Մեդիամաքս-ի հարցազրույցը «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի հետ
- Կառավարությունը վերջին շրջանում հավանական ներդրումների մասին խոսելիս հատկապես շեշտում է Ամուլսարի ծրագիրը: Հաշվի առնելով ներդրումների կարեւորությունը, ե՞րբ կսկսվեն շինարարական աշխատանքները:
- Նախնական շինարարական աշխատանքները արդեն սկսվել են, նախատեսում ենք լայնածավալ փուլը ծավալել հուլիս ամսից: Առաջիկա երկու տարիներին ծրագրի կապիտալ ծախսերը կկազմեն 370 մլն դոլար: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ստեղծել 800 աշխատատեղ հանքի շինարարության համար: Այսինքն, արդեն այս տարեվերջին այդ տարածաշրջանում կունենանք զգալի տնտեսական ազդեցություն:
- Անմիջական տարածաշրջանից դուրս, երկրի մասշտաբով ի՞նչ տնտեսական ազդեցություն եք ակնկալում:
- Ազդեցությունը զգալի կլինի ամենատարբեր առումներով:
Առաջնային խնդիրն այսօր Հայաստանում, իհարկե, աշխատատեղերն են: Բացի այդ, տնտեսության մեջ զգալի ֆինանսական ներհոսք կլինի: Խոսքը առաջիկա երկու տարվա հանքի շինարարության մասին է:
Արդեն ոսկու արդյունահանման ընթացքում սրան կգումարվի նաեւ տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկային մուտքերը: Բացի այդ, հանքարդյունաբերության ոլորտում ամեն ուղղակի աշխատատեղ ստեղծում է մի քանի անուղղակի աշխատատեղ:
Բայց ես շեշտը ուզում եմ դնել մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա: Ամուլսարը օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը որպես նոր ներդրումային երկիր բացահայտելու հնարավորություն է: Ամուլսարը միջազգային շուկայում շատ տեսանելի ծրագիր է: Շատ միջազգային ներդրողներ ամենատարբեր ոլորտներում հետեւում են Ամուլսարի ծրագրի արդյունավետ իրականացմանը, եւ դա կարող է տեսանելի ազդակ լինել, որ Հայաստանը բաց է ներդրումների համար: Հատկապես վերջին շրջանում բոլորս զգացինք, թե որքան հրատապ է երկիր նոր ներդրումներ եւ ֆինանսական հոսքեր ներգրավելու խնդիրը:
- Ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը առավել կարեւոր է նաեւ աշխատատեղերի ենթատեքստում: Որքանո՞վ է սուր Ամուլսարի շրջակա համայնքներում այդ խնդիրը:
- Գաղտնիք չէ, որ խնդիրը սուր է գրեթե բոլոր գյուղական եւ քաղաքային համայնքներում Հայաստանում: Արդեն այսօր Ամուլսարի շրջակա համայնքներից, գյուղերից ու քաղաքներից 500 մարդ է գրանցվել աշխատանքի ակնկալիքով: Իհարկե, ոչ բոլորն ունեն անհրաժեշտ որակավորում, բայց, միեւնույն է, վստահ ենք, որ շինարարության ողջ ծավալով մեկնարկից հետո Ամուլսարի շրջակա համայնքներում արտագաղթը շեշտակիորեն կնվազի:
Ես հաճախ լսում եմ խորհրդային շրջանից կարծրացած արտահայտություններ այն մասին, որ պետությունը պետք է աշխատատեղեր ստեղծի: Աշխարհում ոչ մի տեղ պետությունը հիմնական աշխատատեղ ստեղծողը չի: Այն ապահովում է, որ ներդրումներ իրականացվեն եւ տնտեսական ակտիվությունը աշխատատեղերի հնարավորություններ բերի: Դա էլ, իր հերթին, բերում է մարդկանց եկամուտների աճի, հարկային մուտքերի, երկրի տնտեսական վիճակի բարելավման: Այլ մեխանիզմ տնտեսության մեջ չկա:
- Շատ են հնչում տեսակետներ, որ ներդրումները չպետք է իրականացվեն բնության հաշվին: Գեոթիմը բազմիցս խոսել է այն մասին, որ Ամուլսարը իրականացվելու է բարձր բնապահպանական չափանիշներով: Արդյո՞ք դա բավարար է մարդկանց մտահոգությունները փարատելու համար:
- Ամուլսարի հետ կապված բնապահպանական հարցերին բազմիցս պատասխանել ենք: Ուզում եմ ընդհանրացնել. այսօր հանքարդյունաբերությունից ահռելի եկամուտներ են ստանում Կանադան, Շվեդիան, կարող եմ նշել մի քանի տասնյակ այլ զարգացած երկիր: Կարծում եմ, որեւէ մեկը կասկած չունի, որ այս երկրներում հանքերը շահագործվում են անվտանգ, պահպանելով ամենաբարձր բնապահպանական չափանիշները: Եթե դա հնարավոր է անել Շվեդիայում, հնարավոր է նաեւ Հայաստանում:
- Սրան սովորաբար հակափաստարկ է հնչում, թե «մենք Շվեդիա չենք» եւ չենք կարող վստահ լինել, որ մեզ մոտ ամեն ինչ ճիշտ կվերահսկվի:
- Եթե մենք այսօր Շվեդիա չենք, դա չի նշանակում, որ չպետք է ձգտենք դրան: Իրականում պետք է ձգտել դառնալ ամուր, զարգացած երկիր եւ դրա համար առաջին կարեւոր նախադրյալը ամուր տնտեսությունն է եւ ներդրումները: Եթե չձգտենք, այո, երբեք չենք դառնա:
Ես կարող եմ խոսել միայն Ամուլսարի մասին: Այս ծրագրի բնապահպանական բարձր չափանիշների երաշխիքները բազմաշերտ են. Լիդիանը գրանցված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, եւ պարտավոր է հետեւել այս հաստատության բոլոր կանոններին: Մեր բաժնետերերը, Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ունեն բնապահպանական եւ սոցիալական ամենախիստ կանոնակարգեր եւ չափանիշներ: Մենք իրականացնում ենք Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական միջոցառումներ: Այսօր Ամուլսարի ծրագրի բնապահպանական ոլորտի վրա աշխատում է մոտ մի քանի տասնյակ բարձրակարգ տեղական եւ միջազգային մասնագետ: Այնպես որ, դա ոչ միայն հնարավոր է, այլեւ արդեն իրականացվում է Ամուլսարում:
- Եվս մեկ հակափաստարկ է հնչում, թե հանքարդյունաբերության փոխարեն կարելի է տնտեսության այլ ճյուղեր զարգացնել:
- Չեմ կարծում, որ որեւէ ճյուղ կարելի է կամ պետք է զարգացնել մյուսի փոխարեն: Ճիշտ իրականացման դեպքում հանքարդյունաբերությունը կարող է ոչ միայն չվնասել, այլեւ նպաստել այլ ճյուղերի զարգացմանը: Մի հետաքրքիր փաստ. ամեն տարի հրապարակվում է կյանքի համար լավագույն պայմաններն ունեցող քաղաքների ցանկը: Այս տարվա ցանկում օրինակ առաջին տասը քաղաքներից չորսը ավստրալիական են, երեքը՝ կանադական: Ընդ որում, հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են առողջապահությունը եւ բնապահպանությունը: Հիշեցնեմ, որ Կանադայի ու Ավստրալիայի տնտեսության հենքը հենց հանքարդյունաբերությունն է եւ դա չի խանգարել, որ այս երկրները առաջատար լինեն նաեւ մարդու կյանքի համար լավագույն պայմանները ապահովելու առումով: Զուգահեռաբար այս երկրներում զարգացել են արդյունաբերության այլ ճյուղեր, առողջապահական ծառայություններ, բարձր տեխնոլոգիաներ, շինարարություն, տուրիզմ: Հանքարդյունաբերությունը այն ոլորտներից է, որը ճիշտ կառավարման դեպքում կարող է ապահովել զգալի եկամուտներ, որոնք կարող են վերաներդրվել այլ ճյուղերում:
Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է մրցունակ եւ ամուր տնտեսություն ունենալ: Պատասխանատու ներդրումների ներգրավումը տնտեսության մրցունակ ճյուղերում, այդ թվում՝ հանքարդյունաբերության մեջ դրա լավագույն երաշխիքն են:
Հայկ Ալոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: