Հոդվածաշար ներկա եւ ապագա,
սկսնակ եւ փորձառու ծնողների համար
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության մասին անգամ մտածելու ժամանակ չեն գտնում: Սակայն իրականում այս երկուսը շաղկապված են՝ եթե հիմա չմտածենք մեր երեխաներին մի շարք հմտություններ փոխանցելու մասին, հետագայում կկանգնեք կոտրած տաշտակի առաջ:
Շատ ծնողներ երազում են, որ իրենց երեխաները մեծանան, ընտրեն շահավետ մասնագիտություններ՝ իրավաբան, տնտեսագետ կամ …. (այստեղ կարող եք ավելացնել ձեր նախասիրած մասնագիտությունը), լավ աշխատանք ունենան, բարձր աշխատավարձ ստանան, եւ այլեւս ոչ մի հոգս չունենան: Եկեք մի պահ պատկերացնենք, որ ծնողի երազանքն իրականացել է, երեխաները մեծացել են, ունեն բարձր եկամուտ (եւ հանուն փաստարկման` նաեւ սիրում են իրենց գործը): Արդյոք սա բավարա՞ր է ֆինանսապես հաջողակ լինելու համար: Բանն այն է, որ ոչ: Սա իհարկե կարեւոր պայման է, բայց էլ ավելի կարեւոր է աշխատած փողերը խելամիտ ծախսելը եւ ֆինանսական գրագետ որոշումներ կայացնելը: Հասարակ թվաբանությունից էլ ակնհայտ է դառնում, որ եթե ծախսես ավելի շատ, քան աշխատում ես (եթե նույնիսկ միլիոններ ես աշխատում), վաղ թե ուշ կանգնելու ես սնանկության դռան առջեւ:
Բոլորս էլ, եթե նայենք մեր ներսում, կտեսնենք այն թաքնված հույսը, որ մեր երեխաները լինելու են մեզանից ավելի հաջողակ, ապրելու են մեզանից ավելի լավ պայմաններում, ավելի լավ երկրում, եւ Հայաստանը մի օր իր կայուն տեղն է զբաղեցնելու զարգացած պետությունների շարքում: Այս տեսլականը կդառնա իրականություն, թե ոչ, լինի դա 20, թե 50 տարի անց, այդքան էլ էական չէ, կարեւորը հասկանալն է, որ դրան մոտենալ պետք է սկսենք փոքր քայլերով, եւ որ փոփոխությունը կաթիլ-կաթիլ է տեղի ունենալու: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս բոլոր ընթերցող-ծնողներին հենց այսօրվանից (եթե դեռ չեք սկսել) զարգացնել ձեր երեխաների ֆինանսական հմտությունները: Եվ եթե չեք կողմնորոշվում, թե ինչպես, ահա սկզբի համար մի փոքրիկ ուղեցույց:
Սկսեք փոքրուց
Փոքր հասակում ձեւավորված առողջ ֆինանսական սովորություններն առաջին քայլն են հասուն տարիքում ֆինանսապես կայուն ապագա ունենալու համար: Կարիք չկա սպասելու, որ երեխան դառնա չափահաս, ավարտի դպրոցը/համալսարանը, ընդունվի աշխատանքի կամ տեղափոխվի առանձին ապրելու, որպեսզի այդ ժամանակ նոր անդրադառնաք այս հարցին: Սկսեք 2-3 տարեկանից, եւ ամեն տարի երեխայի տարիքին եւ նախասիրություններին համապատասխան ինֆորմացիա հաղորդեք նրան փողի մասին:
Դպրոցական տարիքից սկսած՝ երեխաներին տվեք գրպանի փող
Անկախ ձեր ընտանեկան բյուջեի չափից՝ յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի համար հատկացրեք շաբաթական փոքրիկ գումար, օրինակ՝ 100 դրամ, որը նա ստանում է անկախ ամեն ինչից: Տարեցտարի մեծացրեք գումարի չափը եւ երկարացրեք գումարը տալու ժամանակահատվածը (օրինակ՝ 8 տ-ից սկսած՝ տվեք 10 օրը մեկ, 11-ից սկսած՝ 2 շաբաթը մեկ, 13-ից՝ 3 շաբաթը մեկ, 15-ից՝ ամիսը մեկ եւ այլն):
Առաջնորդվեք «խնայել-ծախսել-նվիրաբերել» (ԽԾՆ) սկզբունքով
Առաջին գրպանի փող տալուն զուգահեռ սովորեցրեք երեխաներին հասուն տարիքում ֆինանսական հաջողության հասնելու ամենամեծ գաղտնիքը՝ ԽԾՆ սկզբունքը: Միասին ընտրեք երեք դրամապանակ կամ խոզուկ-դրամարկղ եւ յուրաքանչյուրի վրա նկարեք համապատասխանաբար Խ, Ծ եւ Ն տառերը: Սովորեցրեք երեխային, որ ցանկացած եկամուտ (այս դեպքում գրպանի փողը) անհրաժեշտ է բաժանել 3 մասի (կարող եք բաժանել հավասարաչափ, կամ 50% - 25% - 25%՝ կախված իրավիճակից, նախասիրություններից եւ գումարի չափից): Սկզբնական շրջանում երեխայի հետ միասին կատարեք բաժանումը, հետագայում ժամանակ առ ժամանակ վերահսկեք, որ նա հետեւի այս սկզբունքին:
Ծախսել
Ծախսելու գումարը երեխան ազատ է՝ տնօրինելու ինչպես կամենա, եւ դա նրա առօրյա կարիքները հոգալու համար է: Թողեք երեխան ինքը ընտրի՝ ինչ եւ երբ գնել: Ծնողի միջամտությունը պետք է լինի շատ չնչին՝ ելնելով երեխայի անվտանգությունից: Շատ հաճախ ձեզ կթվա, որ երեխան իր թեկուզեւ փոքրիկ գումարը ծախսում է անիմաստ եւ ավելորդ բաների վրա կամ ծախսում է միանգամից, հետոյի համար փող չի ունենում: Միեւնույն է, մի խառնվեք, թողեք նա հանգիստ սովորի իր սխալների վրա: Դուք նրան մեծ լավություն արած կլինեք՝ հասուն տարիքում ավելի քիչ հավանականությամբ նույն սխալները կրկնի:
Խնայել
Երեխային սովորեցրեք, որ եկամտի մի մասն անհրաժեշտ է խնայել, անմիջապես չծախսել, ապագայում անհրաժեշտության, այս կամ այն բանի համար, կամ պետք է հավաքել նախօրոք պլանավորած որեւէ բան ձեռք բերելու համար: Օրինակ՝ եթե ձեր երեխան հեծանիվ է ուզում, կամ Լեգոյի ռոբոտաշինության հավաքածու, կամ ուզում է ընկերներին հրավիրել բոուլինգ խաղալու, կարող է գումարը հավաքել այդ նպատակով: Սկզբի համար խնայված գումարը ծախսեք տարին 3-4 անգամ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնք սովորել են փոքր տարիքում խնայել, հասուն տարիքում նույնպես պահպանում են այս սովորությունը:
Քանի որ այն սովորականից ավելի խոշոր չափի է լինելու, սովորեցրեք երեխաներին, որ ցանկալի է խորհրդակցել մեծերի հետ: Խորհրդակցել, չի նշանակում երեխային պարտադրել ձեր կարծիքը: Արտահայտեք ձեր տեսակետը, սակայն վերջնական որոշումը թողեք երեխան կայացնի: Եթե նույնիսկ նա ափսոսա իր որոշման համար, դա շատ լավ դաս կլինի իր համար: Ձեր օրինակի վրա ցույց տվեք, որ դուք էլ խոշոր գումար ծախսելիս խորհրդակցում եք ամուսիններով կամ ձեր իսկ ծնողների հետ:
Նվիրաբերել
Գումարի 3-րդ մասն էլ նվիրաբերելու համար է՝ այն անհրաժեշտ է ծախսել այլ մարդկանց վրա: Երեխան թող ինքը ընտրի, թե ում վրա՝ ընտանիքի անդամ, ընկեր կամ անծանոթ մարդ: Կարող է նվեր գնել ընկերոջ ծննդյան օրվա համար, բարեգործության համար գումար հատկացնել եւ այլն: Երեխային փոքրուց պետք է սովորեցնել մտածել նաեւ դիմացինների մասին:
Հետազոտությունները վկայում են, որ մարդիկ x գումար ծախսելով դիմացինի վրա ավելի երջանիկ են իրենց զգում, քան երբ այդ նույն x գումարը ծախսում են իրենց վրա: Փոքրուց երեխայի մոտ այս սովորությունը ձեւավորելով՝ դուք նպաստում եք, որ նա հետագայում լինի թե ավելի երջանիկ, եւ թե ավելի առողջ սոցիալական հարաբերություններ ունենա:
Երեխային գումար տրամադրելը պիտի լինի անկախ հանգամանքներից
(Մի կապեք այն կենցաղային գործերի կամ լավ գնահատականի հետ)
Այսօր աշխարհի շատ երկրներում կա տարածված սովորություն, ըստ որի՝ երեխային լավ գնահատական ստանալու, տնային գործեր կատարելու, ծնողներին կենցաղում օգնելու համար վճարում են գումար: Օրինակ աղբը թափեց, սենյակի փոշեկուլով մաքրեց, ճաշ պատրաստեց եւ այլն, դրա դիմաց երեխային վարձատրում են: Այս ռազմավարությունն ունի մի շարք թերություններ եւ խորհուրդ չէի տա այն կիրառել:
Նախ, դուք դրանով ձեզ փակուղու առաջ եք դնում՝ եթե մի անգամ ինչ-որ մի բանի համար վճարեցիք, երեխան այլեւս կհրաժարվի նույն բանն անել անվճար: Եթե նույնիսկ ստիպողաբար անի, միեւնույնն է՝ իրեն կզգա խաբված (մեկ անգամ վճարել եք, ինչո՞ւ հիմա էլ չեք վճարում):
Երկրորդ, յուրաքանչյուր ընտանիքի անդամ, թե երեխաները եւ թե մեծերը պետք է ունենան իրենց պարտականությունները եւ ներդրումը ընտանիքի կենցաղի կազմակերպման հարցում: Մեծահասակները դրա համար չեն վարձատրվում, հետեւաբար՝ նույն սկզբունքը պետք է կիրառվի նաեւ երեխաների նկատմամբ: Որոշ ծնողներ սա պատճառաբանում են, թե երեխաներն այսպես սովորում են իրենց աշխատանքով եւ քրտինքով փող վաստակել: Սակայն, այս նպատակին հասնելու առավել արդյունավետ մեթոդ է, երբ աշխատանքի համար վճարում են ոչ թե ծնողները կամ ընտանիքի անմիջական անդամներ, այլ ձեր ընտանեկան բյուջեի հետ որեւէ կապ չունեցող անձինք: Մի բան է, երբ դուք եք վճարում, որ ձեր երեխան ծիրանը հավաքի ծառից, մեկ այլ բան է, երբ նա համոզում է ձեր հարեւանին իրեն վճարել նույն բանի համար (եթե նույնիսկ վճարը ծիրանի տեսքով է):
Պլանավորեք միջոցառումների բյուջեն միասին
Մոտենում է երեխայի ծննդյան օրը, կամ մարտի 8-ին մայրիկին անակնկալ երեկո եք ցանկանում մատուցել՝ երեխայի հետ միասին կազմեք միջոցառման բյուջեն: Սա նաեւ շատ լավ հնարավորություն է առօրյայում մաթեմատիկական գիտելիքները կիրառելու համար: Բացի դրանից, երեխան ձեռք է բերում մի շարք հմտություններ՝ բյուջե կազմել, գնումներ կատարել ըստ նախօրոք պլանավորած ցուցակի, գնալ զիջումների (որպեսզի մնաք բյուջեի սահմաններում), տնօրինել սովորականից մեծ գումար, որոշումներ կայացնել եւ այլն:
Այցելեք բանկ
Հասուն տարիքի երեխաներին ժամանակ առ ժամանակ ձեզ հետ տարեք բանկ: Իր տարիքի համար հասկանալի լեզվով նկարագրեք, թե դուք ինչու եք հայտնվել բանկում, ինչ գործարք եք անում, առհասարակ բանկերն ինչով են զբաղվում, որն է նրանց բուն գործունեությունը (այն, որ բանկում կարելի է կոմունալ վճարներ կատարել, կարիք չկա շեշտելու) եւ այլն:
Այցելեք թանգարաններ
Կենտրոնական բանկը Երեւանում եւ Դիլիջանում ունի այցելուների կենտրոն, որտեղ գործում է դրամի պատմության անվճար ցուցադրություն: Այցելեք երեխայի հետ միասին այս կենտրոնները, ծանոթացեք փողի պատմությանը: Այլ երկրներում գտնվելիս բացատրեք երեխաներին արժույթների տարբերությունների մասին՝ ինչպես որ լեզուներն են տարբեր, այնպես էլ դրամները: Եթե երեխան հետաքրքրվում է տարբեր կոպեկներ եւ թղթադրամներ հավաքելով՝ կարող եք քաջալերել նրան եւ նպաստել հավաքածու կազմելուն:
Գումարի դիմաց կարելի է ստանալ նաեւ ոչ նյութական բաներ
Երեխայի համար մատնանշեք եւ դարձրեք տեսանելի, որ փողը կարելի է վերածել շատ տարբեր տեսքով ապրանքների՝ օրինակ հոսանքի ու ջրի համար էլ ենք վճարում, սովորեցրեք դրանք եւս խնայողաբար օգտագործել: Եթե երեխան ունի բջջային հեռախոս, սահմանեք նրա համար ամսական բյուջե եւ հետեւեք, որ նա վերահսկի իր ծախսերը: Եթե գերազանցել է իր բյուջեն, մի լիցքավորեք այն պայմանավորված ժամանակից շուտ:
Ավելի մեծ տարիքի երեխաներին պատմեք եկամտի տարբեր աղբյուրների մասին
Հայաստանում մարդկանց մեծամասնության ընտանեկան բյուջեն հարստանում է աշխատավարձերի հաշվին, սակայն սա եկամտի միակ ձեւը չէ: Երեխաներին սովորեցրեք, որ աշխատավարձը տարբերակներից մեկն է: Կան նաեւ այլ աղբյուրներ՝ բաժնետոմսեր, արժեթղթեր, ավանդ, վարձակալություն, ֆրիլանս աշխատանք եւ այլն: Կարող եք երեխայի հետ միասին այցելել բանկ եւ նրա անունով ավանդ բացել եւ հետեւել ավանդի կուտակմանը:
Ֆինանսական հմտություններ զարգացնելու մասին թերեւս այսքանը, հաջորդ անգամ կխոսենք երեխաների հետ շոփինգի առանձնահատկությունների մասին:
Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: