Էդվարդ Ջերեջյան. «Պետք է պատրաստ լինեք վատագույն սցենարին» - Mediamax.am

exclusive
5255 դիտում

Էդվարդ Ջերեջյան. «Պետք է պատրաստ լինեք վատագույն սցենարին»

Էդվարդ Ջերեջյանը
Էդվարդ Ջերեջյանը

Լուսանկարը` Հայաստանի ամերիկյան համալսարան

Լուսանկարը`


85-ամյա պաշտոնաթող դեսպան Էդվարդ Ջերեջյանը Միացյալ Նահանգների ամենանշանավոր եւ փորձառու դիվանագետներից մեկն է. նա աշխատել է ԱՄՆ 8 նախագահների վարչակազմերի հետ։

 

1985 թ.-ին Էդվարդ Ջերեջյանը նշանակվել էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հատուկ օգնական եւ արտաքին հարցերով մամուլի խոսնակի տեղակալ: 1981-1984 թթ.-ին Ջերեջյանը եղել է Հորդանանի թագավորությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը:  1988-1991 թթ.-ին նա Սիրիայում ԱՄՆ դեսպանն էր եւ լավ անձնական հարաբերություններ էր կառուցել նախագահ Հաֆեզ ալ-Ասադի հետ: 1991-1993 թթ.-ին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի ՝ Մերձավոր Արեւելքի հարցերով տեղակալի պաշտոնը: 1993-1994թթ.- Իսրայելում ԱՄՆ դեսպանն էր:

 

1994-2022թթ.Էդվարդ Ջերեջյանը եղել է Ռայսի համալսարանի (ԱՄՆ, Տեխաս նահանգ) Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենը:

 

2024 թվականի հունիսի 8-ին Էդվարդ Ջերեջյանը ելույթ է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտների առջեւ: Հայաստանից մեկնելուց առաջ նա զրուցել է Մեդիամաքսի հետ։

 

- 2017-ի մեր հետ հարցազրույցում դուք ասել էիք. «Անկախ միջազգային իրադրությունից, Հայաստանը պետք է ձգտի հայտնվել այնպիսի իրավիճակում, որն իրեն թույլ կտա առաջ մղել իր ազգային շահերը Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք առանցքներով: Դա պետք է դառնա հայկական քաղաքականության կոնստանտը՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը. քաղաքականության մեջ աշխարհագրությունը շատ դեպքերում ճակատագրական նշանակություն է ունենում»: Երեք տասնամյակ Հայաստանը փորձում էր կամրջել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը, բայց այսօր այն դառնում կամ արդեն դարձել է մի վայր, որտեղ գերտերությունները մրցում են։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է դա փոխել:

 

- Հետաքրքիր է, որ անդրադարձաք հայտարարությանը, որն արել էի մեր նախորդ հարցազրույցում տարիներ առաջ։ Բայց այդ ռազմավարությունը, կարծում եմ, տակավին արդիական է Հայաստանի համար։ Հայաստանը փոքր ու դեպի ծով ելք չունեցող երկիր է՝ շրջապատված վտանգավոր հարեւաններով: Հետեւաբար, զարգանալու համար, այն պետք է առաջին հերթին ջանքեր գործադրի խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու ուղղությամբ։ Մեր վերջին հարցազրույցից հետո լավ նորությունն այն է, որ Հայաստանն ապացուցել է, որ ընթանում է զարգացման ժողովրդավարական ճանապարհով: Ժողովրդավարությունը շատ կարեւոր է, եւ այն պետք է զարգանա ու ամրապնդվի ներսից: Դա պետք է արվի այնպես, որ հայ ժողովուրդը կարողանա օգտվել տնտեսական բարգավաճումից, անվտանգությունից եւ այն հիմնական ծառայություններից, որոնք պետությունը կարող է առաջարկել իր ժողովրդին:

 

Դրա հետ մեկտեղ, Հայաստանը պետք է մշակի 360 աստիճան ունեցող արտաքին քաղաքականություն: Այլ կերպ ասած, այն պետք է հարաբերություններ զարգացնի տարածաշրջանի երկրների եւ դրա հարեւանների հետ: Խոսքը «3+3» ձեւաչափի մասին է՝ երկկողմ հարաբերություններ Ադրբեջանի, Իրանի եւ Վրաստանի հետ, եւ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի հետ: «3+3»-ը շատ կարեւոր է Հայաստանի համար կենսունակ արտաքին քաղաքականություն վարելու առումով։

 

Հայաստանը հայտնվել է ավելի բազմաբեւեռ աշխարհ: Երկբեւեռ աշխարհը (ԽՍՀՄ եւ ԱՄՆ) ավարտվեց 1991 թվականին, սակայն այսօր անգամ Ամերիկայի գերակայությունն այն չէ, ինչ 90-ականների սկզբին: Աշխարհը դառնում է ավելի բազմաբեւեռ: Այնպես որ Հայաստանը պետք է դիրքավորվի այս նոր աշխարհաքաղաքական իրականությունում, ինչը նշանակում է առաջնահերթություն տալ այնպիսի կարեւոր երկրների հետ հարաբերություններին, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ծոցի երկրները:

 

- Դատելով ձեր պատասխանից՝ ենթադրում եմ, որ չեք հավատում «ռազմավարական շրջադարձի» Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, երբ այն կտրի բոլոր կապերը Ռուսաստանի հետ եւ կշրջվի դեպի Արեւմուտք։

 

- Հայաստանը չպետք է հայտնվի թակարդում՝ արտաքին քաղաքականության մեջ կախված լինել որեւէ երկրից կամ դաշինքից՝ ուղղված մյուսի դեմ: Հայաստանը չի կարող դա իրեն թույլ տալ: Այն պետք է զարգացնի հարաբերությունները իմ նշած բոլոր երկրների հետ, այնուհետեւ առանձին առաջնահերթություններ սահմանի յուրաքանչյուրի համար:

 

Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանի բնական գազի 80%-ից ավելին, ինչպես նաեւ միջուկային վառելիքը ներկրվում են Ռուսաստանից։ Հայաստանը ցորեն է ստանում Ռուսաստանից: Ուստի, Հայաստանը չի կարող անտեսել Ռուսաստանի հետ ֆունկցիոնալ աշխատանքային հարաբերությունների պահպանումը։

 

Եվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարեւոր են, սակայն դրանցից յուրաքանչյուրն իր ուրույն նշանակությունն ունի Հայաստանի համար:

 

- Հնարավո՞ր եք համարում պահպանել հավասարակշռությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների լարման ներկա մակարդակը։

 

- Ես իսկապես չեմ կարծում, որ սա պետք է լինի զրոյական արդյունքով խաղ, որտեղ Հայաստանը ավելի շատ կապված է մեկ երկրին: Բայց կրկնեմ, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հարաբերություններ չունենալ իր բոլոր անմիջական հարեւանների ու կարեւոր արտաքին ուժերի հետ: Մյուս կարեւոր բանն այն է, որ Հայաստանը պետք է կառուցի իր ժողովրդավարությունը ներսից:

Ժողովրդավարական ընտրությունները շատ դրական գործոն են, բայց պետք է նաեւ տնտեսապես զարգացնել այս ժողովրդավարությունը: Տնտեսությունը համեմատաբար լավ վիճակում է, բայց Հայաստանը պետք է զարգացնի իր տնտեսական ուժը, կրթական հաստատությունները:

 

Ես ելույթ էի ունեցել  Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ տեսա, որ հայերի նոր սերունդ է գալիս մասնավոր ու հուսով եմ՝ նաեւ պետական հատված: Կրթությունը կարեւոր է, քանի որ Հայաստանի լավագույն ռեսուրսը ուղեղներն են:

 

Հաշվի առնելով այն, ինչ տեսանք եւ ինչ եղավ Արցախի հետ, Հայաստանը պետք է զարգացնի իր պաշտպանական ունակությունները: Այն չպետք է դառնա երկիր, որը փնտրում է արտաքին թշնամիներ կամ նվաճումներ, բայց պետք է այնքան ուժեղանա, որ ցանկացած ոք, ով ցանկանում է ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ, առնվազն երկու անգամ մտածի: Պատկերավոր ասած, Հայաստանը պետք է «մացառախոզ» դառնա: Մացառախոզն այն կենդանին է, որ շատ սուր եւ երկար ասեղներ ունի: Հայաստանը պետք է այդպիսին դառնա, որպեսզի կարողանա զսպել արտաքին ուժերի ռազմական հավակնությունները։

 

- Արեւմուտքի աջակցությունը կարո՞ղ է կարեւոր դեր խաղալ այդ հարցում:

 

- Արեւմուտքի աջակցությունը կարող է հիմնական գործոն լինել՝ օգնելու Հայաստանին զարգացնել «մացառախոզի» հայեցակարգը: Սակայն չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ռազմական զսպման ռազմավարություն կառուցի, որը չափից շատ կախված լինի որեւէ երկրից կամ դաշինքից, լինի դա ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը կամ Իրանը, որպեսզի նրանք գան ու պաշտպանեն Հայաստանը ռազմական հակամարտության դեպքում: Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր աղբյուրները, ինչը կուժեղացնի իր ռազմական զսպման մեխանիզմը: Ես գիտեմ, որ, օրինակ, Հնդկաստանի հետ պաշտպանության հարցերում նոր հարաբերություններ են ի հայտ գալիս: Բայց նաեւ զենքի այս բոլոր համակարգերը պետք է համատեղելի լինեն միմյանց հետ եւ դա պետք է անել խելամտորեն: Հայաստանի ռազմական զսպման մեխանիզմի ստեղծումը առանցքային գործոն է՝ հաշվի առնելով 2020 թվականի փորձը եւ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում։

 

- Երբեմն թվում է, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն «ճզմել» Հայաստանը, նրանք դա հեշտությամբ կկարողանան անել, եւ ոչ ոք չի կարողանա խանգարել։

 

- Պետք է պատրաստ լինեք վատագույն սցենարին: Բայց Հայաստանը պետք է

անի դա ՝ չփլուզելով իր տնտեսությունը։ Այն չպետք է ավելորդ պաշտպանական ուժեր կուտակի իր տնտեսության հաշվին։ Բայց մի ասույթ կա՝ «Աստված օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց», եւ Հայաստանը պետք է կարողանա օգնել ինքն իրեն։

 

- Արդյո՞ք 2020 թվականի պատերազմն ինչ-որ իմաստով անխուսափելի էր: 2017-ի հարցազրույցում ասել էիք. «Մենք չպետք է պատրանքներ ունենանք. Ադրբեջանը հարուստ երկիր է, եւ բոլոր նրանք, ովքեր որոշումներ են կայացնում Երեւանում, պետք է խիստ մտահոգված լինեն նրանց զենքի գնումներով»: Այդ խոսքերից երեք տարի անց պատերազմ եղավ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ թեեւ մարդիկ Երեւանում մտահոգված էին, այնուամենայնիվ, չէին հավատում, որ դա իսկապես կարող է տեղի ունենալ։

 

- Առաջին հերթին, կարծում եմ, որ պատերազմից կարելի էր խուսափել։ Տարիներ առաջ ԱՄՆ-ում ունեցած մի ելույթում ասացի, որ Հայաստանի բանակցային դիրքը շատ ուժեղ է Ադրբեջանի նկատմամբ, քանի որ այն գրավել է Ադրբեջանի յոթ շրջան, ինչը շատ կարեւոր սակարկելու առարկա է, որը Հայաստանը կարող է օգտագործել բանակցություններում։ Այն ժամանակ ասացի նաեւ, որ Ադրբեջանը ֆինանսական միջոցներ կունենա իր ռազմական ուժը կառուցելու համար ու կարող է ավելի լավ վիճակում հայտնվել հաջորդ պատերազմում հաղթելու համար: Պատերազմից կարելի էր խուսափել: Հայաստանի նախկին վարչակազմը պետք է օգտվեր հնարավորությունից եւ բանակցություններ վարեր, քանի դեռ ամուր դիրքերից էր հանդես գալիս։ Հիմա այդ դիրքերն ամուր չեն։ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումից հետո քաղաքական լանդշաֆտը Հարավային Կովկասում ակնհայտորեն փոխվել է։

 

Խաղաղություն եւ կայունություն ունենալու համար պետք է ունենալ փոխադարձ ճանաչված սահմաններ։ Եթե դուք վիճելի սահմաններ ունեք, ապա խնդիր ունեք, որը ցանկացած պահի կարող է պայթել: Մենք դա տեսել ենք Կիպրոսում, Թայվանում, տեսնում ենք դա Քաշմիրում, Արեւմտյան Սահարայում։ Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները սահմանազատելու ու խաղաղ բանակցություններ անցկացնելու պահն է, որի արդյունքում արդար խաղաղություն կհաստատվի երկու երկրների միջեւ: Հիմա դա անելու ժամանակն է։

 

- Բայց նույնիսկ 2020թ.-ի պատերազմում հաղթելուց եւ Արցախում էթնիկ զտում անելուց հետո Ադրբեջանի նախագահը պատրաստ չէ կանգ առնել։ Նրանք այժմ ակտիվորեն առաջ են տանում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը», որին կառավարությունն ակնհայտ աջակցում է։ Նրանք «Արեւմտյան Ադրբեջան» են կոչում Հայաստանի տարածքը։ Ալիեւը պնդում է, որ խաղաղության համաձայնագիր հնարավոր չէ կնքել առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, որը, ըստ նրա, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

 

- Ալիեւի այս հռետորաբանությունն իսկապես շատ մտահոգիչ է։ Չեմ կարող ասել՝ արդյո՞ք այն միայն քարոզչություն է, թե նա իրոք դա նկատի ունի, սակայն ավելի վտանգավոր կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը չպայմանավորվեն սահմանների սահմանազատման շուրջ, որովհետեւ Ալիեւը հեշտությամբ կարող է օգտագործել այդ պատրվակը։ Անկախ նրա ասածների իրական կամ քարոզչական լինելուց շարունակեք սահմանների սահմանազատումը եւ խաղաղության գործընթացը, եւ կառուցեք ձեր պաշտպանությունը, որպեսզի նա ստիպված լինի մտածել, եթե ցանկանա ավելին: Իմ ղեկավարներից մեկը նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որը սիրում էր ասել. «Վստահիր, բայց ստուգիր»:

 

Էդվարդ Ջերեջյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին