջին երկու տարիներին «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը աջակցում էր տարածաշրջանում «Ոչխարների խուզման» փառատոնին:
- Միջոցառումների եւ փառատոնների կազմակերպման նպատակներից մեկը մեր ծրագրերում տեղական համայնքների ակտիվ ներգրավումն է, ինչը մեր գործունեության առանցքային սկզբունքներից է։ Տեղի բնակչությունը պետք է ընկալի մեր ծրագրերը որպես հնարավորություն՝ սեփական կյանքը բարելավելու համար: «Ոչխարների խուզում» փառատոնը նախորդ տարի բավականին հաջող անցավ, համայնքներն ակտիվ մասնակցություն ունեցան, հնարավորություն ստացան ներկայացնել իրենց մշակույթը, արտադրանքը եւ ավանդույթները: Հաշվի առնելով նախորդ տարիների հաջող փորձը՝ համայնքների եւ գործընկեր կազմակերպությունների հետ քննարկում ենք փառատոնը նրանց «փոխանցելու» եղանակները: «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը կշարունակի իր աջակցությունը փառատոնին, սակայն հանդես չի գա որպես հիմնական կազմակերպիչ։
Լուսանկարը` IDeA
Ավելացնեմ, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվում են նաեւ այլ մշակութային միջոցառումներ՝ համայնքներում մշակութային կյանքը ակտիվացնելու եւ զբոսաշրջային հոսքերը ավելացնելու համար։ Տաթեւի վանական համալիրում գործում է մանկական երգչախումբ, որն արդեն դարձել է Տաթեւի խորհրդանիշներից մեկը։ Երգչախումբը հանդես է գալիս Տաթեւի վանքում եւ Հայաստանի այլ եկեղեցիներում եւ մշակութային օջախներում։
- Դուք խոսեցիք տեղի բնակիչների մասնակցության մասին: Բայց համայնքների ղեկավարների, բնակիչների շրջանում կա՞ այն ընկալումը, որ եթե իրենք քայլեր չնախաձեռնեն, ապա «Տաթեւի վերածնունդ»-ը ինչ էլ չանի, իրենց կյանքում շատ բան չի փոխվի:
- Բնական է, որ մտածողության փոփոխությունն ամենաբարդն է, սակայն փոփոխությունների ընկալումն ավելի դյուրին է դառնում, երբ կան տեսանելի արդյունքներ: Ակնհայտ է, որ մինչեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մեկնարկն ու ճոպանուղու կառուցումը տարածաշրջանում լիովին այլ պատկեր էր՝ աշխատատեղերի քանակի, սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ արտագաղթի ցուցանիշների առումով:
Մինչեւ ճոպանուղու գործարկումը Տաթեւի տարածաշրջան էր այցելում տարեկան ընդամենը 7-8 հազար մարդ։ Վերջին տարիներին Տաթեւեր ճոպանուղին տեղափոխում է տարեկան շուրջ 100 հազար այցելու, իսկ Տաթեւ այցելողների ընդհանուր թիվը հասնում է 130 հազարի։ Այս ամենը, իհարկե, չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ տարածաշրջանի զարգացման վրա:
Մենք աջակցել ենք Հալիձորի դպրոցի վերանորոգմանը, 2015թ. սեպտեմբերից Գորիսի, Տաթեւի, Հալիձորի եւ Շինուհայրի դպրոցներում գործում են ինժեներական լաբորատորիաներ, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ IDeA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այդ լաբորատորիաներում երեխաները ծրագրավորում են սովորում, խաղեր եւ բջջային հավելվածներ մշակում:
Լուսանկարը` IDeA
Կարծում եմ, տեղի բնակչությունը տեսնում է ծրագրի արդյունքները: Միգուցե, կան մարդիկ, որոնք իրենց մաշկի վրա փոփոխությունները դեռ չեն զգացել, սակայն դա ժամանակի եւ ընկալման հարց է: Ծրագրի դեռ շատ բաղադրիչների մասով աշխատանք կա անելու, որից հետո արդյունքներն ավելի շոշափելի կլինեն: Միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ մեր ծրագրերը երբեք չեն հավակնել «կախարդական փայտիկի» դերակատարություն ունենալ: Մարդկանց կյանքի բարելավման համար պետք է ջանքեր գործադրեն բոլորը՝ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը՝ իր գործընկերների հետ, մարզային եւ համայնքային իշխանությունները եւ, իհարկե, իրենք՝ բնակիչները:
- Կարո՞ղ ենք ասել, որ ճոպանուղին այսօր ինքնաբավ է եւ այլեւս չի պահանջում ներդրումներ ծրագրի նվիրատուներից:
- Այո, ուրախությամբ կարող ենք նշել, որ Տաթեւեր ճոպանուղին այսօր ինքնաբավ կառույց է: 2014 թվականին մեր եկամուտներն ու օպերացիոն ծախսերը հավասարվեցին, իսկ հետագայում սկսեցինք որոշակի շահույթ ստանալ։ Ստացված ամբողջ շահույթը ուղղվում է Տաթեւի վանական համալիրի վերականգնողական աշխատանքներին։
- Ի՞նչ փուլում է գտնվում վանական համալիրի ռեստավրացիան:
- Ավարտին է մոտենում ճարտարապետական նախագծային աշխատանքների փուլը: Շուտով պատրաստ կլինեն վանական համալիրի եկեղեցական կառույցների ճարտարապետական-վերականգնողական նախագծերը, որոնք կներկայացվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ՀՀ Մշակույթի նախարարություն՝ հաստատման:
Ներկայում ընթանում են Տաթեւի վանական համալիրի պատմական հյուսիսային մուտքի վերաբացման աշխատանքները: Շինարարական փուլը սկսեցինք հյուսիսային մուտքից, որպեսզի չխաթարենք վանքի բնականոն գործունեությունը: Երբ պատմական մուտքը բացվի, այցելուները կօգտվեն դրանից. ներկայիս գործող մուտքը կփակվի եւ այնտեղ եւս աշխատանքներ կմեկնարկեն:
Ռեստավրացիայի ընթացքում նաեւ ծավալուն գիտահետազոտական աշխատանք է տարվում: Մենք ակտիվ համագործակցում ենք Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ, քանի որ աշխատանքների ընթացքում հայտնաբերվում են մշակութային շերտեր, որոնք պետք է ուսումնասիրվեն հնագետների կողմից, տրվեն համապատասխան խորհուրդներ՝ հետագա պահպանման վերաբերյալ: Ներգրավել ենք նաեւ նյութաբանության մասնագետների, որոնք քարերի եւ շաղախների հետ առանձնահատուկ աշխատանք են տանում: Քանի որ վանքի վերականգնումը պահանջում է չափազանց մանրակրկիտ եւ զգուշավոր մոտեցում, երբեմն վերականգնողական աշխատանքների ժամկետները փոփոխվում են։
Ակնկալում ենք մինչեւ հունիսի վերջ ավարտել հյուսիսային մուտքի, աղբյուրի ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքները: Հուլիսին նախատեսում ենք սկսել վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, որը, ըստ նախնական հաշվարկի, կտեւի մոտ վեց ամիս: Վերականգնողական աշխատանքների համար կան սահմանված ժամկետներ, սակայն մեզ համար առաջնայինը աշխատանքների բարձր որակն է եւ ռեստավրացիոն բոլոր կանոնների պահպանումը։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում կօգտվենք նաեւ միջազգային լավագույն փորձից՝ ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետներին։
- Տաթեւի վանքը մի քանի անգամ տուժել է երկրաշարժերից: Կատարվող աշխատանքները սեյսմակայունության ավելացման տարրեր պարունակո՞ւմ են:
- Բնականաբար, ինժեներական հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվում են վանական համալիրի շինությունների հիմքերը: Եթե կա դրանք ամրակայելու կարիք, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում։ Հարկ է նշել, որ 2015 թվականին հիմքերի հետ կապված մի կարեւոր խնդիր լուծվեց՝ կառուցվեց համալիրի դրենաժային համակարգը: Նախկինում խորքային ջրերը ներթափանցում էին համալիրի տարածք եւ խարխլում էին նրա հիմքերը: Այժմ այս խնդիրը լուծված է։
- Ի՞նչ փուլում է Վայրի բնության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող՝ Տաթեւի Ազգային պարկի հիմնման ծրագիրը:
- Նախորդ տարի ծրագրի մեկնարկից հետո կատարվել են տարածաշրջանի կենսաբազմազանության լայնածավալ ուսումնասիրություններ։ Ազգային պարկը արդեն գոտիավորվել է եւ հստակեցվել են սահմանները։ Նախատեսում ենք հունիսի վերջին պատրաստ ունենալ փաստաթղթային հիմնական փաթեթը, որը բավարար կլինի՝ կառավարությանը դիմելու եւ այդ տարածքը որպես Ազգային պարկ ճանաչելու համար: Այնուհետեւ նախատեսում ենք մշակել Տաթեւ Ազգային պարկի կառավարման պլանը:
Այս ծրագիրը Տաթեւի տարածաշրջանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Ազգային պարկի կարգավիճակը հնարավորություն կտա ներգրավել նոր ներդրումներ, զարգացնել էկոտուրիզմը, կառավարելի դարձնել բնական ռեսուրսների օգտագործումը եւ կանխել ապօրինի շինարարությունը։
- Դուք խոսեցիք զբոսաշրջիկների թվի ավելացման մասին: Արդյո՞ք ճոպանուղու եւ այլ ենթակառույցների հնարավորությունները բավարար են ավելի մեծ հոսքեր սպասարկելու համար:
- Ճոպանուղին դեռեւս իր լիակատար հզորությամբ չի աշխատում, սակայն մենք ձգտում ենք ավելացնել զբոսաշրջային հոսքերը, եւ այդ նպատակին հասնելու համար տարբեր ծրագրեր ունենք՝ ճոպանուղու շրջակա տարածքներում տուրիստական ենթակառուցվածքները զարգացնելու համար: Ճոպանուղու Հալիձոր կայանի շրջակա տարածքի համար մշակել ենք զարգացման հայեցակարգ եւ գլխավոր հատակագիծ, որն արդեն անցել է մեր կազմակերպության ներքին հաստատման փուլերը։ Մոտ ապագայում հայեցակարգը եւ գլխավոր հատակագիծը կքննարկենք համայնքների հետ։ Ըստ գլխավոր հատակագծի, Հալիձոր կայանի շրջակա տարածքում պետք է ստեղծվեն մի շարք նոր տուրիստական ծառայություններ եւ ենթակառուցվածքներ՝ ավելացնելով զբոսաշրջային հոսքերը եւ զբոսաշրջիկի այցելության միջին տեւողությունը։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել ներդրումներ, սակայն առանց պետական աջակցության դրանց մասին հնարավոր չէ խոսել, քանի որ առկա են ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն պետություն-մասնավոր համագործակցության մոդելով: Դրա կիրառման դեպքում հնարավոր կլինի ներգրավել ներդրումներ՝ ստեղծելով նոր ծառայություններ եւ աշխատատեղեր։ Պետք է նշեմ, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը պետություն-մասնավոր համագործակցության հաջողված օրինակ է։ Հուսով եմ, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի եւ կնպաստի է տարածքային զարգացմանը, համայնքների սոցիալ-տնտեսական աճին եւ պատմամշակութային արժեքների պահպանմանը։
Հայկ Թութունջյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: