Երեխաները, դպրոցը եւ տնային աշխատանքները - Mediamax.am

Երեխաները, դպրոցը եւ տնային աշխատանքները
40612 դիտում

Երեխաները, դպրոցը եւ տնային աշխատանքները


                                                               Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                               սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Տանը դպրոցական երեխաների հետ տնային աշխատանք անելը մեզանում բավականին լայն տարածում ունեցող երեւույթ է: Ծնողները կարծես պայքարի են մտած երեխաների հետ այս հարցում, եւ ոմանց համար սա նույնիսկ մղձավանջ է դարձել: Իհարկե, շատ հնարավոր է, որ ամեն ինչ հարթ է ընթանում, բայց, այնուամենայնիվ, ծնողի ներկայությունը կամ թեկուզ ամենօրյա հիշեցումներն ու ստուգումները դաս պատրաստելիս պարտադիր են: Ավաղ, սա շատ ցավալի երեւույթ է, քանի որ դրանով երեխաներին զրկում ենք մի շատ կարեւոր ու հրաշալի հմտություն զարգացնելուց՝ ինքնուրույնությունից:

Հիմնականում ծնողների պատճառաբանությունն այս հարցում հետեւյալն է՝  «Եթե ես չհետեւեմ, երեխաս ծույլ/անպարտաճանաչ/անպատասխանատու կմեծանա», այնինչ երեխան առանց այդ էլ արդեն ծույլ, անպատասխանատու եւ անպարտաճանաչ է մեծանում, ուղղակի ունի պատասխանատու եւ պարտաճանաչ ծնողներ, ովքեր չեն թողնում, որ նրա մոտ այս հատկություններն արտահայտվեն: Ինչքան շատ է խորանում այս վերահսկողությունը, այնքան իրավիճակն ավելի է սրվում: Այդ պատճառով շատ կարեւոր է, որ ծնողը ջանքեր թափի երեխայի մեջ այս հարցում ինքնուրույնություն դաստիարակելու համար: Շատ ծնողների սա կարող է անհնարին թվալ, սակայն վստահ եղեք, որ ելք կա, ուղղակի համբերություն, ջանք եւ ժամանակ է պահանջվում:

Երեխայի մեջ ձեւավորեք տնային աշխատանքներն ինքնուրույն անելու հմտություն

Այո, այո, հմտություն: Աշխատեք եւ հասեք այն բանին, որ երեխան տնային աշխատանքներն անի ինքնուրույն: Ի նկատի ունեմ, որ երեխան հիմնականում ինքն է հիշում իր տնայիններն անելու մասին, ինքն է գտնում՝ ինչ է տրված, ինքնուրույն է կատարում տրված հանձնարարությունները, ինքն է ուղղում իր կատարած սխալները եւ հաջորդ օրվա համար ինքն է դասավորում պայուսակը: Եվ այս ամենը՝ սկսած առաջին դասարանից: Ինչքան շուտ սկսեք, այնքան հետագայում ավելի հեշտ կլինի, իսկ եթե արդեն ուշացրել եք, ուրեմն շտապեք, որպեսզի լրացնեք բաց թողածը:

Սկսեք որքան հնարավոր է փոքրուց, մինչեւ երեխայի դպրոց գնալը

Ծնողներին թվում է, թե դպրոցին պատրաստվելիս պետք է երեխային գրել-կարդալ սովորեցնել, երկրներն ու նրանց մայրաքաղաքների անունները անգիր անել տալ եւ այլն, բայց իրականում սրանք եթե ոչ ավելորդ, ապա երկրորդական բաներ են: Շատ ավելի կարեւոր է, որպեսզի երեխան ունենա հետեւյալ հմտությունները՝ կարողանա ինքնուրույն իրեն զբաղմունք գտնել (այլ ոչ թե անընդհատ ծնողին բողոքի, որ ձանձրանում է եւ չգիտի ինչ անի), եւ կարողանա տեւական ժամանակ ուշադրությունը սեւեռել մի գործողության վրա: Առաջին հմտությունը նշանակում է, որ երեխան բավականին ինքնուրույն է եւ առաջնորդվում է իր ներքին շարժիչ ուժով (այլ ոչ թե արտաքին ազդակներով), եւ որ նա կարողանում է լցնել առօրյան իրեն հետաքրքրող բաներով: Երկրորդ հմտությունը՝ ուշադրության կենտրոնացումը, անհրաժեշտ է, որպեսզի երեխան հեշտ ադապտացվի դպրոցին՝ 40 րոպեանոց դասի ընթացքում կարողանա կենտրոնանալ մատուցվող նյութի վրա եւ դա անի տեղում հանգիստ նստած: Ուշադրության կենտրոնացումը նշանակում է, որ երեխան առանց որեւէ մեկի միջամտության կարողանում է տեւական ժամանակ զբաղվել մեկ բանով՝ խաղալիք, խաղ, գործողություն եւ այլն: Էկրանի առջեւ նստելը հաշիվ չէ:

Աստիճանաբար զարգացրեք ինքնուրույն աշխատելու հմտությունը

Ինչպես որ նորածին երեխան անմիջապես չի սկսում քայլել եւ վազվզել, այլ ձեր հետեւողական աջակցությամբ է հասնում ինքնուրույն վստահ քայլելուն, այնպես էլ դպրոցականի հետ պիտի աշխատեք՝ հեռանկարում ունենալով, որ նա կարողանա աստիճանաբար ինքնակազմակերպել իր ուսումը: Մշակեք քայլերի  հերթականություն՝ տնային առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար: Սկզբում երեխայի հետ միասին հետեւեք դրանց կատարմանը՝ ձեր վերահսկողությունը աստիճանաբար թուլացնելով: Ի վերջո, հասեք նրան, որ երեխան սովորի աշխատել առանց կողմնակի օգնության:

Նախատեսեք հստակ ժամանակահատված եւ տեղ

Օրվա ընթացքում առանձնացրեք հստակ ժամ, որը տրամադրվում է դասերին: Պարտադիր չէ, որ դա լինի անմիջապես դպրոցից տուն գալուց հետո: Ընտրեք այնպիսի ժամ, որը հարմար է ձեր ընտանեկան միջավայրին եւ երեխային:

Աշխատելու համար առանձնացրեք այս նպատակի համար նախատեսված անկյուն, ցանկալի է աղմուկից եւ կողմնակի աչքերից հեռու: Աշխատեք երեխայի ներկայությամբ չզրուցել տան այլ անդամների հետ եւ հեռուստացույց չնայել: Բոլոր խանգարող ազդակները հասցրեք նվազագույնի: Օրինակ, եթե երեխան անհամբեր սպասում է, որ բակ իջնի ու հեծանիվ քշի, հեռացրեք հեծանիվը տեսադաշտից, որպեսզի նրա ուշադրությունը չշեղվի:

Խուսափեք տնային աշխատանքներն անելու համար խրախուսելուց եւ չանելու համար պատժելուց

Դպրոց հաճախելն ու դասեր անելը երեխայի կյանքի բաղկացուցիչ մասն են: Դրանք պատժի կամ խրախուսանքի առարկա դարձնելով, դուք սխալ երանգավորում եք տալիս երեւույթին: Փաստացի ստացվում է, որ դասը ձանձրալի բան է եւ այն կարելի է անել միայն խրախուսանք ստանալու համար: Այդպիսով դուք արժեզրկում եք ուսման դերն ու նշանակությունը: Իսկ եթե պատժում եք՝ ինչ-որ բանից զրկելով (լինի դա նյութական՝ համակարգիչ, գրպանի փող, խաղ եւ այլն, թե ոչ նյութական՝ ձեր ուշադրությունը, սերը, ընկերների հետ շփում եւ այլն), ձեւավորում եք ոչ ցանկալի պայմանական ռեֆլեքս եւ բացասական վերաբերմունք դասերի նկատմամբ: Այդ պատճառով երկուսի կիրառությունն էլ ծայրահեղություն է: Վերաբերվեք դասերին ինչպես մի բանի, որը պետք է անել՝ անկախ ամեն ինչից: Եթե ձեր երեխան հրաժարվում է դասեր անելուց, կարող եք արգելել սեղանից վեր կենալ այնքան ժամանակ, քանի դեռ չի վերջացրել: Երեխան կարող է այդպես նստել ու ոչինչ չանել մեկ կամ, միգուցե չորս ժամ, միեւնույն է, շարունակեք նույն ոգով: Թող նա մի քանի օր դպրոց գնա անպատրաստ, բայց ի վերջո կձանձրանա պարզապես նստելուց, կտեսնի, որ դուք անսասան եք եւ կսկսի աշխատել:

Երկխոսության մեջ մտեք դպրոցի հետ

Դպրոցներն ու ուսուցիչները տարբեր են, ինչպես նաեւ նրանց սպասումները աշակերտներից: Ցավոք, լինում են դեպքեր, երբ ուսուցիչը պահանջում է, որ ծնողը հետեւողականորեն ստուգի, կամ էլ աշխատի երեխայի փոխարեն: Անպայման խոսեք դպրոցի եւ ուսուցիչների հետ եւ հասկացեք նրանց սպասելիքները: Կարող եք ուսուցչին ասել, որ ձեզ համար կարեւոր է, որ երեխան ինքնուրույն աշխատի, ստուգի իր սխալները, եւ խնդրեք, որպեսզի նա եւս ձեզ օգնի այս հարցում:

Այստեղ մի պարզաբանում մտցնեմ՝ ասածս վերաբերում է տանը երեխայի դաս սովորելու պրոցեսի կազմակերպման ընդհանուր սկզբունքին, այլ ոչ թե մասնավոր դեպքերին: Լինում են նախագծային առաջադրանքներ, երբ երեխաներն աշխատում են ծնողների հետ միասին: Երբեմն էլ ուսուցիչը, տեսնելով, որ երեխան դժվարանում է որեւէ թեմայից, խնդրում է ծնողին, որ տանը ավելի ուշադիր լինեք:

Օգնեք երեխային այն դեպքում, երբ նա է ձեզ դիմում

Ինքնուրույն աշխատելը չի նշանակում, որ երեխային պետք է զրկել ցանկացած  տիպի օգնությունից: Երեխայի մոտ ժամանակ առ ժամանակ կառաջանան հարցեր, որոնցով նա կդիմի ձեզ: Այդ դեպքում կարելի է ձեռք մեկնել եւ փորձել բացատրել չհասկացածը: Ոչ մի դեպքում չասել պատասխանը, այլ միասին փորձել լուծումներ գտնել: Եթե ձեր երեխան հաճախակի է դիմում հարցերով՝ փորձեք հասկանալ, թե ո՞րն է պատճառը: Միգուցե, պատճառը առարկայի  վերաբերյալ ոչ բավարար գիտելիքներն են կամ էլ ուսուցչի անիրատեսական պահանջները: Ամեն դեպքում, գտեք բուն խնդիրը եւ հաղթահարեք այն, որպեսզի երեխայի անընդհատ հարցեր տալը անցանկալի սովորություն չդառնա: 

Ամենակարեւորի մասին՝

Տվեք երեխաներին օրական ամենաքիչը երկու ժամ ազատ ժամանակ

Երեխաներին օդ ու ջրի նման անհրաժեշտ է օրվա ընթացքում խաղալ կամ ազատ տնօրինել իրենց ժամանակի մի մասը: Թողեք երեխան ինքնուրույն զբաղմունք գտնի եւ զբաղվի իրեն հետաքրքրող բաներով: Կրկին նշեմ, որ խոսքը չի գնում հեռուստացույցից կամ համակարգչից օգտվելու մասին: Միանգամայն նորմալ է, եթե ազատ ժամանակ երեխան ցանկանա նաեւ ֆիլմեր դիտել, բայց դա չպետք է լինի իր միակ ցանկությունը:

Եթե երեխայի օրն այնքան ծանրաբեռնված է, որ նա ազատ ժամանակ չունի, լիցքաթափեք նրան եւ ամեն գնով պայքարեք խաղի ժամեր ազատելու համար:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին