Alcohol is free, կամ Եվրատեսիլ-ի ու Dorians-ի մասին - Mediamax.am

Alcohol is free, կամ Եվրատեսիլ-ի ու Dorians-ի մասին
17741 դիտում

Alcohol is free, կամ Եվրատեսիլ-ի ու Dorians-ի մասին


Նախկինում երբեք չէի մտածել, որ կարող եմ զբաղվել Եվրատեսիլով: Բայց ստացվեց այնպես, որ փետրվարին դարձա Dorians խմբի պրոդյուսերը եւ Եվրատեսիլով պետք է զբաղվեի «ի պաշտոնե»: Կյանքում ամենաթանկ բաներից մեկը փորձն է, եւ այդ «խոհանոցում» եփվելը միանշանակ օգտակար էր թե խմբի, թե ինձ համար:

Չնայած նրան, որ Շվեդիայից վերադարձել ենք այսօր վաղ առավոտյան ու «շունչ քաշելու» ժամանակ չեմ ունեցել, կանդրադառնամ այն հարցերին, որոնք վերջին օրերին քննարկվում են համացանցում:

Lonely Planet երգի մասին

Lonely Planet երգը իմ մտահղացումն է: Երբ սկսեցի աշխատել Dorians-ի հետ, Եվրատեսիլի համար երգերի ներկայացման գործընթացն արդեն ընթացքում էր: Հանրային հեռուստաընկերություն էին ներկայացվել մի քանի տասնյակ երգեր ու գոնե ինձ համար ակնհայտ էր, որ դրանցից եւ ոչ մեկը թույլ չի տալու Dorians-ին ներկայանալ այնպես, ինչպես հարկն է:

Dorians-ը ուներ նաեւ սեփական երգը: Այն հրաշալի երգ է, որը դեռ կգտնի իր երկրպագուներին, սակայն ֆորմատով այնքան էլ հարմար չէր Եվրատեսիլի համար:

Քանի որ Հայաստանն առաջին անգամ էր Եվրատեսիլում ներկայանալու ռոք-խմբով, պետք էր գտնել այնպիսի տարբերակ, որը թույլ կտար այդ ներկայության համար ապահովել առավելագույն PR-էֆեկտ: Հաշվի առնելով մեր բարեկամությունը Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի հետ, որը սկզբնավորվեց 2009 թվականին, երբ Մեդիամաքս-ը իրականացրեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը, որոշեցի իրեն դիմել: Անկեղծ ասած, դիմելուց առաջ շատ էի տատանվում, քանի որ վստահ չէի, թե ինչպիսին կլինի ռոքի կենդանի լեգենդի արձագանքը` հաշվի առնելով Եվրատեսիլի ոչ միանշանակ համբավը: Բայց, ի ուրախություն ինձ, Թոնի Այոմին դրական արձագանքեց ու մեզ տրամադրեց մի ռոք-բալադի դեմո-տարբերակ, որը Dorians-ը դարձրեց երգ ու որը հաղթող ճանաչվեց short-list անցած 4 երգերից:

Ո՞վ է գրել Lonely Planet-ը

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Dorians-ը կատարել է «Թոնի Այոմիի գրած երգը»: Lonely Planet-ը Թոնի Այոմիի եւ Dorians-ի համատեղ ստեղծագործության արդյունք է: Նախ, երգը դառնում է երգ միայն այն ժամանակ, երբ ունենում է բառեր: Բառերը գրել է Վարդան Զադոյանը` տալով երգին այն ուղերձը, որը մենք ցանկանում էինք հաղորդել մարդկանց: Ինչպես արդեն նշեցի, Այոմիից ստացել էինք երգի դեմո-տարբերակը եւ այն, ինչ լսում եք այսօր, ի հայտ է եկել Dorians-ի կողմից արված գործիքավորման ու դրան հետեւած քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ասել, թե Dorians-ին «վզին երգ է փաթաթվել»` անհեթեթություն է:

Հենց Թոնի Այոմիի մասնակցության շնորհիվ է, որ Հայաստանի ու Dorians-ի մասին Եվրատեսիլից դեռ 2 ամիս առաջ գրեցին եւ հաղորդեցին համաշխարհային շատ լրատվամիջոցներ` BBC, Reuters, Guardian, The Rolling Stone եւ այլն: Հենց Թոնի Այոմիի մասնակցության շնորհիվ է, որ Եվրատեսիլի եզրափակչից մեկ օր առաջ CNN-ը իր դիտարկումը ավարտեց հենց մեր երգով: Գիտե՞ք որեւէ այլ հայաստանյան մասնակից Եվրատեսիլում, որը նման լուսաբանում էր ստացել:

Dorians-ի ինչի՞ն էր պետք Եվրատեսիլը

Վերը նշվածից կարելի է հասկանալ, որ մասնակցությունը Եվրատեսիլին խմբին տվել է բավական մեծ «կապիտալ», որը պետք է խելամիտ օգտագործել` Dorians-ի հետագա զարգացման եւ առաջխաղացման համար: Մինչեւ Շվեդիա մեկնելը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էի, որ ի տարբերություն շատ փոփ-կատարողների, որոնց համար Եվրատեսիլ մեկնելն արդեն համարվում է մեծ ձեռքբերում, իսկ երբեմն` կարիերայի գագաթնակետ, Dorians-ի համար այն ստեղծագործական ուղու էջերից մեկն է միայն:

Ինչպես ներկայացրեցինք Հայաստանը

Երբ տղաների հետ ժողով էինք անում Շվեդիա մեկնելուց առաջ, նրանց ասացի, որ մեր գլխավոր նպատակը Հայաստանը արժանի կերպով ներկայացնելն է: Ասացի նաեւ, որ Հայաստանում այսօր մարդիկ դրական էմոցիաների կարիք ունեն, եւ պետք է փորձենք պարգեւել դրանք:

Կարող եմ պնդել, որ այս երկու խնդիրները մենք կատարել ենք 100 տոկոսով:

Dorians-ը հանդես է եկել անթերի` մի քանի տասնյակ միլիոն հանդիսատեսներին ցույց տալով, որ Հայաստանում կան որակյալ երաժիշտներ, որոնց հետ համագործակցում են Ռոքի փառքի դահլիճում անմահացված աստղերը:

Տեսնելով այն ոգեւորությունը, որը տիրում էր Հայաստանում Dorians-ի` Եվրատեսիլի եզրափակիչ անցնելուց հետո, կարող եմ պնդել, որ մարդկանց դրական լիցքեր հաղորդելու նպատակը տղաները եւս փայլուն կատարեցին:

Սփյուռքի քվեարկության մասին

Անձամբ տեղյակ եմ մի քանի տասնյակ հայրենակիցների ջանքերի մասին, որոնք քվեարկում էին մեր օգտին տարբեր երկրներում` Շվեդիա, Դանիա, Ռուսաստան, Էստոնիա եւ այլն: Վստահ եմ, որ իրականում քվեարկել են տասնյակ հազարավոր մարդիկ` փորձելով աջակցել Dorians-ին: Սակայն անգամ այդ պատկառելի քանակը «ձուլվել» է այն անազնիվ սխեմաներում, որոնց շնորհիվ որոշ երկրներ ստացել են հարյուրապատիկ ավել sms-ներ: Այնպես որ, հայտարարություններն այն մասին, որ «այս անգամ Սփյուռքը երես թեքեց մեզանից», կարծում եմ, ոչ միայն արդարացված չեն, այլեւ վիրավորական բոլոր այն հայերի համար, ովքեր այդ օրը աջակցում էին Dorians-ին` գումար չխնայելով:

Չմոռանանք նաեւ այն մասին, որ յուրաքանչյուր երկրի ձայների կեսը որոշում է ժուրին, որի անդամներից ոմանք թերեւս զուրկ չեն մարդկային թուլություններից:

Եվրատեսիլի մասին

Իհարկե, նախապես գիտեի, որ Եվրատեսիլում ամեն ինչ այնքան էլ ազնիվ չէ: Գիտեի, որ քաղաքականությունն ու փողը մեծ դեր ունեն մրցույթում: Սակայն այս տարվա եզրափակչին հետեւած քվեարկությանը հետեւելով, համոզվեցի, որ այն երկրները, որոնք «խաղեր չէին տվել», ոչ միայն հաղթելու շանսեր չունեին, այլեւ դատապարտված էին ցածր տեղեր զբաղեցնել` անկախ արտիստների ելույթների ու երգի որակից:

Եվրատեսիլը ներսից տեսնելով, կարծում եմ, որ Հայաստանին որոշ ժամանակով պետք է հրաժարվել այդ մրցույթին մասնակցությունից, քանի որ մեզ մոտ չի ստացվում մասնակցել դրան հենց այնպես, մենք այն ընկալում ենք որպես կենաց-մահու կռիվ: Եթե ցանկանում ենք բարձր տեղեր զբաղեցնել, պետք է հետեւենք Ադրբեջանի օրինակին ու կաշառենք բոլոր նրանց, ում կարող ենք: Եթե ցանկանում ենք բարձր տեղեր զբաղեցնել` առանց անազնիվ քայլերի դիմելու, դա մեզ մոտ չի ստացվելու:

Ինչու չհետեւել, օրինակ, Իտալիայի օրինակին, որը 1997-ից մինչեւ 2011 թվականը պարզապես չէր մասնակցում մրցույթին` վիճարկելով դրա արդարացիությունը:

Արդեն պարզ է, որ Ադրբեջանն իր առջեւ նպատակ է դրել` ամեն տարի կամ հաղթել Եվրատեսիլում, կամ հայտնվել առաջին եռյակում: Եվ այդ հիվանդագին նպատակին հասնելու համար հարեւանները փող ու ջանք չեն խնայելու: Միգուցե, մի որոշ ժամանակով դո՞ւրս գանք այս անիմաստ «խաղից» ու մտածենք այն մասին, որ այն գումարներով, որոնք մեր հայրենակիցները ամեն տարի ծախսում են sms-քվեարկության վրա, Հայաստանում կարելի է վերանորոգել երաժշտական դպրոցներ ու պատրաստել տաղանդավոր երաժիշտների` իրական մրցույթների համար:

Որպես վերջաբան

Dorians-ը բարձր պահեց Հայաստանի պատիվը Եվրատեսլ-2013-ում`ինձ համար դա միանշանակ է:

Շնորհակալություն եմ հայտնում խմբի անդամներին` Գոռ Սուջյանին, Գագասին, Արման Փահլեւանյանին, Արման Ջալալյանին, Էդգար Սահակյանին, երգի բառերի հեղինակ Վարդան Զադոյանին, ինչպես նաեւ մեր մենեջերական թիմի անդամներին` Դիանա Հովհաննիսյանին եւ Վահագն Սիմոնյանին, ոճաբան Արմեն Գալյանին: Շնորհակալ եմ Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Մալմոյում բնակվող մեր հայրենակից Հերմինե Վարդանյանին` նա մեր պատվիրակության պաշտոնական ուղեկցողն էր ու արեց ամեն ինչ, որպեսզի Dorians-ը որեւէ բանի կարիք չունենա:

Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռեւս շարունակում են Եվրատեսիլը ընկալել որպես կյանքի ու մահվան հարց, առաջարկում եմ եւս մեկ անգամ դիտել հունական խմբի ելույթը եւ մի փոքր լիցքաթափվել.



Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին